Գրքեր

Հակոբոս 2.18-19

18. Այլ թերևս ասիցէ ոք (ի ձէնջ). եթէ դու հաւատս ունիս՝ և ես գործս ունիմ. ցոյց ինձ զհաւատսն քո առանց գործոց, և ես ցուցի՛ց քեզ ի գործոց իմոց զհաւատսն:

Բայց թերևս մեկն ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատը առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»:

Կարծես ընդդիմանում է խոսքին և տարակուսանքով է խոսում՝ հանդիմանելով նրանց իրենց թերության համար: Այլ թերևս մեկն ասի, ասում է, դու հավատ ունես, որով պարծենում ես և քեզ երանելի համարում, իսկ նրանց, ովքեր պատշաճ հավատ ունեն, անտեսում ես, և համարում թերացած՝ չվախենալով Սուրբ Գրքի դատաստանից, որ իրապես երկուսն էլ պահանջելու է քեզանից:

Իսկ ես՝ գործեր, ասում է: Այսինքն՝ գործով Աստծու բոլոր պատվիրանները կատարում եմ, և այն, ինչ հավատի հետևանք է, հաջողությամբ անում եմ: Արդ, ցո՛ւյց տուր ինձ քո հավատը առանց գործերի: Եվ սրանք են. ամենուր հավատը գործերից է երևում, որ ճշմարիտ են և աստվածային, որովհետև օրենսդրի իրական հավատացյալն այն է, ով օրենքը լիովին և անթերի է կատարում և գործով նույնպես իրագործում է, իսկ նա, ով խոսքով հավատում է և գործով անարգում, չի կարող կատարյալ լինել հավատի մեջ, և հակառակ է օրենսդրին:

Արդ, ցո՛ւյց տուր ինձ քո հավատը առանց գործերի: Այսինքն՝ ի դեմս Աստծու ցույց տուր նրա ճշմարտությունը, և դրա առջև դիր նրա ստությունը, և կհավատամ քեզ, եթե իրոք օրենսդրի հավատացյալն ես: Մինչդեռ այն ամենն, ինչ միայն խոսքով է, խաբեություն է, ստվեր և շուտ մոռացվող երազ, եթե իր հետ նաև գործեր չունի:

Եվ ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով: Քանի որ քո խոսքերը, ասում է, աներևույթ են և առանց վկայի, ապա վերանում են և հօդս ցնդում, իսկ իմը՝ կատարած գործ է և բոլորի առջև է, ո՛չ ժամանակը կարող է ջնջել նրան, ո՛չ էլ գիշերը՝ խավարեցնել, այլ ցերեկվա պես բոլորին տեսանելի է իմ աշխատանքն ու վաստակը:

Արդ, եթե օրենսդրի պատվիրանին հավատարիմ չէի, ապա ինչո՞ւ էի արյունլվա լինում, աղքատությանը համբերում, անարգանք, հալածանք և տարաբնույթ վշտեր կրում:

Եվ ապա սրանց դեմ է դնում. իմ հավատը՝ գործերով: Նորից, ասում է, ես գործերի օրինակներ ունեմ, ովքեր գործերով արդարացան, և հավատն էլ հաստատուն պահեցին և ցույց տվեցին, ինչպես որ հաջորդ խոսքերն են հաստատում, իսկ դու Սուրբ Գրքից օրինակներ չունես, որ որևէ մեկը հավատ ունենար առանց գործերի, քանզի նրանք, ովքեր հավատացին, գործերով ցույց տվեցին հավատի ճգնությունը:

Այս ասելով մեկ այլ հակասող խոսք է մեջբերում, որով ավելի է բորբոքում նրանց:

19. Դու հաւատաս, զի մի է Աստուած, բարւո՛ք առնես. և դև՛ք հաւատան և սարսեն:

Դու հավատում ես, որ մեկ է Աստված. լավ ես անում: Դևերն էլ են հավատում և դողում:

Առաջինի առավել զորավոր, ընդդիմաբանությանը հարմար խնդիր է դնում և բոլորովին անպատասխան թողնում ընդդիմադիրներին:

Դու հավատում ես, ասում է, որ մեկ է Աստված, լավ ես անում: Մեկ Աստված ասելով ոչ թե չի ընդունում Որդու և Սուրբ Հոգու աստվածությունը՝ միայն Հորը համարելով միակ [Աստված], քա՛վ լիցի, այլ կռապաշտության տարբերությունը շեշտելու համար է ասում մեկ: Կամ նորից ցանկանում է ցույց տալ, որ թեև անձերով Որդին և Սուրբ Հոգին առանձին են Հորից, սակայն ոչ աստվածությամբ, ոչ բնությամբ և ոչ էլ էությամբ չեն բաժանվում:

Դու հավատում ես, ասում է, որ մեկ է Աստված, լավ ես անում: Լավ է, ասում է, քո հավատը, քանզի մերժեցիր բազմաստվածությունը, և սովորեցիր միաստվածություն պաշտել՝ քո Աստծուն և Տիրոջը, սակայն պարտավոր ես նաև նրա կամքն իմանալ, թե ի՞նչ է պահանջում քեզանից անել հավատից բացի, ինչպիսի՞ սրբություն, ինչպիսի՞ հեզություն և խոնարհություն, եղբայրասիրություն և ողորմածություն, աղքատություն, և եթե այս ամենն իրապես չունես, ապա հավատից ոչ մի օգուտ չես ստանա:

Դու հավատում ես, ասում է, որ մեկ է Աստված, լավ: Դևերն էլ են հավատում և դողում: Չափազանց հանդիմանական օրինակ է բերում՝ անարգանքով լի: Դու, ասում է, նրա ցասումից ո՛չ վախենում ես, ո՛չ սարսափում և ո՛չ էլ դողում, իսկ դևերը ոչ միայն հավատում են, այլև սարսափում են, դողում և տագնապում, խոստովանում են իրենց կիրքը, որի պատճառով չարչարվում են. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս, Որդի՛ Աստծո, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար» (Մատթ. 9:29):

Տեսնո՞ւմ ես դևերի հավատը, տեսնո՞ւմ ես սարսափելը, բայց քանի որ բարի գործեր չունեին, և ոչ էլ զղջում՝ չարիքների համար, այդ պատճառով էլ հավատից ոչ մի օգուտ չեն կարող ունենալ:

Նմանապես նաև դու, ասում է, եթե առաքինության գործեր չունես, որոնք քո հավատի վկաները լինեն, ապա այդ հավատից ոչ մի օգուտ չես ունենա:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

16.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․