Գրքեր

«Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի»

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Տարեմուտի այս օրերին մենք բոլորս փորձում ենք ամփոփել անցնող տարին՝ իր անկումներով և վերելքներով, կորուստներով և ձեռքբերումներով ոչ միայն աշխարհիկ առօրեական մեր կենցաղում, այլ նաև հոգևոր կյանքում: Քանի որ հոգևոր կյանքի ամենակարևոր սկզբունքներից են՝ անկումից հետո վերելքը, մեղանչումից հետո զղջումը, հավատի և հույսի հակադրումը հուսահատությանը, սիրո հակադրումը մեր և մյուսների մեջ եղած վատ հատկանիշներին, ներողամտության դրսևորումը հակառակ ատելության, որոնք մեզ սովորեցնում է օրվա ավետարանական ընթերցումը. «Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան, և եթե զղջա, ների՛ր նրան: Եվ եթե յոթն անգամ մեղանչի քո դեմ և յոթն անգամ դառնա քեզ և ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան» (Ղուկաս 17:3,4): Այս պատվիրանի գործադրումը, սիրելինե՛ր, մեզ անպայմանորեն խաղաղություն պետք է պարգևի, որը մենք պիտի սփռենք մեր շուրջը: Խաղաղությունը պիտի լցնի մեր կյանքը, լուսավորի մեր կյանքի ընթացքը, երջանկություն պիտի բերի մեր ընտանիքներին: Քանի որ խաղաղությունը արարվում է մեր իսկ կողմից, ստեղծվում է մեր իսկ ջանքերի գնով, երբ մենք ցուցաբերում ենք ներողամտություն, եղբայրական անհիշաչարություն, սեր, զիջում ենք՝ առանց սրտմտության, փորձում ենք հեռու մնալ բարկությունից: Ճշմարիտ է, որ Աստված է պարգևում խաղաղությունը, սակայն միմիայն երբ տեսնում է մեր ջանքերը՝ պահպանելու այն մեր հոգիներում, ընտանեկան հարկերից ներս, գործընկերների և դրացիների հետ փոխհարաբերություններում՝ չփնտրելով վեճերի առիթներ և մոռացության տալով անցած վեճերը, որոնց մեջ ինքներս էլ մեր բաժինն ունենք: «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն», ասում է Տերը «Լեռան քարոզում» (Մատթեոս 5:9): Մեր հոգու խաղաղությունը առաջին հերթին կարևորվում է մեզ համար, որ այն ներքին աղմուկ-աղաղակներից ազատում է մարդկային հոգիները՝ ճանապարհ հարթելով Սուրբ Հոգու բնակության համար, որ Նա գա և բնակվի մեր մեջ, բարեփոխի մեր սիրտն ու միտքը, որպեսզի կարողանանք խնդրել Երկնային Արքայությունը: Իսկ Երկնային Արքայությունը ինքնին արդեն Աստծո ներկայությունն է մեր մեջ: Երկնային Արքայությունը մենք համառորեն պիտի խնդրենք Արարչից, ինչպես Ինքն է մեզ սովորեցնում տերունական աղոթքում. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը, Քո արքայությունը թող գա» (Մատթեոս 6:9, 10): Որքան էլ որ մենք կորցնենք մեր հոգու ներքին խաղաղությունը՝ մեղքեր գործելով, կամ մեզ շրջապատող միջավայրում այն չունենանք, այնուամենայնիվ չպետք է հուսահատվենք, չպետք է դադարենք պայքարել մեր ներսում և այն միջավայրում, որտեղ մենք գտնվում ենք, վերագտնելու համար խաղաղությունը, անդորրը, որոնք մեր հոգին երկնքի հետ կապող գլխավոր ուղիներն են: Նույնիսկ եթե բազում անգամ մեղանչենք, պիտի փորձենք փոխվել, նույն սխալը չկրկնել, չհուսահատվել մեղքերի բազմությունից, վեր կենալ և կանգնել, այն տիղմն ու ցեխը, որի մեջ հայտնվել ենք ի վայր գլորվելով, թոթափենք մեր վրայից: Կարևորը մեր պայքարն է, չհանձնվելը, հուսահատությանը չտրվելը, չնահանջելը, մեղքի դեմ պայքարելիս զենքերը վայր չդնելը, քանի որ հաղթության պարգևը մեր Տեր Աստվածն է լինելու, Որ գալու է մեզնից անբաժան դառնալու, քանի որ մեղքն էր, որ բաժանել էր մեզ Նրանից: Մեղքից մաքրվելը, հոգեկան խռովքներից ձերբազատվելը, խաղաղության վերագտնումը, մեր հոգիների անդորրը, լռությունը մեր փոքրիկ ճիգերն են Աստծուն մեր մեջ ընդունելու համար: Աշխարհիկ հոգսերը, տուրևառը, ամեն ինչ հասցնելու մեր ցանկությունը, հարազատների ու բարեկամների համար մեր անհանգստությունները, ամենօրյա մեր բազում մեղսախառն խնդիրները կարող են մեզ ներքաշել զանազան մտահոգությունների մեջ, և մենք մոռանանք Աստծուց Իր Արքայությունը խնդրելու մասին ու սկսենք իրար հետևից, շարունակաբար աշխարհիկ փոփոխություններ խնդրել: Մինչդեռ Տերը հակառակն է ուսուցանում. «Այսուհետև հոգ մի՛արեք ու մի՛ասեք՝ ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում, քանի որ ձեր Երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է: Նախ խնդրեցե՛ք Աստծու Արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթեոս 6:31-33): Մենք շատ ու շատ երազանքներ ու ցանկություններ ունենք, կյանքի փոփոխություններ, ակնկալիքներ, նպատակադրումներ, որոնք, անշուշտ, բնական են, սակայն եկեք չմոռանանք, որ ամենակարևորը Աստծուց չհեռանալն է, հավատի ավելացումը, խաղաղություն ունենալը, եթե դրանք մեզ համար էական չլինեն, մենք սոսկ աշխարհիկ խնդիրներով ապրող մարդիկ կլինենք՝ ոչնչով չտարբերվող մյուսներից: Անիրավ դատավորի և այրի կնոջ առակում Տերն ասում է. «Աստված արդարություն չի՞ անի Իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի. իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկաս 18:7, 8): Հետևաբար, Աստված կարևորում է ճշմարիտ հավատքը, սիրենք ու հավատանք Աստծուն՝ առաջին հերթին այն բանի համար, որ Նա է երկնքի ու երկրի Արարիչը, մեր Ծնողն ու Տերը, աղոթենք ու դիմենք Նրան զուտ որդիական սիրով ու ջերմությամբ, աչալրջորեն և Իր պատվիրանների գործադրությամբ: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. «Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհաննես 8: 32): Սա է մարդկանց ընտրելիք ճանապարհը, ուստի նրանք, ովքեր հավատ չունեն, մաղթում ենք հավատ Ճշմարիտ Աստծո նկատմամբ. ովքեր հավատում են, սակայն երկմտելով նշաններ են ակնկալում, ինչպես հրեաները, մաղթում ենք աներեր հավատ, աներեր հավատք ունեցողներին մաղթում ենք աննկունություն: Քանի որ այդ հավատքի շնորհիվ է հնարավոր հասնել Ճշմարիտ Աստծուն: Ինչպես հավատի, այնպես էլ խաղաղության մեջ է հոգին բերկրում, որովհետև խաղաղ հոգին է, որ արժևորում է իր և Իր Տիրոջ միությունը, աներկյուղ հավատքով լեցուն խաղաղ հոգին է ցնծում Իր Տիրոջ ներկայությամբ: Փորձենք մեղանչելուց հետո հաշտվել Աստծո հետ ապաշխարության խորհրդի միջոցով և մաքուր պահել մեր հոգիները՝ ի բնակություն Աստվածային Երրորդության: Փորձենք օգտակար լինել նաև այն մարդկանց ու հոգիներին, որոնք փնտրտուքների մեջ են և դեռևս չեն կարևորել ոչ միայն հավատքն ու միությունը Հիսուս Քրիստոսի հետ, այլ նաև հանդիպումը: Քանի որ երկինքն ու երկնայինները կցնծան և կուրախանան թե՛ մեր և թե՛ մեր մտերիմների անպարտելի հավատքով և փրկությամբ:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

17.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․