Գրքեր

«Երկու կույրերի բժշկումը» տեսարանի պատկերային վերարտադրումը

Պատկերագրության մեջ ավետարանական երկու կույրերի բժշկությունը նկարագրող տեսարաններում բացահայտված է տառապանքի թեման: Մատթեոսի ավետարանում (9:27-31) ասվում է, որ Հիսուսը բժշկում է երկու կույրի, Ղուկասի ավետարանում (18:35-43)՝ մի կույրի: Կիլիկյան դպրոցի միջնադարյան հայ նշանավոր մանրանկարիչ Սարգիս Պիծակը ավետարանական կույրերին պատկերելիս պահպանել է տիպաժային որոշ նմանություններ (կարճ քիթ, նեղ ճակատ, երկար դունչ, ընդ որում վերևի շրթունքը ցածինից առաջ է ընկած, սուր կզակ): Մատթեոսի և Ղուկասի ավետարաններում նկարագրվող կույրերի պատկերները վարպետի մոտ ունեն կառուցվածքի տիպի նմանություն, թեև առաջին դեպքում ունենք երկու, երկրորդ դեպքում՝ մի կույրի նկար: Այսպես, գոտկատեղը ծնկների հետ կազմում է սեղանաձև. երկու կույրերի նկարում դա երկարավուն կողերով սեղան է, որի զուգահեռ կողմերը կազմում են միևնույն հորիզոնական գծերի վրա գտնվող նրանց սրունքները և գոտկատեղերը: Իսկ մյուս նկարի միակ կույրը նստած է ծալապատիկ, գոտկատեղը և սրունքները սեղանաձևի մեջ ներկորվում են, և սեղանաձևը արդեն խախտվում է. նրա գլուխը հակված է դեպի տեքստը՝ սրունքների տակից իջնող ոլորուն շուշանաձևի հետ կազմելով աղեղ (ի դեպ նկարի լարվածությունն ուժեղանում է նաև նրանով, որ այդ ոլորուն ճյուղը միաժամանակ շարունակում է կույրի գավազանը բռնած ձեռքը): Երկու նկարում էլ ուղղանկյունաձև է գոտկատեղից մինչև ուսագոտիները: Սակայն երկու կույրերի նկարում ամեն ինչ ենթարկվում է սիմետրիայի, ամեն տարր ունի հավասարակշռող զուգահեռը. երկու կույրերը ծնրադրել են մեջքով հակառակ ուղղությամբ, որ կարծես ուժեղացնում է նրանց կտրվածությունը ոչ միայն արտաքին աշխարհից, նաև իրարից: Թեև առաջին պլանի կույրը կիսով չափ ծածկել է ետևի կույրին, բայց դա ամենևին չի խախտել նկարի սիմետրիան, այլ, ընդհակառակը, այն ավելի է հարստացրել: Նրանք միասին կազմում են աշտարակաձև, մի կուռ կառույց. մեկի ձախ՝ դեպի տեքստն ուղղված պրոֆիլը զուգակշիռ է մյուսի աջ նայող պրոֆիլին, մեկի տարածած ձեռքերը՝ մյուսի ձեռքին, մեկի խորքի ուսը՝ մյուսի երևացող ուսին, մեկի ազդրերը՝ մյուսի ազդրերին: Որպեսզի առաջին պլանի կույրն իր ուրվաձևով չճնշի մյուսին, փլուզելով նկարը, վարպետը օգտագործել է գույների գրաֆիկական միջոցներ. դեպի տեքստն ուղղված կույրը հագել է մի կապա, որի ձախ կեսը գոտուց վերև կարմիր է, իսկ մյուս կեսը, որ հպվում է մյուս կույրի կապույտ արխալուղի հետ՝ կանաչ: Թևքի և իրանի կեսի այս կանաչ հատվածը իրենով կարծես համաչափում է իրանի մյուս կողմի կարմիր կեսը և երկրորդ կույրի կապույտ արխալուղը: Գոտկատեղից ցած առաջին (ձախի) կույրի կապայի կարմիր և կանաչ հատվածները շախմատաձև փոխում են տեղերը. կարմիր հատվածը ընկնում է նկարի միջին մասում, իսկ կանաչը՝ եզրին: Ստացվում է նոր սիմետրիա. դեպի տեքստը նայող կույրի ազդրի ու սրունքի կարմիրը մյուս կույրի առաջին պլանի ազդրի հետ կազմում է սեղանաձև, որի կողերը զուգահեռ են կույրերի արտաքին ուրվագծի կազմած երկրաչափական սեղանին: Այսպիսով, նրանց կազմած արտաքին երկրաչափական ստրուկտուրան, ասես, կրկնվում է ներսում, ունենալով նույն բարձրությունը, սակայն երկու կողմերից հավասարապես նեղանալով: Ավելին, վարպետն այդ սիմետրիան ակնարկում է նաև ժլատ բուսազարդերի միջոցով: Նրանց գլխավերևի՝ միջին վարսանդի ծայրից իջեցրած ուղիղ գիծը, կիսելով նկարը, ցածում ավարտվում է նույնպիսի, սակայն արդեն գծանկար վարսանդով:

Մատենադարանի № 7651 ավետարանում նկարիչը ոչ միայն սիրում է սյուժեն ներկայացնել հանգամանորեն, ըստ ժամանակային հաջորդականության, այլև երբեմն, տեսնելով, որ ֆրիզում չի սպառվում նրա պատկերային վերարտադրումը, այն շարունակում է հաջորդ էջի նկարում և տվյալ սյուժեն ավարտում: Ավետարանական նույն անձինք, կրկնվելով երկու, երբեմն՝ երեք անգամ, ներկայացնում են սյուժետային գծի հաջորդական փուլերը: Ձեռագրում նկարիչը երկու անգամ պատկերել է երկու կույրերին՝ մեկ Քրիստոսի ետևից ձեռնափայտերով քայլելիս և աղաղակելիս, մեկ էլ, երբ Քրիստոսը նրանց բժշկում է: Երրորդ սյուժետային դրվագը (կույրերը հեռանում են Քրիստոսի անունը համբավելու) անցել է հաջորդ էջ: Բայց որպեսզի նկարը (տեքստի ներսի բաց տարածքը) լրացվի, վարպետը դնում է ճարտարապետական կուլիսներ, որից հետո սկսվում է հաջորդ դրվագը՝ երկու փուլով:

Ուշադրության արժանի է 1337թ. «Մանրուսմունքի» (Մատ. № 9554) լուսանցանկարները: Դրանցից մեկը նկարված է «Առավոտյան երգերի» լուսանցքում: Էջում խազերով գրված է. «Առաւոտու երգք կարգաւ. Լոյս տուր Տէր աչաց իմոց: Զի մի երբէք ննջեցից ի մահ: Մի՛ ասասցէ թշնամին թէ յաղթեցից նմա կամ նեղիչք իմ ցնծասցեն՝ թէ սասանեցայ»: Լուսանցքում կիսադեմ պատկերված պերսոնաժը կույր է, վարդագույն հիվանդագին դեմքով, կանաչ շապիկով, հետաքրքիր մշակված դարչնագույն մազերով, որը մատնացույց է անում արևը, որի ճառագայթներն ուղղված են իր կողմը:  

Հիվանդների բուժման դրվագներում, որտեղ, ըստ Ավետարանի, ներկա պետք է լինի մարդկանց բազմությունը, կիլիկյան նկարիչները լուսանցի սուղ պայմաններից ելնելով՝ գտնում են շատ հակիրճ ու սրամիտ լուծումներ: Կույրի տեսողությունը Հիսուսը վերականգնում է՝ բաց անելով նրա աչքերը. միայն այդ երկու ֆիգուրներն են: Սարգիս Պիծակը ավետարանական կրկնվող պերսոնաժների համար մշակել է հատուկ տիպաժներ՝ նրանց հագցնելով իր ժամանակի տարազ: Ավետարանական կույրը կամ զրկվածը կարծես արձագանքում է նկարչին ժամանակակից կույրերին ու զրկվածներին, որոնց համար հիվանդանոցներ էին կառուցում հայոց բարեպաշտ կանայք: Ուստի նա կարող էր տիպական ձևեր մշակել՝ կույրերի համար առանձին, իշխանավորների և մանուկների համար առանձին-առանձին, և նրանց մասին կիսաբերան խոսքը լրացնել հարուստ ժեստերով, ժեստերը հարստացնել գծային բազմաթիվ հնարամտություններով ու ծալազարդումներով՝ արտահայտելու համար Քրիստոսի հրաշքները, որպիսի հրաշքների էր կարոտ արդեն բզկտվող հայ ժողովուրդը այդ օրհասական պատմաշրջանում:  

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

31.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․