Գրքեր

Գիտությունը պետք է օգտագործվի հոգևոր կյանքում

Ամեն չարիք սկսվում է բանականությունից, երբ այն միայն գիտության շուրջն է պտտվում և ամբողջովին հեռացած է Աստծուց: Այդ պատճառով էլ նման մարդիկ ներքին խաղաղություն և հավասարակշռություն չեն գտնում: Իսկ երբ մարդկանց միտքն Աստծո շուրջն է պտտվում, ապա գիտությունն էլ օգտագործում են իրենց վրա ներքին աշխատանք կատարելու և աշխարհի բարօրության համար, որովհետև այդ դեպքում նրանց բանականությունը լուսավորված է:

- Այսինքն գիտությունը մարդուն օգուտ չի՞ բերում, Հա՛յր:

- Գիտությունը շատ օգուտ է բերում, բայց և՝ շատ մշուշ: Ես մարդկանց էի ճանաչում, որոնք բավարար կրթություն չունենալով՝ մտքի ավելի մեծ պարզություն ունեին, քան գիտական մարդիկ: Նրանք, ովքեր Աստծո շնորհով իրենք միտքը կմաքրեն այն մշուշից, որ գիտությունն է բերել, ավելի շատ աշխատանքային գործիքներ կունենան: Իսկ եթե այդ գործիքները՝ գիտելիքները չօրհնվեն, չսրբագործվեն, ապա կօգտագործվեն միայն աշխարհիկի, այլ ոչ թե հոգևոր գործերի համար: Եթե մարդու մոտ բարի անհանգստություն է առաջանում, ապա գիտելիքները արագ սրբագործվում են: Այն մարդիկ, ովքեր նախապատվությունը տալիս են իրենց ներքին կրթությանը՝ հոգու կրթությանը, և արտաքին կրթվածությունն էլ օգտագործում են ներքինի համար՝ հոգևոր առումով արագ կերպարանափոխվում են: Իսկ եթե նրանք հոգևոր առումով ոչ միայն տեսաբան են, այլ նաև՝ գործնական մարդիկ, ապա նրանց օգնությունն աշխարհին բավականին մեծ է, որովհետև նրանք մարդկանց դուրս են բերում դժոխային տանջանքի շնչահեղձությունից և դեպի դրախտային խնդություն են տանում: Նման մարդիկ հաճախ կարող են ավելի քիչ դիպլոմներ ունենալ, քան գիտնական այրերը, սակայն նրանց օգնությունն աշխարհին շատ ավելի մեծ է: Այդպիսի մարդը շատ շնորհի միջոցով է բարի, այլ ոչ թե մի կույտ անպետք թղթերով (այսինքն՝ դիպլոմներով): Աշխարհը մեղքով է լցվել, և շատ աղոթք ու անձնական հոգևոր փորձ է անհրաժեշտ: Շատ խզբզանքը նման է թղթադրամների, որոնց արժեքը կախված է այն բանից, թե դրանք ինչով ապահովված կլինեն: Հետևաբար, յուրաքանչյուրը պետք է իր հոգու հանքավայրում աշխատի:

Հիշում եմ, որ Էսֆիգմենու մենաստանում մի ծեր վանական այնքան պարզ մարդ էր, որ նույնիսկ կարծում էր, թե Համբարձումը սրբերից մեկն է: Նա տերողորմյայով աղոթում էր Համբարձումին ու ասում. «Աստծո սուրբ ծառա, բարեխոսիր մեզ համար Տիրոջ առջև»: Մի անգամ վանականներից մեկը հիվանդացավ վանքի անկելանոցում և այդ անուս վանականը ոչինչ չուներ նրան կերակրելու համար: Այդժամ նա աստիճաններով արագ ցած իջավ ներքևի հարկը, բաց արեց դեպի ծովը նայող պատուհանը, ձեռքն այնտեղից դուրս հանեց ու խնդրեց. «Իմ սուրբ Անալիփսի*, մի ձկնիկ տուր եղբորս համար»: Եվ օ՜ հրաշք: Նույն պահին ծովից մի մեծ ձուկ դուրս ցատկեց ուղիղ նրա ձեռքի մեջ: Տեսնողները քարացել էին զարմանքից: Իսկ նա ժպիտով նրանց էր նայում, կարծես ասելով. «Ի՞նչ զարմանալի բան եք այստեղ տեսնում»: Իսկ մենք ձեզ հետ գիտենք, թե մի սրբի հիշատակության օրը երբ է, մյուսը որտեղ չարչարվեց, երբ և որտեղ է տեղի ունեցել Համբարձումը, և մեր այդ բոլոր գիտելիքներով հանդերձ՝ նույնիսկ մի փոքրիկ ձկնիկ չենք կարող աղոթելով ստանալ: Ահա այսպիսին են հոգևոր կյանքի «տարօրինակությունները» և այդ «տարօրինակությունները» ենթակա չեն մտավորականության այն մասին, ով իր մեջ ոչ թե Աստծուն ունի, այլ՝ իր «ես»-ը: Ենթակա չեն, որովհետև նման մտավորականությունը անպտուղ աշխարհիկ գիտելիք ունի, որովհետև այն հիվանդ է աշխարիկ ոգու հիվանդությամբ և Սուրբ Հոգին չունի իր մեջ:

 

* Հունարեն (Άνάληψη)՝ Համբարձում բառն է:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

19.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․