1 Հունիս, Բշ, Բ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի»

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Ահա հասանք սուրբ Պատարագի այն հատվածին, երբ քացրալուր սաղմոսներն ու հոգեհմա շարականները լռում են` իրենց տեղը զիջելով օրվա Ավետարանի մեկնությանը, և եթե լուռ ունկնդրենք, կլսենք հազարամյակների խորքից եկող երուսաղեմյան տաճարի բակում աղաղակող Տիրոջ քաղցր ու հոգատար ձայնը, որ ասում է. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով ինձ հավատում է, - ինչպես Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» (Հովհ. 7:37-38):

Արարչագործ սիրով ու ծնողական հոգատարությամբ լի այս ձայնը դարեր շարունակ հնչում է աշխարհի տարբեր ծայրերում, բոլոր եկեղեցիների երկնաբույր խորաններից` հավատացյալներին հրավիրելով Կենաց Աղբյուրի ջրով հագեցնելու իրենց պապակած հոգու ծարավը: Հրավիրում է հավիտենության անմահական ջրով ոռոգելու հոգիները, որպեսզի ցամաք ու տատասկոտ անապատից վերածվեն պտղաբեր այգու և իրենց առատ ու պիտանի պտուղները բերեն Տիրոջն ու շրջապատին:

Սիրելինե՛ր, Մարդացյալ Աստծու սուրբ շուրթերից հնչած հրավերը, որ աստվածային ճշմարտության միջոցով փրկություն գտնելու դեղատոմսն է, բնականաբար չէր կարող պատահական միջավայրում հնչել և հստակ հասցեատեր չունենալ: Քրիստոս մարդացավ Հրեաստանում, գործեց ու քարոզեց հրեաների մեջ, քանի որ այս ազգն էր, որ հեթանոսության ու կռապաշտության ծովում ընտրելով միակ ու ճշմարիտ Աստծուն հետևելու ուղին՝ դարձել էր յուրատեսակ մի կղզյակ, որ սրբորեն պահպանել ու հավատարմորեն հետևում էր հայրերի ավանդույթին և համբերությամբ սպասում Աստծու խոստացյալ Փրկչին: Սակայն շատ կարևոր մի բան պակասում էր առերևույթ ճիշտ և օրինակելի թվացող այս հասարակության մեջ, որն էլ Տեր Հիսուս Քրիստոսին ստիպել էր՝ մարդկանց հոգածությունն այդպես հրապարակավ Իր խոսքին հրավիրելու: Ուստի այսօր, երբ մենք ենք Տիրոջ անգին հրավերի ունկնդիրները, հարկ է, որ ուշադրությամբ քննենք մեր հոգին` հասկանալու, թե մեզնից յուրաքանչյուրը «երուսաղեմյան տաճարից» ինչպիսի որոշումով է դուրս գալու և դեպի ուր է ուղղելու իր քայլերը:

«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի»,- ասում է Տերը, իսկ մենք տողատակում կարդում ենք. «Եթե մեկը գիտակցում է իր հոգու ծարավը, թող ինձ մոտ գա և խմի»: Քանզի այն, որ կենդանարար Ջրի կարիքն ունենք, եկեղեցում եղողներս գիտակցում ենք, սակայն միայն այդ գիտակցումը, առանց դրան հետևող գործողության, առանց հստակ քայլերի, մեծ արժեք ունենալ չի կարող, սիրելի՛ հավատացյալներ: Ի՞նչ արժեք պիտի ունենար անապատում ծարավից տոչորվող ճամփորդի գիտելիքը օազիսի գտնվելու վայրի մասին, եթե նա քարտեզն ամենայն ուշադրությամբ ուսումնասիրելուց, ճանապարհը նշելուց ու հաշվարկելուց հետո համարեր, որ միայն այդ գիտելիքը բավարար է ծարավից չմեռնելու համար: Կամ էլ հասներ օազիսին ու առանց ջուր խմելու` դրանով բավարարվեր: Կամ էլ մահացու հիվանդություն ունեցողը, վերջապես գիտակցելով, որ կյանքին իրական վտանգ է սպառնում, գտներ լավագույն բժշկին, ընդունելության հասներ, վերցներ նշանակված դեղը, որ պիտի փրկեր իր կյանքը, ուրախանար, հրճվեր, սակայն առանց այն ընդունելու` իր առաքելությունը համարեր ավարտված: Երկու օրինակում էլ թե՛ ճամփորդը, թե՛ հիվանդն ամեն անհրաժեշտն ունեին փրկության համար, սակայն կորցրին՝ իրենց անհոգության ու անփութության պատճառով:

Այժմ դառնանք մեր ընթացքին, սիրելի՛ հավատացյալներ:

Փա՜ռք և բյուր անգամ փա՜ռք Բարձրյալին` դիոկղետիանոսների ու մաքսիմիանոսների ժամանակները վաղուց անցել են և մենք կարիք չունենք արյամբ վկայելու առ Քրիստոս ունեցած սերն ու հավատը: Ոչ էլ թաքնվելու կամ փախչելու կարիք ունեք. Եկեղեցին ազատ գործում է, հոգևոր սնունդի նման առատություն ու հասանելություն երբևէ չի եղել: Այսօր հավատացյալն այնպիսի հնարավորություններ ու միջոցներ ունի, որպիսիք քրիստոնյա համայնքը նախկինում երբևէ չի ունեցել և մերօրյա ծերերից մեկն այս առումով իրավամբ նշում է, որ ներկայիս քրիստոնյայի համար ավելի հեշտ է դրախտ ընկնել, քան դժոխք: Բայց մենք նույնիսկ այս պայմաններում ենք հաջողացնում դժոխքի ուղեգիր ստանալ և գիտեք՝ ինչո՞ւ: Որովհետև ինչպես հոգևոր շատ հեղինակներ են նշում` մենք հարմարավետության քրիստոնյաներ ենք: Մենք քրիստոնեություն ենք ուզում առանց Քրիստոսի, առանց Նրա պատվիրանների: Ուզում ենք դրախտ գնալ լայն ճանապարհով՝ առանց նեղությունների ու դժվարությունների: Ուզում ենք պսակների արժանանալ առանց անձնական սխրանքների: Իսկ եթե այդ ամենը չենք ուզում, այդ ամենին չենք ձգտում, ուրեմն շատ ավելի վատ, քանի որ փոխվել են միայն ժամանակները, իսկ քրիստոնեության ոգին, էությունը հավիտյանս նույնն է: Սրբությամբ ապրելու և սրբության ձգտելու Քրիստոսի կոչը Տերը չի չեղարկել, սիրելինե՛ր և մեզանից մաքսիմալ ջանքեր, մեծ եռանդ ու անմնացորդ նվիրում է ակնկալվում՝ Տիրոջ կոչին հետևելու. «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մտթ. 5:48) և «Սո՛ւրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես» (Ա Պետ. 1:16):

Հայ եկեղեցու ձևակերպմամբ՝ սրբերը Եկեղեցու կողմից սրբացված անձիք են՝ կատարյալ քրիստոնյային հատուկ անբասիր կյանքով, վարքով ապրած, ապաշխարությամբ մեղքից ազատագրված, արդարացված ու հավատով փրկված, առաքինություններով հատկանշված, Սուրբ Հոգու շնորհն ընդունած, Աստծո ներգործությունն իր մեջ կենդանի պահած և նրա հետ մշտապես հաղորդության մեջ եղած: Սակայն սրբերը միայն մեծարվելու համար չեն, սիրելի՛ հավատացյալներ: Մենք հոգևոր նախանձախնդրություն պիտի ունենանք՝ նրանց օրինակին հետևելու, նրանց ոտնահետքերով ընթանալու: Չպիտի բավարարվենք միայն նրանց վարքը գեղարվեստական գրքի պես կարդալով ու զմայլվելով, ո՛չ, այլ պիտի մղվենք նմանատիպ վարքի, որով և ընդունած կլինենք Քրիստոսի հրավերը՝ Իրենից խմելու: Մենք սքանչանում ենք սուրբ նահատակների արիությամբ ու հավատի մեջ հաստատակամությամբ, սակայն հարկ եղած պարագայում, ծաղրվելուց կամ չհասկացված լինելուց վախենալով, խուսափում ենք հավատի պարզ վկայություններից: Հիանում ենք սրբերի խստակեցությամբ, երբ օրինակ՝ տարիներ շարունակ լռության ուխտ էին կապում, սակայն րոպե անգամ չենք լռում՝ չարախոսության, ստախոսության, դատելու կամ բամբասելու մեղքերից խուսափելու համար: Զմայլվում ենք նրանց ճգնավորությամբ, երբ օրինակ՝ պահքի ընթացքում մի քանի օրը մեկ էին ճաշակում, այն էլ մի քանի չորահաց, կամ մի բուռ սիսեռ, իսկ ինքներս պահեցողության յուրաքանչյուր դրսևորումից, մեզ կործանող ցանկությունները սանձելու անհրաժեշտությունից սարսափում ենք և պատրաստ ենք բոլոր հավանական ու անհավանական պատճառները բերելու՝ միայն թե խուսափենք մեզ մի փոքր նեղություն պատճառելուց: Սրբերն իրենց հագի վերջին շապիկն էին տալիս կարիքավորին, իսկ մեր ձեռքը ողորմության պահին փոքրոգի դավաճանի պես դողում է՝ չնայած վերջինը տալու մասին խոսք անգամ չի գնում: Ցավոք, մենք հաճախ խոսքի քրիստոնյաներ ենք, այլ ոչ թե գործի, հետևապես չպիտի զարմանանք, եթե Տիրոջ օրհնություններն ու շնորհներն էլ մեզ համար զուտ խոսքեր մնան:

Եվ խոսքս ամփոփեմ վերջերս կարդացած մի պատմությամբ: Ձմռանը մի ուխտավոր որոշում է ոտքով ուխտագնացություն կատարել դեպի լեռան վրա գտնվող վանքը: Ճանապարհին մի խուց նկատելով՝ շատ է ուրախանում՝ հուսալով, որ ներսում մի փոքր կտաքանա ու միգուցե նաև թեյի: Թակում է խցի դուռը, ներս մտնում ու տեսնում, որ ճգնավորը նստել է մարած օջախի մոտ ու դողում է: «Այս ցրտին օջախն ինչո՞ւ չես վառել, Հա՛յր»,- զարմանում է ճամփորդը: «Այսօր Սեբաստիայի քառասուն մանկանց հիշատակության օրն է, որդյա՛կ, որ սառցե լիճը նետվեցին: Ես ինչպե՞ս կարող եմ կրակ վառել ու տաքանալ»,- պատասխանում է ծերը:

Արդ, թող ձեր հավատն էլ տեսականից գործնականի վերափոխվի, սիրելինե՛ր, որպեսզի ձեզնից էլ կենդանի ջրերի գետեր բխեն ի փառս Հոր և Որդու և Սուրբ Հոգու. Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

16.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․