Գրքեր

Գյուտ Խաչ

«Հրաշակերտ և զօրեղ փայտ խաչի քո Քրիստոս. գաւազան զօրութեան ի յերկրի երևեալ. Եկայք ժողովուրդք երկրպագեսցուք»:

«Հրաշակերտ և հզոր Քո խաչափայտը, Քրիստո՛ս, որպես զորության գավազան ծագեց երկրում, ազգե՛ր, եկեք երկրպագենք»: (Շարակնոց)

Սիրելի՛ բարեպաշտ հետևորդներ խաչյալ և հարուցյալ Քրիստոսի,

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է խաչին նվիրված տոներից՝ Գյուտ Խաչի, այսինքն՝ խաչի գտնվելու հրաշափառ տոնը, և ես, ի սրտե, շնորհավորում եմ ամենքիդ այդ կապակցությամբ:

Այս տոնը հաստատվել է Եկեղեցու օրացույցում ի պատիվ այն զարմանահրաշ իրադարձության, որ տեղի ունեցավ չորրորդ դարում, երբ Հռոմեական կայսրության տարածքում վերջապես ավարտվեց քրիստոնյաների հալածանքն, ու արտոնվեց նրանց կրոնի ազատ դավանությունը: Ահա այդ օրերին, Բարձրյալի սուրբ կամոք և նախախնամությամբ, եկավ ժամանակը, որպեսզի բարեպաշտ Հեղինե թագուհու ջանքերով կրկին վեր հառնի ու հավատացյալների երկրպագությանը հանձնվի Քրիստոսի՝ դարեր շարունակ կորստյան մատնված խաչափայտը: Այս սքանչելի պատմության մեջ հատկապես ուզում եմ առանձնացնել այն դրվագը, երբ որոշվեց, թե կողք-կողքի գտնված երեք խաչափայտերից որն էր տերունականը: Ինչպես ավանդությունից հիշում եք, սիրելինե՛ր, դա բացահայտվեց, երբ խաչափայտերը հերթով մոտեցրին մահացածին, և միայն վերջինի հպումից ննջեցյալը հարություն առավ:

«Խաչը մեր փրկության նշանն է»,- Սբ. Հովհան Ոսկեբերանի շուրթերով հնչում է մեզ՝ քրիստոնյաներիս համար անառարկելի ճշմարտությունը: Եվ երբ խորամուխ ենք լինում այս մտքի մեջ, պարզորեն տեսնում ենք, որ նախքան Աստծուն դառնալը, նախքան ապաշխարելն ու Քրիստոսի հետ միավորվելը, ինքներս էլ ննջեցյալ էինք հոգևոր առումով և միայն Փրկչի ու փրկչական խաչի հպումով կյանքի կոչվեցինք և հավիտենական կյանքի հույսը ստացանք: Այդ պատճառով էլ այսօր յուրաքանչյուր քրիստոնյայի անձնական տոնն է: Այսօր մեզնից յուրաքանչյուրը նշում է իր հարությունը Քրիստոսով ու Նրա Սուրբ խաչի նշանով:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Այո՛, այսօր պանծալի տոն է: Այսօր կրկին պատմում ենք Ամենակարող Աստծու զորության մասին և հիշատակում Նրա հաղթական նշանը, որով ավերվեցին դժոխքի դարպասները և որը կամրջեց Երկինքն ու երկիրը: Ամեն անգամ, երբ նայում ենք խաչին, խոնարհվում դրան կամ խաչակնքվում, հրճվանքով ու խինդով է լցվում մեր սիրտը, քանի որ հիշում ենք Փրկչին ու կյանք պարգևող Նրա անգին զոհաբերությունը: Առանձնահատուկ երկյուղով ու երախտագիտությամբ ենք սիրում խաչը, երբ գիտակցում ենք դրա դերն ու նշանակությունը մեր կյանքում: Եվ սա ճիշտ վերաբերմունք է, այդպես էլ պիտի լինի, սիրելինե՛ր: Ազնվաբարո մարդը երբեք չի մոռանում իր կյանքը փրկած բժշկին, հրշեջին կամ պատահական անցորդին, իսկ արարածը առավել ևս՝ մեծագույն երախտագիտությամբ միշտ պիտի հիշի իր Արարչին և այն մեծագույն զոհաբերությունը, որ Ամենակալն իր համար արեց: Արդարն ու Կատարյալը չխորշեց ամենահետին ավազակի կողքին խաչվելուց, որպեսզի նույնիսկ նա փրկության հնարավորություն ունենա: Բացարձակ Անմեղը խոնարհությամբ տարավ վիրավորանքն ու զրպարտությունը, դիմացավ անարգանքին ու անասելի չարչարանքներին և սեփական կամքով հանձն առավ խաչի անարգ մահը, որպեսզի մեզնից յուրաքանչյուրն այդ փրկչական խաչից կառչելու և դրանով վեր բարձրանալու հնարավորություն ունենա: Մարդացյալ Աստված ամեն ինչ արեց մեր փրկության համար և այժմ գործելու հերթը մերն է, սիրելինե՛ր: «Ով իր խաչը չի վերցնում ու իմ ետևից չի գալիս, ինձ արժանի չէ» (Մտթ. 10:38),- ասաց Քրիստոս: Իսկ ի՞նչ է անում մարդկանց մեծամասնությունը՝ սեփական խաչը կրելու անհրաժեշտության մասին լսելով: Փակում է ականջներն ու ինքնախաբեության մատնվում՝ ինքն իրեն համոզելով, որ հարմարավետ կյանքով ապրելով, իրեն աշխարհի հաճույքներից չզրկելով ու առանց Քրիստոսի համար զրկանքներ կրելու էլ կարող է Երկնքի Արքայություն մտնել: Վերջերս մի աշխարհական մարդու գրառումները կարդացի, որտեղ նա մեջբերում էր իր հոգեզավակին գրած մի հոգևորականի նամակի խոսքերը. «Հոգևոր մոլորության մեջ ես գտնվում, զավա՛կս, քանի որ ոչ թե Աստծուն ես փնտրում, այլ այն, ինչ այժմ հոգևոր հարմարավետություն են կոչում… Ուզում ես Աստծու հետ լինել առանց խաչի, բայց այդպես չի լինում»: Եվ այդ մարդը մինչև հոգու խորքը ցնցվել էր այս խոսքերից, քանի որ իրեն էլ էր տեսել նույն վիճակում: Այնուհետև նա հիշատակում է սրբերին ու նահատակներին, որ իսկապես հալածվում ու չարչարվում էին հանուն Քրիստոսի և այդ ամենի համար փառաբանում էին Աստծուն և որպես պատիվ ընդունում մահը: Եվ վերջում այս մարդը հանգում է այն եզրակացությանը, որ իր հանգիստ ու հարմարավետ կյանքով, որում հակառակություն չկա աշխարհին, նույնիսկ չի էլ մոտեցել սրբությանը, դրա համար էլ աշխարհն իրեն չի անհանգստացնում: Քանի որ  մեղքով խոցված աշխարհը, որ չի հանդուրժում սրբությունն ու կատաղորեն պայքարում է դրա դեմ, ձգտում է ոչնչացնել այն ամենն, ինչ հակառակ է իրեն… Սա սառը ցնցուղի պես է այսօրվա քրիստոնյաների մեծամասնության համար, քանի որ մեզնից շատերը, ցավոք, քրիստոնեությունը թողնում են եկեղեցում և շարունակում տրվել աշխարհի անհոգ ու մեղավոր կյանքին: Նրանք մոտենալ անգամ չեն ցանկանում սեփական խաչին, քանի որ դա կնշանակի հրաժարվել աշխարհի մեղավոր հաճույքներից, կնշանակի պայքարել սեփական մեղավոր «ես»-ի դեմ, կնշանակի հատել կրքերը, մոլությունները ու արատավոր սովորույթները, որ տարիներ շարունակ կուտակվելով ու զարգանալով՝ սերտաճել են այնքան սիրելի «ես»-ին, սակայն որը մարդու անկման և Աստծուց հեռանալու արդյունքում է ձևավորվել, ուստի կեղծ է: Հետևաբար Քրիստոսի՝ խաչը վերցնելու և իրեն հետևելու կոչը ոչ այլ ինչ է, քան մեղքը մերժելու և դրանից ձերբազատվելու միջոցով Աստծու պատկերով ստեղծված ճշմարիտ «ես»-ին դառնալը: Այո՛, դա հեշտ չէ, և Տեր Հիսուս Քրիստոս էլ չխոստացավ, որ փրկության ճանապարհը հեշտ է լինելու, քանի որ մեղքն ու դրա ծնող բանսարկուն կատաղորեն պայքարում են, որպեսզի մեզ՝ իրենց զոհերին, բաց չթողնեն, այլ իրենց հետ կորստյան տանեն: Եվ տկար ու մեղավոր մարդը երբեք էլ չէր կարողանա հաղթությամբ անցնել խաչի ուղին, եթե նրա կողքին չլիներ Ամենահաղթ Քրիստոս, Որը լույս է խավարում, մխիթարություն վշտաբեկ սրտին, լիություն չքավորության մեջ, բժշկություն հիվանդին, հարություն ննջեցյալին: Ուստի սեփական խաչը վերցնելու և Քրիստոսին հետևելու մասին լսողը միայն պիտի ցնծա և ուրախանա, քանի որ իրեն առաջարկվում է փրկության միակ միջոցը, և հենց Ինքը՝ Ամենազոր Աստված է իր սատարն ու ուղեկիցը:

Արդ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ հավատացյալներ, որ Սիրող Հորից ստացել եք փրկության ոչ միայն ավետիսը, այլև միջոցն ու ճանապարհը: Երջանիկ եք դուք, և երջանիկ է ամեն ոք, որ սիրով ու երախտագիտությամբ առ Աստված, առանց տրտնջալու և առանց հուսալքվելու ընդունում է աշխարհի հալածանքն ու առանց հետ նայելու՝ Քրիստոսով կերտում սեփական խաչի ուղին: Թող Տեր Հիսուս Քրիստոսի սրբազան խաչը կենդանի պահի ձեր հավատքը, օրեցօր ավելացնի ու զորացնի այն, որպեսզի ձեր խանդավառ սրտում մշտապես հնչի խաչի փառաբանության աղոթքը. «Քո ամենահաղթ և պատվական խաչի առջև ծնրադրում ենք՝ երկրպագելով և մեր հանցանքների համար ներում հայցում, քանզի սրանով վերացավ մարդկության դատապարտությունը: Եվ այժմ հանուն քո սուրբ աստվածային նշանի՝ երկնային խաղաղությո՛ւն շնորհիր ողջ աշխարհին». ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

27.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․