Գրքեր

«Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները»

Սիրելի հավատացյալներ.

Այսօրվան Ավետարանական ընթերցումը կխոսի ամուսնության մասին (Մարկոս Ժ 1-12): Կարգ մը մարդիկ կու գան Հիսուսին և կհարցնեն ամուսնության և ամուսնալուծության մասին: Խնդիր մը, որ միշտ օրակարգի վրա է և երբեք չէ հինցած: Մարդու արարչութենեն ի վեր, Եդեմի հաճելի դրախտեն ի վեր, մարդուն հիմնական խնդիրը միշտ եղել է ամուսնությունը, և մենք էլ այսօր մի քիչ պիտի խոսինք այս խորհրդավոր և շատ հաճախ առեղծվածային հարաբերության վրա:

Երբ Տեր Հիսուսին կհարցնեն ամուսնալուծության կարելիության մասին, ան կպատասխանե` ըսելով, որ ամուսնալուծությունը կարելի է ըստ սուրբ գրությանց՝ որոշ պայմաններու ներքև, թեկուզ ասիկա Աստուծո կատարյալ կամքը չէ: Ամուսնալուծության արտոնությունը տրված է մարդկանց, որովհետև անոնք կատարյալը չեն կրնար իրագործել. «Ձեր խստասրտության համար արտոնված է ձեզի ամուսնալուծությունը»: Սակայն Աստված այսպես չտնօրինեց սկիզբեն, չծրագրեց ամուսնալուծությունը: Աստուծո կողմե նախատեսված ամուսնությունը շատ տարբեր էր այն ամուսնություններեն, որ կտեսնենք մեր շուրջ: Աստված ուզեց, որ այր և կին միանան և ցկյանս միասին ապրելով երջանիկ ըլլան, և մինչև որ մահը բաժնե՝ չբաժնվին իրարմե: Ասիկա իդեալ է:

Ամուսնությունը, սիրելիներ, կյանքի ամենեն կարևոր երրորդ դեպքն է: Ծնունդը, մահը և մեջտեղը կկենա ամուսնությունը: Ծնունդեն սկսյալ մենք կպատրաստվինք ամուսնության, մեր ամբողջ միտքը կլեցնե ամուսնության գաղափարը. թե որո՞ւն հետ պիտի ամուսնանանք, ո՞ւր պիտի ըլլա մեր հանդիպումը մեր կյանքի ընկերի հետ, հարո՞ւստ պիտի ըլլա մեր կողակիցը, թե՝ աղքատ, ո՞ր եկեղեցիին մեջ պիտի պսակվինք, ինչպիսի՞ տուն մը պիտի լինի մերինը: Եվ ի վերջո, կամուսնանանք. զավակներ, թոռնիկներ, մեր ամբողջ կյանքը կլեցնե ցմահ:

Ուրեմն այնքան կարևոր է ամուսնությունը, որ Աստված այս հաստատությանը վստահեց կյանքի շարունակությունը: Նայեցեք, այսօր մենք բոլորս, որ կապրինք, կշնչենք և կաշխատինք այս աշխարհում, ընտանիքե մը եկեր ենք: Բայց քաջ գիտենք, որ կյանքը մինչև մեզի հասնի Ադամ և Եվայեն՝ քանի՜-քանի ընտանիքներ կազմվեցան, քանի՜ հարյուր սերունդներ շարունակ մարդիկ ամուսնացան, հազար ու մեկ դժվարություններուն տոկացին, սերունդ ձգեցին, և մենք այսօր այս գեղեցիկ կյանքը կվայելենք:

Ամուսնությունը շատ էական ու կենսական է, մեր ամբողջ կյանքը կհետաքրքրե: Եվ Աստված դրախտային հաճույք մը ըլլալով ծրագրեց մարդկանց ամուսնությունը: Աստված ինչ որ իբր պարտականություն տվեր է մարդուն՝ միշտ հաճույք մըն ալ փակցուցեր է անոր վրա: Ուտել մեր պարտականություն է իհարկե, եթե չուտենք` կմեռնինք, բայց լավագույն հաճույքներեն մեկը չէ՞ արդյոք ուտելը. խմելը նույնպես, շնչելը նույնպես: Իհարկե ամուսնությունը պարտականություն է զավակներ հասցնելու և ցեղը շարունակելու համար: Սակայն Աստված նոյնպես ուզեց, որ դրախտային ըլլա ատիկա, ճոխ սեղանին պես ըլլա՝ ուրախ, երջանիկ:

Այսպես աղվոր բան մը այսօր ինչո՞ւ այսպես դժվար է, ինչո՞ւ այսքան բարդ է, ինչո՞ւ այսպես խնդիրներով և փուշերով լեցուն է: Առակի մը ըսածին պես. «Քիչ մը մեռնիլ է ամուսնությունը, կա՛մ դժոխք կերթաս, կա՛մ արքայություն»: Բայց ընդհանրապես ամուսնությունները խառնույթն են երկուքի. երբեմն դժոխք, երբեմն դրախտ, և հաճախ` քավարան:

Սուրբ Գիրքը և կյանքի փորձառությունը կսորվեցնեն մեզի, որ ամուսնության հետ կապված խնդիրները և տագնապները կարելի է բացատրել երկու ձևով. մեկը աստվածաբանական է, իսկ մյուսը` կենցաղավարական:

Աստվածաբանական բացատրությունը այն է, որ երբ որ մարդը մեղանչեց Աստուծո դեմ և ինկավ շնորհքեն՝ պատիժը անխուսափելի էր: Բնության օրենքներուն և ողջամտության ցուցմունքներուն հակառակելով մարդիկ նաև սկսան իրարու պատժել` մշակելով սխալ հարաբերության սկզբունքներ: Կարելի չէ, որ մենք հաճախ հակառակինք Աստուծո օրենքներուն և երջանիկ ըլլանք, կարելի բան չէ ատիկա: Եվ մեր մեղավոր բնութենեն բխած չարն է ահա, որ կարգիլե մեզ, որպեսզի մենք թե՛ մարդկային հարաբերություններու մեջ և թե՛ ամուսնության մեջ երջանիկ ըլլանք կատարելապես: Սուրբ Գիրքը հստակ ձևով կընդգծե, սիրելիներ. «Եթե տունը Աստված չշինե, շինարարները իզուր, պարապ տեղը կաշխատին»:

Ամուսնություն մը, ահա, հազարավոր խոստումներով և երազանքով հիմնված՝ կքանդվի, փուլ կու գա, անհուն վերքեր և տառապանք թողնելով իր ետին: Ինչո՞ւ: Պատասխանը մի շարք աստվածաբանական պարզ հարցումներով տանք: Արդյո՞ք փուլ եկած տունը Աստուծո կողմեն շինված է, Աստվա՞ծն էր, որ միացուցած էր զույգը, աղոթք կա՞ր այդ տան մեջ, Սուրբ Գիրքը կկարդացվե՞ր, եկեղեցի կհաճախեի՞ն զույգերը և միասին Աստված կդիտեի՞ն հավատքով, Աստուծո երկյուղը և վախը կա՞ր այդ տան մեջ, և մարդիկ սորվա՞ծ են միասնաբար երկինք նայիլ:

Իմ հոգևորական կյանքիս ամենեն ցնցիչ դեպքերեն մեկը սա էր, պատմեմ ձեզի: Տարեց հայր մը եկավ ինծի ալեհեր, կուլար տխրագին:

«Հայր սուրբ,- կըսեր,- տղաս ինծի հայհոյեց. ինչպե՞ս կրնա ըլլալ, ես ինչ պակաս ըրի, ամեն ինչ ըրի իմ տղուս համար, ինչպե՞ս կրնա, որ ինձ՝ իր հոր հայհոյել»: Ես ըսի, որ երեխան կանչե, անգամ մըն ալ ես իր հետը խոսիմ:

«Քանի՞ տարեկան է», հարցուցի. ըսավ` «քսանչորս»:

«Քսանչո՞րս, շատ ուշ է,- ըսի:- Չորս տարեկանին պիտի բերեիր եկեղեցի, ութ տարեկանին. որպեսզի եկեղեցական մթնոլորտը իր նկարագրին վրա բարի ազդեցություն գործեր»:

«Բայց,- ըսավ,- ամեն ինչ տվի ես իրեն. լավագույն դպրոցներ կարդացուցի, գրպանում միշտ դրամ կար, մաքուր էին հագուստները և ճաշը՝ առատ, ուտելիքը, խմելիքը՝ ընտիր. լավագույնս տվի անոր»: Ես ըսի, որ ամենեն կարևորը մոռցեր ես՝ «Աղոթել չես սորվեցրեր»:

«Մարդն ինչո՞ւ համար այս աշխարհի մեջ կապրի, սորվեցուցի՞ր տղայիդ, աղոթեցի՞ր անոր հետ գիշեր մը իսկ միասին, բռնեցի՞ր ձեռքեն և եկեղեցի բերի՞ր, շապիկ հագա՞վ, ստիպեցի՞ր, որ Աստծու հետ լինի քիչ մը, հավիտենական կյանքը մտածե, մարդու արժեք, մարդկային սեր սորվի` շփվելով բարի նկարագիր ունեցող մարդկանց հետ»:

Գլուխը շարժեց. բացասական էին բոլոր հարցումներուս պատասխանները: Իսկ ես որպես հոգևորական շատ չէի կրնար օգնել այդ քսանչորս տարեկան անառակ որդիին, որպեսզի իր հորը ետ դառնար հրաշանման ապաշխարությամբ՝ սթափելով իր սխալմունքեն: Անկարելի չեն իհարկե այսպիսի հրաշքները, սակայն խիստ հազվադեպ:

Ուրեմն շատ-շատ ամուսնություններ կձախողին այսօր, որովհետև հավատքի տարրը կպակսի անոնց հիմքերում: Այս պատճառով տարեց և ավագ սերունդին մեջ ավելի քիչ ամուսնալուծություններուն կհանդիպինք մենք, որովհետև անցյալին ավելի հավատացյալ և հավատարիմ էին մեր նախնիները, մեր մամիկները և պապիկները: Հետևաբար ավելի հաստատուն ընտանիքներ կկազմեին: Որովհետև ամուսնանալը դյուրին գործ չէ, միայն զգացումներով չենք կրնար ամուսնանալ, կամքի ուժով երբեմն մինչև որոշ տեղ մը կրնաք տանիլ այդ ամուսնությունը, հետո նեղությունները անտանելի կդառնան. ահա հոն Աստված է պետք՝ մեզ օգնության հասնելիք. հոն աղոթք է պետք, որպեսզի ամուսնությունը փրկվի նավաբեկութենե:

Ամուսնություններու մեծագույն խնդիրը նաև կենցաղավարական է, այսինքն` մարդիկ ամուսնանալ չեն գիտեր պարզապես: Նայեցեք մեր կրթության դրության. ամեն ի՛նչ կսորվին մեր մանուկները. միջատները, բջիջները, աստղերը, հողը, ջուրը, 113 էլէմենտները, բայց չեն գիտեր, թե ինչպես պիտի ամուսնանան, երբ ժամանակը գա: Բախտի ձգված է հարցը բոլորովին: Երիտասարդներ կկարծեն, թե շատ պարզ է հարցը: Բնությունը կկարգադրե ամեն ինչ և կհարթե բոլոր դժվարությունները: Հաճույք կառնես մեկու մը հետ ըլլալե, կսիրես զայն ջերմ զգացումով, սեռային ձգողություն կզգաս անոր հանդեպ և կամուսնանաս իրեն հետ, ամեն ինչ լավ կլինի: Բայց հետո հայտնի կդառնա, որ այդքան պարզ չէ մեկու մը հետ ամբողջ մի կյանք միասին ապրիլ և հաջողիլ երջանիկ ըլլալ:

Սիրելիներ, ամուսնության մեծագույն խնդիրը, փիլիսոփան` Հերակլիտի մեկ հռչակավոր խոսքի լույսին ներքև ավելի լավ կհասկնանք. «Ամեն ինչ կհոսի,- կըսե փիլիսոփան,- մարդը նույն գետի մեջ երկու անգամ չի կրնար լվացվիլ»: Հետևաբար այն հարսը և այն փեսան, որ կամուսնանան, վաղը պիտի չգտնեն իրար նույն դրությամբ. պիտի ծերանան, կնճիռներ պիտի առաջ գան իրենց ճակտին վրա, պիտի գերնան, մազերը պիտի թափվին, բերաննին պիտի հոտի, պիտի հիվանդանան. որովհետև կյանքը հաճախ կփոխվի. «Ամեն ինչ կհոսի»: Այս շարժումը այնպիսի առաջընթաց մըն է, որ վաղը նույն անհատը, որուն հետ ամուսնացեր եք, չեք գտներ ձեր դիմացը: Սուրբ Գիրքը մարդը ծաղիկի կնմանցնե. հետևաբար մարդն ալ ծաղիկի մը նման օր ըստ օրե կթառամի, և երիտասարդությունը կթռչի-կերթա անհետադարձ գնացքով մը տխրագին:

Անոր համար եկեղեցին ավելի իմաստուն է, քան թե քաղաքապետարանը, երբ կպսակեն զույգերը: Եկեղեցին ուխտ ընել կուտա ամուսնացյալ զույգերուն, շեշտելով այն ճշմարտությունը, որ ամուսնության օրվան պես գեղեցիկ պիտի չըլլան միշտ, այդ օրվան պես առողջ պիտի չըլլան, այդ օրվան պես հարուստ պիտի չըլլան: Այնուամենայնիվ, պիտի կրեք դուք իրարու բոլոր դժվարակիր պարագաներում, մինչև մահը բաժնե ձեզ իրարմե: Քահանան հարց կուտա երկուքին ալ նույն լրջությամբ. «Կողակիցդ սիրելու, հնազանդելու, հավատարիմ ըլլալու խոսք կուտա՞ս: Հասկցա՞ծ եք դուք, թե ի՞նչ է ամուսնությունը»:

Խաղալիք չէ Աստուծո առջև ցկյանս ամուսնության խոստումը կատարել: Ամուսնալուծություն, այո՛, որոշ անբաղձալի պարագաներու ներքև կարելի է, բայց ես չտեսա ոչ մեկ ամուսնալուծված անձ, որ մնայուն վերք մը չկրե իր սրտին մեջ: Անոր համար ձեր երիտասարդները լավ խրատեցեք: Ընդհանրապես խոսք կապին և նշանտուքի շրջանին, ապագա ամուսնության բոլոր խնդիրները կհայտնվին ու կերևին: Բայց զույգերը կըսեն, որ «ես կրնամ փոխել իմ ամուսինը, եթե ամուսնանանք, ես ճամփա կդնեմ անիկա»: Ոչ ոք ճամփա չի կրնա դնել արդեն շատոնց հասունցած անձնավորություն մը: Մեկը որ կամուսնանա՝ արդեն իր նկարագրի կառուցումը լմնցած գործ է, ադոր համար ամուսնութենե առաջ պիտի որոշեք, թե արդյո՞ք շիտակ անձի հետ կամուսնանաք:

Գաղտնիք չէ: Աղջիկները դրամ ունեցող մարդ կփնտրեն, տղաներն ալ գեղեցիկ աղջիկի ետևեն են միշտ: Այս է մարդկային բնությունը, ավելի ճիշտ` երիտասարդի բնությունը: Դրամ և գեղեցկություն. ահա գլխավոր որոշիչները արդի ամուսնություններու: Ըսեք ձեր երիտասարդներուն, զգուշացուցեք զանոնք, որ իմանան, թե ավելի կարևոր բաներ կան հաստատ, մնայուն և երջանիկ ամուսնություններ կնքելու համար: Օրինակի համար՝ նախ և առաջ մարմնի, մտքի և հոգիի ներդաշնակություն թող փնտրեն և նկարագրի հասունություն: Դո՜ւք, ավագ սերունդ. բաժնեցէք ձեր տարիներու փորձառությունը երիտասարդներու հետ. որովհետև շատ սուղ է և շատ թանկ՝ ամուսնության փորձառությունը ձեռք բերել, երբ երիտասարդ է անձը տակավին, և երբ արյունը խենթորեն կհոսի երակներուն մեջ կույր բնազդներով հրահրված:

Ամուսնության մեծագույն խնդիրը լեզվագարությունն է, ըստ ամուսնության մասնագետներուն: Ամուսնությունը կբերե մտերմություն, մտերմությունը կծնի հաճախ արհամարհանք ու անհոգություն դիմացինի զգացումներու նկատմամբ: Զույգերը արտոնելի կգտնեն, որ իրենց զույգին ամեն ինչ կրնան ըսել, ամեն վարկաբեկիչ խոսք և վիրավորական արտահայտություն կրնան դրսևորել, և դիմացինն ալ ստիպված է կրելու այդ բոլոր նվաստացուցիչ վերաբերմունքը: Այդպես չէ սակայն մարդկային հոգեբանությունը: Շատ նուրբ է մարդուն սիրտը, և դժբախտաբար մենք մեր կյանքի մեծագույն վերքերը կկրենք՝ ստացված մեր հարազատներեն: Անոր համար լեզվին պետք է հատուկ ուշադրություն դարձնել:

Մանուկ մը իր հորը կհարցնե. «Հայրիկ,- կըսե,- պատերազմները ինչո՞ւ համար կելլեն»: Հայրը թերթը մի կողմ կդնե, ակնոցները կհանե՝ այս խոշոր հարցումին լուրջ պատասխան մը տալու համար.

«Նայե, տղաս,- կըսե ան,- աշխարհի պետությունների միջև քաղաքատնտեսական ու ստրատեգիկ տեսակ-տեսակ խնդիրներ կան և..», կինը մեջտեղ կցատկե և կսաստե ամուսինին. «Այս փոքր տղան ի՛նչ կհասկնա քաղաքատնտեսական, ստրատեգիկ խնդիրներեն, ինչո՛ւ պարզ բառերով չես բացատրեր: Եկուր, տղաս, ես քեզ կբացատրեմ»:

«Ո՛վ կին,- կբարկանա ամուսինը բղավելով,- դուն միշտ իմ խոսքս կկտրես այսպես, շատախոս արարած»: Եվ կսկսին կռվել իրարու հետ: Մանուկը կաղաղակե զարհուրած. «Կեցցե՛ք, կեցցե՛ք, ես արդեն հասկցա, թե պատերազմները ինչպես կելլեն»:

Պատերազմները ամուսնության մեջ շատ լուրջ հետևանքներ կունենան ընտանեկան համերաշխության վրա և կարգիլեն, որ հոգեբանորեն առողջ սերունդներ հասնին ընտանեկան մեր հարկերեն ներս: Ամուսնության մասնագետները տեսեր են, որ այն ամուսնությունները, որոնք խորը խնդիրներ կապրին, զույգերը այլևս շատ պարզ բաները չեն կրնար խոսիլ. իրարու չեն կրնար ըսել, հատկապես երեք պարզ նախադասություններ: Եթե այս խոսքերը կարողանան ըսել՝ իրենց ամուսնությունը կրնա փրկվիլ: Այդ խոսքերեն մեկն է` «Կսիրեմ քեզ»: Որքան գեղեցիկ բառ է ատիկա, ամենքս լսել կուզենք հաճախ և չենք կշտանար կրկին ու կրկին լսելով: Սակայն անցնող տարիներ կարծես թե մոռցնել կուտա ամուսիններուն այս կախարդական խոսքի գործածությունը և կմտածեն անտարբերությամբ. «Արդեն ան գիտե, թե ես կսիրեմ, ի՞նչ պետք կա կրկնելու. քսան տարի առաջ ըսեր էի. սին ձևակերպություններու կարիք չկա»:

Սակայն կարիք կա, խիստ կարիք կա: Չէ որ մենք չենք ձանձրանար երբեք մեր սիրած երաժշտությունը լսելե կրկին ու կրկին, նույնպես նաև երբեք չենք ձանձրանար ու կշտանար, որ ուրիշները, հատկապես մեր հարազատները մեզի ըսեն, թե կսիրեն մեզ: Ըսեն ա՛յդ, անկեղծ ժպիտով մը և փունջ մը ծաղիկով՝ սիրալիր:

Երկրորդ խոսքը, որ չեն կրնար ըսել՝ «կհասկնամ քեզի», «քու տեսակետը կհասկնամ»: Երրորդն ալ ասոր նման՝ «ներողություն, սխալած կրնամ ըլլալ»: Եթե այս խոսքերը կարողանան ըսել զույգերը իրարու, թերևս պիտի փրկվին փլուզումեն շատ մը ամուսնություններ: Ասոնք իմաստության անգին ադամանդներ են, որ եթե կիրարկվին անկեղծորեն կյանքի մեջ՝ հարուստ կդարձնեն շատերը:

Այս շաբաթ Հայաստան-Սփյուռք համաժողովը տեղի ունեցավ և զուգահեռաբար մեր հանրապետության անկախության տասնհինգամյակը տոնեցինք: Շատ կարևոր շաբաթ մըն էր մեր բոլորի համար. անցյալին նայեցանք, ապագային նայեցանք, մեր այսօրը արժեվորեցինք և տեսանք բերկրանքով, որ շատ ճամփա կտրեր է մեր ազգը, ուր տեղեն ուր հասեր ենք, ինչ փոթորիկներ, ինչ չարություններ, ինչ հալածանքներ դիմագրավեր ենք. ինչ բարձունքներ մագլցեր և ինչ վիհերեն անցեր ենք, և մեր ազգը քանի-քանի դժոխքներ մարած է իր կյանքի ավիշով: ինչպե՞ս մեր ազգը ձեռք բերեց այս հսկա հաջողությունը:

65 միլիոն տարի առաջ անջրպետեն աստղաքար մը երկիր ինկավ: Անկումը այնքան ուժեղ էր, որ փոշին լեցուց ամբողջ մթնոլորտը, և աշխարհը սառուցյալ գոտիի վերածվեցավ. կենդանիները մեծավ մասամբ մեռան. հատկապես այն մեծ հսկա կենդանիները՝ դինազորուսները, որ կիշխեին երկրի վրա, մեռան, չկրցան շարունակել իրենց սերունդը, աշխարհի երեսեն սրբվեցան, կորսվեցան առհավետ: Իսկ մրջյունները կարողացան ապրիլ: Որովհետև անոնք երկու առաքինություն ունեին, որ դինազորուսները չունեին. առաջին՝ նոր պայմաններուն և շրջապատին հարմարիլ, և երկրորդ՝ աճիլ, բազմանալ և սերունդ ձգել:

Մարդկության պատմության վաղեմի դարերուն մեզի հետ գոյություն ունեցող քանի-քանի հզոր ազգեր, ինչ-ինչ կայսրություններ փուլ եկան, այսօր գոյություն չունին, միայն պատմության փոշիոտ էջերուն մեջ կհանդիպինք անոնց. իսկ մենք հոս ենք, մենք կանք: Գաղտնիքը ի՞նչն է մեր գոյատևման: Որովհետև մենք մրջյուններուն նման հարմարեցանք միջավայրին. բոլոր հալածանքներուն, բոլոր դժվարություններուն և մեր գտնված բոլոր պայմաններուն, և երկրորդն ալ՝ մենք կրցանք բազմանալ. աճեցանք, և՛ առողջ աճեցանք՝ հայ ավանդական ընտանիքի կայունության շնորհիվ:

Երբեմն վիճաբանություն կհարուցվի, թե արդյոք հայու համար որն է ամենեն կարևոր հաստատությունը. պետությո՞ւնն է, Եկեղեցի՞ն, դպրո՞ցն է ան, երգն ու պա՞րն է, մամուլն ու գրականությո՞ւն, մայրենի լեզո՞ւն. որ մեկն է ամենեն կարևորը, որուն շնորհիվ մեր գոյությունը կապահովենք: Ոչ մեկը. ընտանի՛քն է ամենեն կարևորը, որովհետև պահեր են եղեր, որ մենք պետություն չենք ունեցեր, տեղեր եղեր են, որ մենք եկեղեցի կամ եկեղեցական չենք ունեցեր, դպրոց ալ չենք ունեցեր, մոռցեր ենք նույնիսկ մեր լեզուն, բայց մինչև որ հայ ընտանիքը մնացեր է, մենք գոյատևեր ենք: Ինչո՞ւ է այսպես. շատ պարզ է պատասխանը. որովհետև ընտանիքն է տարրական պետությունը, ընտանիքն է տարրական եկեղեցին, տարրական դպրոցը և մշակութային օջախը:

Հետևաբար, սիրելիներ,

Եկեք շարունակենք մեր պատմության ընթացքը գուրգուրալով հայ ընտանիքի սրբության վրա, հառաջ դնենք, սատար կանգնենք մեր ընտանիքներուն, որովհետև մեր ազգի գոյատևման գաղտնիքը հոն է. հոն է գաղտնիքը մեր ազգային դիմացկունության, որ մենք կրցանք տոկալ ամեն ինչի և պիտի դիմագրավենք դեռ ինչինչ դժխեմ արհավիրքներ:

Բայց ես ստիպված եմ զգուշացնել ձեզ. եթե ոչ, քարոզս անկատար պիտի մնա: Մեծ վտանգ մը ցցված է ամբողջ մարդկության առջև: Որոշ մութ և չարամիտ կեդրոններ կան, որոնք կուզեն որ ամբողջ աշխարհը դառնա ընդարձակ Հոլիվուդ մը՝ իր ցոփ ու թուլամորթ արժեքներով. արժեքներ, որ մերը չեն. հեթանոս աշխարհի այլասերած հին արժեքները մեր առջև կդնեն որպես նորություն, նորաձևություն և հառաջդիմություն: Բոլոր լկտիությունները, բոլոր ցոփությունները կմատուցվին անփորձ երիտասարդներուն և նորապսակներուն հանուն արդիականության ու կթափանցեն մեր ընտանիքներեն ներս` խանգարելով մեր ավանդական հաստատ կառույցները անխնայորեն: Համաճարակ դառնալու սկսած այս նեխած, այլասերած ու փչացած արժեքները և քայքայված բարոյականությունը խորտակեցին Սոդոմ և Գոմորը, խորտակեցին հսկա Հռոմեական կայսրությունը. և եթե չկասեցվի այս չար ընթացքը՝ մեր ներկա քաղաքակրթությունն ալ պիտի կործանե անտարակույս:

Բայց մենք` քրիստոնյաներս, մենք` քրիստոնյա հայերս, եկեք կառչած մնանք մեր մաքուր, սուրբ և հարազատ արժեքներուն: Անոնք մինչև այժմ մեզ փրկեցին, հիմա ալ պիտի փրկեն. մինչև հիմա երջանիկ դարձուցին մեզ, ասկե հետո ալ երջանիկ պիտի դարձնեն:

Ընտանեկան կյանքը դյուրին չէ: Եկեք` Տերունական աղոթքով աղոթենք Աստծուն, որ մեր հանապազօրյա հացը մեզի տա և մեզի փորձութենեն հեռու պահե և չարութենեն փրկե: Սուրբ Պարարագի օրհնությունը անպակաս ըլլա ձեր բոլորին վրա և ձեր ընտանեկան հարկերեն ներս, թող Աստված Իր օրհնությունը, խաղաղությունն ու սերը տեղացնե առատորեն, ամեն:

 

Տ. Սահակ վարդապետ Մաշալյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում մատուցված Ս. Պատարագին, 24 սեպտեմբերի 2006 թ.)

 

23.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․