Գրքեր

«Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք»

Ամենուր և ամեն անգամ ի չիք է դառնում խավարը, երբ զոհաբերվող մեծագույն սիրուց առկայծում են աշխարհին ուրախություն պարգևող կենսատու լույսերը: Իսկ ամեն մի լույսի աղբյուրը՝ կյանք պարգևող ճշմարիտ Լույսն է՝ Քրիստոսը: Ողջ մարդկությանը լուսավորող ճշմարիտ Լույսն ամբողջացրեց պատվիրանները նոր և լուսատու պատվիրանով. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13:34-35), ինչպես նաև՝ ձեր բարի գործերով ձեր լույսը կշողա մարդկանց առջև, և նրանք կփառավորեն Հորը, որ երկնքում է (Մատթեոս 5:16):

Եվ Քրիստոսին հետևող յուրաքանչյուր անձի համար կարևոր է ճշմարիտ Լույսից լուսավորվելը և լուսավորելը: Այդ առաքելությանը հավատարիմ՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ, քայլելով Քրիստոսի նախանշած լուսավոր ճանապարհով, իր հոգևոր և նյութական աջակցությունն է բերում կարիքավոր ընտանիքներին:

Այդ ճանապարհին համայնքի հերթական տնայցը եղավ մայիսի 21-ին՝ խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի և սպասավոր Րաֆֆի սրկ. Գույումջյանի գլխավորությամբ: Բաբաջանյան 97 շենքի 2-րդ բնակարանում ապրող անապահով բազմազավակ ընտանիքին մեծ ուրախություն էր պատճառել համայնքի այցը: Ընտանիքի մայրը՝ Լուսինե Վարդանյանը (42 տ.), ամուսնու մահից հետո արդեն վեց տարի է, ինչ միայնակ է խնամում իր հինգ զավակներին: Լուսինեն նշեց, որ մինչ ամուսնու մահը վարձակալությամբ են ապրել, բայց այժմ ժամանակավոր տեղափոխվել են երեք սենյակներից բաղկացած իր հայրական տուն, ուր բնակվում են ութ հոգով: Լուսինեն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել, և ընտանիքն ապրում է նպաստով ու նրա ծնողների կենսաթոշակներով:

Ընտանիքի հետ զրույցում երեխաները Տեր Վահանից տեղեկացան և հետաքրքրվեցին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում գործող կիրակնօրյա դպրոցի և երիտասարդաց միության գործունեությամբ: Զրույցից հետո Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց համայնքի կողմից տրամադրած սննդի փաթեթները՝ մաղթելով. «Տիրոջ օրհնությունը թող անպակաս լինի ձեր ընտանիքից: Բոլոր խնդիրների և դժվարությունների մեջ միշտ հիշեք, որ Աստված ձեզ հետ է, ձեզ սիրում է, պահպանում և երբեք միայնակ չի թողնի: Ամենակալն Իր հրեշտակներին է կարգել ի պահպանություն ձեզ և պետք է առաջ գնալ այն հույսով և հավատով, որ Աստված է ձեր առաջնորդը: Տիրոջ օրհնությամբ թող ձեր ընտանիքի հարստությունը հանդիսացող հինգ զավակներն իրենց ձեռքբերումներն ունենան՝ ի ուրախություն և շինություն ընտանիքի, հայ ազգի և հայ եկեղեցու»:

Ընտանիքն իր շնորհակալությունը հայտնեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքին և հոգևորականներին ուշադրության ու հոգածության համար:

 

Կարինե Սուգիկյան

21.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․