Գրքեր

Հակոբոս 1:26

26. Եթէ ոք կամիցի կրօնաւոր լինել, և ո՛չ սանձահարեսցէ զլեզու իւր, այլ զբաղէցուցանիցէ զսիրտն իւր, այնպիսւոյն վայրապա՛ր է կրօնաւորութիւնն:

Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը:

Ամեն տեսակ առաքինության համար մեզ կամք է պետք, և առաջնայինը կամքն է, որովհետև կամավոր է առաքինությունը և բռնի չի կատարվի, հետևաբար Աստված մեզանից հարկադրաբար չի պահանջում այդ և ոչ էլ կամենում է որևէ մեկին բռնությամբ իրեն ծառայեցնել, այդ պատճառով էլ գեհենով սպառնաց և արքայություն խոստացավ, և լսողի կամքին թողեց, որպեսզի նա իր ազատ կամքով իր համար բարին ընտրի: Այդ պատճառով էլ այստեղ կամքն առաջ է դնում. եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել: Նույնը նաև Տերն էր սովորեցնում ուրիշ բառերով, սակայն նույն մտքով, քանզի նույն միտքն արտահայտվում է տարբեր բառերով, որովհետև սա ասում է. եթե մեկն ուզում է բարեպաշտ դառնալ, իսկ Տեր՝ «եթե մեկը կամենում է հետևել ինձ» (Մատթ. 16:24):

Չեմ բռնադատում, ասում է, և ոչ էլ հարկադրաբար եմ կանչում, այլ յուրաքանչյուրին թողնում եմ, որ ըստ իր կամքի շարժվի. թե՛ տղամարդ և թե՛ կին, թե՛ հրեա և թե՛ հեթանոս, թե՛ տեր և թե՛ ծառա, չեմ մերժում, ասում է, այլ միայն իրենց կամքն եմ նայում: Այստեղ նույնպես դա է պահանջում. եթե մեկն ուզում է բարեպաշտ [կրոնավոր] լինել:

Կրոնավորությունը գրքերում ժուժկալություն է կոչվում, և ժուժկալությունը ինքնին առանձին չի կարող օգտակար լինել, եթե նրան զարդարող մյուս առաքինությունները իր հետ չլինեն: Քանզի ծառն այն ժամանակ է վայելուչ երևում, երբ ընտիր պտուղներ է տալիս, իսկ եթե զուրկ է պտուղներից, ապա անպտուղ է և անպիտան:

Այսպես է նաև կրոնավորությունը, որը աստվածատունկ ծառ է՝ մարդու մտքի մեջ բուսած ինչպես կենաց ծառը դրախտի մեջ՝ որպես պտուղ ունենալով առաքինությանը՝ հավիտենական կենդանության մորը:

Բայց նախ և առաջ տեսնենք, թե ինչ է կրոնավորությունը, որտեղից է առաջանում և ինչից ստացավ այդ անունը: Կրոնավորությունը աշխարհից առանձնացումն է և անզբաղ կյանք վարելը և ժուժկալությամբ իր կյանքը տնօրինելը թե՛ կերակրի մեջ, թե՛ ըմպելիքի, թե՛ քուրձ և կոշտ ու անշուք հագուստներ հագնելու, անկոշիկ գետնի վրա քայլելու, նաև խոսքերում, խորհուրդներում և նույնիսկ նայելու մեջ և նմանատիպ այլ բաներում, որտեղից սկսվում է ժուժկալությունը մինչև կատարումը, ահա այս ամենը կրողն է կրոնավոր կոչվում:

Իսկ կատարելության է հասնում նա Քրիստոսի լծով և պատվիրանների բեռով, քանզի խոնարհությամբ իր ուսն այդ բեռի տակ դրած՝ մեջքի վրա կրում է այն. ո՛չ նեղված սրտով, ո՛չ ստիպողաբար, ո՛չ երկյուղից դրդված, ո՛չ վարձքի ակնկալիք ունենալով, այլ՝ հանուն սիրո, սա է մեծագույն կրոնավորությունը:

Իսկ այդպես կոչվեց ջերմեռանդ հավատքի պատճառով, քանզի Սուրբ Գրքում ամեն տեղ հավատքը կրոն է կոչվում, քանզի այսքան առաքինությունների ժուժկալությունը հավատով են կրում մարդիկ:

Եվ կամ հատուկ կրոնավորություն է համարում կուսությունը, և անախտ ու անզբաղ կյանքը, քանզի նա, ով կույս է, Տիրոջ մասին է հոգում, թե ինչպես հաճելի լինի նրան: Սա է երկնային բնակիչների իրական պատկերը՝ հաճելի լինել Աստծուն, նոր կերպ հաղորդելով մարդկային կյանքին՝ հետևելով հավատքի ճշմարտությանը, առաջին ժողովրդի պես բազմամարդության և անմաքուր անկողնու փոխարեն առաքինության որդիներ ծնել անապական կուսությամբ:

Սակայն կարծում եմ, թե կրոնավորության սկզբնավորումն ինքն է դնում [Հակոբոսը] և իր կրած ճգնություններով է չափում քրիստոնյայի վարքը: Կամ մարգարեությամբ  տեսնում է ապագայում կրոնավորության վարքն ու ձևը, կերպարը, բնակության կերպը, կերակուրը, զգեստները, և զատվելը խառնակյաց մարդկանցից թե՛ անվամբ և թե՛ կենցաղով,  և ինչպես որ հեթանոսներից հրեաներին էին [զատվում], հրեաներից՝ քրիստոնյաները, այդպես էլ քրիստոնյաներից՝ կուսակրոնները:

Արդ, այս ամենն իրապես տեսնելով և նաև տեսած լինելով ոմանց հրեշտակակերպ կյանքը, լռությունը, առանց ավելորդությունների խոսքը՝ շնորհներով լի, ինչպես աղով համեմված, և ոմանց էլ մարմնականին տրված, ծուլությամբ և դատարկությամբ կրոնավարելը (ինչպես նաև անսանձ լեզուն), խախտելով ամեն ինչ՝ ի կորուստ իրենց անձերի և ի գայթակղություն տեսնողների, այդ պատճառով էլ ջանաց բարենորոգել ցանքը, որպեսզի այն գեղեցիկ այգին, որ տնկվեց անեղ աջով, չապականվի վայրի վարազի կամ նենգ աղվեսի կողմից:

Այդ պատճառով էլ խստագույն խրատ է տալիս՝ ասելով. եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը:

Այս ամենով նա ցանկացավ ցույց տալ մարդու մեծ աղետը և մեծագույն անմտությունը, որ եթե այս դժվարին ճգնությամբ արիաբար դիմադրի և բնության դեմ կռվի, սակայն փոքր բանում թուլություն ցուցաբերի և ծառայի [որևէ կրքի], այսինքն՝ առաքինությամբ ձեռնամուխ լինի կրոնավորությանը և սիրով ամբողջովին այն կատարի՝ անտանելիներն ու դժվարակիրները, սակայն չարախոսության և զբաղումների պատճառով ամեն ինչ կկորցնի: Սակայն, եթե մեկը ցանկանա, կարող է հեշտությամբ այդ ամենից ազատվել:

Արդ, չկա առավել ողորմելի և թշվառ, քան այն մարդը, ով այսպիսի բարիքներից զրկվի, որ օրվա ծանրությունն ու տոթը կրի, բայց վարձք չստանա, և առավել ևս, որ վտարվի: Ուրեմն, տեսեք այն վճիռը, որ ասում է. այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը:

Ինչպիսի՞, որ կրոնավորի արտաքին կերպարանքն է առել և մարդկանցից հեռացել է, քուրձով և ոտաբոբիկ է շրջում ու չափավոր ուտում, սակայն իր լեզուն չի սանձում և իր սիրտը զբաղումներից արթուն չի պահում, այդպիսի մեկի համար, արդարև, զուր է բարեպաշտությունը: Ով անդարպաս բերան ունի և անսանձ լեզու, որ անիծող է, հայհոյող, որ բամբասող է և տրտնջող, զրպարտող է և չարախոս, բանսարկու է և ստախոս, դատարկաբանող՝ կատակերգու, և ծաղրածու՝ թշնամացնող և դատարկախոս, ապա իրավացի ասաց. այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը:

Բայց նաև կարծում եմ, թե սա ասելով՝ հանդիմանում է այն հրեաներին, որ հավատք ասելով հասկացան կրոնը և ժուժկալում էին ըստ օրենքի, և օրենքից էլ վեր, ըստ Քրիստոսի Ավետարանի, սակայն բամբասում էին հեթանոսությունից քրիստոնյա դարձածներին: Նաև այն առաքյալներին, որ հեթանոսների մոտ էին մտնում, մեղադրում էին և խտրականություն դնում նրանց մեջ, ինչպես որ ինքը՝ երանելի Պողոսն է ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարավոր հավատացյալ հրեաներ կան, և բոլորն էլ նախանձախնդիր են օրենքին: Բայց քո մասին իրազեկ եղան [այսինքն՝ խռովվեցին], թե ուսուցանում ես հրաժարվել Մովսեսի օրենքից» (Գործք 21:20-21): Եվ Պետրոսն էլ, երբ Երուսաղեմից գնաց Կոռնելիոսի մոտ, հրեաներից ոմանք մեղադրում և բամբասում էին նրան, թե անթլփատ մարդու տուն գնաց և նրա հետ հաց կերավ: Եվ բոլոր եկեղեցիների հանդեպ անհանդուրժողականություն էին ցուցաբերում նրանք, ովքեր կենտրոնացած էին օրենքի խտրությունների՝ շաբաթապահության, զոհաբերությունների և թլփատության վրա: Հետևաբար գրեց նրանց և հանդիմանեց՝ ասելով. եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել. այսինքն՝ հավատացյալ, ժուժկալ, համբերող, և չի սանձահարում իր լեզուն՝ բամբասանքից, այլ զբաղեցնում է իր սիրտը օրենքի խտրությամբ, այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը: Արդ, եթե նրանց համար ասաց այս խոսքը, ովքեր հրեությունից քրիստոնյա էին դարձել, և ապա ընդհանուր օրենք դրեց և խրատեց, ուրեմն թող ոչ ոք չզարմանա սրա վրա, քանզի բոլոր մարգարեներն էլ Աստծուց ստանալով՝ խոսեցին և պատգամներ տվեցին Իսրայելի ժողովրդին, սակայն դրանք ընդհանրական դարձան ամբողջ մարդկության համար:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

07.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․