19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Երիտասարդ ուխտավորները Կեչառիսի վանական համալիրում

Ես մեղավոր ու անցավոր,

Հազար անգամ ապաշխարող,

Սակայն երբեք չարդարացող,

Ես մեղավոր մի ուխտավոր:

Էջմիածին, Էջմիածին

Էջմիածին, Էջմիածին:

Նրանց ուխտի ճանապարհը նաև այս շարականն էր զարդարել: Հուլիսի 23-ին, վաղ առավոտյան,  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից Սուրբ Անանիայի  մատուռում «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին և ուխտի մեկնեցին Ծաղկաձորում գտնվող Կեչառիսի վանական համալիր:

Ճանապարհին ուխտավորները «Տերունական աղոթք»-ից հետո Սբ. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի օրվա 24 ժամերը խորհրդանշող 24 աղոթքներն ասացին, շարականներ երգեցին: Իսկ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Րաֆֆի սարկավագ Գույումջյանի հետ ուխտագնացության նշանակության մասին զրույց ունեցան: Ուխտավայր հասնելով՝ երիտասարդ ուխտավորները Կեչառիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեցին «Ճաշու իններորդ» ժամերգությանը: Այնուհետև Տեր Զգոնը ներկայացրեց վանքի պատմությունը և նրանից բխող խորհուրդը. «Կյանքի փորձություններից հետո վերստին պիտի հառնենք և քայլենք առաջ, ինչպես այս եկեղեցիները, որ բազմաթիվ փորձություններ անցնելով, վերստին կանգուն են մնացել: Այդ փորձությունները զորացրել են այս տարածաշրջանում ապրող հայ ժողովրդի հավատքը, ովքեր այդ նեղությունները տեսնելով՝ Աստծուն ապավինելը չեն դադարեցրել: Այս օրինակի համաձայն՝ պետք է պատրաստակամ լինենք բոլոր դժվարությունները համբերատար և արիաբար կրելու՝ հուսալով ոչ թե սեփական ուժերին, այլ  Աստծո ապավինությանը»:

Հայ ազգի և եկեղեցու անսասանության համար ուխտավորներն իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված վանական համալիրի բոլոր եկեղեցիներում:

Ապա երիտասարդները սիրով, միասնաբար, ռազմահայրենասիրական երգերի ուղեկցությամբ ճաշկերույթի սեղանը պատրաստեցին ծաղիկներով առատ բնության գրկում:

«Ճանաչողական բնույթից բացի ամեն մի ուխտագնացություն ինձ համար Աստծուն մոտենալու մի հնարավորություն է, ինչպես նաև լինելու այն սրբավայրերում, որտեղ ապրել են մեր վանականները: Ամեն մի վանք մտնելիս ես զգում եմ անբացատրելի, գերերկրային զորություն, քանի որ ամեն մի վանքում մի սրբի մասունք կա, աղոթք կա: Ինչպես նաև առիթ եմ ունենում խնդրելու թե՛ Աստվածամոր և թե՛ այն սրբերի բարեխոսությունը, ովքեր ապրել են այդ սրբավայրերում, որպեսզի մենք էլ արժանանանք հոգու փրկությանը և ուժ ունենանք անցնելու այն ճանապարհով, որ Աստված է կամենում»,- ասաց երիտասարդաց միության անդամ Հրաչ Բեգլարյանը:       

Երիտասարդաց միության հերթական ուխտագնացությունը հոգևոր մեծ լիցքերի, նոր մտորումների, ինչպես նաև երիտասարդաց միություն ընդգրկված նոր անդամների ընտանիք ընդգրկվելու լավագույն առիթը հանդիսացավ:

 

Կարինե Սուգիկյան

30.07.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․