Գրքեր

Գալստյան կիրակի

Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպես կլինի (Մատթեոս 24:27):

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Այսօր Մեծի Պահոց շրջանի վեցերորդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան կիրակի: Այն խորհրդանշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալուստը և նշանավորվում է նրանով, որ ազդարարում է Տիրոջ երկու գալուստներն էլ, որ մեկ անգամ եկավ մեզ ուսուցանելու փրկության ճանապարհը, և որ Նա կրկին գալու է՝ դատելու ողջերին և մեռածներին: Գալստյան կիրակին մեզ՝ քրիստոնյաներիս համար արժևորվում է նրանով, որ մենք հիշում ենք մեր առաքելությունն այս կյանքում, որ մենք պետք է քրիստոսաբույր լինենք, մեզանից՝ իբրև քրիստոնյաներից, պետք է աստվածային անուշահոտություն բուրի: Մեզ շրջապատողները պիտի տեսնեն, որ մեր գիտակցության մեջ դրոշմված է աներեր հավատը Աստծո առաջին և երկրորդ գալուստների, մենք կրողներն ենք Նրա պատվիրանների, որ մենք ձգտում ենք պտղաբեր լինել, որովհետև գիտենք, որ «հավատն առանց գործերի մեռած է» (Հակոբոս 2:17): Տիրոջ առաջին գալուստով մենք պատրաստվում ենք Նրա երկրորդ գալստյանը: Նրա առաջին գալուստը Նրա սիրո արտահայտությունն էր, Նա եկավ մեզ պատրաստելու Երկնային Արքայությանը, Նա եկավ մեզ ուսուցանելու դեպի Աստծո Թագավորությունը տանող ուղին, բժշկելու մեզ մեր մարմնավոր և հոգևոր ախտերից, Նա սովորեցրեց մեզ սիրել Աստծուն և սիրել միմյանց, չնախանձել, չդատել, չբամբասել, չսպանել, չանարգել, այլ սիրել, որի գլխավոր դրսևորումը պետք է լինի միմյանց օգնության ձեռք մեկնելը, ինչպես մեր սեփական շահերի համար, այնպես էլ մեր մերձավորների համար ջանալ զոհաբերություններ անել: Քրիստոս՝ մեր Տերը, եկավ մաքրելու մեզ, խաչվեց և թաղվեց մեզ համար, հարություն առավ և համբարձվեց երկինք: Մեզ նույնպես հարություն խոստացավ, խոստացավ մեզ բոլորիս Իր Սիրո թագավորությունը, որը սկսվում է այստեղ՝ երկրի վրա: Եթե մենք այստեղ կյանքի չվերածենք Քրիստոսի ավանդած սիրո պատվիրանը, մենք չենք կարողանա արժանանալ Երկնային Արքայությանը: Սիրելինե՛ր, Արարչի ակնկալածը մեզանից ընդամենը երկու բան է՝ ապաշխարությունը, այսինքն՝ մեղքերի խոստովանությունն ու զղջումը, և պատվիրանապահությունը: Ուստի մեր զգոնությունը պիտի արտահայտվի աղոթքով, ապաշխարությամբ և պատվիրանապահությամբ, այն է՝ սիրո գործադրումով առ Աստված և մարդիկ: Հիշենք Մեծի Պահոց կիրակիների շղթան, նրանց ասելիքը՝ ուղղված մեզ, այդ կիրակիների ուսուցողական առակները: Հետ նայենք, որպեսզի կարողանանք առաջ նայել՝ դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարությունը, որովհետև այս ողջ ընթացքի իմաստը Հիսուս Քրիստոսի հետ հաղորդակցումն է: Մեծ Պահքի ընթացքի պես ընթանում է նաև մեր կյանքը, որի վերջնակետը ևս մեր Տիրոջ հետ միությունն է: Նրա առաջին գալուստն օգնում է մեզ, որպեսզի մենք կանգնենք Նրա առջև երկրորդ գալստյան ժամանակ: Մենք պիտի գիտակցենք, որ մեր խնդիրը Տիրոջ գալստյան ժամանակը ճշտելը չէ, այլ մեր կյանքի ավարտը, թե ինչպե՞ս մենք կավարտենք մեր երկրային կյանքը: Կպահե՞նք մեր հավատը, մինչև վերջ հավատարիմ կլինե՞նք Աստծուն, թե ոչ: Տեր Հիսուսն ասում է. «Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն, և ճրագներդ՝ վառված: Եվ դուք նմանվեցե՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թե երբ կվերադառնա հարսանիքից, որպեսզի երբ գա և բախի դուռը, իսկույն բաց անեն: Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գոտի կկապի մեջքին, սեղան կնստեցնի նրանց և կանցնի նրանց սպասարկելու: Եվ եթե տերը գա կեսգիշերին և կամ ավելի ուշ ու գտնի նրանց այդպես, երանելի են այդ ծառաները: Բայց այն էլ իմացե՛ք, որ եթե տանտերը գիտենար, թե որ ժամին գող կգա, թույլ չէր տա, որ իր տունը կտրեն: Դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա Մարդու Որդին» (Ղուկաս 12:35-40): Սիրելինե՛ր, Շնորհք պատրիարքն ասում է. «Ինչպես յուրաքանչյուր սերունդ, մենք էլ «ժամանակների լրումի» ճանապարհին ենք և ուղիղ գծով, մինչև իսկ գահավիժորեն, գնում ենք դեպի Քրիստոսի Երկրորդ Գալստյան արշալույսը»: Ուստի՝ եկեք զգոն և արթուն լինենք, որովհետև չգիտենք, թե մեր Տերը երբ է գալու, պատրաստ լինենք մեր ճրագների համար ձեթ ունենալով, ինչպես իմաստուն կույսերի պարագայում էր, մինչդեռ հիմար կույսերը իրենց լապտերների համար ձեթ չվերցրին և քուն մտան, իսկ երբ արթնացան, փեսան եկավ, նրանց լապտերները հանգչում էին, և ավել յուղ չունեին: Այսինքն՝ նրանք ողորմության գործեր չունեին, ինչպես մեկնում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը: Այս առնչությամբ մի պատմություն էլ հիշենք. Վաթսուն տարեկան մի մարդ, որ «լավ կյանք էր ապրել», «լցվել էր ամեն տեսակ մեղքով», մի օր հիվանդանում է և հասկանում, որ պիտի մեռնի: Մտածում է, որ այս կյանքից զրկվում է, չի էլ ապաշխարել, ուստի պիտի դժոխք գնա: Երազում է մի-երկու տարվա կյանք՝ ապաշխարելու համար: Հրեշտակը գալիս է և հայտնում նրան, որ քառասուն տարվա կյանք է նրան շնորհվում, որպեսզի նա ապաշխարի: Մարդն առողջանում է և մտածում, որ քառասուն տարի դեռ կա ապրելու, մի տասը տարի ապրի, հետո կապաշխարի: Երբ մնում է երեսուն տարի, մարդը մտածում է տասնհինգ տարի ապրել, մնացած տասնհինգ տարում նոր միայն ապաշխարել: Տասնհինգ տարին անցնում է, մյուս տասնհինգն էլ է նա բաժանում և յոթ տարի քեֆ-ուրախություն է անում՝ հույսը դնելով մնացած ութ տարվա վրա: Ութ տարին բաժանում է չորս-չորս տարիների: Մտածում է չորս տարին ապրի իր համար, մնացած չորս տարում ապաշխարի: Այնուհետև չորս տարին է բաժանում երկուական տարիների: Երկու տարին էլ է անցնում, երբ մնում է երկու տարի, մտածում է, որ մեկ տարին լիովին բավարար է իրեն ապաշխարելու համար: Հետո մեկ տարին էլ բաժանում է վեց-վեց ամիսների: Այդպես անցնում են ամիսները, շաբաթները, օրերը, ժամանակը լրանում է, մնում է մեկ օր, մտածում է ինչ անել, որ հրեշտակը գա և չճանաչի իրեն: Սակայն Աստծուց փախչել հնարավոր չէ: Հրեշտակը գալով՝ նրան պատժում է, որ հոգին փրկելու փոխարեն մարդն այնպես արեց, որ իր մարմինը զրկվի նաև հողից ու կտավից, այսինքն՝ նա չթաղվեց հողում, այլ քարացավ ու դարձավ սև սյուն: Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ, մաղթում եմ բոլորիս արդյունավետ ապաշխարության ընթացք և հոգևոր արթնություն, Սուրբ Հոգու շնորհներով կարողանանք ընթանալ Աստվածապարգև մեր կյանքը, և ինչպես ասում է Սուրբ Պողոս առաքյալը. «Եվ խաղաղության Աստվածն Ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը թող անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը» (Թեսաղոնիկեցիներ Ա 5:23): Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

02.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․