Գրքեր

Հակոբոս 1:27

27. Կրօնաւորութիւն սուրբ և անարատ առ ի յԱստուծոյ և ի Հօրէ (լուսոյ)՝ այս է. այցելու լինել որբոց և այրեաց ի նեղութեան իւրեանց, անարատ պահել զանձն յաշխարհէ:

Սուրբ և անարատ բարեպաշտությունը Աստծու և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձը աշխարհից:

Երբ հանդիմանեց բարեպաշտությունը՝ այն նմանեցնելով սպիտակեցրած գերեզմանների, որոնք, սակայն, ներսում լի են գարշահոտությամբ, կամ ինչպես տերևախիտ ծառ, սակայն զուրկ առատ պտուղներից, և ցույց տվեց, որ դրանից ոչ մի օգուտ չկա, քանզի իզուր են և դատարկ ու մաս են կազմում չարին:

Ապա, որպեսզի բոլորովին անհույս չլինեն, ցույց է տալիս այն բարեպաշտությունը, որ Աստծուց է. բարեպաշտությունը սուրբ է և անարատ, այսինքն՝ լույսի Հորից է, երբ ամեն տեսակ հակասական կրքերից անխառն է ու անբիծ:

Ամեն տեղ, երբ երանելին ցանկանում է խոսել մեծագույն բաների մասին, ամեն ինչի սկիզբը Հորից է բխեցնում, որպեսզի այն առավել փափագելի դարձնի լսողի համար: Ինչպես որ վերում ասաց. ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից: Այստեղ նույնպես ցանկանալով լսողների համար հավաստի դարձնել կրոնավորության ժուժկալությունը և համբերատարությունը, և թե որտեղից է այն սկիզբ առել և դրա շնորհիվ ուր կարող են բարձրանալ, հետևաբար ասում է, թե լույսի Հորից է: Քանզի ինչպես որ նա է ամեն ինչի սկիզբ և բարության աղբյուր, այդպես էլ այս մեծագույն բարիքը՝ իրենից սկզբնավորված, տրվել է մարդկային ազգին: Եվ ինչպես որ ինքն է լույս՝ անմասն խավարից, ապա լույս է և իրենից սկզբնավորված ամեն ինչ: Լույս է նաև կրոնավորությունը, և առավել պայծառ, քանզի լույսի Հորից է սկիզբ առել և գոյացել: Եվ ինչպես որ քրիստոնեության անունը Քրիստոսից վերցվեց, նույնպես նաև ամեն տեսակ կրոնավորություն, որ Հոր անվամբ կոչվեց՝ պատվելով լույսի Հորը՝ նրա անունը վերցրեց:

Այդ պատճառով էլ ասաց. սուրբ և անարատ բարեպաշտությունը Աստծու և Հոր առաջ այս է. այցելել սրբերին և այրիներին իրենց նեղության մեջ: Ողորմության և գթության օրինակ դրեց մեր առաջ, և ինքն էլ՝ Աստված, մեզանից ամեն տեղ ստուգապես այս է պահանջում, որպեսզի մերն էլ իր մարդասիրությամբ չափի: Ընդ որում ինքն էլ ասաց. «ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու» (Մատթ. 7:2), կամ ինչպես որ ասաց. «արդարադատ եղե՛ք որբերի հանդեպ, իրավունք տվե՛ք այրուն» (Ես. 1:17), և ապա ի՞նչ է ասում սրանց փոխարեն. «եթե ձեր մեղքերն արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որթան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ» (Ես. 1:18): Ով նորից ասում է. «պանդուխտներին մի՛ չարչարեք, ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջեք» (Ելք 22:21-22):

Նմանատիպ օրինակով նաև այստեղ է պատվիրում կրոնավորին, որ ըստ Աստծու [կամքի] ընթանա, որն է՝ այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ: Նեղությունը երկու կերպ կարելի է հասկանալ. նեղություն, որ կրում են անիրավների և զրկողների պատճառով, որը չենք կարող անտեսել, և կամ ցանկանում է ցույց տալ, որ այրիությունն ու որբությունը ինքն իրենով սաստիկ նեղություն է, քանզի ի՞նչ կա ավելի ողորմելի բան, քան այրի մնացածն է, կամ ի՞նչ կա ավելի արտասուքի արժանի, քան հորից կամ մորից որբ մնացած երեխաները:

Ուստի, Աստված իմանալով սրանց դժվար և անելանելի վիճակի մասին, օրենք է հաստատում, որպեսզի հոգ տանեն նրանց մասին, և նրանց ցուցաբերած շնորհը ինքն է ընդունում ու նաև վարձք է խոստանում, իսկ զրկողների հանդեպ վրեժխնդիր  է լինելու, այդ պատճառով էլ ասում է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ:

Ինչպես որ Հոբն էր ժուժկալ և բարեպաշտ, որ պարծենալով ասում էր, թե հայր է որբերին և դատավոր՝ այրիներին (հմմտ. Հոբ. 29:12-16), մարգարեն ևս Աստծու մասին այսպես էր ասում. «Որ հայրն է որբերի և դատավորն՝ այրիների» (Սղմ. 67:6): Ապա ուրեմն, բարեպաշտի համար չկա առավել պատվաբեր բան, քան որբերին և այրիներին այցելությամբ նմանվել Աստծուն: Եվ ոչ էլ այնպիսի անմտություն և հիմարություն բարեպաշտի համար, քան անկարեկցությամբ Աստծու աչքից ընկնելը: Արդարև, չկա մի բան, որ այդքան սիրելի դարձնի մարդուն Աստծու առաջ, որքան ընկերոջ կարիքներն իրենը համարելը և ինքն իրեն էլ նույն վշտի մեջ տեսնելն ու նման ձևով վշտացյալին կարեկից լինելը: Եվ չկա մի բան, որ այդքան ատելի դարձնի մարդուն Աստծու առաջ, քան ընկերոջը կարիքի մեջ տեսնելն ու ատնեսելը: Եվ եթե այս դատապարտությունն ամբողջ մարդկությանն է վերաբերում, ապա որքա՞ն առավել կրոնավորին, որը բարեպաշտությամբ հրաժարվել է աշխարհից: Անարատ պահել, ասում է, իր անձը աշխարհից: Արդ, առաջինը բավական չհամարեց կրոնավորի համար՝ այցելել որբերին և այրիներին, այլ նաև ուրիշ կատարելություն է պահանջում նրանցից: Ուստի, ինչպես արծվի համար անհնար է մի թևով թռչելով երկինք բարձրանալ, այլդպես էլ կրոնավորը չի կարող մի առաքինությամբ երկինք ելնել:

Եվ քանի որ ասաց այցելել որբերին և այրիներին, և ցույց տվեց, որ մեծ պատիվ է ու տանում է դեպի Աստծու նմանությանը, բայց որպեսզի որևէ մեկը հույսը դնելով միայն դրա վրա մյուս արատների հանդեպ անհոգ չգտնվի, այդ պատճառով էլ ավելացրեց. անարատ պահել իր անձը աշխարհից:

Աշխարհում ամեն ինչ անբարի է և հեշտալի, և մենք քանի որ զգաստություն չունենք դրանց հանդեպ, և դրանք էլ կարողանում են պատրանքով խաբել մեզ, այդ պատճառով էլ պետք է զգուշությամբ ընթանանք, որպեսզի երբեք անսպասելի կերպով չվնասվենք նրանցից: Բացի այդ, նաև հոժարակամ և պատրաստ ենք, իսկ բանսարկուն պատրող է և խաբող, իսկ մեր բնությունը հրապուրվող և հեշտացող, մարմինը՝ կամակից, իսկ կարիքը՝ պատճառ, և անմտությունն ընդունող:

Եվ արդ, այս ամենի պատճառով մեզ սթափություն և բազում արցունքներ են պետք անձն աշխարհից անարատ պահելու համար: Անարատ նշանակում է անբիծ բնություն, ինչպես որ սրբերի մասին է վկայում գիրքը՝ Հոբի մասին ասելով. «Արդար և անարատ մի մարդ» (Հոբ. 12:4), իսկ Զաքարիայի և Եղիսաբեթի մասին՝ «երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով» (Ղուկ. 1:6): Ուստի բազում անարատությունից ոչ մի օգուտ չկա, եթե նույնիսկ մեկ ախտով վիրավորվի մարմինը, քանզի հոգու բազում անախտությունը մի ախտի պատճառով արատավոր է դառնում: Արդարև, ո՞ր մի իմաստուն տեսնողը գեղեցիկ մարմինն անարատ կհամարի, եթե նա մի աչքով կույր լինի, կամ ո՞վ հոգուն անարատ կասի, եթե այն ցանկասիրությամբ, բարկությամբ կամ երկյուղով բռնված լինի:

Հետևաբար անարատ են ասում միայն կատարյալ առաքինի մարդուն, որ երբեք ծուլություն չի ցուցաբերում և չի խախտել կարգը: Արդ ոչ մի օգուտ չկա, եթե բոլոր կողմերից այգին պարսպեն, սակայն մի փոքր մասը քանդեն, քանզի այդ մի փոքրն էլ բավական է, որ գազանները մտնեն և ապականեն այգու պտուղները: Այդպես է նաև հոգու ցանքսը. մեծագույն պատվիրաններով փակել այն, սակայն մի փոքր մաս բաց թողնել և քանդել, ապա այդ մի փոքր բանն էլ, լինի դա խորհուրդ կամ թյուր գաղափար, բավական է, որ արատավորի հոգին: Այդ պատճառով էլ ասաց. անարատ պահել իր անձը աշխարհից, այսինքն՝ անվերք և անսպի, քանզի այս աշխարհի կյանքը լի է փշերով, և անհնար է որևէ մեկին, ով մարմին ունի և քայլում է հողի վրայով, այդպիսի փշերից անխոցելի մնալ, և հատկապես, եթե առանց կոշիկների է, պատվիրաններից մերկ՝ կարողանա անցնել այս ճանապարհով: Նման նրանց, ովքեր փշաբեր հողի վրա առանց կոշիկների եթե շրջեն, ապա անհնար է, որ չվնասեն ոտքերը, նույնպես նաև մենք, որ այս աշխարհի ճանապարհով ենք ընթանում, որ լի է սատանայական տատասկով և փշով, և եթե մեր մտքի գարշապարը սրանում հաստատենք, ապա անհնար է մեզ անխոցելի լինել կամ մնալ և առանց արատի:

Մարգարեն նայելով այս ամենին և փշերի սաստիկ հարվածներից դառնացած՝ ողբաձայն ասաց. «Ես կրկին ընկա թշվառության մեջ, քանզի փշերն ինձ ծակեցին» (Սղմ. 31:4): Մենք էլ այսպես ասենք և ողբալով արտասվենք մեր փշերով լի կյանքի համար, քանզի եթե նա օրինակի և ստվերի մեջ գտնվելով ու թագավոր լինելով հանդերձ մի ակնթարթի պատճառով փշաբեր եղավ, սակայն մյուս բոլոր կողմերով կատարյալ էր և Սուրբ Հոգու շնորհներին արժանացած ու Աստծու մասին վկայած, բայց այդպիսի դառնությամբ լցված ողբում, արտասվում էր և հոգոց հանում՝ ամեն ինչ թշվառություն համարելով, ապա մենք ի՞նչ պիտի անենք, եղբայրներ, որ այդ ամենից զուրկ ենք և ունայն, երբ մեծագույն շնորհները վայելած և բարի անվան արժանացած ու Աստծու նմանությամբ վեր բարձրացած, սակայն այսպիսի և այսքան փշերով լցված ո՛չ սգում ենք, ո՛չ արտասվում և ո՛չ էլ այդ ամենը թշվառություն անվանում, ապա ո՞վ պիտի ազատի մեզ այնտեղի տանջանքներից:

Եվ Պողոսն էլ թերևս մեզ պես կրոնավորներին սպառնում է՝ ասելով. «Քանզի այն հողը, որ խմում է շատ անգամ իր վրա թափված անձրևը և օգտակար արդյունքներ է տալիս նրանց, որոնց համար մշակվում է, Աստծուց օրհնություն է ստանում: Իսկ եթե փուշ և տատասկ է տալիս, նա անպետք է և արժանի է անեծքի. և նրա վախճանը այրվելն է» (Եբր. 6:7-8):

 

Հորդորակ

Այս լսելով, սիրելինե՛րս, երկյուղե՛նք, աղաչում եմ, սարսռե՛նք և զարհուրե՛նք, քանզի եթե նույնիսկ փշերից ազատ էլ լինեինք, պետք էր վախենայինք, ապա առավել ևս որ արդեն փշաբեր ենք, և ոչ թե մի, այլ զանազան տեսակի փշեր ենք ծնում ու անեծքի տակ ենք, և մեր վախճանը այրվելու մոտ է, որովհետև մենք ենք այն հողը, որ բազում անգամներ խմում ենք Սուրբ Գրքի աստվածային վարդապետության անձրևը և բժշկության ցողը, սակայն լինելով ապառաժ վայր, առաքինության շահաբեր պտուղներ չենք տալիս, այլ՝ փուշ ու տատասկ, որովհետև Խոսքը՝ բարի սերմը, աշխարհի հոգսերի, հարստության պատրանքի, ունեցվածքի հանդեպ սիրո և նմանատիպ այլ բաների մեջ խեղդեցինք՝ մեր ազնվականությունն անմտաբար վաճառելով սնոտի կենցաղի համար:

Եվ արդ, երկնայիններս տիղմի մեջ չթավալվենք խոզի նման, և Աստծու որդիներս կենցաղային ունայն հոգսերի մեջ չմտնենք, ինչպես Կայենի դուստրերի ժամանակ: Քանզի արդարև հոգու համար պոռնկություն է աստվածային հոգուց հեռանալ և մարմնավոր գործերի և հոգսերի մեջ ընկնել, ուստի ինչպես ամուսնուց բաժանված կինն է պղծվում, այդպես էլ հոգին՝ հեռանալով Աստծուց, պղծվում է և ապականվում՝ դառնալով ծառա ու գերի մարմնավոր ախտերին և խառնվելով ամոթալի բաներին: Ուստի վավաշոտ ցանկությունը հոգու պոռնկություն է, պոռնկություն է նաև կնասիրությունը, պոռնկության այլ տեսակ է ագահությունը, իսկ որկրամոլությունն ու արբեցողությունը գլխավոր պոռնկություններն են:

Եվ արդ, քանի որ խոսքը ձեր մասին է, ո՛վ կրոնավորներ, ձեզ են ուղղված Սուրբ Գրքի ճառերը, ապա իմաստությամբ նայենք մեր անձերին, նայենք մեր կյանքին և կտեսնենք, թե ինչն է պատշաճ մեր կյանքին, և թե ինչո՞ւ բաժանվեցինք մարմնավորից բաժակով, զգեստով, գոտիով, կոշիկներով և բնակությամբ: Սակայն սրանով հայտնած չեղանք թե օտար և պանդուխտ ենք երկրի վրա, աղքատ և անտուն, ինչպես օտարերկրյա ճանապարհորդները, որոնք նպատակ են դրել իրենց առջևի ճանապարհը հաղթահարել և հայրենիք վերադառնալ: Այսպիսիները ո՛չ հեշտություններից են գայթակղվում, ո՛չ դժվարությունների ու դաժանությունների դեպքում են վարանում, ո՛չ սիրելիներին են նայում, ո՛չ թշնամիներից երկյուղում, և ոչ էլ գազաններից են վախենում, այլ ջանում են հաղթահարել իրենց առջև դրված ճանապարհը:

Նույն կերպ նաև մենք վարվենք, որ բարի արահետով ճանապարհ ենք բռնել դեպի Աստծու մոտ: Չկասեցնե՛նք և չծուլանա՛նք առաջ գնալու ձգտման մեջ՝ մոռանալով մեր ետևում թողածը, հեշտություններով չխաբվենք, որոնք գերում են մեր զգայությունները, չվարանենք դժվարություններից, որոնք ահաբեկում են երկյուղով: Մեզ շողոքորթող սիրելիներին շնորհներ չանենք և ոչ էլ թշնամիներից ակնածենք, որոնք մեզ խայթում են և խռովեցնում, և ոչ էլ գազաններից սարսափենք, որ պատառոտում են և վիրավորում, այլ փութա՛նք հաղթահարել մեր առջև ընկած ճանապարհը, որ մեզ վերին նահանգ է տանում:

Չմնա՛նք պանդխտության մեջ, այլ դեպի ավետյաց երկիր ընթանանք, սակայն զգուշությամբ գնանք, որպեսզի ճանապարհին օձն ու կարիճը չխայթեն, և ո՛չ էլ ծարավն արգելք հանդիսանա աստվածային ընթացքին:

Եվ թեև պատերազմը սաստիկ է, սակայն չանգիտանա՛նք, և թեև թշնամու դարանակալությունները տարբեր են և զանազան, սակայն չվախենա՛նք իմաստությամբ ընթանալ նրանց միջով, և թեև նա նենգավոր է, բազմոտանի, աներևույթ և անմարմին, սակայն մենք չսարսափենք նրա գլուխը տրորելուց՝ Սուրբ Երրորդությամբ պարսպված: Թեև նա ո՛չ ժամանակի կարիք է զգում և ո՛չ էլ տեղի, այլ ամեն ժամ պատրաստ է թեկուզ խավարի մեջ արձակել իր նետերը նրա վրա, ով ուղիղ է սրտով, և խոցել հրեղեն նետերով: Սակայն մենք մեզ հետ ունենալով Հիսուսի լույսը, փարատենք նրա խավարը և հանգցնենք հրեղեն նետերը: Քանզի նա գիշեր-ցերեկ ուրիշ ոչ մի բանի մասին չի մտածում թե՛ վեհից և թե՛ նվաստից, քան մեր անձերը կորստի մատնելու մասին, ո՛չ կերակուրների ցանկությունն է նրան արգելում, ո՛չ քունն է մոռացության մատնում, և ո՛չ էլ հանգստյան կարիք է զգում դժվար աշխատանքից հետո, այլ հակառակը. նրա համար հանգիստը, քունը և կերակուրը հոգիներն ապականելն է, քանզի դրա համար է նա աշխատում, վարանում և դարանակալում, որպեսզի վնասի և կործանի, քանզի «գողը գալիս է միայն, որպեսզի գողանա, սպանի և կորստյան մատնի» (Հովհ. 10:10), և եթե մեր հակառակորդը այդքան խորամանկ է, պնդակազմ և պատրաստ է չարիք գործելու, ապա մեր ծուլության պատճառով չհրաժարվենք նրա դեմ ճակատամարտի դուրս գալուց:

Պատերազմողն աներևույթ է ու անմարմին, ուստի սպառազինվե՛նք, և սպանե՛նք մեր երկրավոր անդամները, որպեսզի հաղթենք: Նոր է այս պատերազմը, և օրինակը՝ հիասքանչ: Ո՞վ է տեսել կամ լսել, թե պատերազմը մահով դադարում է, և այդ սպանությամբ առաջամարտիկներն ընկնում են: Այդպիսի պատերազմ նախ մեր Տերը վարեց և հաղթության օրինակ մեզ պարգևեց: Այսպիսի պատերազմի նաև Պողոսն է մեզ հորդորում՝ առաջամարտիկ զինվորը, որն իմանալով բանսարկուի պատերազմն ու խորամանկությունները՝ ասում է. «անտեղյակ չենք նրա մտադրություններին» (Բ. Կորնթ. 2:11):

Արդ, քանի որ այսպիսի թշնամի ունենք և այսպիսի պատվեր ստացանք՝ սպանել մեր երկրավոր անդամները, ապա քաջաբա՛ր կռվի դուրս գանք և սպանե՛նք որկրամոլությունը, անառակությունը, ագահությունը, սպանե՛նք մեր երկրավոր անդամներից յուրաքանչյուրը, լռությունը մեր բերաններին դուռ դնե՛նք և Աստծու խոսքով միայն բացենք: Սանձահարե՛նք մեր լեզուն, աչքերը, լսելիքները, շոշափելիքները, որովայնը, որից մահ ու ապականություն են ծնվում: Մտածե՛նք աստվածային ճանապարհի մասին, թե որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ է ավարտվում, որովհետև սկիզբը բարի է, քանզի լույսի Հորից է և որ ավարտն էլ նրանով պիտի վերջանա:

Այլ վա՜յ է ինձ և թշվառ եմ ես, քանզի այսպիսի հորդորական խոսքերը մեզ՝ ծուլությամբ դատապարտվածներիս և կրոնավորության մեջ հեղգացածներիս վայել չեն, այլ այսպիսի խոսքերը նախահայրերին են վայել՝ սրբերին և մաքուր անձերին: Քանզի նրանք իմացան քաջությամբ դիմակայել այս ահավոր պատերազմի դեմ, և մարմնով ու արյամբ հաղթեցին անմարմին թշնամուն: Սողոմոնից խրատվելով՝ պատշաճ ժամանակն իմացան մարգարեների, առաքյալների և ավետարանիչների պատգամներից քարերը հավաքելու, որպեսզի պետք եղած ժամանակ նետեն պատերազմողների երեսին: Վավաշոտ ցանկության մեջ նետեցին Հովսեփի և Շուշանի ողջախոհության քարերը, ընչասիրության դեմ Աբրահամի և Հոբի ողորմության քարերը, ագահության դեմ Ղազարոսի աղքատության քարը, և մյուս բոլոր դեպքերում այսպիսի փոխանակությամբ էին շարժվում՝ Սուրբ Գրքի խոսքերը պարսաքարել բանսարկուի երեսին, որոնց համար ապրելը Քրիստոս էր, իսկ մեռնելը՝ շահ: Նրանք իմաստուն վաճառականներ էին, որոնք անցավորով հավիտենական կյանք գնեցին, ճարտար ղեկավարներ, որոնք առանց նավաբեկության անցան կյանքի անսահման ծովով, Քրիստոսի քաջարի զինվորներ, որոնք չթուլացան հոգևոր պատերազմում, ժիր մշակներ, որոնք հաջողությամբ մշակեցին այգին, որի վարձկանը եղան, վնասակար որոմն ու չարության սեզն արմատախիլ անելով՝ այգին պտղաբերության հասցրին և խմեցին ուրախարար գինին և զմայլվեցին Աստծու փառքի հույսով: Նրանք սպիտակեցրին հարսանիքի հանդերձները և վայելեցին Աստծու արքայության սեղանը: Միամիտ աղավնիներ էին, որոնք բազեներից խուճապահար լինելով Աստծու սիրուց չփախան, ողջախոհ տատրակներ, որոնք կրքերի գարշ ցանկության մեջ չաղտոտվեցին, բանավոր ծիծեռնակներ, որոնք խորամանկ օձից չվնասվեցին, անմեղ գառներ, որոնք պատառոտող գայլերի կողմից չհոշոտվեցին:

Արդ, նրանք այսպիսի և այսքան առաքինություններով զարդարված էին, իսկ մենք մեր ծուլության պատճառով օտարանում ենք այսքան բարի առաքինություններից և վերջնականապես զրկվում Սուրբ Գրքի մխիթարությունից և երկնային բարիքներին անհաղորդ մնում: Երկրավոր բաների մասին ենք միայն մտածում և անցավոր բաների հետևից ձեռնունայն շրջում՝ չլսելով Պողոսի խրատը. «Այս աշխարհը այնպես, ինչպես որ է, անցնելու վրա է» (Ա Կորթն. 7:31), և նորից. «Ամբողջ աշխարհը չարի մեջ է» (Ա Հովհ. 5:19), և «Սերը այս աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծու դեմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ. 4:4), և Սողոմոն Իմաստունն էլ ունայնություն ունայնության և սնոտի է համարում սա (տե՛ս Ժող. 1:2):

Եվ արդ, եթե մենք աստվածային պատգամը պետք եղած ձևով պահեինք մեր մտքում, ապա այսպիսի դատապարտության երբեք չէինք ենթարկվի, սակայն մենք գուսաններին, վարձկաններին և պարողներին ավելի շատ ենք համբերում, քան աստվածային գրքի վարդապետությանը, նաև լսելուց տրտմում ու տխրում ենք և դեմքը ներքև թեքելով դառնապես հառաչում, և սա ոչ թե երկյուղի, այլ ատելության պատճառով: Ուստի եթե վախից լիներ, ապա Աստծու սպառնալիքներից երկյուղելով պիտի լացեինք ու հառաչեինք, կամ Քրիստոսի արքայության մասին ճառեր լսելով սաստիկ ցանկությամբ պիտի բորբոքվեինք, ուրախանայինք և զվարճանայինք այդպիսի բարիքներով: Իսկ մենք բոլորովին հրաժարվեցինք սուրբգրային ընթերցանությունից, այնինչ պետք է մեր ամբողջ կյանքը ծախսեինք դրա վրա՝ այն համարելով մեր կերակուրը, ըմպելիքն ու քաղցրությունը, և Դավթի պես համարձակությամբ ասեինք Աստծուն. «Որքա՜ն քաղցր են քո խոսքերն իմ քիմքին՝ ավելի քաղցր, քան մեղրն իմ բերանին» (Սղմ. 118:103):

Նաև մեր ճառերը, արթնությունն ու հանգիստը, աշխատությունն ու հոգևոր երգերը Սուրբ Գրքի ընթերցվածքը պետք է լիներ, իսկ մենք մեր ձեռքով մեզ վրա ենք բերում Աստծու՝ Իսրայելին ուղղված սպառնալիքը, որ ասում է. «Ես սով պիտի ուղարկեմ այս երկիրը, ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով» (Ամոս 8:11): Մենք էլ այսպիսի ծարավով ենք պապակված ոչ թե խոսքի պակասության պատճառով, այլ՝ մեր կամակոր մտքի: Եվ դա ոչ միայն պատիժ չենք համարում, այլև բամբասում ենք Սուրբ Գիրքն ընթերցողներին, և այդ գործով զբաղվողներին դադարկակյաց, իշամեղու և ուրիշի աշխատանքից կերակրվող ենք համարում, և Առաքյալի խոսքը նրանց առջև ենք դնում, թե. «ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի» (Բ Թես. 3:10), իսկ եթե քո ձեռքի աշխատանքն ես ուտում, քեզ բարիք կլինի՝ մոռանալով Պողոսի մյուս պատվիրաների մասին, որ ասում է. «Կալում աշխատող եզան դունչը չկապես» (Ա Կորնթ. 9:9), և նորից. «Այն երեցները, որոնք լավ վերակացու են, կրկնակի պատվի արժանի թող լինեն. մանավանդ նրանք, որ տքնում են խոսքով և ուսուցանելով» (Ա Տիմ. 5:17), ինչպես նաև. «Եթե մենք ձեր մեջ հոգևոր բաներ սերմանեցինք, մեծ բա՞ն է, եթե ձեզնից մարմնավոր բաներ հնձենք» (Ա Կորնթ. 9:11):

Արդ, լսո՞ւմ ես այսպիսի աշխատության վարձատրությունը: Չե՞ս ամաչում, չե՞ս ակնածում բամբասելուց, չգիտես այն, որ օրենքի մասին բամբասելով օրենքն ես դատում, քանզի Պողոսը աշխատանք է կոչում, իսկ դու՝ դատարկաբանություն:

Ահա թե ինչու այսպիսի թշվառության մեջ ընկանք և մեր ամբողջ կյանքը, կարգերը, օրենքներն ու ուխտերը խզվելով ապականվեցին և խափանվելով կործանվեցին: Որովհետև Սուրբ Գրքին չենք լսում և այնտեղից օգուտ չենք կուտակում, այլ հակառակը՝ կրոնավորներս անկարգ դարձանք, և այն ուխտը, որ Աստծու հետ էինք կնքել, վերստին ջնջեցինք և մեր անզբաղ կյանքը կորցրինք, մեր պաղատանքի աղոթքներն ու մաղթանքները պղտորեցինք, մեր սրբությունները աղտեղացրինք և մեր ոսկեղեն առաքինություններն անպիտան դարձրինք ու ամեն ինչով սանձարձակ եղանք անսանձ ձիերի և անսաստ ջորիների պես: Քրիստոսի լուծը մեր պարանոցից թոթափեցինք և բեռը մեր թիկունքից վայր գցեցինք, մեր բերանները դատարկաբանության համար բացեցինք և լեզուները հայհոյության համար թողեցինք, աչքերը՝ անժուժկալ հայացքների, ականջները՝ չար ունկնդրությամբ, հոտոտելիքը՝ իգությամբ, շոշափելիքը՝ գարշելի խառնակությամբ և ամեն ինչով Աստծու դեմ գործեցինք, որով բարկացրինք անբարկանալի բնությանը, որպեսզի անաչառությամբ մեզանից վրեժ լուծի, որով այնտեղի տանջանքների գրավականը այստեղ մեր առջև ունեցանք՝ սկյութացիների գերությամբ և արյունահեղությամբ: Եվ քանի որ մենք ազգովի նախանձեցրինք նրան, ինքն էլ անմիտ ազգի միջոցով է մեզ վշտացնում: Եվ մենք դեռևս բնավ չենք ամաչում, այլ օր-օրի ավելացնում ենք բարկության պատճառները, չենք երկնչում և չենք դողում Աստծու սպառնալիքներից, այլ ինչով որ Սուրբ Գիրքը բանսարկուին ու Իսրայելին մեղադրում է, նույնը նաև մենք ենք գործում:

Չենք զգում հասնող տանջանքների տոկոսը և ոչ էլ հանդերձյալից ենք վախենում, այլ հակառակը՝ կրոնավորներիցս յուրաքանչյուրը տարբեր ուղղությամբ ընթանալով աստիճանաբար ցրվում ենք և մեր չար կամքին ծառայում: Յուրաքանչյուրը իր ուռկանին է զոհ մատուցում և իր ախտերն աստվածացնելով՝ պաշտում ու գարշություններին երկրպագում, ինչպես ժամանակին Իսրայելը Քամովս կուռքին և Աստղիկի պատկերին էին պաշտում: Մեկն իր որովայնին՝ բազմագլուխ գազանին է աստվածացրած պաշտում և ամոթալի բաներին երկրպագություն մատուցում, մյուսը մարմնի ցանկություններից խաբվելով՝ անառակությանն է զոհաբերում հոգին և մինչև ծերություն այդ ախտին է երկրպագում, իսկ մեկ ուրիշը մամոնային է զոհ դառնում և Աստծուն վայել պատիվն ու պաշտամունքը դրան մատուցում, մեկը բարկությունն ու կատաղությունն է տիրոջ պես պաշտում, և ծառայում է իր տմարդությանը որպես չար կնոջ:

Եվ մենք՝ կրոնավորներս, այս ամենի մեջ անգիտանալու պատճառով Աստծուց չենք երկնչում և մարդկանցից չենք ամաչում և չենք մտաբերում, որ այս ամենի համար մենք հաշիվ ենք տալու երկնային վրեժխնդրության ու արդար դատաստանի, չխաբող և անկաշառ դատավորի առաջ, և ստույգ ու անվրեպ քննության ենք ենթարկվելու ոչ միայն խոսքերի, այլև՝ խորհուրդների, մտածմունքների և սրտի բոլոր զգացումների համար: Բայց մենք վերոնշյալ ախտերով հիմարացած, աշխարհականներից ավելի վատ կերպով աշխարհային հոգսերի ու ծփանքների մեջ ենք մնում: Միմյանց հետ աշխարհականներից ավելի վեճեր և կռիվներ ունենք, հաշիվների և դաշտերի բաժանում, նախանձ ու ատելություն և նրանցից առավել շատ ոխակալ ենք, իսկ միմյանց խոցելու մեջ գազաններից էլ առավել չար ենք: Եվ Քրիստոսի անդամները լինելով բաժանվում ենք ոչ միայն Պողոսի, Ապողոսի և Կեփասի, այլ բազմատեսակ այլ չարիքների և այգեգործության, որ թշվառության մայրն է, խանութների և ագահության: Աստծու դրախտը փոխարինեցինք որթատունկի այգու հետ, կենաց պտուղը՝ խաղողի պտուղի հետ, և ուրախարար գինին այն գինու հետ, որ շռայլություն է գործում և արտաքսում արքայությունից, և կցորդ ու հաղորդակից է դարձնում բոլոր հարբեցողներին, ինչպես նաև նրանց, որոնց համար մեղքերի պատճառ հանդիսացանք մեր այգեգործությամբ:

Մեր Տերն ասաց. «Գայթակղություններ պետք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ. 18:7): Եվ ահա մենք էլ, մեր գործերի պատճառով, ընկած ենք այս դատապարտության տակ, քանզի օր ու գիշեր ջանում ենք, ճգնում, աշխատում, քրտինք թափում, սակայն մեզ համար գեհեն ենք վառում: Եվ ո՞վ է մեզանից եղկելի ու թշվառ, կամ ո՞վ պիտի ողորմի թշվառացածներիս և եղծվածներիս, կամ ո՞վ կարժանացնի մեզ թողության, որ մեր կամքով իսկ սողալով անդունդն ենք իջնում:

Արդ, սթափվե՛նք, եղբայրնե՛ր, այսպիսի արբեցությունից, որը ո՛չ գինուց է և ո՛չ էլ օղուց, այլ՝ խելագարությունից և անմտությունից, որպեսզի մեր վրա չգա մարգարեի սպառնալիքը, որ ասում է. «Վայ ձեզ, որ արբած եք, բայց ոչ գինուց» (հմմտ. Ես. 51:21), որովհետև այս արբեցությունն ավելի չար է, քան գինունը, քանի որ մեկը կարճ ժամանակվա համար է, իսկ մյուսը՝ երկար, մեկը հոգին է տանջում, իսկ մյուսը՝ մարմինը:

Արդ, սթափվելով հարբեցությունից, Տիրոջ գործերի՛ն նայենք, նրա ձեռքի գործերը հիշե՛նք, և գնա՛նք դեպի լույսը, որպեսզի խավարը մեզ չհասնի, իսկ եթե հասնի, աղոթելով ասենք. «Լո՛ւյս տուր, Տեր, իմ աչքերին, որ երբեք մահվան քուն չմտնեմ» (Սղմ. 12:4), և ապա. «Լույսի որդիներ և ցերեկվա որդիներ լինենք» (հմմտ. Ա Թես. 5:5): Մեղքի խավարը խոստովանությամբ թոթափենք մեզանից և ապաշխարությամբ Քրիստոսի լո՛ւյսը հագնենք և ապա Պողոսի հետ աղաղակե՛նք. «Գիշերինը չենք, խավարինը չենք» (նույն տեղում): Լացե՛նք մեր անցած ծույլ օրերի համար և մեր հոգու աղտը արտասուքո՛վ մաքրենք և գալիքը բարիո՛վ տնօրինենք: Ագահությունից ձեռք բերած ունեցվածքը աղքատների՛ն բաժանենք, որպեսզի մեր ամեն ինչը սուրբ լինի, ինչպես որ ասվում է. «ողորմություն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի» (Ղուկ. 11:41):

Արդ, այս ամենից հետ չմնանք, և ինչպես մարգարեն է մեզ պատվիրում. «Քո մեղքերը քավի՛ր ողորմությամբ և քո անօրինությունները՝ աղքատներին գթալով, թերևս Աստված համբերատար լինի քո հանցանքների նկատմամբ» (Դանիել 5:27), որպեսզի արժանանաք Աստծո մարդասիրությանը և հասնենք հանդերձյալ բարիքներին, շնորհիվ, ողորմությամբ և մարդասիրությամբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, որի հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փառք, պատիվ և իշխանություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերիԿոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

14.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․