26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ։

«1․ Վերջին շաբաթներին, Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ցանցերի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների պայմաններում, մեր հավատավոր ժողովուրդը հայրենիքում և սփյուռքում ապրեց անհուն ցավով և աղոթքով առ Աստված՝ ուժերի ներածին չափով ջանալով աջակցել արցախահայությանը, Արցախի Պաշտպանության բանակին և ի լուր աշխարհի բարձրաձայնել Արցախի ազատ ու անկախ կյանքի իրավունքի մասին՝ շարունակելով ապավինել մեր զինվորի հաղթական ոգուն։

2. Անվիճարկելի ու կենսական է հրադադարի պահպանումը և տարածաշրջանում տևական ու հուսալի խաղաղության ապահովումը: Այնուամենայնիվ, հրադադարի վերաբերյալ նոյեմբեր 10-ի եռակողմ հայտարարությունը, դրանից բխող հետևանքները և առկա անորոշությունները, Արցախի մի հատվածի կորստի փաստը հանկարծակիի բերեցին հանրությանը՝ հանգեցնելով արդար ընդվզման, ինչն իր հերթին հղի է մեր երկրի ներքաղաքական ապակայունացմամբ և սպառնում է կանգնեցնել հայրենիքը նոր վտանգների առջև։

3. Այս օրերին կոչված ենք տուրք չտալ մեր զգացմունքներին և առաջնային կերպով երախտիքի բացառիկ դրսևորմամբ հարգել հիշատակը մեր հերոս զավակների, որոնք իրենց կյանքն ընծայեցին հանուն մեր հայրենիքի, և զորակցել նրանց ընտանիքներին ու մեր ողջ ժողովրդին, ինչպես նաև պատշաճ կերպով դիմավորել 44 օր շարունակ, ի գին ամեն զրկանքի, հերոսական մարտեր մղած քաջարի մարտիկներին:

4. Անցնող այս ժամանակահատվածում կայացված որոշումների, հակամարտության այսօրինակ հանգուցալուծման և ազգային համերաշխության վերականգնման համար, միմիայն օրինականության նկատմամբ անվերապահ հարգանքով, պետք է պատասխանատվություն կրեն բոլոր պատկան մարմինների իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաև հրաժարականների հավանականությունը։

5. Հարկ է պահպանել իրավունքի գերակայությունը և քաղաքական բոլոր գործընթացները լուծման առաջնորդել ՀՀ Սահմանադրության շրջանակներում։ Ընդսմին առկա պայմաններում անթույլատրելի է ավելացնել մեր ժողովրդի ցավը` ավելի վտանգելով պետության և մեր ժողովրդի ապագան։ Առաջին հերթին իշխանությունները, խորհրդարանական ընդդիմությունը և բոլոր հասարակական-քաղաքական միավորները պետք է անհապաղ ձեռնամուխ լինեն երկխոսության՝ համագործակցության մթնոլորտում լուծումներ գտնելու խնդիրների կարգավորման համար։ Որևէ շեղում այս ուղուց չի կարող ընդունելի նկատվել մեր ժողովրդի ու Եկեղեցու կողմից։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ի գին ամենի պահպանել ազգային մեր միասնականությունը և հեռու մնալ այն խաթարող քայլերից։

6. Հետևելով այս օրերին հրապարակավ հնչող պաշտոնյաների ելույթներին, Երևանում տեղի ունեցող ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին և ցույցերին՝ այսու հորդորում ենք ՀՀ վարչապետին, իշխանության ներկայացուցիչներին և ընդդիմությանը՝ զերծ մնալ ատելություն և թշնամանք հրահրող արտահայտություններից, սպառնալիքներից ու նմանօրինակ գործողություններից։ Բռնության ցանկացած դրսևորում, կորստի ցավը կրող մեր ժողովրդին առավել վհատեցնող և բորբոքող արարք պետք է արժանանա պարսավանքի։ Դատապարտում ենք Ազգային ժողովի նախագահի և որևէ այլ անձի նկատմամբ կիրառված բռնությունները, միևնույն ժամանակ քաղաքական ենթատեքստով որևէ բռնաճնշում:

7. Մեր հորդորն է Ազգային ժողովին և հատկապես մեծամասնական խմբակցությանը, երկրի շահերի բարձր գիտակցությամբ քաղաքական պատասխանատվություն դրսևորելու և վերականգնելու ԱԺ բնականոն աշխատանքը՝ իրավիճակի թելադրությամբ դրանից բխող բոլոր պարտավորություններով հանդերձ։ Հարկ է ականջալուր լինել ժողովրդի ձայնին և հաղորդ հանրության հիասթափություններին և պահանջներին՝ գործել անձնական և կուսակցական շահերից վեր, պետական մտածողության բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ։ Հայրենիքն այսօր կարիքն ունի անհապաղ քայլերի ձեռնարկման:

8. Ամենքիս սրբազան պարտքն է Հայաստանում և սփյուռքում մեր գործուն ներդրումը բերելու այս վիճակի հաղթահարմանն ի նպաստ։ Հանձնառություն պիտի դրսևորենք նաև ըստ ամենայնի զորակցելու արցախահայությանը և Արցախի իշխանություններին վերակազմակերպելու մեր ժողովրդի զավակների կյանքը։ Այդ ուղիով պետք է պաշտպանենք հայրենի հողի վրա ապրելու մեր իրավունքը։ Արցախը չպետք է հայաթափվի։

9. Առանձնակի ցավով ենք անդրադառնում հանձնվելիք տարածքներում մեր ինքնության բազմադարյա վկաների՝ մատուռների, եկեղեցիների ու վանքերի, ամրոցների, պատմամշակութային կոթողների ու թանգարանների որբացման իրողությանը։ Կոչ ենք անում պատկան պետական մարմիններին և սփյուռքյան կարող ուժերին, համախորհուրդ Հայոց Եկեղեցու հետ, ամեն ջանք ի գործ դնելու՝ փրկելու դրանք Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հետագա ավերից:

10․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի զորակցությամբ պիտի շարունակի իր ջանքերը ներդնել երկրում միասնականության ու համերաշխության մթնոլորտի հաստատման և անհրաժեշտ գործընթացները օրինական ուղիներով առաջնորդելու համար։

Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության սրբազան գործում անօրինակ սխրանքներ դրսևորած մեր բոլոր քաջարի զինվորներին, զորականներին և աշխարհազորայիններին։ Նաև աղոթում ենք ռազմական հանցավոր գործողությունների հետևանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար, հայցելով Ամենազոր Սուրբ Հոգու մխիթարության ու սփոփանքի շնորհները նահատակված մեր զավակների ընտանիքներին, հարազատներին և մեր ողջ ժողովրդին: Ապաքինում ու հոգու նորոգություն ենք մաղթում վիրավորված մեր զինվորներին՝ հայցելով Տիրոջ զորակցությունն ու օգնականությունը նրանց:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի զավակներին այս դժվարին պայմաններում պահպանել զգոնությունը, ողջախոհությունը և հավատն ու վստահությունը, որ միաբան ընթացքով մենք ի զորու ենք դուրս գալու ստեղծված բարդ իրավիճակից, հաղթահարելու խնդիրներն ու հառնած մարտահրավերները և միասնականությամբ կերտելու հզորությունը մեր հայրենիքի, նորոգ հաղթական առաջընթացը և լուսավոր գալիքը մեր ժողովրդի։

Աղոթում ենք, որ Ամենողորմ Տերն Իր սիրով ու օրհնությամբ անսասան, ապահով ու խաղաղ պահի հայրենի մեր երկիրը՝ տոկունություն և կորով պարգևելով մեր ողջ ժողովրդին»։

 

16.11.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․