Գրքեր

«Ես ձեր մեջ եմ»

Այս խորագիրն էր կրում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների և «Զորավոր» երիտասարդաց միության անդամների համատեղ մասնակցությամբ ներկայացումը, որ տեղի ունեցավ մայիսի 15-ին՝ Հոգեգալստյան տոնի օրը, Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի դահլիճում: Ներկայացման սցենարի հեղինակը և բեմադրիչը կիրակնօրյա դպրոցի մանկավարժ և տիկնանց միության անդամ Սիրանուշ Գումրույան էր: Հանդիսատեսի՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի առջև՝ բեմում, միաժամանակ երկու տեսարան էր՝ կիրակնօրյա դպրոցի դասընթացը և Քրիստոսի ժամանակաշրջանը՝ երիտասարդաց միության անդամների ներկայացմամբ:

Առաջին տեսարանում կիրակնօրյա դպրոցի սաները մինչ իրենց դասը, միմյանց հետ զրուցում են, թե արդյո՞ք պատրաստ են իրենց վարքով և գիտելիքներով նշելու Քրիստոսի Հարության տոնը: Եվ երեխաները գալիս են այն եզրակցության, որ պետք է լավ սովորեն սաղմոսները, Ավետարանական առակներն ու պատմությունները, որպեսզի այդ բոլորը կյանքում գործադրեն: Եվ անմիջապես հիշում ու արտասանում են 23-րդ սաղմոսը՝ «Տերը իմ հովիվն է»: Դասարան է մտնում ուսուցչուհին, դասը սկսվում է և օրվա թեման «Սերմնացանի առակ»-ն է, որը բոլորն ունկնդրում են երկրորդ տեսարանից. Քրիստոս Իր առաքյալներին և ժողովրդին պատմում է տվյալ առակը: Ապա դասարանում ուսուցչուհու օգնությամբ երեխաներն առակի մեկնաբանությունն են տալիս՝ կյանքի համար կարևոր դասեր քաղելով:

Զուգահեռաբար միմյանց լրացնող տեսարանները շարունակվեցին ողջ ներկայացման ժամանակ, իսկ թեմաների շղթան բավականին երկար էր՝ մեծահարուտ երիտասարդի զրույցը Քրիստոսի հետ, «Այրի կնոջ լուման», մաքսավոր Զակքեոսի դարձը, Ծաղկազարդ, «Տասը կույսերի առակը», Վերջին ընթրիք, ոտնլվա, Քրիստոսի մատնության, խաչելության, հարության և համբարձման տեսարանները և շղթան եզրափակվեց Հուդայի փոխարեն Մատաթիայի ընտրությամբ ու Հոգեգալուստով:

Իրադարձությունների ընթացքի ավարտը՝ Հոգեգալուստը, երեխաներին զարմանք էր պատճառել՝ հետևյալ հարցադրումով՝ ի՞նչ է նշանակում այս ամենը և հարցի պատասխանը հենց իրենք են գտնում՝ ուրախ բացականչությամբ՝ Հիսուս մեր մեջ է: Ներկայացման ավարտին այլևս երկու տեսարաններ չկային, Քրիստոս երեխաների մեջ էր՝ իրենց հոգում, սրտում և մտքում:

Դահլիճի ծափահարությունները ևս վկայում էին թե՛ երեխաների և թե՛ իրենց ուրախությունը՝ Հիսուս մեր մեջ է:

Ապա Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար և «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը շնորհավորեց ներկայացման մասնակիցներին, կազմակերպչին՝ Սիրանուշ Գումրույանին, ում շնորհիվ ներկաները կյանքի մի դասի մասնակից եղան:

«Երեխաների շուրթերից հնչող աստվածային ճշմարտություններով հաղորդակից դարձանք աստվածային սիրուն: Իրենց այս բաց դասը մեզ համար կյանքի դաս էր՝ աստվածաշնչյան ճշմարտություններով առաջնորդվելու և ապրելու համար: Քրիստոսի պատգամները հնարավորություն են ընձեռնում մեզ մեր կյանքն ապրելու խաղաղությամբ և երջանկությամբ, որովհետև Աստված սեր է: Քրիստոսի խաչելության դրվագը ներկայացման մեջ շղարշված էր և մեր մտքում էլ կարող է այդ շղարշն ունենանք, որը կխոչընդոտի մեզ հոգու աչքերով տեսնելու աստվածային ճշմարտությունները: Փորձենք այդ շղարշը վանել մեր կյանքից՝ աստվածային լույսը և սերը պարզորոշ տեսնելու համար: Սա բեմականացում չէր, այլ կյանք, որ մեզանից յուրաքանչյուրն է ապրում: Ուստի երեխաների և երիտասարդների օրինակի համաձայն՝ կյանքի վերածենք այս աստվածաշնչյան իրողությունները»,- ասաց Տեր Հայրը՝ մաղթելով, որ Հոգեգալստյան տոնի խորհրդով Տերը Սբ. Հոգու շնորհներն առատապես հեղի մանուկների, երիտասարդների և ներկաների վրա:

Մարիա և Անտոնի Յակուբյանները քույր և եղբայր են, արդեն կես տարի է, որ մեծ սիրով մասնակցում են կիրակնօրյա դպրոցի դասերին և մեծ ոգևորությամբ էին պատրաստվել ներկայացմանը: Իրենց ուսանած յուրաքանչյուր մի դաս իրենք փորձում են կյանքում իրագործել: Մարիայի և Անտոնիի տատիկը՝ Էլիզաբեթ Քարագյոզյանը, նշեց, որ թեև իրենք հեռու են ապրում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցուց, բայց երեխաներին մասնակից են դարձնում կիրակնօրյա դպրոցի դասերին՝ առաջնային համարելով քրիտոնեական դաստիարակությունը:

«Կիրակնօրյա դպրոցում սովորում եմ բարի լինել, սիրել Աստծուն և մարդկանց»,-ասաց Սևակ Պողոսյանը (11 տ.):

Ի դեպ ներկայացմանն ուրախալի էր տեսնել, որ երեխաները օգտվել գիտեին Սբ. Գրքից, իրենք էին փնտրում և կարդում աստվածաշնչյան այն առակներն ու պատմությունները, որ ամփոփեցին այդ օրը: Ուսուցչուհու՝ Սիրանուշ Գումրույանի շնորհիվ, երեխաները նաև շարականներ էին սովորել, որոնց կատարմամբ քաղցրացրին հանդիսատեսի լսողությունը:

Ողջ ներկայացման ժամանակ բեմից դեպի դահլիճ հորդող անմիջականության շնորհիվ հանդիսատեսն իրապես ներկա էր և մասնակից ոչ թե տարանջատված, այլ իրար միահյուսված տեսարաններին: Երեխաները փաստեցին քրիստոնյայի համար այն կարևորագույն հանգամանքը, որ Քրիստոս մշտապես մեզ հետ է՝ մեր սրտում, հոգում և մտքում, Իր խոսքով և Իր կյանքի բոլոր դրվագներով՝ մահվան հանդեպ հաղթանակով՝ հրաշափառ հարությամբ, համբարձմամբ, ապա Քրիստոսի խոստմամբ՝ Մխիթարիչի՝ Սբ. Հոգու գալստյան պարգևով:

 

Կարինե Սուգիկյան

15.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․