1 Հունիս, Բշ, Բ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Գալստյան կիրակի

Սիրասո՛ւն զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,

Հայտնի հանգամանքների բերումով արդեն երկրորդ կիրակին է, որ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցում ենք դռնփակ, սակայն կրկին ու կրկին փա՜ռք Բարեխնամ Տիրոջը, որ տեխնիկական միջոցները ձեզ թույլ են տալիս թեկուզ հեռակա կերպով, սակայն մասնակիցը լինելու Տիրոջ անարյուն ողջակեզին:

Քառասնորդական պահքի շրջանը շարունակվում է, սիրելինե՛ր, և ըստ Եկեղեցու սահմանած կարգի՝ այսօրվա կիրակին կոչվում է Գալստյան կիրակի: Խոսքը բնականաբար մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան մասին է, որը Մատթեոսի ավետարանում նկարագրվում է, որպես «դատաստանի օր» (Մտթ. 11:22), Պետրոս առաքյալն այն կոչում է «Աստծու այցելության օր» (Ա Պետ. 2:12), «բարկության և Աստծու արդար դատաստանի հայտնության օր» էլ կոչում է Պողոս առաքյալը (Հռոմ. 2:5), իսկ Տերն այսպես է նկարագրում իր երկրորդ գալուստը. «….արեգակը պիտի խավարի, և լուսինը իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորությունները պիտի շարժվեն: Եվ ապա երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երևա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով: Եվ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հավաքեն նրա ընտրյալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչև մյուս ծագերը» (Մտթ. 24:29-31): Եվ Քրիստոսի փառավոր գալստյանն ու չարի հանդեպ տարած վերջնական պանծալի հաղթությանը հետևելու է Ահեղ դատաստանը, որի ժամանակ Արդար դատավորը դատելու է Ադամի բոլոր սերունդներին՝ առաջինից մինչև վերջինը: Սա լինելու է վերջնական և անփոփոխելի դատաստան, որի ընթացքում կայացված վճիռը յուրաքանչյուր հոգու համար նշանակելու է կա՛մ հավիտենական երանություն, կա՛մ հավիտենական տանջանք:

Տիրոջ առաջին գալուստը երկիր հաստատված ու բազմիցս վկայված է ականատեսների ու ժամանակագիրների կողմից, սիրելի՛ հավատացյալներ, իսկ երկրորդը հարուցյալ Տիրոջ անխախտ խոստումն է, որի հույսով յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա ապրում է և կառուցում առ Աստված իր ճանապարհը: «Նիկիական հանգանակ»-ի կամ «Հավատամք»-ի մեջ դավանում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոս «Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու կենդանիներին և մեռյալներին, Որի թագավորությունը վախճան չունի»: Բոլորս, սիրելինե՛ր, ապրում և քրիստոնեական մեր պատմությունն ենք կերտում Տիրոջ առաջին և երկրորդ գալուստների միջև ընկած ժամանակահատվածում: Ապրում ենք առաջինի պտուղներով ու շնորհով և մեր սեփական պտուղներն ենք պատրաստում՝ երկրորդի ժամանակ Ահեղ դատաստանին ներկայացնելու: Եվ կախված նրանից, թե որքան վառ է մեր սրտում Քրիստոսի փառավոր գալուստի և դրան հաջորդող դատաստանի պատկերը, հասունանում ու ձևավորվում են մեր հոգևոր կյանքի պտուղները:

Այս աշխարհում ապրելով, յուրաքանչյուր բանական էակ, մի օր անպայման բացահայտում է, որ իրեն շրջապատող աշխարհը խաբկանք է և անցողիկ: «Ամեն ինչ ունայն է»,- ասում է Սողոմոն Իմաստունը (Ժող. 1:2) և անկատար կյանքիդ ընթացքում բազմիցս համոզվում ես, որ ոչինչ, ինչից կառչում է մարդը, հաստատուն չէ՝ ո՛չ առողջությունն ու երիտասարդությունը, ո՛չ հարստությունն ու իշխանությունը, ո՛չ էլ մարդիկ՝ սիրելի կամ թշնամի: Եվ հանկարծ այս անդադար փոփոխվող ու երերուն իրողությունների մեջ հստակ ուրվագծվում է մի բան, որը հաստատ է Ադամի միլիարդավոր ժառանգներից յուրաքանչյուրի համար: Դա այն եզրագիծն է, որը երկրային կյանքը բաժանում է հավիտենականից, և որքան էլ մեզնից հեռու վանենք հավիտենության համար ստեղված հոգուն խորթ այդ պատկերը, որքան էլ փորձենք քողարկվել առողջությամբ կամ երիտասարդությամբ, մինչև Տիրոջ երկրոդ գալուստը մահը միակ հաստատուն երևույթն է մեր կյանքում, որ անխտիր սպասվում է բոլորին: Ուստի ինչպես այստեղ ենք հավուր պատշաճի պատրաստվում՝ նախքան մարդկային դատարան ներկայանալը՝ մեզ արդարացնող բոլոր հնարավոր փաստերն ու ապացույցներն ի մի բերելով, և սրտատրոփ սպասում ենք դատավորի վճռին, նույնպես և առավել մեր երկրային կյանքը պիտի նվիրենք աստվածապատգամ և աստվածահաճո գործերին, որոնք Դատաստանի օրը կխոսեն մեր փոխարեն և կհայցեն արդարադատ, սակայն և ներողամիտ Դատավորի գութը:

Դառնալով մեր ներկային և հետևելով այս օրերին Երկիր մոլորակի վրա ծավալվող իրադարձություններին, պիտի ասեմ, որ այս տխրահռչակ համավարակը, որին առերեսվել է համայն մարդկությունն ընդհանրապես, և մեզնից յուրաքանչյուրն իր անհատական աշխարհում առանձին, կարող է և պիտի գործածվի որպես հավելյալ առիթ՝ իսկապես գիտակցելու և ընդունելու, թե որքան անցողիկ, թերի, սահմանափակ ու ողորմելի են այն բոլոր «արժեքները», որոնց ապավինում է մարդը՝ անտեսելով ու իր կյանքից հեռացնելով միակ և իրական Ապավենին՝ ամենակալ Աստծուն (հմմտ. Սղմ. 90(91)): Այսօր նույնիսկ նախկինում աթեիստ բժիշկներն ու երկրների ղեկավարները՝ բախվելով այն անկառավարելի իրավիճակին, որի դեմ իրենք անզոր են, խոստովանում են, որ իրենց միակ հույսն այլևս Աստված է: Եվ մենք շատ բան ունենք սովորելու այս համամարդկային փորձությունից և մեր գործողություններն են, որ պիտի վկայեն այն դասերի մասին, որ քաղում ու քաղելու ենք համավարակով պարտադրված այս իրողությունից: Որպես քրիստոնյաներ՝ մենք կոչված են զգոն ու արթուն, հավասարակշիռ ու ողջամիտ կյանքի (Ղուկ. 21:36, Ա Պետ. 5:8), որը բացառում է և՛ կենդանական վախն ու դրան հետևող խուճապը, և՛ անհոգ ու անտարբեր վերաբերմունքը իր և իր մերձավորների աստվածապարգև անգին կյանքի նկատմամբ: Դարեր շարունակ Սուրբ Գիրքն ու Եկեղեցին մեզ սովորեցնում են, որ փորձությունները՝ լինեն դրանք անհատական, թե համամարդկային վշտեր, պիտի ընդունենք առ Աստված հավատով ու վստահությամբ: Ցավոք, մեր մեղավոր ու Աստծու պատվիրաններն անտեսող կյանքը վկայում է, որ արդար Հոբը չենք, որպեսզի փորձությունները տրվեն առ Աստված մեր հավատի ու հավատարմության վկայության ու ամրապնդման համար, այլ մեզ բաժին հասած փորձությունները պիտի ընկալենք որպես կոչնակներ, որպես ահազանգ, որ ինչ-որ բան սխալ ենք անում, որ սխալ ճանապարհով ենք ընթանում, ուստի և մղեն մեզ փրկության միակ միջոցին՝ ապաշխարությանը, քանի որ «Զղջումը փրկարար փայտ է նավաբեկությունից հետո» (Կյուրեղ Երուսաղեմցի), իսկ ապաշխարությունը՝ բժշկություն հոգիներին (Իսահակ Ասորի):

Մարդկության համար այս ծանր օրերին, երբ բժիշկները համայն աշխարհում գիշեր ու զօր անձնվեր պայքար են մղում իրենց վստահված յուրաքանչյուր կյանքի համար, երբ երկրների կառավարություններն ու ուժային կառույցներն օգտագործում են բոլոր միջոցները՝ իրենց քաղաքացիների անվտանգության ու բարօրության համար, երբ մեր հոգևոր հայրերը՝ ի դեմս Վեհափառ Հայրապետի, և մեր ծառայակից եղբայրներն օրնիբուն աղոթք են վերառաքում առ Բարեգութ ու Ամենակարող Հայր, մենք մեր երախտիքն ու խոնարհումը պիտի հայտնենք նրանց մեր հասուն ու գիտակցված վարքով՝ մերձավորի հանդեպ պատասխանատվությամբ ու հոգատարությամբ դրսևորված, որպեսզի նրանց ջանքերն ի դերև դուրս չգան և Ողորմած Աստծու զորությամբ և սուրբ կամքով հաղթվի համավարակն ու կրկին վայելենք այն պարզ ուրախությունները, որ եղբայրական ողջագուրումները, ընկերական մտերմիկ հավաքույթները կամ փոքրիկ ճամփորդություններն էին պարգևում:

Ճգնաժամային այս օրերին, սիրելինե՛ր, երբ տեսնում ենք, թե ինչպիսի պայքար է մղվում մարդկային ժամանակավոր կյանքի համար, թե մարդն ինքը որքան է դողում՝ իր երկրային կյանքը կորցնելու հնարավոր վտանգից, ակամայից մտածում եմ, թե ինչպիսի՜ երջանկություն կլիներ, եթե նույնկերպ և առավել մարդը դողար իր հավիտենական հոգու համար: Եթե նման եռանդով լծվեր իր փրկության գործին… Այդժամ նրա սարսափը ոչ թե մարմինը վնասող համավարակը կլիներ, այլ հոգին կործանող մեղքի վարակը: Բարերար Աստված և մեր Մայր Եկեղեցին ամեն ինչ անում են ձեր փրկության համար, սիրելի՛ հավատացյալներ և ես հույս ունեմ, որ դուք էլ ոչ մի վայրկյան չեք մոռանում այն ատյանի մասին, որի առջև ամենքս մի օր հայտնվելու ենք և ստիպված ենք լինելու ողջ տիեզերքի առջև պատասխան տալու մեր յուրաքանչյուր արարքի համար, որ գործել ենք և այն բոլոր բարի գործերի համար, որ կարող էինք գործել, սակայն չենք արել: Վստահ եմ՝ գիտակցում եք, սիրելի՛ եղբայրներ և քույրեր՝ ի Քրիստոս, որ ձեր անձնական աշխարհի վախճանը գալու է այս աշխարհից մյուսն անցնելու պահին, և Քրիստոսին ներկայանալու եք այն ամենով, ինչ կհասցնեք անել մինչ այդ պահը: Մեկուսացման այս օրերին խորհե՛ք այդ մասին: Այժմ բավարար ժամանակ ունեք ինքնաքննության ու ինքնաճանաչման համար, Աստծու հետ զրույցի ու հոգևոր գրականության ընթերցանության համար: Այժմ ժամանակ ունեք՝ տեսնելու ձեր մեղքերն ու հրաժարվելու դրանցից: Զղջումն ու ապաշխարությունը փրկեցին նինվեացիներին, փրկեցին Դավիթ թագավորին ու Պետրոս առաքյալին: Մեզ էլ կփրկեն, եթե իրապես զղջանք ու հետ դառնանք համատարած մեղքից, անտարբերությունից, անբարոյությունից ու անպատկառությունից: Սկսե՛ք հենց այս պահից, սիրելինե՛ր: Թող ապաշխարության արցունքները սրբեն-տանեն հոգու ու մարմնի բոլոր հիվանդությունները: Անդադար աղոթեցե՛ք, Քրիստոսի անունը կրողնե՛ր՝ Տիրոջ ողորմությունն ու գութը հայցելով աշխարհի բոլոր հիվանդների, վարակակիրների ու ամբողջ մարդկության համար: Խոնարհվե՛ք Արարչի առջև և ձեր ապաշխարությունը որպես անուշաբույր խունկ մատուցեք Ամենակալին՝ հայցելով Նրա ամենազոր օգնությունն ու ողորմածությունը մեզ՝ մեղավորներիս: Աղաչե՛ք սրբուհի Աստվածածնի և բոլոր սրբերի բարեխոսությունը, և թող Տիրոջ օգնությունը չպակասի Իր արարածներից: Եվ որպեսզի այս դժվարին օրերին չկորցնենք մեր մարդկային որակներն ու քրիստոնյայի դիմագիծը, հետևե՛նք Պողոս առաքյալի հորդորին, որ ասում է. «Որպես Աստծո ընտրյալներ, սրբեր և սիրելիներ՝ հագե՛ք ուրեմն գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ հանդուրժելով միմյանց, ներելով միմյանց, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի. ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, նույն ձևով արեք և դուք: Եվ այս բոլորի վրա հագե՛ք սերը, որ կապն է կատարելության: Եվ ձեր սրտերում թող հաստատվի Քրիստոսի խաղաղությունը, որին և կոչվեցիք մեկ մարմնով. և գոհությո՛ւն մատուցեք: …. Իսկ երբ Քրիստոս՝ ձեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով» (Կող. 3:12-15, 4). ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

29.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․