Գրքեր

Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք

«…եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:3, 5):

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Ղուկասի ավետարանում տեղ գտած Տեր Հիսուս Քրիստոսի այս զգուշացումը երկու անգամ կրկնվում է նույն պարբերության մեջ՝ լսողների ուշադրությունը բևեռելով հենց այդ կետի վրա, սակայն, մինչ դրանց անդրադառնալը, տեսնենք, թե ինչ իրադարձություններ նախորդեցին դրանց և պատճառ հանդիսացան, որպեսզի Տեր Հիսուս ասի այդ խոսքերը:

Ավետարանիչը պատմում է, որ Տերը զրուցում էր ժողովրդի հետ, և ինչպես ինքն է նկարագրում. «Հիսուսի շուրջը բյուրավոր ժողովուրդ հավաքվեց՝ իրար կոխոտելու աստիճան», և Տերն ուսուցանում էր նրանց առակներով ու խրատներով՝ հատկապես զգուշացնելով փարիսեցիների և օրենսգետների կեղծավորությունից, իսկ սրանք էլ իրենց հերթին. «սկսեցին խիստ չարանալ և բանավեճի բռնվել նրա հետ՝ շատ բաների համար: Եվ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խոսքեր որսալ, որպեսզի չարախոսեն նրա մասին» (Ղուկ. 11:53, 54): Եվ ահա, երբ կրքերն արդեն բավականին թեժացել էին, որոշ մարդիկ են գալիս ու Վարդապետին պատմում այն գալիլիացիների մասին, որոնք հավանաբար Երուսաղեմ էին եկել զոհ մատուցելու և ինչ-ինչ պատճառներով Պիղատոսը սպանել էր տվել նրանց՝ նրանց արյունը խառնելով իրենց զոհերի արյան հետ: Ավետարանիչը չի պարզաբանում, թե ովքեր էին այդ մարդիկ և ինչու էին սա պատմում Քրիստոսին, ինչ ակնկալիքով: Կարող ենք ենթադրել միայն, որ միգուցե հենց փարիսեցիների կողմից էին ուղարկվել, որպեսզի իր համերկրացիների հետ կատարվածի մասին լսելով՝ զայրանար Քրիստոս, մեղադրանք հնչեցներ Պիղատոսի հասցեին և այդ կերպ կարողանային Նրան վնասելու իրենց նենգ ծրագիրն իրագործել:

Իսկ Քրիստոս Ի՛ր ծրագիրն ուներ: «Ես որպես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, որ ինձ հավատում է, խավարում չմնա» (Հովհ. 12:44): Արարիչ Աստված Իր պատկերով և նմանությամբ արարված մարդուն Եդեմի անմահական պարտեզում դրեց, որտեղ ամեն ինչ կար երջանիկ ապրելու համար: Սակայն, մարդը հեշտությամբ խաբվեց չարից և կորցրեց այն ամենն, ինչի մասին դարեր ի վեր երազում են Տիրոջը փնտրողներն ու սիրողները: Մենք էլ ամեն առիթով մեղադրում ենք մեր նախածնողներին՝ պատվիրանազանցության համար, հաջորդ վայրկյանին ինքներս չարից խաբվելով և պատվիրանազանց լինելով: Սակայն, չշեղվելով թեմայից, ասեմ, որ սրտեր Քննողն ու խորհուրդներ Տեսնողը, բնականաբար, չտրվեց փարիսեցիների խորամանկ հնարքին, այլ այն օգտագործեց Իր ծրագիրը ևս մեկ անգամ ներկայացնելու համար: «Կարծո՞ւմ եք, թե այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկվեցին, ավելի մեղավոր էին քան բոլոր գալիլիացիները: Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:2, 3):

Լսո՞ւմ եք, թե ինչ է ասում Տերը, սիրելի՛ հավատացյալներ,  «եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք»: Այսինքն, երբ լսում եք որևէ մեկին պատահած դժբախտության կամ պատահարի մասին, «Տեսնես այդ ի՞նչ սարսափելի մեղք էր գործել, որ այդպես պատժվեց» ասելու և ուրիշի մեղքերը քննելու փոխարեն, պիտի անդրադառնաք ձեր սեփական մեղքերին, «մեղա՜յ Աստծո» ասեք և շտապեք ապաշխարելու, քանի դեռ Տերը տալիս է այդ հնարավորությունը: Եվ ի լրումն Իր խոսքերի՝ Քրիստոս մի առակ է պատմում, որում մի մարդ մի թզենի էր տնկել իր այգում, որը հավասարապես խնամվում էր մյուս ծառերի հետ միասին, ստանում արևի կենսատու ջերմությունը, ջրի կենարար խոնավությունը, հողի օգտակար նյութերը, սակայն չէր պտղաբերում: Սակավահող Իսրայելի պայմաններում սա թանկարժեք հողի զուր վատնում էր ուղղակի, ուստի, բարկանում է այգետերն ու այգեգործին կարգադրում կտրել այդ ծառը: Եթե ձեր մեջ այգեգործներ կան, սիրելի՛ հավատացյալներ, ապա կհաստատեն, թե որքա՜ն դժվար է տարիներ շարունակ խնամելուց, միջոցներ ու ժամանակ ծախսելուց, սեփական զավակի պես փայփայելուց հետո ստիպված լինել կտրել ծառը: Այդ նույն զգացումներն ուներ նաև ավետարանական առակի այգեգործը, ուստի, այգու տիրոջից ժամանակ է խնդրում հավելյալ խնամքի համար՝ կարծես անպտուղ ծառի մեղքն իր վրա վերցնելով, և խոստանալով, որ կկտրի այն մեկ տարի անց, եթե ձեռնարկված միջոցները նույնպես պտուղներ չտան:

Սա չափազանց կարևոր առակ է, սիրելինե՛ր, և սթափվելու լուրջ կոչ մեզ համար, քանի որ անմիջականորեն մեզնից յուրաքանչյուրին է վերաբերում: Ըստ Եկեղեցու հայրերի մեկնության՝ այգետերը, բնականաբար, Արարիչ Աստված է, այգեգործը՝ մեզ փրկելու համար Իր կյանքը զոհած Տեր Հիսուս Քրիստոս, իսկ անպտուղ թզենու կերպարի տակ կարելի է թե՛ ամբողջ աշխարհը հասկանալ, թե՛ հրեա ժողովուրդը առանձին վերցրած, թե՛ մեզնից յուրաքանչյուրն անհատապես: Արդ, թողնենք առաջին երկուսին, և անդրադառնանք մեր անձերին, որովհետև Ահեղ Դատաստանի օրը Երկնային Այգետերը մեզնից մեր անհատական պտուղներն է պահանջելու:

Ադամի անհնազանդությունից հետո խիստ տրտմեց Արարիչ Աստված և վտարեց նրան դրախտային այգուց, բայց և անխնամ չթողեց նրա հետագա սերունդներին: Նա մի «նոր հոգեղեն Եդեմ» հաստատեց երկրի վրա՝ ի դեմս Եկեղեցու, հավատացյալներին տնկեց որպես պտղատու ծառեր, իսկ հոգատար Այգեգործը՝ Տեր Հիսուս Քրիստոս, Իր կենարար Արյամբ ոռոգում է Եկեղեցու ծառերն ու Իր Մարմնով սնուցում նրանց: Ինչպես այգեգործն է պաշտպանում ծառերը քամուց, սառնամանիքից ու վնասատու միջատներից, բուժում է նրանց հիվանդությունները, հատում չորացած ճյուղերը և բոլոր պայմաններն ստեղծում նրանց աճի ու պտղաբերման համար, նույնպես էլ Քրիստոս է խնամում Իր պարտեզը երկրի վրա:

Սիրելինե՛ր, եկեղեցու պատերից ներս մենք ամեն ինչ ունենք բարի պտուղներ տալու համար: Սուրբ Մկրտության խորհրդով Տիրոջ հոգատար Աջը մի մատղաշ տունկ էլ է ավելացնում Իր պարտեզում և պարուրում նրան Սուրբ Հոգու շնորհներով: Ամեն օր կատարվող ժամերգությունների ընթացքում հնչած սաղմոսներն ու աղոթքները պաշտպանում են նրան թշնամու հարձակումներից ու փորձություններից, քարոզներն ու սուրբգրային ընթերցումները գալիս են փխրեցնելու նրա հոգին և պարարտացնելու այն օգտակար նյութերով, իսկ յուրաքանչուր կիրակի փրկչական Սուրբ Արյունն ու Մարմինը դառնում են այն կենարար ավիշը, որ բժշկում և ապրեցնում է նրան: Մեղքերի խոստովանությունն ու ապաշխարությունն էլ օգնում են հատել մեղավոր կրքերն ու բժշկել հոգևոր ախտերը: Եվ այնժամ Երկնային Այգետերը, Հզորն ու Ողորմածն իրավացիորեն սպասում է ապաշխարության մեր պտուղներին: Հակառակ պարագայում, ինչպես Հովհաննես Մկրտիչն էր զգուշացնում. «Բայց ահավասիկ կացինը ծառերի արմատի վրա է. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում» (Ղուկ. 3:9): 

Այո՛, Բարեգութ Աստված անսահման երկայնամիտ ու ողորմած է, որ յուրաքանչյուր մեղքից հետո անմիջապես չի պատժում մեզ, այլ մի ողջ կյանք է պարգևել՝ ուղղվելու և բարի պտուղներ տալու համար: Սակայն, այդ կյանքի օրերի թիվը ոչ ոք չգիտե Բարձրյալից բացի, սիրելի՛ հավատացյալներ, չգիտենք, թե անհատապես յուրաքանչյուրիս համար որքան է տևելու Այգեգործի խնդրած հավելյալ մեկ տարին, արդյո՞ք վաղն է լրանալու այն, տասը, թե՞ հիսուն տարի անց: Եվ այդ է պատճառը, որ Եկեղեցու հայրերն անդադար հորդորում են մեզ յուրաքանչյուր օրը որպես վերջին օր ապրել և այդ դեպքում միայն Տիրոջ ողորմածության հույսը կունենանք:

Մի առակ կա երկու բալենիների մասին, որոնցից մեկը չար էր և հոգ էր տանում միայն իր արտաքին տեսքի մասին՝ տիրոջից արտաքին գեղեցկությանը նպաստող խնամք պահանջելով: Իսկ մյուս բալենին, որ բարի էր, միշտ միևնույն խնդրանքն էր կրկնում. «Ի՛մ տեր, օգնիր ինձ բարի բերք տալու»: Եվ երբ բերքահավաքի ժամանակը հասնում է, չար բալենու բունն ու ճյուղերը փայլում էին, տերևները խիտ էին ու մուգ կանաչ, իսկ պտուղները չափազանց մանր էին ու անպետք՝ գործածության համար, քանի որ խիտ տերևների պատճառով չէին կարողացել բավարար սնունդ ստանալ ու հասունանալ: Բարի բալենին, ընդհակառակը, չէր կարող շքեղ արտաքինով պարծենալ, սակայն, առատ ու շատ համեղ պտուղներ էր տվել՝ կատարելով իր պարտքը և ուրախացնելով տիրոջ սիրտը:

Ես էլ մաղթում եմ ձեզ, սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, որպեսզի բարի բալենուց օրինակ վերցնելով՝ Տիրոջ օգնությունը հայցեք բարի բերք տալու համար: Որպեսզի և՛ ինքներդ չչորանանք ու անպիտան դառնաք, և՛ Երկնային Այգետիրոջ զայրույթին չարժանանաք: Թող երկնային շտեմարանում հավաքված ձեր պտուղների մեջ բարի պտուղները շատ ավելի շատ լինեն, քան չարերը, որպեսզի, երբ բերքը հավաքելու ժամանակը հասնի, դրանք հավելվեն Բազումողորմի անծայր ողորմածությանն ու առաջնորդեն ձեզ դեպի Երկնային անթառամ այգի: Տերը ողորմի մեզ և ժամանակ պարգևի ապաշխարության համար, իսկ մենք փառաբանենք Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

02.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․