Գրքեր

Հակոբոս 1.12-13

12. Երանեա՛լ է այր, որ համբերիցէ փորձանաց, զի եթէ ընտիր ևս գտանիցի, առցէ զպսակն կենաց՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց Տէր:

13. Մի՛ ոք, որ ի փորձութեան իցէ, ասիցէ՝ թէ յԱստուծոյ փորձիմ, զի Աստուած անփորձ է չարեաց. փորձէ նա՝ և ո՛չ զոք:

Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը, որովհետև եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին:

Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձվում», քանի որ Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի:

Սուրբ Գրքում բազմաթիվ և բազմատեսակ առաքինությունների հաղթանակի անուններ կան. մարգարեների գրքերում, առաքյալների, ավետարանիչների, քանզի իսկապես Հոգին հայտնեց նրանց շնորհի առավելությունը: Եվ թե ո՞ր առաքինությամբ է հաղթանակում աստվածային այս պարգևը, հայտնի է մարգարեների իսկ խոսքերից, որոնք մենք հերթականությամբ այստեղ կբերենք՝ արդարի մասին խոսելու համար:

Արդ, մեծ մարգարե Դավիթն իր սաղմոսերգությունը սկսում է երանի տալով մարդուն. «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և չարագործների հետ համախոհ չի լինում, այլ գիշեր-ցերեկ խորհում է Տիրոջ օրենքների մասին» (Սղմ. 1:1-2): Տեսնո՞ւմ ես փոխարենը ինչով է վարձատրում՝ նրան երանելի կոչելով: Եվ նորից. «Երանելի է այն մարդը, որ հույսը դրել է Տիրոջ վրա» (Սղմ. 33:9), ինչպես նաև. «Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին» (Սղմ. 40:2), երանության արժանի է համարում նաև անբիծներին. «Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել, և ընթանում են Տիրոջ օրենքով» (Սղմ. 118:1), երանի է տալիս նաև նրան, «ում մեղքերին թողություն տրվեց և ում բոլոր հանցանքները ծածկվեցին» (Սղմ. 31:1):

Նմանապես նաև աստվածային Սողոմոնը, վայելչաբար տեսնելով ճշմարիտ իմաստությունը սիրողներին, ասում է. «Երանի այն մարդուն, որ իմաստություն կգտնի, և այն մահկանացուին, որ հանճար կստանա» (Առակ. 3:13):

Իսկ սուրբ Եսային, տեսնելով վերին գավառի բարետոհմությունը, երանի է տալիս նրանց, ովքեր առաքինության զավակներ ունեն Սիոնում և աղքատների խմբից բաղկացած ընտանիքի անդամներ՝ վերին Երուսաղեմում (տե՛ս Ես. 32:10), երանի նրանց, ովքեր լերկ են ըստ օրենքի և անպատարագելի, ինչպես էշը և որոճող եզը, իրենց ուսը Քրիստոսի լծի տակ դրած՝ սերմ են ցանում բոլոր ջրերի մոտ:

Եվ որպեսզի անմիտներից և անխելքներից ոչ ոք, նայելով մարգարեների խոսքերին չկարծի, թե այս երանություննները ըստ հին օրենքի են տվել՝ ոչ մի մաս չունենալով Քրիստոսադիր ավանդությունից, այդ պատճառով աստվածային Առաքյալը բարձրացնում է դրա նշանակությունը և այն Աստծուն է մոտեցնում և նրա վրա դնում այս վայելչական անունը, ըստ իր ամենաբարի բնության՝ ասելով. «Երանելին և միակ Հզորը, թագավորների Թագավորը և տերերի Տերը» (Ա Տիմ. 6:15): Տեսնո՞ւմ ես առաքինության հաղթանակի անհամեմատելի բարձրությունը, թե ում է այն պատշաճում:

Արդ, սրա նման նաև տե՛ս Աստծո սերը մեր հանդեպ, քանզի ամեն տեղ իր վայելչական անունն է մեզ վրա դնում:

Ինքը ճշմարիտ լույս լինելով հանդերձ իր անսուտն բերանով մեզ ասաց. «դուք եք աշխարհի լույսը» (Մատթ. 5:14): Ինքը լինելով մեր անհամությանը համեմող աղ, ասաց մեզ. «դուք եք երկրի աղը» (Մատթ. 5:14), ինքը միայն լինելով երանելի, հզոր և բարի, այս անունը, որը պատկանում է կրքերից ազատ բնությանը, տվեց մեզ: Եվ թեև երբեմն եղանք երանելի՝ Աստծո կողմից ստեղծվելով, սակայն մեր անհնազանդության պատճառով եղկելի դարձանք:

Եկավ երանելի բնությունը և միավորվեց մեր թշվառ բնության հետ և մեզ երանելի դարձրեց, նման ձևով նաև բոլոր առաքինությունների մասին մեզ հետ երանությամբ է խոսում՝ երանի տալով աղքատներին, սգավորներին, հեզերին, խոնարհներին, խաղաղասերներին, սրտով սրբերին և ողորմածներին, արդարության ծարավ եղողներին, հալածյալներին, հանուն Քրիստոսի և աստվածպաշտության համար նախատվողներին:

Արդ, երբ տեսավ սքանչելի Հակոբոսն այսքան և այսպիսի առաքինություններ՝ փորձությունից սկսած մինչև համբերությամբ ավարտվելը և երանությամբ պսակվելը, որովհետև չկա և չի կարող լինել որևէ միջոց, որ առաքինություններն առանց փորձության ի հայտ գան կամ առանց մեծ համբերության իրագործվեն և եթե մտածես, ապա կտեսնես խոսքիս ճշմարտացիությունը: Այդ պատճառով էլ ինքը նույնպես սկսում է երանի տալ նրան, ով իսկապես համբերում է փորձություններին, այլ ոչ թե անխտիր յուրաքանչյուր մարդ, ով փորձության մեջ է ընկնում երանելի է, քանզի ամեն փորձություն չէ, որ Աստծո համար է, այլ նրանց է երանելի համարում, ովքեր արական բնությամբ փորձությունների մեջ հաստատուն մնալով հաղթում են, այդ պատճառով էլ չասաց մարդ, ինչն ընդհանուր է, այլ՝ այր: Քանզի յուրաքանչյուր մարդ, ով ծուլությամբ և հեշտությունների պատճառով վատթար է գտնվում փորձությունների մեջ, ապա նա այր չէ, այլ կնոջից էլ ավելի վատ, քանզի ահա նույնիսկ կանայք իրենց տկար բնությունից վեր, քաջ այրերին նմանվեցին, արիաբար առաքինություններին անձնատուր եղած կանայք նույնպես կին չեն, այդ պատճառով էլ Պողոսն ասում է. «խտրություն չկա…ո՛չ արուի և ո՛չ էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս» (Գաղ. 3:28), որովհետև մի են առաքինությամբ:

Այդ պատճառով էլ միայն այրին է երանելի տալիս՝ ասելով. երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության:

Բազում են փորձության տեսակները. կան որ արտաքին են, ինչպես բռնակալների և թագավորների կողմից՝ բանտերն ու կապանքները և կան որ ներքին բնությանն են ուղված, ինչպես որ սովը, ծարավը, մերկությունը և աղքատությունը, և աղտեղի ցանկություններից առաջացածը և այն բոլոր փորձությունները, որ սրանց նման են: Այդ պատճառով էլ համբերության բազում միջոցներ են մեզ պետք, որպեսզի հաղթանակ տանենք այսքան և այսպիսի փորձությունների դեմ, ուստի շատ մարդիկ կան, որ բազմության առջև սուրբ և առաքինի են երևում և հանգիստ են վայելում ու մեծ պատվի են արժանանում մարդկանց կողմից, սակայն նախատիքներին չեն համբերում, այդպիսիները երանելի չեն:

Քանզի նրանք, ովքեր Աստծո ճշմարիտ ծառաներն են, անհնար է նրանց առանց փորձության մնալ մարմնի մեջ կամ ելնել աշխարհից, հատկապես որ դա անկարելի է: Արդ, եթե Տերը մարմին առնելով չկարծեց, թե առանց փորձության պիտի մնա մարմնի մեջ, այլ բազմաթիվ փորձությունների համբերեց, և դա այն դեպքում, երբ Աստված էր և առանց պարտքի: Իսկ արդ, ով է մարդկանցից նա, որ ցանկանալով Քրիստոսի աշակերտների օրինակին հետևել, խնդրում է առանց փորձությունների մնալ և հանգիստ կյանք վայելել: Նաև Պողոսն է ասում. «Եվ բոլոր նրանք, որ ուզում են աստվածպաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն» (Բ Տիմ. 3:12) և նորից «Իսկ նրանք, որ քրիստոսեաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով և ցանկություններով հանդերձ» (Գաղատ. 5:24): Եվ Տերն էլ մի անգամ վճռական ասաց. «Եթե մեկը կամենում է իմ աշակերտը լինել, թո՛ղ վերցնի իր խաչը, այսինքն՝ տարաբնույթ փորձությունները և գա՛ իմ ետևից» (հմմտ.Ղուկ. 14:27): Եվ Առաքյալն էլ բազմազան փորձությունների օրինակն է բերում մեզ ուսուցանելու համար՝ հերթով թվարկելով. «Ճանապարհորդությունների ընթացքում բազում անգամ վտանգներ… վտանգներ՝ քաղաքում… վտանգներ՝ գետերից, վտանգներ՝ ավազակներից, վտանգներ՝ սուտ եղբայրներից» (Բ Կորնթ. 11:26) և այն ամենն, ինչ նման են սրանց, թվարկում է՝ «քաղց, ծարավ, ցուրտ և մերկություն, բանտ և կապանքներ՝ առանց մի կտոր հացի, մի կողմ թողած այլ նեղություններ» (Բ Կորնթ. 11:26-27):

Տեսնում ես զանազան փորձությունների ձևերը, արդ, ովքեր իսկապես սրանց համբերող են, երանելի են, դրա համար էլ ասում է. երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության:

Եվ միայն այսքանով չի սահմանափակվում, այլ հաջորդ նախադասության մեջ հատկապես հիշեցնում է համբերության պսակի մասին. որովհետև եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին:

Այլ է փորձություններին համբերելը և այլ՝ փորձության մեջ հաստատ լինելը: Հաստատ լինելը ոչ միայն փորձությունները հանուն աստվածպաշտության ցնծությամբ ընդունելը, պատերազմելն ու հաղթելն է, այլև, որ աղոթքով մնացածն են խնդրում և իրենց անձերով դրանում առաջադիմում և օր-օրի ուրախանում փորձությունների ավելանալով և նույնիսկ գոհություն են հայտնում, որ արժանացան այդպիսի բարիքների:

Այսպիսիներն, ահա, կստանան կյանքի պսակը, որ խոստացավ իր սիրելիներին: Քանզի շատերը կան, որ երբ հեշտության մեջ են, իրենք իրենց ենթադրում են, թե համբերող են և գոհանում ու փառավորում են Աստծուն, իսկ երբ իսկապես փորձության մեջ են ընկնում, թեև գլուխը պահելով համբերում են, սակայն տրտունջի խոսքերը պարսաքարի պես Աստծո դեմ են ուղղում: Ինչո՞ւ, ասում են, մեզ մատնեց մեր նեղիչների ձեռքը: Ահա, ասում են, նրանք չար են, իսկ մենք նրանց պես չենք, ապա ինչո՞ւ է մեզ թույլ տալիս փորձության մեջ ընկնել: Արդ, սա՞ է Աստծո նախախնամությունը, որ մենք երկյուղած և արդար ենք և տանջվում ենք, իսկ նրանք չար, բայց հեշտությունների մեջ են:

Արդ, սրանց նա երանի չի տալիս և պսակի արժանի չի համարում, այլ նրանց, ովքեր հաստատ են մնում փորձության մեջ, ինչպես արդար Հոբը կամ երանելի Աբրահամը, քանզի սրանք երկուսն էլ մեծ փորձությունների ենթարկվեցին և հաստատուն մնացին:

Քանզի մեկին բանսարկուն ցանկացավ փորձել՝ տեսնելով նրա արդարությունը, որ (իր ժամանակի) բոլոր մարդկանցից առավել էր և Աստված (արդարին) նրա ձեռքը մատնեց ոչ թե նրա համար, որ մեղավորի ցանկությունը կատարվի, այլ որպեսզի իր նահատակին փառավոր կերպով պսակի և իր հետևից եկողների համար համբերության օրինակ թողնի:

Իսկ նա, ըստ իր չարության և անբարի բնության գործի դնելով իր նենգությունը, նրան միաժամանակ զրկեց իր ողջ ունեցվածքից՝ նույն վայրկյանին արդարին մերկ ու անօգնական թողնելով և զրկելով իր որդիներից՝ խրախճանքի գինին խառնելով նրանց արյուններին: Արդ, մարդկանցից ո՞վ չէր տրտմի այսպիսի ողորմելի վիճակից, եթե նույնիսկ չափազանց անվիշտ մեկը լիներ:

Եվ արդ, այսքանից հետո սասանվե՞ց արդյոք քաջ նահատակը և կամ մի անարժան խոսք ասա՞ց նրա արդարության կամ Աստծո նախախնամության մասին. բնավ երբեք, այլ հակառակը՝ Աստծուն արժանի և նրա երկայնմտության մասին խոսեց, որից բոլորս զարմանում ենք, և ասաց. «Տերը տվեց, Տերն էլ ետ առավ…թո՛ղ օրհնյալ լինի Տիրոջ անունը» (Հոբ. 1:22):

Իսկ չարն այս ամենը տեսնելով մի՞թե դադարեցրեց փորձությունը: Ո՛չ երբեք, այլ առավել ևս ուժգնացրեց պատերազմը, որպեսզի ուժասպառ անի թշնամուն: Վերցրեց նրա մարմինը, ըստ Աստծո հրամանի և վիրավորեց, թարախապատեց այն և որդեր եփեց նրա մեջ, թագավորական աթոռից իջեցրեց նրան և աղբերի մեջ նստեցրեց, սակայն այս ամենի մեջ հաստատակամ էր նահատակը, իսկ նա դեռևս ավելի էր անզգամանում և բարեկամների նախատիքն էր նրա վրա հարուցում, քանզի գիտեր չարը, որ մարդկանց սիրտը խոցող առավել զորավոր բան չկա քան նախատիքն է: Եվ դա հաստատում է նաև Դավիթը՝ մեծ նեղությունների ժամանակ, երբ ամեն ինչում հույսն Աստծո վրա էր դնում, սակայն նախատիքի ժամանակ խռովեց և Աստծուն վրեժխնդրության կանչեց՝ ասելով. «Թույլ տվեք դրան, որ անիծի… թերևս Տերը, տեսնելով իմ տառապանքները, ինձ բարիք հատուցի» (Բ Թագ. 16:11):

Սակայն այս ամենից հետո էլ չմորմոքվեց արդարը, իսկ նենգավորը տարակուսում էր, թե ինչ ազդու միջոց գտներ: Ապա գտավ կնոջը՝ իր առաջին պատերազմի զենքին, որի միջոցով որսաց առաջին մարդուն՝ կորստյան մատնելով և զրկելով նրան Աստծուց: Իսկ սա նույնիսկ այդ դեպքում էլ պատրանքի մեջ չընկավ՝ ասելով. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք» (Հոբ. 2:10):

Տեսնո՞ւմ ես արդարին, թե ինչպես հաստատուն մնաց փորձությունների մեջ, այդ պատճառով էլ պսակ ստացավ, քանզի նորից ընդունեց Տիրոջ ձեռքից այն, ինչ կորցրել էր և վարձքի հատուցումը կա և մնում է հանդերձյալ կյանքում:

Նույնպես նաև Աբրահամը շատ տարիներ բազում փորձությունների համբերեց, քանզի Աստծո խոստմանը հակառակ բաներ էր ընդունում՝ դժվար և գայթակղիչ, սակայն հավատքի մեջ չէր թուլանում (և խոստմանը երկմտությամբ չէր վերաբերվում), այլ ադամանդի պես հաստատուն էր (մնում), այդ պատճառով էլ արդարացավ և Աստծո բարեկամ կոչվեց և բազում ազգերի հայր եղավ և ըստ մարմնի՝ Աստծո Որդու ծնող:

Տեսնո՞ւմ ես համբերության հաղթանակը: Արդ, սա այսպիսի քաջություն է պահանջում, և դրա համար էլ պսակ է խոստանում, որի համար ասաց. որովհետև եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին:

Արդարև, ճշմարիտ սիրողներին ոչինչ չի կարող շեղել Աստծո սիրուց, այլ իրենց ունեցվածքը, սիրելիներին, նույնիսկ իրենց մարմինն ու կյանքը տվեցին Աստծո սիրու համար:

Նույն սիրո զորությամբ սիրեց նրան նաև առաքյալների դասը, քանզի նրա անվան համար բոլորի կողմից ատելի եղան, հալածվեցին և նախատվեցին, ամբողջ աշխարհի առջև անարգվեցին, բայց Քրիստոսի սիրուց չհեռացան:

Նման ձևով նաև Պողոսը թերևս բոլորի անունից պարծենալով գրում է՝ ասելով. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգները, թե՞ սուրը… ո՛չ մահը, ո՛չ կյանքը… ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները» (Հռոմ. 8:35-38), նաև ո՛չ հուր, ո՛չ բանտ և ո՛չ կապանք «և ոչ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց» (Հռոմ. 8:39):

Տեսնո՞ւմ ես Քրիստոսին ջերմեռանդ սիրողներին, արդ, նրանց բոլորին է խոստանում պսակը, ովքեր հաստատուն եղան փորձությունների մեջ:

Եվ ասաց այն, ինչ բարի էր և Աստծուն հարազատ, և թե ինչ միջոցով է արժանանում հողեղեն և մահկանացու բնությունը Աստծո կողմից անապականության պսակ ստանալուն, և ցույց տվեց, որ փոքր-ինչ խնդրելու դեպքում մեծագույն բաների կարժանացնի և մի փոքր համբերության դիմաց սիրելիներին պսակ է խոստանում, սրանով նա հաստատեց, որ բոլոր բարիքները փորձությունից են առաջանում:

Եվ որպեսզի յուրաքանչյուրը, որ փորձության մեջ ընկնի, բարուն չվերագրի այն և կամ չասի, թե բոլոր փորձություններն Աստծուց են, ավելացնում է. ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձվում», քանի որ Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի:

Պատվիրում է ամբողջովին վանել մտքից այդպիսի խորհուրդները, այսինքն՝ բոլոր փորձություններն Աստծուն վերագրելը, քանզի այն փորձությունները, որ իսկապես Աստծուց են, որքան հաճախ կրկնվեն, այնքան ցնծություն կառաջացնեն, այլ ոչ թե տրտմություն: Ուստի, որքան արտաքին մարդն ապականվի, այդքան աստիճանաբար կնորոգվի ներքինը, քանզի թեթև են համարում այժմյան նեղությունները գալիք փառքի հանդեպ, որ ստանալու են, սրանից դուրս մյուս բոլոր նեղությունները մարմնավոր են և չարից: Այդ պատճառով էլ ովքեր այդպիսի փորձությունների մեջ են ընկնում, չեն կարողանում համբերել և թեև տանջվում ու տառապում են, սակայն նեղվում, տագնապում, տրտմում ու կյանքից հուսահատվում և հանդերձյալում էլ ակնկալիք չեն ունենում: Այսպիսի փորձությունների դեպքում թո՛ղ ոչ ոք չասի, թե Աստծո թույլատու կամքով է փորձվում, քանի որ Աստված չարից չի փորձվում և ինքն էլ այդպիսի փորձությամբ ոչ ոքի չի փորձում: Արդ, նա, ով ամենաբարի է բնությամբ, ոչ ոքի չարի պատճառ չի կարող լինել:

Եվ եթե մեկը սրան ընդդիմանա և ասի, թե այդ դեպքում ինչո՞ւ է ասում. «Ես եմ, որ խաղաղություն եմ անում և հաստատում չարը» (Ես. 45:7): Ապա սրան հեշտությամբ կարելի է պատասխանել: Արժանիներին խաղաղություն, քանզի ինքն է խաղաղություն տալիս, ինչպես որ ասաց, իսկ անարժանների համար նա երբեք չար չի հաստատում, այլ լքում և անօգնական է թողնում, իսկ նրանք էլ ընկնում են զանազան փորձությունների մեջ, ինչն էլ նրանց համար չարիք է կոչվում: Քանզի մարդկանց համար առավել ի՞նչ մեծագույն չարիք կարող է լինել, քան Աստծո կողմից անտեսվելը, իսկ եթե ասես, թե չարիքներ են սուրը, սովը, հրկիզումը և գերությունը, ապա դրանք խրատ են մեղքերի համար, այլ ոչ թե չարություն: Ուստի, ո՞ր մի ըմբոստ որդին չի խրատվում հոր կողմից և ինչպես որ ասվում է. «Տերը ում սիրում է՝ խրատում է» (Եբր. 12:6), այս ամենը նկատի ունենալով՝ ասաց. Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

28.11.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․