Գրքեր

Գալիլիայի լճի հրաշքը

Սիրելի՛ և հարազատ եղբայրներ ու քույրեր,

Տիրոջ անեզր ողորմությամբ անցկացրինք մի շաբաթ ևս, և այսօր երջանկություն ունենք կրկին մեր Հոգատար Հոր սուրբ հարկի ներքո գտնվելու և հաղորդակցվելու այն խորին խորհրդին, աշխարհում կատարվող այն մեծագույն հրաշքին, որ միայն Սուրբ Պատարագի ժամանակ է կատարվում, երբ մահկանացուները միավորվում են Տիրոջ Սուրբ և Անմահ մարմնին ու արյանը: Աստվածաստեղծ տիեզերքը լի է Տիրոջ հրաշքներով, սիրելինե՛ր, հրաշքներով լի էր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային ընթացքը, և աստվածային հրաշքները մեր ողջ կյանքի անբաժան ուղեկիցներն են՝ մեկի հավատը զորացնելու, մյուսին բժշկելու, մեկ ուրիշին մխիթարելու համար: Եվ բոլորն էլ նպատակ ունեն մարդուն դարձի բերելու և ուղղելու դեպի ապաշխարություն ու հավիտենական փրկություն:

Այսօրվա ընթերցվածքում էլ, սիրելի՛ հավատացյալներ, պատմվում է Տեր Հիսուս Քրիստոսի հրաշքներից մեկի մասին, որ տեղի ունեցավ Տիբերիական ծովի վրա, երբ Տեր Հիսուս Քրիստոս քայլեց փոթորկահույզ ջրերի վրայով: Սակայն նախքան այս պատմությանն անցնելը, որ գրի է առնվել Մատթեոսի, Մարկոսի և Հովհաննեսի ավետարաններում, ավետարանիչները մեկ այլ սքանչելի հրաշքի մասին են պատմում, որ նախորդեց այս մեկին: Քրիստոս Իր աշակերտների հետ Գալիլեայի լճի ափամերձ շրջանում գտնվող մի լեռան վրա էր գտնվում, և մեծաթիվ մարդիկ էին նրանց հետևում, քանի որ Վարդապետի կողմից կատարված բազմաթիվ բժշկությունների ականատեսն էին եղել և չէին կամենում հեռանալ Նրանից: Իսկ քանի որ տեղանքն ամայի էր, և օրն էլ ավարտին էր մոտենում, այս բոլոր մարդիկ, որ հինգ հազարից ավելի էին, դատապարտված էին սոված մնալու, քանի որ աշակերտների մոտ հինգ գարեհաց և երկու ձուկ կար ընդամենը: Սակայն ինչպես բազմիցս ենք հանդիպում ավետարանական էջերին ու կյանքում, այնպես էլ այս պարագայում եղավ. ինչ անհնարին էր մարդու համար, հնարավոր դարձավ Աստծով: Մարդացյալ Աստվածորդին վերցնելով այդ սակավ կերակուրը՝ օրհնեց, գոհություն հայտնեց Հորը և սկսեց բաժանել մարդկանց: Հինգ հազարից ավելի ժողովուրդը ոչ միայն կշտացավ, այլ նույնիսկ տասներկու զաբյուղ ուտելիք ավելացավ: Իսկ առավել ի՞նչ էր անհրաժեշտ օտարի լծի տակ տարատեսակ հարկերից կեղեքվող և իր ապրուստը մեծ դժվարությամբ հայթայթող ժողովրդին: Հայտնվել էր մեկը, որ աննախադեպ ու մեծամեծ հրաշքներ էր գործում, մեկը, ումից փախչում էին դևերը, ում ենթարկվում էին անբուժելի հիվանդությունները և որը ոչնչից կարողանում էր հաց ստեղծել: Հովհաննես ավետարանիչը պատմում է, որ. «մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա՛ է ճշմարիտ մարգարեն, որ աշխարհ էր գալու» (6:14): Եվ, բնականաբար, Քրիստոսի գործած հրաշքներից զմայլված ժողովուրդը ոչ մի դեպքում չէր ուզում բաց թողնել Նրան, այլ կամենում էր որպես արքա տեսնել այդ մեծ հրաշագործին: «Իսկ Հիսուս,- շարունակում է ավետարանիչը,- երբ իմացավ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպեսզի իրեն թագավոր անեն, դարձյալ միայնակ դեպի լեռը գնաց»: Աստվածային խոնարհության և մարդկային փառքից հրաժարվելու ինչպիսի՜ ակնառու օրինակ և հրաշալի դաս մեզ համար, սիրելինե՛ր: Յուրաքանչյուր քրիստոնյայի համար կարևորագույն առաքինության դրսևորում, որ անպայման ցանկացա նշել: «Բոլոր առաքինությունների գլուխը խոնարհությունն է, իսկ ախտերի գլուխը՝ փառասիրությունը»,- ավետարանական վերոնշյալ տողերի ոգուն համահունչ է Ս. Հովհան Մանդակունու խոսքը: Այո, սիրելի՛ հավատացյալներ, Տերը հերթական անգամ խուսափեց աշխարհի փառքից և մեզ էլ պատվիրեց նույնն անել:

Սակայն շարունակելով օրվա ավետարանական ընթերցվածքը, տեսնում ենք, որ Տիրոջ՝ լեռը բարձրանալուց հետո, աշակերտները նավակ նստեցին և ուղևորվեցին ծովի հակառակ ափը՝ Կափառնայում: Մատթեոս և Մարկոս ավետարանիչները բացատրում են, որ Տեր Հիսուս ինքը պատվիրեց աշակերտներին նավակ նստել և շտապեցրեց հեռանալ այդտեղից, մինչ հուզված ժողովրդին կհանդարտեցներ ու կհամոզեր ցրվել: Նրա շտապողականության պատճառը, հավանաբար, աշակերտներին փառասիրության ծուղակից պաշտպանելն էր, քանի որ հրեա լինելով, նրանք էլ Աստծո Մեսիային էին սպասում, և դեռևս այնքան գիտելիք չունեին, որպեսզի կարողանային ճանաչել գայթակղությունն ու դիմակայել դրան: Ուստի, չնայած արդեն երեկո էր, և առջևում՝ գիշեր, Քրիստոս ավելի անվտանգ համարեց նրանց նավարկելը, քան աշխարհիկ բարիքների ակնկալիքով խանդավառված ժողովրդի մեջ մնալը:

Աշակերտները՝ հնազանդվելով Վարդապետի խոսքին, դուրս եկան բաց ծով: Հիսուս Քրիստոս արձակեց ժողովրդին, սակայն չշտապեց միանալ Իր աշակերտներին՝ նախընտրելով լեռը բարձրանալ և առանձնության մեջ աղոթել: Սա ևս չափազանց ուսուցանող դաս է մեզ համար, սիրելինե՛ր, երբ մարդացյալ Աստված Իր օրինակով է ցույց տալիս, թե որքան կարևոր է աղոթքի ժամն աղոթքին տրամադրել՝ առանձնանալով բոլորից, կտրվելով արտաքին աշխարհի հոգսերից, աղմուկից, գայթակղություններից ու շտապողականությունից, որպեսզի հոգեպարար լռության ու առանձնության մեջ կայանա հանդիպումն այն Միակի հետ, Որը կյանք ու ամենայն բարիքի պարգևողն է և սիրում է քեզ առաջին շնչիցդ սկսած՝ թե՛ փոթորկի և թե՛ անդորրի ժամին: Եվ մինչ Քրիստոս համարյա ողջ գիշեր խորասուզվել էր աղոթքի մեջ լեռան բարձունքին, ներքևում աշակերտները վտանգված էին ծովի փոթորկուն ջրերի մեջ սուզվելուն: Ձեզնից նրանք, ովքեր եղել են Իսրայելում և նավակով զբոսնել Գալիլեայի լճի վրա, կհաստատեն, որ քամոտ եղանակին ալիքները բավականին ուժեղ են և զգալի կերպով ցնցում ու տարուբերում են նավակը: Դա ուղղակի քամոտ եղանակին և ցերեկը: Իսկ պատկերացրեք անթափանց խավար գիշեր ու փոթորիկ, երբ քամու ահարկու ոռնոցին միանում են խենթացած ալիքներն ու սառը ջրով անդադար ողողում նավակը: Երբ սառած ձեռքերդ այլևս չեն բռնում թիերն, իսկ հանդիպակած քամին տաշեղի պես այս ու այն կողմ է նետում միակ ապաստարանդ: Եթե այս ահարկու տեսարանը նյութականից տեղափոխենք հոգևոր դաշտ և փոխաբերական իմաստով համեմատենք մեր կյանքի հետ, ապա, վստահաբար, մեզ էլ կտեսնենք սարսափից ու անելանելի թվացող վիճակից շվարած աշակերտների կողքին: Քանզի յուրաքանչյուր ոք, որ փորձում է ոտքի կանգնել մեղքերի հորձանուտում կործանվող անկյալ աշխարհում և ընթանալ Աստծո պատվիրած փրկության ճանապարհով, անկասկած հայտնվում է զանազան փորձությունների ու գայթակղությունների փոթորկուն ծովում, որպեսզի իր հաստատակամությունը, հավատն ու հավատարմությունը ապացուցելու հնարավորություն ունենա: Ավետարանիչը պատմում է, որ նավակն այդքան էլ չէր հեռացել ափից, քանի որ քամին հանդիպակած էր, սակայն աշակերտների մտքով չանցավ անգամ հետ դառնալ իրենց Ուսուցչի մատնանշած ուղուց: Նրանք ահաբեկված էին, սարսափած, և փոթորկի պատճառով հույս էլ չունեին, որ Քրիստոս կմիանար իրենց ծովի վրա, սակայն շարունակում էին պայքարել ու առաջ ընթանալ: Քրիստոս իհարկե տեսնում էր փոթորիկն ու այն վտանգավոր իրավիճակը, որում հայտնվել էին Իր սիրելիները, սակայն չէր շտապում միանալ նրանց ու ազատել վրա հասած պատուհասից: Համաձայնե՛ք, սիրելի՛ հավատացյալներ, որ դժվարության ժամին, երբ ամեն կողմից ամպրոպաբեր սև ամպեր են կուտակվում մեր հոգում, հաճախ թվում է, թե Տերը մոռացել է մեզ ու չի շտապում օգնության: Սակայն ինչպես աշակերտների պարագայում, այնպես էլ մեր, Տեր Աստված տեսնում է մարդկային ուժերի սահմանները և երբեք թույլ չի տալիս, որ դրանցից վեր փորձություններ ու վշտեր կրենք: Ուստի թույլատրում է, որ մեր ուժերի չափով համբերությամբ պայքարենք հանուն մեր փրկության, որպեսզի առավել պսակների արժանանանք Երկնքում: Փրկիչը հնարավորություն է տալիս հարատևելու աղոթքի մեջ՝ Իրեն ավելի մոտենալով, հնարավորություն է տալիս հավատի ու կամքի մեջ ամրանալու, հնարավորություն է տալիս գնահատելու մեր կյանքը, ժամանակը, առողջությունը, մեզ շրջապատող մարդկանց և նյութական ու ոչ նյութական այն բոլոր արժեքները, որ ունենք: Հոգատար Հայրն ամեն ինչ թույլ է տալիս հանուն մեր փրկության և մեր կողքին է ամեն պարագային, սակայն պարզորոշ հայտնում է Իր ներկայությունն այն ժամանակ միայն, երբ ինքներս բոլոր ջանքերն առանց տրտնջալու գործադրել ենք արդեն և արել այն ամենն, ինչ կարող ենք: Եվ հենց այն պահին, երբ թվում է, թե ուժասպառ ենք այլևս, մեղքերի ալիքները ծածկում են մեզ ու Պետրոս առաքյալի պես խեղդվում ենք հորձանուտում և վերջին ճիգերն ենք գործադրում Տիրոջն օգնության կանչելու համար, լսում ենք Նրա քաղցր ձայնը, որ ասում է. «Սրտապնդվեցե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք» (Մտթ. 14:27): Եվ այդ նույն պահին միանգամից դադարում է փոթորիկը, լռում է քամին, ցրվում են ամպերը: Պայծառ Արեգակ Քրիստոս Իր ջերմությամբ ու անապական լույսով կրկին կյանքի է կոչում փոթորկից սառած ու ահաբեկված մեր սրտերը: Երկնային Մխիթարիչը սփոփում ու քաջալերում է վշտերին հանուն Քրիստոսի արիաբար դիմացած հոգիները: Բարեգութ Հայրը շտապում է Իր ապահով գիրկն առնել վտանգների ու փորձությունների միջով անձնազոհաբար անցած հավատարիմ զավակներին, որ չնայած վտանգավոր ալիքների մեծությանն ու փոթորկի ուժգնությանը կարողացել են բավարար քաջություն, հավատ ու նվիրում գտնել իրենց մեջ՝ ասելու. «Ամեն ինչի կարող եմ նրա՛ շնորհիվ, ով ինձ զորացրեց» (Փիլ. 4:13): 

Արդ, կրկնելով Փրկչի խոսքը, ես էլ ասում եմ՝ սրտապնդվեցե՛ք, սիրելինե՛ր, և Տեր Հիսուս Քրիստոսով անվախորեն ընթացե՛ք դեպի հավիտենական փրկություն, քանզի չկա որևէ փոթորիկ, մահտարաժամ ու պատուհաս, որ չդողա Ամենազոր Արարչի անունից ու չենթարկվի Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, Որին վայել է փառք, իշխանություն և պատիվ՝ այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

10.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․