«Գարեգին Նժդեհի քրիստոնեությունը» | Garegin Njdehi Qristoneutyuny



Գրքեր

«Գարեգին Նժդեհի քրիստոնեությունը»

Մայիսի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Գարեգին Նժդեհի քրիստոնեությունը» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց պատմաբան Գագիկ Միքայելյանը: Հանդիպումը կազմակերպել էր «Զորավոր» երիտասարդաց միությունը և «Դիալոգ» ՀԿ-ն: Բանախոսությունը, երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բանախոսը նախ նշեց, որ ցեղակրոնության հետ կապված սխալ ընկալումներ կան, այն դիտվում է որպես հակաքրիստոնեական գաղափարախոսություն: Եվ անդրադառնալով «ցեղակրոնություն» բառի իմաստին՝ նշեց, որ ցեղակրոնությունն առաջին հայացքից որպես կրոն է դիտվում, բայց «կրոն» բառն այստեղ գործածվում է «կրել» իմաստով, այսինքն՝ ցեղի պատմությունը, մշակույթն ու ավանդությունը կրել, ինչպես օրինակ՝ կուսակրոն և խաչակրոն բառերն են:

Այնուհետև երիտասարդները տեղեկացան այն պատճառներին, որոնց հիման վրա Գարեգին Նժդեհը հիմնել էր ցեղակրոնության ուխտը. «Հայոց ցեղասպանությունից հետո սփյուռքի ձևավորման ընթացքում քրիստոնյա երկրներում գաղթած հայերի համար ձուլման վտանգ էր ստեղծվել, նիհիլիստական և աղանդավորական շարժումների կողմից քարոզվում էին հակահայրենասիրական գաղափարներ, և հայկականության վերացման խնդիր էր ստեղծվել»:

«Ցեղակրոնության ուխտի առաջացման արդյունքում արտասահմանում գործող շատ կուսակցական գործիչներ Նժդեհին մեղադրեցին նիցշեյականության և ֆաշիզմի մեջ: Ի պատասախան նրանց՝ Նժդեհը հանդես եկավ մի քանի հոդվածներով՝ մանրամասնորեն բացատրելով, որ ցեղակրոնությունը ոչ մի կապ չունի նման գաղափարների հետ, այլ այն ստեղծվել է դարեր առաջ, որի գաղափարական հիմքը դրել էին մեր հայրերը՝ սկսած Մամիկոնյաններից,- ասաց բանախոսը՝ նշելով Նժդեհի խոսքը՝ ցեղակրոնությունը մեր հայկական լեռներից, դաշտավայրերից եկող գաղափար է, որ կռել են մեր սուրբ մեռելները: - Ցեղակրոնության շարժման հաջորդ խոչընդոտը Գերմանիայում և Բուլղարիայում հանդես եկող պրոթուրքակական մամուլն էր, որ փորձում էր հայերին ներկայացնել որպես սիոնիստականներ՝ նրանց դնելով ոչնչացման վտանգի տակ: Նժդեհը, գնալով Գերմանիա, հայ և օտարազգի պատմիչներից մեջբերումներ կատարելով, ամեն կերպ ապացուցեց, որ հայերը ոչ մի կերպ չեն հարում սիոնիստական շարժմանը և արիական ծագում ունեն»:

Ըստ Նժդեհի՝ ցեղը գիտականորեն չբացատրվող երևույթ է: Նա ժողովրդին երեք մասի է բաժանում՝ ցեղ, ժողովուրդ և տականք: Ցեղը ժողովրդի այն մասն է, որ գիտի, թե ինչ արժեքներ է կրում, ժողովուրդը նա է, որ չի կողմնորոշվում, թե ինչի է պատրաստ հանուն հայրենիքի, իսկ տականքը հրաժարվում է իր բոլոր արժեքներից՝ դառնալով կոսմոպոլիտ՝ աշխարհի քաղաքացի:

Այնուհետև բանախոսն անդրադարձավ ցեղակրոնության մեջ հաճախ գործածվող «պաշտամունք» բառին, որն, ըստ հայկական բառարանների բացատրության, ոչ միայն Աստծո հանդեպ երկրպագություն է նշանակում, այլ՝ բացարձակ սեր և հարգանք: Եվ ցեղակրոնության մեջ «պաշտամունք» բառը գործածվում է այդ իմաստով, այսինքն՝ բացարձակ սեր և հարգանք արյան, հայրենիքի, հողի, լեզվի և մոր հանդեպ: «Օրինակ՝ մեռելապաշտությամբ, նա նկատի ուներ մեր սուրբ մեռելներից՝ Մեսրոպ Մաշտոցից, Սահակ Պարթևից, Եղիշեից և ուրիշներից չկտրվելը: Նժդեհն ասում էր, որ ինչքան էլ հիշես նրանց, բայց եթե չապրես նրանց վարքով, չունենաս նրանց գաղափարը՝ չես ունենա ապահով ապագա: Ցեղակրոնության հիմքում ընկած է սխալների և հաղթանակների ապրումը: Իսկ արյան պաշտամունքով Նժդեհը ցույց էր տալիս, որ խառնամուսությունները մեզ համար ոչ միայն անընդունելի են, այլև չարիք՝ մեջբերելով Հայոց պատմությունից մի շարք օրինակներ: Ինչպես նաև խառնամուսությունները նպատակաուղղված էին արյան գենետիկական հիշողության ջնջմանը, այդ պատճառով կոմունիստական շրջանում ոգևորում էին խառնամուսությունները: Իսկ լեզվի պաշտամունք ասելով՝ Նժդեհը պնդում էր, որ հայը պետք է հայի հետ խոսի բացարձակ գրական հայերենով, քանի որ լեզվի կորուստն արագացնում է ժողովրդի կործանումը՝ օրինակ բերելով խեթերին, բաբելոնացիներին, իսկ ասորիները, քրդերը, եզդիները, չունենալով պետություն, իրենց լեզվի միջոցով առ այսօր պահպանել են իրենց գոյությունը: Մայրապաշտությամբ Գարեգին Նժդեհը պնդում է, որ ազգերի ապագան պետք է տեսնել մայրերի ափի մեջ»,- ասաց Գագիկ Միքայելյանը:

Այսօր հեթանոսները կամ ցեղակրոնները Նժդեհին համարում են հեթանոս, այս մասին բանախոսը հետևյալ պարզաբանումը տվեց. «Այսօր միայն ցեղակրոնություն կարդալով և Նժդեհի խոսքը խեղաթյուրելով, մասամբ և կրճատ ներկայացնելով՝ նրան համարում են հեթանոս: Օրինակ՝ նրա «Մեր հեղափոխության արարիչը» հոդվածից խաչվող հայ ժողովրդին ուղղված անտարբեր աշխարհի Քրիստոսի և քրիստոնյայի դեմ ուղղված խոսքը վերագրում են Նժդեհին: Հեթանոսը չէր կարող նման քրիստոնեական մտքեր ասել, ինչպիսիք են՝ «Խղճմտանքեն զատ ես ճանաչում եմ երկու գերագույն դատավորների՝ Աստված և ժողովուրդ: Առաջինի դեմ գուցե և մեղանչել եմ, իսկ երկրորդի դեմ՝ երբեք», «Վախը դադարում է, վտանգը տեղի է տալիս, մահը մեռնում է, հենց որ մարդու որդին իր գիտակցությամբ և ամբողջ զորությամբ կրկնում է՝ ես էլ Աստծո որդին եմ», «Ներիր Տեր, ներիր ինձ, եթե հայրենիքիս օգտակար լինելու մտոք, մի օր մեղանչեմ կամքիդ դեմ, արդար է հայրենիքին ծառայել ամեն ինչում, բացի ստորությունից», «Քրիստոսի անձնական կյանքը պետք է դարձնենք ուղեցույց, եթե ուզում ես, որ Փոքր Ասիայում և Հայաստանում շարունակի մնալ քրիստոնեությունը», «Սկզբից ի վեր հայն ու քրիստոնեությունը ձուլվել են ի մի բնություն»»:

Երիտասարդ բանախոսն իր խոսքը եզրափակեց Նժդեհի հետևյալ հորդորով, որն ասում է՝ յուրաքանչյուրս մեր մեջ որևէ սուրբ նպատակի համար պետք է ուխտ ունենանք, քանի որ առանց ուխտի մարդը և երիտասարդությունը չի կարող ոչնչի հասնել:

Բանախոսության ավարտին Տեր Վահանը շնորհակալություն հայտնեց Գագիկ Միքայելյանին՝ Գարեգին Նժդեհին այլ լույսի ներքո տեսնելու, Հայոց ազգի պահպանության մեջ նրա գործուն և կարևոր դերակատարումը բացահայտելու համար: Բանախոսությունն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:

 

Կարինե Սուգիկյան

17.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․