20 Մարտ, Դշ, Մեծ Պահքի ԺԷ օր

Գրքեր

Հակոբոս 1.14-15

14. Իւրաքանչիւր ոք փորձի՝ առ ի յիւրո՛ցն ցանկութեանց ձգեալ և պատրեալ:

Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից:

Աստծո մասին ասաց [որ չի փորձվում] և հաստատեց ըստ հարկի օրինակ բերելով, որ եթե Աստված չի փորձվում չարից, ապա չար փորձությունների պատճառը ոչ Աստծուց է և ոչ էլ Աստծո համար, այլ՝ չար ցանկությունների համար, այդ պատճառով էլ ասում է. Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից:

Ինչպես օրինակ, շատ մարդիկ կան ասում է, որ տարբերվում են միմյանցից բարությամբ և տարբեր հատկություններով, այդպես էլ ցանկություններով են տարբերվում: Քանզի տարբեր տեսակի ախտեր սկզբնավորվելով մարդու մեջ և տիրելով նրան՝ նրա մեջ ցանկություն առաջացրին և նրա բնությունը մեղավոր դարձրին, և այդ ցանկությունները՝ առանց մեծ աշխատանքի և քրտինքի չեն կարող մարդուց հեռանալ: Նման ձևով պարանի նման իրենց կողմն են ձգում մարդու միտքը և շղթայի պես իրար են կապում և անխտիր անվայել արարքներ են գործել տալիս. մեկին սպանություն, մեկին շնություն և վավաշոտ ցանկություններ, մեկին գողություն, մեկ ուրիշին՝ ագահություն և անհնազանդություն և այս ամենից էլ ծնվում են փորձությունները, դրա համար էլ ասաց. յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից:

Արդարև, ինչպես որ նախապես ասեցինք, թե պարանի պես միմյանց քաշում են մեղքերը, այդպես էլ սա է ասում՝ հրապուրվելով և խաբվելով: Իսկ մարգարեն ողբալով ասում է. «Վա՜յ նրանց, ովքեր կարծես երկար պարանով իրենց մեղքերն են քարշ տալիս և ասես երինջների լծափոկով՝ իրենց անօրինությունները» (Ես. 5:18): Իսկ խաբվելով, այսինքն՝ մեղքերն ընդունելով և հավանություն տալով և դրանք գործելու մեջ հեշտանալով:

Արդ, ով այսպիսի ցանկությունների մեջ բռնվում է դատավորի կողմից, ասում է, չարչարվում է և բանտի տանջանքների ու կապանքների ենթարկվում կամ կախաղան է բարձրացվում և կամ որպես տուգանք իր ունեցվածքն է տալիս, կամ նմանատիպ այլ տանջանքների ու փորձությունների է ենթարկվում, և սրանք է, որ պետք չէ Աստծուն վերագրել և բարիքների հատուցում ակնկալել, այլ՝ չարիքների, այդպիսին ըստ իր ցանկությունների էլ շնորհ է ունենում, կամ մեղք կուտակում:

Աստծո դատաստաններն արդարացնելուց և զրպարտողներից ազատելուց և նրանց համարելով այն չարիքների պատճառը, որ իրենց վրա են գալիս, այնուհետև ցանկանում է ցանկությունների մեջ ընտրություն կատարել և որոշել, թե որն է լավ և որը՝ վատ:

Եվ ցույց է տալիս, որ այն բոլոր ցանկությունները, որ աշխարհային են և մարմնական՝ խաբկանքի պատճառով առաջացած, ապա մեղք են ծնում: Եվ ինչպես օրինակ մի կենդանու սերմից հղանում է մի ուրիշ կենդանի և բոլորից գաղտնի պահում է իր մեջ, մինչև որ իր արգանդում ձևավորվում է և զարգանում բոլոր անդամներով, և ապա, երբ ծնվում է, նոր երևում է, թե ում է նման: Այդպես էլ ցանկությունները, վերցնելով սերմը տեսողական և լսողական իրողությունների կերպարանքից, ինչ-որ տեսան և լսեցին, և այն տեսնողներից գաղտնի հղանում է մտքում և երբ գոյանում է և կատարյալ չարիքների կերպարանք ստանում, այդ ժամանակ բոլորի առջև բացահայտորեն ծնում է այն մեղքը, որ մտքում էր հղացրել. դա կարող է լինել թե սպանություն, թե անառակություն, թե գողություն, թե ագահությունս և նմանատպ այլ բաներ: Այդ պատճառով էլ ասաց.

15. Ապա այնուհետև ցանկութիւնն յղացեալ՝ զմե՛ղս ծնանի:

Այնուհետև ցանկությունը, հղանալով, մեղք է ծնում:

Չար սերմից չար հղիություն է առաջանում, իսկ չար հղիությունից՝ չար ծնունդ: Այս մասին նաև մարգարեն սաստկությամբ ասաց. «Չարիք հղացավ և անօրինություն ծնեց» (Սղմ. 7:15): Արդարև չարիքները հոգու մեղքերն են, և ինչպես որ բարձր ջերմությունն է չարչարում մարմինը, այդպես էլ մեղքերը՝ հոգին, կամ ինչպես չարորակ ուռուցքն է ախտահարում և մաշում ամբողջ մարմինը, այդպես էլ անօրինությունները՝ հոգին:

Այս ամենը տեսնելով Պողոսը զգուշացնում է. «ո՛չ թե ցանկության կրքով, ինչպես այլ հեթանոսներ» (Ա Թես. 4:5), քանզի ինչպես որ մարմնի ցավն է նեղություն տվող և տագնապեցնող, այդպես էլ հոգու ցանկությունը պատերազմող է, և ջերմացնող մեղքի օրենքի հանդեպ և պատերազմում է նաև Աստծո հետ:

Եվ ինչպես որ օձի ծնունդը չի համբերում ծնվելուն, այլ չարությամբ պատռում է որովայնը և դուրս գալիս՝ սպանելով ծնողին, ապա դրանից առավել վատ է չար մեղքի հղությունը, քանզի ծննդագործող մասեր չունի, որովհետև դրսից է ներմուծված և բնական չէ, այդ պատճառով էլ ծնվելով՝ սպանում է ծնողի հոգին: Ուստի և ասաց.

և մեղքն կատարեալ՝ զմահ ծնանին:

և մեղքը, հասունանալով, մահ է ծնում:

Տեսնո՞ւմ ես, թե չար ծնունդները որտեղի՞ց են սկզբնավորվում և ինչի են հանգեցնում, ուստի պետք է մեզ անդադար աղոթելով Աստծուն և արտասվելով՝ մարգարեի խոսքերն ասել. «Տո՛ւր նրանց, Տեր, անորդի արգանդ և ցամաքաց ստինքներ» (Օսէ. 9:14), որպեսզի չկարողանան մեղք ծնել և մահ կերակրել՝ Աստծո պատկերն ապականող: Սրա նմանությամբ էլ ասաց, թե չար վարդապետների ուսմունքը նույնպես չար է, և հատկապես չար սերմի մշակումը նույնպես չար է, քանզի այդպիսի չար սերմերի և վնասակար ուսմունքի սերմանողը բանսարկուն է, իսկ վարդապետներն ու մարդիկ աշակերտաբար ընդունելով՝ առաջին մարդուց սկսած, հակառակ և չար մշակությամբ են մշակում՝ արդարությունն արմատախիլ անելով և մոլեխինդի արմատ տնկելով՝ Աստծուն դառնացնող և մարդկանց սպանող, ուստի և ասաց. մեղքը, հասունանալով, մահ է ծնում: Արդ, մարգարեն էլ Սուրբ Հոգու միջոցով ասում է. «ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի» (Եզեկ. 18:4), այսինքն՝ հոգին այնքան ժամանակ է կենդանի, քանի դեռ մաքուր է և սուրբ մեղքի ախտերից:

Իսկ բանսարկուի բորբոքված նետերից ծանր վերքերով խոցվածը և առաջին չարի թույնն իր մեջ ընդունածն այլևս կենդանի չէ: Ինչպես, օրինակ, ցավերից մեռած մարմինն անշարժ է և այդպես էլ մնում է, դրվում է գերեզմանի մեջ և անհայտ կորչում, նեխում և փտում, ապականվում և որդեր առաջացնում, այդպես էլ մեղքերի մեջ մեռած հոգին մարմնի մեջ է գտնվում՝ կարծես գերեզմանի և դիակի մեջ շրջում է անասունների պես՝ նեխած, փտած և ապականված և տարատեսակ չար որդեր ծնած: Ուստի ո՞ր մեռելի գարշահոտությունը և կամ նեխած մարմնի դառնությունը կարող է հավասարվել մեղքերի նեխվածության և գարշահոտության հետ:

Այս ամենն իր վրա վերցնելով և զգալով մեղքերի դառնությունը՝ Դավիթն ասում է. «Վերքերն իմ նեխեցին ու փտեցին անզգամությանս հետևանքով» (Սղմ. 37:6): Եվ ոչ ոք թո՛ղ սրան ընդդիմանալով չասի, թե ահա մեղավորները կենդանի են, շրջում են, գնում, խոսում և գործում և նրանց մոտ ամեն ինչ հաջողվում է:

Բայց դու անբան կենդանիների օրինակն իմ առջև մի՛ դիր, քանզի ահա անասուններն էլ շնչավոր են և որպես կենդանի արարած շրջում են, տեսնում, լսում, գործում, արածում, սակայն իրական կենդանիներ չեն, այլ՝ շնչավոր և ոչ հոգևոր, նմանապես նաև մարդը, ունենալով մեղքերի մեջ մեռած հոգի, շնչավոր է և ոչ հոգևոր:

Նաև, եթե ցանկանում ես, առաջին մարդուն նայի՛ր, քանզի դատավճռից հետո, որ դրվեց նրա վրա՝ մահվան դատապարտելով, թեև շատ տարիներ կենդանի մնաց, բայց կենդանի չէր, այլ մեռած էր համարվում: Այսպես է նաև յուրաքանչյուր մարդ, որ մեղանչում է, ներքև է ընկնում ըստ այս ասողի վճռով. «ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի» (Եզեկ. 18:4), իսկապես կենդանի չէ, այլ շնչավոր պատկերի, կամ ստվերի պես շրջում է երկրի վրա, կամ ինչպես «քնից արթնացող մարդու երազ» (Սղմ. 72:20):

Եվ քանի որ Աստծո խոսքն է դատապարտում, ապա դու մի՛ ընդդիմացիր, քանզի ահա Պողոսն էլ այդպիսիներին շնչավոր է կոչում, այլ ոչ թե հոգևոր՝ ասելով. «ոչ հոգևոր մարդը Աստծո Հոգուց եկած ճշմարտությունները չի ընդունում, որովհետև այդ հիմարություն է նրա համար» (Ա Կորնթ. 2:14):

Այս ամենը լսելով, սիրելիներս, երկյուղենք, աղաչում եմ, երկյուղենք և առավել ևս երկյուղենք, քանզի մեր առջև մեծ և անհաղթահարելի տագնապ է: Ուստի, քանի դեռ կենդանի ենք, ապա սրբերից այս ամենը լսելով պետք է երկյուղենք և դողանք, իսկ երբ իսկապես մեռնենք և դատապարտվենք, ի՞նչ կարող ենք անել և կամ ո՞ր մի խավարը մեզ չի ընդունի, քանզի այսպես ապրելով և ծուլությամբ ենք տնօրինում մեր կյանքը և մեր մեռած հոգին նորից կրկնակի և բազմակի անգամ սպանում:

Արդ, ո՞ր անպատշաճություններն են, որ մեզ չեն իշխում և կամ ո՞ր ցանկություններն են, որ չեն ծնվում մեր մեջ, և ո՞ր մեղքերն են, որ չեն գերում մեզ և ստրկացնում և մենք ազատների ու անմեղների պես շրջում ենք աշխարհում ո՛չ Աստծո դատաստանից երկյուղելով և ո՛չ էլ մարդկանցից ամաչելով:

Եվ արդ, առաջինը ո՞ր մեղքի համար սկսեմ մեղադրել և կամ ո՞րը առաջնային համարեմ, քանզի անթիվ են և անհամար և դրանցից ոչ մեկը գերադաս չէ, որովհետև բոլորն էլ զազրելի են, գարշելի և նողկալի, սակայն պատել են մեզ և մենք էլ խոզի պես թավալվում ենք դրանց մեջ՝ ինչպես տիղմի:

Արդ, ո՞վ չի ողբա մեր մտքի կուրության համար կամ ո՞վ չի լացի մեր ցավալի և տանջալի կյանքի համար և կամ ո՞վ կազատի մեզ այնտեղի տանջանքներից, քանզի այն, ինչից պատերազմելով հրաժարվում ենք, ապա նորից սիրելիների պես գրկաբաց ընդունում ենք, և ինչից որ  հանապազ մեռնում ենք, դրանց որպես բարեկամներ ողջունում ենք:

Եվ դրանք մարմնի ցանկություններն են, արդ, նախ և առաջ տեսնենք, թե ի՞նչ են և որտեղի՞ց են առաջանում:

Ցանկություն են մարմնավոր կենցաղային պատրանքները և այն ամենն, ինչ առաջանում են վայելչական որևէ բան տեսնելիս՝ հատկապես գեղեցիկ մարմին և դեմք, սակայն առաջանալու պատճառները տեսնելը կամ լսելը չեն: Քանզի նախ տեսողականն ու լսողականն են հեշտանում, որից էլ առաջանում են ցանկությունները, հատկապես՝ ծույլ կամքից և լկտի խորհուրդներից:

Հատուկ չեմ նշում վավաշոտ ցանկությունը, որ գեղեցիկ մարմնի հանդեպ բուռն ցանկությունից է առաջանում, այլև ոսկու և արծաթի հանդեպ ունեցած ցանկությունը, գեղեցիկ նյութի և կերակուրների հանդեպ տենչանքը և օտար իրերի հանդեպ բաղձանքը, փառամոլությունը, նաև այնպիսիները, որոնք բուռն ցանկություն են առաջացնում և որոնցից մեր մեջ մեծագույն մեղքեր են ծնվում:

Քանզի ձեզանից ո՞վ է մաքուր բուռն ցանկությունից՝ գարշելի և պոռնկական վավաշոտ ցանկությունից, որով շրջում ենք, ինչպես շունը՝ շղթայով կամ սպանդի տարվող արջ և կամ նետով լյարդից խոցված եղջերու, որով մշտապես անհայտ շնություններ են գործվում մեր մեջ, ըստ տերունական դատաստանի (տե՛ս Մատթ. 5:28):

Ո՞վ է ազատ ագահությունից, որ երկրորդ կռապաշտությունն է, ո՞վ է, որ չի աստվածացնում իր որովայնը և խնամք չի տանում իր ամոթալիքներին, որպես չար տիկնոջ: Ո՞վ է, որ փառքի չի ձգտում և չի ծառայում մարդկային գովասանքների համար: Ո՞վ է, որ չի ցանկանում ընկերոջ ունեցվածքը, կամ չի նախանձում և չի գողանում:

Արդ, ահա այս և սրանց նման մյուս մեղքերը ցանկությունից են առաջանում, որոնց իրագործումից էլ մահ է ծնվում: Եվ ահա, ինչպես ցույց է տալիս օրինակը, մենք բոլորս էլ մեղքերով մեռած ենք, դիակի պես շրջում ենք նեխած և ապականված, սակայն չենք զգում, չենք արտասվում և չենք հառաչում, չենք սգում և խավարով չենք ծածկում մեզ, այլ նման ենք խելագարների, ովքեր իրենք իրենց վնասում են և չեն զգում: Արդ, ո՞վ է մեզանից թշվառ և եղկելի, մենք, որ մեռած լինելով հանդերձ կենդանու պես շրջում ենք, ուտում, խմում, հագնվում ենք և զարդարվում սպիտակեցված գերեզմանների պես, սակայն ներսից լի ենք ամեն տեսակ գարշություններով և պղծություններով: Ուրախանում ենք, խնդում և ծիծաղում, մինչդեռ պետք էր որպես մեռելի սգալ մեր անձերի վրա: Ուստի, ինչո՞ւ ոչ ոք մեռած մարմին տեսնելով չի կարողանում առանց արտասուքի անցնել, որքան էլ որ նա անզգա լինի, իսկ ահա հոգին մեռած տեսնելով ինչո՞ւ չենք արտասվում:

Ո՞վ է այնքան անգութ, որ տեսնելով իր արյունակից հարազատին, եղբորը, որդուն կամ հորը մեռած, չի ճչա և արտասուքներով չի կորցնի իրեն, չի պոկի մազերը, երեսը չի ծեծի և չի սգա, իսկ մենք ո՛չ թե եղբայր, որդի կամ հայր ենք տեսնում մեռած, այլ՝ մեր անձերը, որ բոլորից առավել հարազատ է մեզ և չենք աղաղակում, չենք արտասվում, մեր մազերը չենք պոկում և երեսը չենք ծեծում: Ապա ո՞վ մեզ ողորմության կամ թողության արժանի կհամարի, քանզի այլոց վրա արտասվում ենք, իսկ մեր վրա չենք արտասվում ողբալով, ուրիշների համար սգում ենք, իսկ մեզ համար՝ ո՛չ, ուրիշների համար երես ենք ծեծում և արյուն ենք կաթեցնում, իսկ մեզ համար կուրծք չենք ծեծում, ուրիշների համար սև զգեստներ ենք հագնում, իսկ մեզ համար՝ երբեք: Եվ ահա, կորստյան կմատնվենք, եղբայրնե՛ր, եթե չսթափվենք այս խելագարությունից: Արդ, մեզ համար ողբանք, մեզ համար հառաչենք և մեզ համար լացենք ու հոգոց հանենք և մեզ համար արցունքի փոխարեն արյուն հոսեցնենք, մեզ համար սովատանջ լինենք և ծարավից մաշվենք, մեզ համար աղքատություն կրենք և մերկությանը, նախատիքներին, բամբասանքներին, զրկանքներին և անպատվություններին համբերենք, մեզ համար այս անցավորն արհամարհենք և գալիքի հույս ունենանք:

Թո՛ղ անհույս չկորչենք, եղբայրներ, և մեռելային վիճակի մեջ չմնանք, քանզի մեր առջև կա և կմնա սքանչելի հարության հույսը և նույն ինքը՝ մեզ հարություն տվող Հիսուսը: Եվ քանի դեռ մեր հոգին մեղքերի մեջ մեռած է Հիսուսի բարեկամ Ղազարոսի պես, ապա կանչենք նրան խոստովանությամբ և նա կմոտենա մեզ ողորմությամբ և մարդասիրությամբ: Նրա առջև ընկնենք, ինչպես Ղազարոսի քույրերը, աղաչենք, արտասվենք և ասենք, թե Տեր, եթե այստեղ լինեիր, մեր հոգին չէր մեռնի: Եվ եթե հարցնի, թե՝ ո՞ւր դրիք նրան, պատասխանենք, թե՝ արի՛ և տե՛ս: Գիտեմ և հավատում եմ, որ նա իսկապես լաց կլինի, քանզի խնամող է և գթած, քանզի եթե մեռած մարմին տեսնելով արտասվեց նրա վրա, ապա առավել ևս հոգին տեսնելով մեռած որքա՞ն առավել կափսոսա: Քանզի չկա առավել ծանր բան, որ մեր Տիրոջը ցավ պատճառի, քան մեղքի մեջ մեռած և նեխած հոգին, քանզի կարեկից է մեր բնությանը և ըստ աստվածության, խնամակալ և ըստ մարդկության մեզ մոտ գտնվելով մեր բոլոր նեղություններն իրենն է համարում:

Եթե ասի, թե վերցրեք չարիքների ծանրության վեմը, թո՛ղ ոչ ոք ծույլ չգտնվի այդ հրամանի հանդեպ և թո՛ղ չասի, թե ահա հոտել է, քանզի դա ինքն էլ գիտե, որովհետև ամենագետ բնություն է, և ամեն ինչ նրան հանձնենք, այլ միայն վերցնենք վեմը՝ խոստովանությամբ, իսկ նա ձայն կտա, թե՝ դուրս արի՛ ո՛չ թե քառօրյա գերեզմանից, այլ բազմամյա դժոխային մեղքերից: Եվ մենք չմնանք ներսում, այլ արագ դուրս գանք՝ ոտքի կապանքները և պատանքները քանդելով:

Արդ, այս սոսկալի հարությունը ո՛չ միայն ինքը իրագործեց՝ իր ամենահնար զորությամբ, այլ դրանից առավել մեզ է պարգևում գործել, եթե ցանկանանք, այսինքն՝ մեր հոգիների հարությունը: Իսկ ինչպե՞ս եթե ուզենք, թերևս եթե հավատքով խոստովանենք և ապաշխարենք, եթե Աստծուն կանչենք, եթե տխուր ու տրտում շրջենք, եթե սգանք, եթե ի խորոց սրտի աղաչենք, եթե աչքերից արտասուքների աղբյուր բխեցնենք, եթե խոնարհ ու հեզ լինենք, եթե ողորմած ու տկարներին կարեկցող լինենք, եթե մերկերին հագցնենք և օտարներին հյուրընկալենք, եթե հիվանդներին տեսության գնանք և բանտարկյալներին մխիթարենք, եթե մեր հացը սովածին տանք և ծարավածներին հագեցնենք:

Ահա սրանք են մեղքի մեջ մեռած հոգու դեղերը, որոնք կենդանացնում են նրան, ըստ Աստծո, և հարություն տալիս չարիքների մեջ գլորումից:

Ասա ինձ, եթե տեսնեիր, որ մեկը քո առջև մեռելին հարություն է տալիս, չէի՞ր հիանա, չէիր պատվի նրան ինչպես Աստծո պատկերի, սակայն առաքյալների զորությամբ իսկ չես զարմանում, իմանալով, որ Քրիստոսի շնորհով էին մեռելներին հարություն տալիս: Մի՞թե չես նախանձում և ցանկանում այդ շնորհին, որն այնքան էլ զարմանալի չէ, որովհետև նրանք Քրիստոսի զորությամբ էին գործում, այլ ոչ թե իրենց տկարությամբ: Հետևաբար, եթե նրանց երանի ես տալիս այդ բանի համար, իսկ ինչո՞ւ ես արհամարհում քո ձեռքիդ տակ ունեցածը՝ հոգուդ հարությունը, որ Աստծո համար առավել պատվական է քան ցանկացած մարմին, քանզի ինչպես որ հոգիդ ավելի մեծ է քան մարմինդ, ապա Աստծո համար առավել մեծ է և հարազատ հոգու հարությունը քան մարմնի: Նույնիսկ առավել մեծ է, քան այն մարմինների հարությունը, որ առաքյալները գործեցին Հիսուս Քրիստոսի անվամբ, քանզի մահկանացուներ էին, թեև հարություն էին առնում, սակայն հետո նորից մեռնելու էին: Իսկ մենք մեր տաժանակիր նեղություններով, անմահ հոգին, որ մեր մեղքերի պատճառով մահկանացու դառավ, հարություն տանք և նորից առաջին անմահության վիճակին հասցնենք, որպեսզի հավիտյանս կենդանության մեջ մնա:

Եվ արդ, քանի որ այդպիսի հույս ունենք, չհրաժարվենք և մեր ծուլությամբ չմատնենք մեր փրկությունը, այլ առաքինի լինենք և կատարենք Աստծո պատվիրաններն առանց երկմտելու, խոստովանությամբ ջնջենք մեր մեղքերը և թարախակալված հոգու վերքերն ապաշխարության արցունքներով լվանանք, մաքրենք մեր անձերը և ձյունից առավել սպիտակ դարձնենք, որպեսզի խոստացված բարիքներին հասնենք՝ շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր և Փրկիչ Հիսուսի Քրիստոսի, որի հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

 

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

06.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․