Գրքեր

Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք

«…ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:5):

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Ավետարանական այս խոսքերը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասաց ի պատասխան ոմանց պատմածին այն գալիլիացիների մասին, որոնց Պիղատոսը սպանել տվեց և նրանց արյունը խառնեց իրենց զոհերի արյանը (Ղուկ. 13:1-5): Եվ ահա, այդ պատմողները կամենում էին Վարդապետից լսել, որ սպանվածներն իրենց մեղքերի համար այդպես պատժվեցին, սակայն Ամենատես Աստված, որ կարդում է մարդկային սրտերն ու մտքերը, զգուշացրեց նրանց, որ իրենք ևս պիտի կորստյան մատնվեն, եթե չապաշխարեն: Ապաշխարություն: Ահա՛ այն բանալին, որ տվեց Քրիստոս՝ կորստյան սպառնալիքից ազատվելու համար: «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»,- ասում էր Սուրբ Հովհաննես Մկրտիչը Հորդանանի կողմերում իր քարոզչության ժամանակ և շարունակում. «Այսուհետև ապաշխարության արժանի գործեր կատարեցե՛ք… որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մտթ. 3:1-12): Իսկ սուրբ Եփրեմ Ասորին ասում էր. «Ապաշխարությունն այնտեղ տանող աստիճաններն են, որտեղից որ ընկանք»: Ապաշխարությունը նաև Հայ Եկեղեցու յոթ սրբազան խորհուրդներից մեկն է, որն անմիջապես հաջորդում է զղջմանն ու մեղքերի խոստովանությանը:

Արդ, տեսնում ենք, սիրելինե՛ր, որ թե՛ Տերն Ինքը, թե՛ սրբերը, թե՛ Եկեղեցու հայրերը չափազանց կարևորում էին ապաշխարությունը և մարդու փրկության ճանապարհը տեսնում էին ապաշխարության միջոցով միայն: Ուստի հարկ է, որ մենք էլ ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ մոտենանք աստվածապարգև այս փրկչական միջոցին, որը սրբում է նույնիսկ ամենաաղտոտ մեղքերը և կյանքի հույս պարգևում իրեն անդառնալիորեն կորած համարող մեղավորին: Սա մի անգին գանձ է, հույսի շող, փրկության օղակ ու սանդուղք, սիրելի՛ հավատացյալներ, որ Բազումողորմ Հայրը նվիրեց մեղքի օվկիանոսում խեղդվող Իր մեղավոր զավակներին, որպեսզի դրանից կառչելով՝ վեր բարձրանան ու սկսեն դեպի կյանք տանող փրկության իրենց ուղին:

Հունարեն ձեռագրերում հանդիպող «մեթանոյա» բառը, որ հայերեն «ապաշխարություն» է թարգմանվել, նշանակում է «մտքի փոփոխություն»: Եվ սա մեծ լույս է սփռում այն հանգամանքի վրա, թե Աստված ինչու է գործողություն ակնկալում ապաշխարող մարդուց: Քանզի գիտենք, որ լոկ մեղքի գիտակցումը կամ արածի համար զղջումը, որքան էլ այն ի սրտե լինի, բավարար չեն դեպի փրկություն տանող դուռը բանալու համար: Իսկ փոփոխությունը շարժում է ենթադրում, գործողություն: Այդ պատճառով է Հովհաննես Մկրտիչն ասում, որ բարի պտուղ չտվող ծառը կտրվելու է ու կրակն է նետվելու, Տեր Հիսուս Քրիստոսն էլ նույնն է ասում անպտուղ թզենու Իր առակում: Այսինքն, ապաշխարության ճամփան բռնած մարդուց Աստված բարի պտուղներ է սպասում, որովհետև ծառն իր պտղով է ճանաչվում (Ղուկ. 6:44):

Նորադարձ քրիստոնյան, երբ որոշում է կայացնում հրաժարվել նախկինում վարած իր աշխարհիկ կյանքից ու մեղավոր կենսակերպից, և քայլերն ուղղում է դեպի փրկության նավահանգիստ հանդիսացող Եկեղեցի, փաստորեն իր առաջին քայլերն սկսում է ապաշխարությամբ: Այնուհետև ապաշխարությունը ճշմարիտ քրիստոնյային ուղեկցում է նրա ողջ կյանքում, քանզի աշխարհում չկա մի մարդ, որ մեղք չգործի, լինի դա մտքով, խոսքով, թե գործով: Եվ մեղքի գիտակցումն ու դրա հանդեպ տածած զզվանքն է, որ մարդուն ապաշխարության է մղում: Միջնադարյան բարոյախրատական պատումներում մի այսպիսի դեպք է նկարագրվում. «Մի մարդ կար, որ վաշխ ու տոկոս էր վերցնում: Քահանան մշտապես նրան խրատում և ապաշխարության էր հորդորում, իսկ նա էլ ասում էր. «Լավ, լավ, կգա ժամանակ, կապաշխարեմ»: Նույնը նաև հիվանդության ժամանակ էր ասում: Իսկ քահանան տեսնելով դրա վտանգը՝ ջանադրաբար ստիպում էր նրան, որ ապաշխարի: Եվ երբ արդեն մահամերձ էր, քահանան դարձյալ փորձեց խոստովանության ու ապաշխարության բերելու: Իսկ նա աղաղակեց. «Օ՛վ ապաշխարություն, ո՞ւր ես: Ես այլևս ապաշխարել չեմ կարողանում: Եվ սա Աստծո արդար դատաստանով էր, քանզի այն ժամանակ, երբ կարող էի ապաշխարել, չկամեցա»: Այսպես ասելով էլ մեռավ»: Այս պատումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ այս մեղավոր մարդն այդպես էլ չտեսավ իր մեղքը, չսարսափեց դրա ծանրությունից, չնողկաց դրա գարշահոտությունից, ուստի և անխուսափելի կործանման գնաց: Նա նմանվեց այն անմիտ մարդուն, ով չգիտակցելով իր հիվանդության լրջությունը, անտեսում է բժշկի նշանակած դեղերը՝ դրանով ավելի խորացնելով հիվանդությունն ու դեպի մահվան գնալով: Որովհետև ապաշխարության փրկարար սպեղանու անհրաժեշտությունը զգացվեց հենց այն պահին, երբ մեր նախահայրը մեղք գործելուց հետո ամաչել և թաքնվել էր Աստծուց դրախտի ծառերի մեջ, և երբ Աստված հնարավորություն տվեց նրան խոստովանելու իր մեղքն ու սրբվելու դրանից, Ադամը փոքրոգություն ցուցաբերեց և իր մեղքն ընդունելու փոխարեն, կարծես Աստծուն մեղադրեց՝ ասելով, որ նրա տված կինն իրեն մղեց արգելված պտուղն ուտելու (Ծննդ. 3:8-12): Հենց այս պահից էլ մեղքի մահացու խայթը թունավորեց մարդուն՝ դարձնելով նրան հիվանդ ու մահկանացու, սակայն Բարեգութ Հայրը տվեց ապաշխարության կենարար սպեղանին՝ այդ թույնից մաքրվելու համար: Եվ միմիայն մեզանից է կախված, թե կընդունե՞նք արդյոք մեր գործած մեղքերն ու կվերցնե՞նք Երկնային Բժշկի մեզ պարզած այդ սպեղանին, որ կյանք է պարգևում, թե՞ կշարունակենք փակել աչքերը մեր մեղքերի վրա կամ ուրիշներին կմեղադրենք դրանցում և այդպես էլ կմնանք մեղքի մահացու թմբիրի մեջ կործանվելու: Ճիշտ է, աշխարհը լի է չարի փորձություններով ու գայթակղություններով, և շատ հաճախ դրանք կարող են գալ նաև մեր սիրելիների ու հարազատների միջոցով, բայց պիտի ընդունենք, որ առանց մեր հոժարակամության ոչ ոք չի կարող մեզ ստիպել մեղք գործել, ուստի անիմաստ է այլ մեղավորներ փնտրել մեր իսկ կեղտափոսում:

Այո՛, պետք է ամաչել, նողկալ ու սոսկալ մեղք գործելուց, բայց երբ այն արդեն գործվել է, ապա պետք չէ հուսահատվել և մեղավոր հպարտությունից դրդված մտածել, որ Աստված երբեք չի ների այնպիսի սարսափելի մեղավորին, ինչպիսին դու ես: Քանզի նման կործանարար մտքերը գալիս են չարի հուշմամբ, որպեսզի հուսահատության մահացու մեղքին մատնեն մարդուն և հեռացնեն նրան ապաշխարության փրկարար ուղուց: Եվ սրա հակադիր բևեռն էլ մեր մեղքերի չընդունումն է կամ դրանց մեղմացումն ու արդարացումը, երբ մարդ փորձում է արդարացնել իրեն՝ գործած մեղքը գցելով այլոց կամ հանգամանքների վրա: Սա կրկին չարի ներշնչանքն է, որը ևս նպատակ ունի հեռացնել մեզ ապաշխարությունից, հետևաբար և Աստծուց: Քանի որ Քրիստոս երբեք չի կարողանա բնակվել մեր սրտերում և դրանք աստվածային խաղաղությամբ լցնել, եթե ապաշխարության արցունքներով ու գործերով ամբողջովին չենք մաքրել մեղքի ապականությունից:

Արդ, այսօր միասին խնդրենք Ամենակալից, որպեսզի ապաշխարության վճռականությունը մշտարթուն պահի մեր սրտերում, որպեսզի ապաշախարությամբ հիմքը դնենք մեր սուրբ և անաղարտ կյանքի: Որպեսզի փրկության փափագը լոկ մեր շուրթերից չհնչի, այլ իսկապես լրջորեն մտահոգվենք այդ մասին և իսկապես բարի պտուղներ բերող ծառեր լինենք Տիրոջ տնկած այգում: Ուստի միանանք սաղմոսերգուի աղերսանքին, և մենք էլ խնդրենք. «Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ և քո գթառատությամբ ջնջի՛ր իմ հանցանքները: Առավել ևս լվա՛ ինձ իմ անօրենությունից և իմ մեղքերից մաքրի՛ր ինձ: Իմ անօրենություններն ես ինքս գիտեմ, և մեղքերն իմ միշտ առջևս են: Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից և իմ բոլոր հանցանքները ջնջի՛ր ինձնից: Ինձ փրկության ցնծությո՛ւն տուր, և քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ» (Սղմ. 50:3-5, 11, 14): Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

03.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․