Գրքեր

«Եթե միայն դիպչեմ, կառողջանամ»

«Քրիստոս աշխարհ եկավ ոչ միայն սոսկ նրա համար, որ մարդկանց մի քանի նոր ճշմարտություններ հաղորդի: Ո՛չ, Նա եկավ, որպեսզի ստեղծի մարդկության համար բացարձակապես նոր կյանք, այսինքն՝ Եկեղեցին: Քրիստոս Ինքն էր ասում, որ շինում է Եկեղեցին (Մատթեոս 16:18): Ընդունել եկեղեցին նշանակում է ոչ թե երազել միայն Քրիստոսի մասին, այլ ապրել քրիստոնեաբար, ընթանալ սիրո և ինքնահրաժարումի ճանապարհով: Եկեղեցու հանդեպ հավատը պահանջում է մարդու և՛ մտքի, և՛ կամքի սխրանք»,- կարդում ենք Իլարիոն արք. Տրոիցկու «Քրիստոնեություն չկա առանց եկեղեցու» գրքում:

Եկեղեցին երկրա-երկնային այն շինությունն է, ուր հավատավորը խորհրդավոր կերպով միավորվում է Քրիստոսի հետ: Մեր Տերը երկրի վրա հիմնեց Իր եկեղեցին՝ մարդկանց լուսավորելու, Աստծո հետ միավորելու և փրկություն շնորհելու համար: Նրա խոսքի համաձայն՝ մահն անգամ իր ամբողջ զորությամբ չի կարողանալու հաղթահարել նրան (Մատթեոս 16:18): Որպես եկեղեցու հիմնադիր՝ Քրիստոս նաև եկեղեցու անկյունաքարն է՝ ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան Աստծո դրած միակ հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է (Ա Կորնթ. 3:11): Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, Քրիստոսով եկեղեցու միության մասին Ս. Պողոս առաքյալն ասել է. «Նա՛ է գլուխը, որ մարմինն իր բոլոր մասերով ներդաշնակ միասնությամբ կապում է իրար՝ բոլոր հոդերի օգնությամբ: Եվ երբ յուրաքանչյուր մաս գործում է ինչպես որ պետք է, մարմինն աճում և զորանում է» (Եփես. 1:22-23, 4:16): Առաքյալը եկեղեցու կյանքը Քրիստոսով նմանեցնում է տղամարդու և կնոջ միության հետ. «Կանա՛յք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին ինչպես պետք է հնազանվեիք Տիրոջը, որովհետև ամուսինն է իր կնոջ գլուխը, ինչպես Քրիստոսը գլուխն է եկեղեցու՝ Իր մարմնի, որի Փրկիչը Ինքն է» (Եփես. 5:23): Ինչպես մեր մարմինն իր անդամներով կազմում է ամբողջական և կենդանի օրգանիզմ, կապված լինելով գլխի հետ, այդպես և եկեղեցին հոգևոր օրգանիզմ է, որ աճում է և զորանում: Եկեղեցուն հնազանդվողը հնազանդվում է Քրիստոսին, իսկ այն մերժողը, մերժում է Քրիստոսին:

Սուրբ Գիրքը լի է եկեղեցին խորհրդանշող օրինակներով, որոնցից են՝ Որթատունկի և նրա ճյուղերի օրինակը (Հովհ. 15:1-8); Հովվի և հոտի (Հովհ. 10:1-16), եկեղեցու Գլխի և մարմնի (Եփես. 1:22-23), կառուցվող շենքի (Եփես. 2:19-22) և Աստծո ընտանիքի (Ա Տիմոթ. 3:15) օրինակները: Եկեղեցու հայրերը շատ հաճախ աշխարհի վրա գտնվող եկեղեցին համեմատում են ծովի վրա գտնվող նավի հետ:

Աստվածային ճշմարտությունն ու ուսուցումը պահպանվում է կենդանի Աստծո եկեղեցում, որ «ճշմարտության սյունն ու խարիսխն է» (Ա Տիմոթեոս 3:15): Եկեղեցում, քրիստոնյան, ճանաչելով ճշմարտությունը, լուսավորվում է Ս. Հոգով, Ս. Հաղորդության խորհրդի միջոցով հաղորդակցվելով աստվածային բնությանը՝ ուժ է ստանում մեղքի դեմ պայքարում: Եկեղեցու հայրերը, մեկնաբանելով ավետարանական արյունահոսությամբ տառապող կնոջ բժշկության դրվագը, նշել են. ««Կինն ասում էր՝ եթե միայն դիպչեմ Նրա հագուստին կբժկվեմ» և ստացավ իր հավատի համաձայն: Մեզ՝ զգայունակություն ունեցող անձանց, հարկավոր է զգայական հաղորդակցություն, որպեսզի ընդունենք ոչ զգայական ուժը: Աստված այդպես էլ կառուցել է, Նրա Սուրբ եկեղեցին ունի տեսանելի կառուցվածք, որոնց հետ մենք հաղորդակցվում ենք: Եկեղեցու ներսում գործող Աստծո ուժը գործում է այդպիսի հաղորդակցության միջոցով՝ եթե միայն դիպչեմ, կառողջանամ»:

Մեր Տերը սիրեց եկեղեցին և Իր կյանքը տվեց նրա համար, որպեսզի ջրի լվացումով մաքրի այն և սրբի Իր խոսքով, այնպես որ եկեղեցին Իրեն ներկայանա ամբողջ փառքով, առանց որևէ արատի կամ խորշոմի և կամ ուրիշ թերության, այլ լինի սուրբ և անարատ (Եփեսացիներ 5:25-27):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

18.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․