Գրքեր

Հակոբոս 3.12-13

12. Մի թէ մա՞րթ ինչ իցէ, եղբա՛րք իմ՝ թզենւոյ ձէ՛թ բերել, կամ որթոյ թուզ:

Եղբայրնե՛ր իմ, միթե կարելի է, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը՝ թուզ:

Յուրաքանչյուր ծառ իր պտուղը չի թողնում և իրենց ոչ հատուկ պտուղ բերում, ինչպես որ հայտնի է, ուստի, թզենին իրեն հատուկ պտուղ է բերում, այլ ոչ թե ձիթապտուղ, նույնպես նաև որթատունկը խաղող է բերում, այլ ոչ թե թուզ:

Արդ, տեսնենք, թե ինչո՞ւ է այս ծառերի օրինակը բերում, այլ ոչ թե այլ պտղատու կամ անպտուղ ծառերի: Կարծում եմ սրանք ուղղակի և պատահական չի մեջբերում, այլ՝ շատ խորհրդաբար՝ ճառին հարմար օրինակ մեջբերելով: Արդարև, թզենին քարշահոտ և վառող էություն ունի, և նրա կաթը, եթե մարմնի վրա է ընկնում, վնասում է և վերք առաջացնում, թեև հետագայում քաղցր պտուղ է տալիս՝ իրեն հատուկ պտուղ, այլ ոչ թե օտարազգի կամ ձիթենու, որը լուսավորության պատճառ է, և իր այդ դաժանությունը, որ բնությամբ է այդպես, չի հեռացնում իրենից:

Ոչ էլ որթատունկը, որ կրկնակի օգտակարություն ունի. մեկը, որ քաղր և ախորժալի պտուղ է տալիս, և մյուսը, որ սրտին ուրախություն պարգևող գինի է տալիս: Արդ, ինչո՞ւ պիտի իր օգտակար և ախորժելի պտուղները մի կողմ թողնի և թզենու գարշահոտությամբ այլ պտուղ տա:

Նույնպես նաև բերանը, որ թզենու պես գարշահոտ է, և ով մոտենում է, պիղծ խոսքերից վիրավորվում է, թեև երբեմն քաղցրախոս է, սակայն այդպիսին չի կարող պայծառ խոսքեր արտաբերել: Եվ այն բերանը, որ կրկնակի օգուտ ունի՝ Աստծու, ընկրոջ և ինքն իր հոգու համար, խոսում է միայն շահավետ և առաքինի բաների մասին, ապա այդպիսին  չի կարող թզենու գարշահոտություն բերել: Սա է պատճառը, որ այս ծառերի օրինակը բերեց, ապա նորից, սրանց նման մեկ այլ օրինակ է բերում.

Եվ ո՛չ աղտաղտին տեղւոյ ջուր քաղցր առնել:

Նմանապես աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ:

Կարծում եմ սա հետևյալն է նշանակում, որ երկրից է ընդունում թե քաղցրահամ և թե դառնահամ ջուր, քանզի այնտեղ, որտեղ ավազոտ է, դառնության հետ կապ չի կարող ունենալ, և գեղեցիկ, պարզ ու քաղցրահամ ջուր է բխում, իսկ այնտեղ, որտեղ տղմուտ է և աղուտ, ապա չի կարելի այնտեղից քաղցր ջուր ստանալ:

Եվ այս ամենից կարելի է ենթադրել, թե այն բերանը, որը լի է անեծքով և դառնությամբ, և ածելիի պես սրել է լեզուն նենգությամբ և չարությամբ, քան թե բարի և արդար խոսքով և շարունակ կործանիչ խոսքեր է սիրում, ապա անհնար է նրան Աստծուն օրհնաբանել:

Առակավոր խոսքեր ասելուց և նրանց առջև պատշաճ օրինակ բերելուց հետո, նորից առաջինի մասին է հիշեցնում նրանց, որ սկզբի գլխում դրեց, թե շատերդ ուսուցանողներ լինելու չձգտեք, որի պատճառով էլ խոսքը երկարացրեց և դրա հետ մեկտեղ հանդիմանեց նաև լեզվի անպատշաճությունը: Ապա շարունակելով՝ իմաստության պտուղներ է պահանջում նրանցից՝ ասելով.

13. Ո՞վ իցէ իմաստուն և հանճարեղ ի ձեզ, ցուցցէ ի բարւոք գնացից իւրոց զգործս իւր հեզութեամբ իմաստութեան:

Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. թող նա բարի ընթացքով, ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը:

Իմաստությունը երկու տեսակ է լինում. կա, որ երկրավոր է և բանավոր, ինչը ճարտասանությամբ է դրսևորվում, և կա, որ հոգևոր է, ինչը գործով է ճանաչվում:

Եվ այդ տարբերությունը բազմակի է երևում, քանզի ճարտասանությամբ դրսևորվող իմաստության մեջ բազմաթիվ խաբեություն է խառնվում, իսկ որ գործով է դրսևորվում, անխառն է խաբեությունից, և հարազատ է ճշմարիտ իմաստությանը, այն իմաստությանը, որի մասին Պողոսն ասաց. «Քրիստոսը Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է» (Ա. Կորնթ. 1:24), քանզի նա աշխարհի վրա ամեն ինչ գործով կատարեց, և հեզությամբ ու իմաստությամբ իրագործեց: Արդ, այսպիսի իմաստություն է պահանջում նրանցից այս երանելի Հակոբոսը, որպեսզի բարի ընթացք ցույց տա, ինչը հայտնապես երևում է առաքինության գործերով: Ուստի, իրական իմաստունը նա է, ով գործով է ուսուցանում իր իմաստությունը, նա է Աստծու առաջ վարդապետ, որ նախ կատարում է, ապա նոր ուսուցանում, ինչպես Յիսուս՝ ճշմարիտ իմաստությունը, որ իր վրա վերցրեց վարդապետությունը և ապա՝ ուսուցանեց խոսքով:

Նույնպես նաև յուրաքանչյուրը, ով անվանակիր է նրան, նախ պիտի կատարի գործով և ապա նոր ուսուցանի խոսքով: Ուստի նա, ով ճարտար խոսք ունի, խրատում է և օրենքներ դնում, սակայն գործով զուրկ է դրանցից, ապա վնասում է լսողներին, այլ ոչ թե օգնում: Եվ ահա Պողոսն էլ նույնն է ասում. «Եվ չարաչար աշխատող հողագործը նախ պետք է վայելի պտղից» (Բ. Կորնթ. 2:6), և նոր ուրիշներին մատակարարի, և նորից. «Եթե մեկը ուսուցանում է, ըստ վարդապետության թող ուսուցանի» (Հռոմ. 12:7):

Տեսնո՞ւմ ես օրինակը, թե ինչպես պետք է նախ կատարել, ապա նոր ուսուցանել, քանզի Աստված, որ անկարոտ էր, ինքն էլ այդպես արեց: Այդ պատճառով էլ ասաց. ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. թող նա, բարի ընթացքով, ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը:

Սկզբում հարցնում է, թե ո՞վ է իմաստուն, և սրանով ճշմարիտ իմաստության կողմն է նայել տալիս, որ հեզությամբ կատարեց ամբողջ տնօրինությունը, որ նախատվեց, հալածվեց և բամբասվեց, սակայն ետ չկանգնեց, այլ խոնարհությամբ և հեզությամբ կատարեց բոլոր գործերը՝ հնազանդվելով Հորը:

Նույնպես, ասում է, և դուք, եթե իմաստուն եք և հանճարեղ, ապա ամենայն իմաստությամբ ձեր բարի գործերն ըստ նրա օրինակի հեզությամբ կատարեք: Ուստի նրա իմաստությունն էլ հենց այդ է ցանկանում և պահանջում ձեզանից. նախատիքները ձեր վրա վերցնել, բանտը, կապանքները, տանջանքները, մահը, ամեն բան հեղությամբ կրել, ինչպես վայել է Աստծու իմաստասերին: Այսպես նաև Պողոսը՝ ճշմարիտ իմաստունը, խրատեց՝ ասելով. «Սրա համար ուրախ եմ ես, այլև պիտի շարունակեմ ուրախանալ» (Փիլիպ. 1:18), ինչի՞ համար՝ վշտերի, գանահարությունների, բանտերի, չարչարանքների և նմանատիպ այլ բաների համար:

Այդ պատճառով էլ ասում է. ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. թող նա, բարի ընթացքով, ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

01.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․