Գրքեր

Գլուխը ճիշտ աշխատեցնենք

- Հա՛յր, այդ դեպքում ինչո՞ւ եք հաճախ ասում, որ կրթությունը լավ նախադրյալ է վանականության համար:

- Տե՛ս, ուսյալ մարդը կարող է Սուրբ Հայրերից կարդալ և մի փոքր ջանք թափելով՝ արագ առաջադիմել, քանի որ հասկացել է կարդացածը: Իսկ եթե անուսում մարդը երկյուղածություն չունի, ապա նրա համար հեշտ չէ առաջադիմել: Անուս մարդուն պահանջվում է սեփական փորձով հասնել աստվածային իրադարձություններին, հրաշքներին և արդեն հետո վերապրածի միջոցով հասկանալ կարդացածը: Իսկ ուսյալ մարդու համար մի փոքր ջանքն էլ բավարար է արագ հաջողելու համար, միայն թե գլխով աշխատի, առանց միայն տեսության մեջ այնպես թաղվել մնալու, որ այն նրան կողոպտի: Ես իհարկե չեմ ասում, որ նա պետք է ջանա իր բանականության միջոցով ճանաչել աստվածային Խորհուրդները:

- Հա՛յր, այսինքն անհրաժեշտ է, որ մարդն իր բանականությո՞ւնն օգտագործի կրքերի դեմ պայքարում:

- Ոչ միայն դրանում, այլև դրանից ավելի: Մարդը տեսնում է Աստծո գործած բարիքները, տեսնում է ողջ Տիեզերքը և փառաբանում ու շնորհակալություն է հայտնում Աստծուն: Տե՛ս, Աբրահամն ինքը նախ փնտրեց Աստծուն: Աստված Աբրահամին հետո փնտրեց:

- Այսի՞նքն:

- Աբրահամի հայրը կռապաշտ էր՝ կուռքերին էր երկրպագում: Իսկ Աբրահամը հետևում էր Տիեզերքին և այն, որ մարդիկ երկրպագում էին անհոգի կուռքերին՝ տարակուսանքի էր մատնում նրան: Նա սկսեց գլուխն աշխատեցնել և ասաց. «Անհնար է, որ այդ կուռքերը, փայտի այդ կտորները աստվածներ լինեն և արարեն այս աշխարհը: Ուրեմն ո՞վ է այն ստեղծել: Ո՞վ է ստեղծել երկինքը, աստղերը, արևը և այլն: Ես պետք է գտնեմ իրական Աստծուն: Նրան կհավատամ, Նրան կերկրպագեմ»: Ահա այդ ժամանակ է, որ Աստված հայտնվեց նրան և ասաց. «Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից» (Ծննդ. 12:1): Աստված Աբրահամին Քանանի երկիրը տարավ և Աբրահամը դարձավ Աստծո սիրելի զավակը:

Ուսյալ մարդը կարող է և երկյուղածություն չունենալ, բայց ընդունակ լինելով իրերը հեշտորեն հասկանալ, մի փոքր խոնարհություն ունենալով և մի քիչ ճգնելով՝ հաջողության կհասնի: Օրինակ՝ երբ կապի վաշտում, որտեղ իմ զինվորական ծառայությունն էի անցնում, սկսեցին մեզ սովորեցնել ռադիստի զինվորական մասնագիտությունը, կոչի որոշ ազդանշաններ անգլերեն էին: Նրանք, ովքեր կրթություն ունեին և անգլերեն գիտեին, միանգամից սովորում էին: Իսկ մնացյալիս համար հեշտ չէր: Եվ տեսության պարապմունքներին էլ, որոնք այդքան էլ բարդ չէին, որոշակի գիտելիքներ ունեցողների համար ավելի հեշտ էր, քան մեզ համար:

Մարդը պետք է ընկալի Աստծո բարիքները, հասկանա, թե ինչ է իրեն տրված: Աստված մեզ ինչո՞ւ է խելք տվել: Որպեսզի հետազոտենք, սովորենք, հետևենք մեզ: Աստված մարդկանց գլուխ չի տվել, որպեսզի մշտապես այն կոտրեն այն հարցի շուրջ, թե ինչպես ավելի ու ավելի արագ փոխադրամիջոց գտնեն մի երկրից մյուսը գնալու համար: Նա մեզ բանականություն է տվել, որպեսզի այն ջերմեռանդորեն գլխավորի համար կիրառենք, թե ինչպես մեր նպատակակետին հասնենք՝ Աստծուն, իրական դրախտային երկրին:

Ինչպիսի՜ բարիքներ տվեց Աստված Իսրայելի ժողովրդին: Ինչպիսի՜ նշաններ, ինչպիսի՜ հրաշքներ: Եվ չնայած այդ ամենին, երբ Մովսեսը Աստծո տասը պատվիրանները պարունակող քարետախտակներով ուշացավ Սինայ լեռից իջնելու և միանգամից չիջավ, ժողովուրդը [Ահարոնին] տվեց իր ոսկե զարդերը, որպեսզի ոսկե հորթ պատրաստի դրանից և երկրպագեն դրան (Ելք 32:1-6): Սակայն մեր ժամանակաշրջանում մարդկանց ուղեղը հորթի ուղեղ չէ: Այդ պատճառով էլ կրթված մարդու համար արդարացում չկա, որ նա չի հասկանում, թե ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ: Աստված մեզ բանականություն է տվել, որպեսզի մարդն իր Արարչին գտնի: Իսկ եվրոպացիներն ահա չափն անցել են իրենց բանականությամբ: Աստծուն իրենց կյանքից հանելով՝ խճճվել են և անդունդին են մոտենում:

Իսկ ոմանք չնայած, որ խելք, ըմբռնողություն և այլ նախադրյալներ ունեն առաջխաղացման համար, անուշադիր են գտնվում, թե ինչ ես իրենց ասում: Հենց սկսում ես ինչ որ բան ասել նրանց, բացականչում են. «Հասկացա՜, հասկացա՜», և քեզ ընդհատելով՝ իրենք են շտապում միտքդ ավարտել: Շատ խելացի երիտասարդներ են Սուրբ լեռ գալիս: Երբ նրանց որևէ բան ես ասում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ լսածը միանգամից ընկալում են: Սակայն անուշադիր լինելով՝ քթները վեր են ցցում և «միանգամից ընկալածը» նրանցից… թռչում, հեռանում է: Իսկ ուրիշները, չնայած որ այդքան սուր միտք չունեն, երկյուղածությամբ են լսում այն, ինչ նրանց ասում են, չեն ընդհատում, մինչև վերջ լսում են, և լսածը մնում է նրանց հետ: Առաջինները շատ բան են հասկանում, ամեն կողմից գիտելիքներ են հավաքում, լցվում դրանցով և ոչինչ չեն անում: Աստծո կողմից իրենց տրված խելքը անպիտան են դարձնում, կարծես նրանց գլխում ծղոտ լցրած լինի: Չեն թողնում, որ Աստծո շնորհն իրենց վրա իջնի, քանի որ հպարտություն ունեն: Իսկ երկրորդներն այդքան խելացի չլինելով՝ շատ են խոնարհվում: «Դե ես սարսափելի հաստագլուխ եմ»,- ասում է նման մարդն ու կրկին հարցնում. «Ասացիր ի՞նչ»: Եվ նման մարդիկ ջանում են լսածը գործնականում կիրառել: Այդ կերպ լցվում են աստվածային շնորհով և առաջադիմում: Սովորաբար խոնարհ մարդը շատ բան գիտի, իսկ եսասերը գիտելիք չունի, որովհետև չի խոնարհվում և չի հարցնում: Երանելի Արսեն Մեծն ամենաուսյալ մարդն էր Բյուզանդական կայսրությունում: Թեոդոսիոս Մեծ կայսրը նրան որպես ուսուցիչ վերցրեց իր երկու որդիների՝ Արկադիոսի և Հոնորիոսի համար: Սակայն վանական դառնալով և անապատ գնալով, անուսում աբբա Մակարիոսի ոտքերի մոտ նստած, ասում էր. «Ես այս հասարակ մարդու նույնիսկ այբուբենը չգիտեմ»*:

- Հա՛յր, իսկ ինչպե՞ս հասնել այն բանին, որ իրերը միայն բանականության միջոցով չհետազոտենք:

- Մարդն իր բանականությունը պետք է ճիշտ օգտագործի: Բանականության միջոցով պետք է տքնի Աստծո մեծության ուսումնասիրության վրա, որպեսզի գտնի Աստծուն, այլ ոչ թե իր բանականությունն աստվածացնի: Խելացի մարդիկ պետք է հոգևոր առումով առաջադիմող լինեն: Նրանց համար բավական է մի հայացք գցել որևէ բանի վրա, որպեսզի հասկանան, թե բանն ինչումն է: Բանականությունն աշխատեցնելով մարդը կարող է իր մերձավորին օգնել, հակառակ դեպքում կարող է տանջել նրան: Ես նման դեպքեր գիտեմ աշխարհականների կյանքից: Մի տղայի էի ճանաչում: Երբ նրա հայրը մահացավ, նրանք չորս երեխաներով մնացին: Մայրը կրկին ամուսնացավ և ո՛չ նրանից, ո՛չ խորթ հորից երեխաները սեր չէին ստանում: Երբ այդ խեղճը մեծացավ, արդյունաբերական ապրանքների խանութ բացեց և սկսեց աշխատել: Մի անգամ լսեց, որ մի մարդ է մահացել՝ որբ թողնելով իր երեք երեխաներին: Նրա սիրտը ցավեց այդ փոքրիկների համար և հանգուցյալի այրուն առաջարկեց. «Եթե ուզում ես, արի ամուսնանանք, քույր ու եղբոր պես կապրենք և կմեծացնենք այս փոքրիկներին»: Այրին համաձայնեց: Այժմ նրանք հոգևոր կյանք են վարում, Սրբերի վարքն են կարդում, Հայրաբանություն, մենաստաններ են այցելում, հոգևոր հայր ունեն: Այդ մարդը պատշաճ կերպով կշռադատեց, ճիշտ վարվեց և ընդունեց աստվածային շնորհը: Իսկ հակառակ դեպքում բանսարկուն նրան կներշնչեր. «Քեզ մանուկ հասակում տանջել են, դու էլ այժմ այդ երեխաներին տանջիր»: Բայց այդ մարդն իր համար ոչ թե չարի, այլ բարու միջոցով վրեժխնդիր եղավ: Ոմանք իրենց խելքն ի նպաստ բարու են գործածում և ինչ որ բարի բան մտածում: Մյուսներն այն կործանման համար են օգտագործում և բանսարկուն էլ օգնում է նրանց այդ հարցում:

Աբելի և Կայենի դեպքում նույնն ենք տեսնում (Ծննդ. 4:2-15): Մի՞թե Աստված Աբելին այլ խմորից էր ստեղծել, իսկ Կայենին մեկ ուրիշ: Ո՛չ: Բայց Աբելը ճիշտ էր աշխատում իր խելքով, որ Աստված էր իրեն պարգևել: «Աստված ինձ ոչխարների մի ողջ հոտ է տվել,- մտածեց նա,- արդ, մի՞թե ես մի գառնուկ չեմ տա Նրան»: Նա ամենալավ գառնուկն ընտրեց, մորթեց ու զոհաբերեց Աստծուն: Իսկ Կայենը ցորենի հետ մղեղ ու թեփ զոհաբերեց Աստծուն: Մեկն ընտիր գառ բերեց զոհելու, իսկ մյուսը՝ հասկերի անպետք մնացուկներն ու ավելցուկները: Դե լավ, չես ուզում գառնուկ զոհաբերել, գոնե մաքուր ցորեն բեր: Բայց ցավոք, Կայենը ցորենն ամեն տեսակ թափոնի հետ բերեց ու սկսեց խնկարկել զոհասեղանի վրա: Մեկն ինչ զոհ մատուցեց, մյուսն՝ ինչ: Աբելի զոհը հաճելի էր Աստծուն, և Կայենը նախանձեց նրան ու սպանեց: Այսպիսով, Աստված փոխհատուցեց Աբելին նրա կրածի համար, իսկ նրա ավագ եղբայրը վայրի գազանի պես շրջում էր անտառներում: Պարզ է, որ Աստված յուրաքանչյուրին ազատություն է շնորհել, բայց Աբելն էր, որ այն օգտագործեց ի շահ բարու:

 

* Տե՛ս՝ Достопамятные сказания о подвижничестве святых и блаженных отцов. Свято-Троицкая Сергиева Лавра, 1993. С. 18.

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

15.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․