Գրքեր

Հակոբոս 3.7-8

7. Ամենայն բնութիւն գազանա՛ց, և թռչնոց, և սողնոց, և որ ի ծովու են, հնազանդեալ են՝ և հնազանդի՛ն մարդկեղէն բնութեան:

Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է և հնազանդվում է մարդկային բնությանը:

Մարդու իշխանական պատիվը խոսքով է դրսևորվում, ինչը ստեղծման ժամանակ Աստծուց ընդունեց, ուստի նրան տեր, իշխան և թագավոր հաստատեց երևելի արարածների վրա, որի համար էլ առաջին մարդուն ասաց. «Իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:28), և մի այլ նախահոր ասաց. «Ձեր ահն ու երկյուղը թող լինի երկրի բոլոր գազանների վրա» (Ծննդ. 9:2):

Դա է նշանակում, որ ասում է. գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ, և այն, որ ասում է հնազանդված է և հնազանդվում է մարդկայի բնությանը:

Կարծում եմ առանձնացնում է ընտանի և վայրի կենդանիներին, քանզի ընտանիները հնազանդված են մեզ և հնազանդվում են, որովհետև այդպես ստեղծեց նրանց Արարիչը՝ ընդանի և մարդասեր, իսկ վայրիներին մարդիկ իմաստությամբ են հնազանդեցնում:

8. Բայց զլեզու մարդկան ո՛չ ոք կարէ հնազանդել, զչարն եւ զանկարգն՝ եւ զլի՛ թունօք մահաբերին:

Բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել:

Ուստի ավելի բռնավոր համարեց, քան գազաններին ու թունավոր սողուններին, քանզի առյուծներին, արջերին, ընձառյուծներին, օձերին մեղմ և զգաստացնող ձայնով մարդիկ հնազանդեցրին [իրենց], իսկ լեզվին ոչ մեղմությամբ, ոչ բռնությամբ, ոչ տանջանքների երկյուղով և ոչ էլ իմաստուն այլ միջոցներով հնարավոր չէ հնազանդեցնել: Եվ որ առավել ծայրահեղ է, ոչ թագավոր, ոչ բռնակալ և ոչ էլ Աստված ամբողջովին չկարողացավ հնազանդեցնել դրան օրենքին:

Այդ պատճառով էլ ասաց. մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող հնազանդեցնել: Ապա նրա չափազանց վնասակարությունն է հերթով թվարկում. այդ չարը և անզսպելին:

Լեզվին չար է կոչում ոչ թե ըստ բնության, այլ՝ ներգործության, ինչպես որ այլ տեղերում մարդուն չար է կոչում, և չար օր, չար աղբյուր ոչ թե ըստ բնության, այլ ըստ համեմատության և ըստ դիպվածի: Ուստի մարդը չի կարող բարի կոչվել Աստծու համեմատ, արդարև, իսկապես չար է, նաև այն օրը, երբ մեղավորների համար փոս է փորվում և հատուցում են ստանալու ըստ իրենց չարության, այդ պատճառով էլ նաև օրն է չար կոչում:

Նույնպես նաև այստեղ լեզուն չար է կոչում ըստ դիպվածի, երբ խոսքի վայելչությունից շեղվելով և անպատշաճ բաներ խոսելով չար է անվանում:

Այդ պատճառով էլ չար կոչեց, քանզի ո՞ր գազանը կարող է չարությամբ այդպես արագ հոշոտել, ինչպես որ լեզուն է, որովհետև ոչ վայրի է սպասում, ոչ ժամանակի, ոչ ինչ-որ պատճառի, ոչ որևէ մեկից է ակնածում, ոչ ալեհերին է խնայում, ոչ մանուկին է ողորմում, ոչ առաքինի մեկին է շահում, ոչ արդարից է պատկառում, այլ ընդհանրապես բոլորին նախատում է և բոլորի առջև ցույց է տալիս իր չարությունը: Այդ պատճառով էլ ասաց. այդ չարը և անզսպելին:

Ինչպես, օրինակ, ծովի ալիքներն ընկնում են ուժգին քամիների ազդեցության տակ և կամ սաստիկ անձրևների պատճառով անկարգորեն հեղեղներ են առաջացնում՝ հեղեղելով երկիրն ու ավերելով, կուտակած բերելով քարեր և փայտեր, և նրա անկարգ հոսքին ոչ ոք չի կարող ընդդիմանալ:

Այսպես եմ հասկանում նաև լեզվի անկարգությունը, կամ նույնիսկ ավելի չար, քան այս օրինակն է: Արդ, ո՞ր մի ծովի ալիքները կամ ո՞ր հեղեղները կարող են այդպես անկարգորեն շարժվել, ինչպես լեզուն է՝ դատարկաբանությանը ծառայելով և ամեն տեսակ չար խոսքեր միմյանց խառնած արտաբերելով:

Ոմանց անիծում է, ոմանց հայհոյում, ոմանց ծաղրում, ոմանց բամբասում, ոմանց զրպարտում, և ոմանց մասին էլ սուտ վկայություն անում: Եվ որպեսզի մեկ-մեկ չթվարկեմ, միանգամից ասում եմ. բնության մեջ չկա մի չար բան, որ լեզվով չիրագործվի. հակառակություն, կտիվ, թշնամություն, վիրավորանքներ, սպանություն և նմանատիպ բազում բաներ, որ անկարելի է թվարկել: Այդ պատճառով էլ ասաց. անզսպելին և մահաբեր թույնով լցվածը:

Այդ մարմնավոր գազանը՝ օձը, բնությամբ այնպիսի թույն ունի, որ եթե մեկին խայթի, ապա իսկույն կսպանի: Եվ չգիտեմ, այդպես է ստեղծվել, թե հետագայում մեղքի պատճառով խայթող լեզու ստացավ այդ գազանը, որպեսզի երևելի թունավոր գազանի միջոցով իմացականի մասին ծանոթանանք, այն, որ օձի լեզվի միջոցով դառնության թույնն է հեղում մարդկային բնության մեջ և միանգամից բոլորին սպանում:

Արդ, այս թույնի նման էլ, ասում է, լեզվի թույնն է, քանզի մահաբեր թույնով է լցված:  Եվ եթե երևելի գազանի մասին ահա հայտնի է, որը նույնն է նաև իմանալի օձի պարագայում, ապա չարությամբ լցված նենգավոր լեզուն երկուսի գործն էլ կատարում է:

Անմարմին օձը չարախոսեց Աստծու մասին, և խաբեությամբ պատրեց առաջին մարդուն, և այդ նույն չարախոսությամբ փոխադարձաբար կապեց մարդկային լեզուն, ոչ թե մի անգամ ազդելով, ինչպես նրա դեպքում, այլ բազմաթիվ անգամներ՝ բոլոր մարդկանց և Աստծու հանդեպ [օգտագործելով]: Շուղոքորթ խոսքով առերես իրեն սիրելի է ցույց տալիս, սակայն նենգությամբ թշնամաբար է գործում, քանզի նա, ով նենգավոր է և կեղծավոր, նման է բանսարկուի, որովհետև նրա թույնով է կերպարանավորվել: Դրա համար էլ ասաց. մահաբեր թույնով լցվածը:

Արդ, չկա այնպիսի թունավոր սողուն, որ կարողանա հարվածելով այդպես տրտմություն պատճառել հոգուն և մարմնին, որքան լեզուն: Ուստի, եթե իժերի, կարիճների և օձերի մասին ասես, ապա ոչ ոք դրա նման չէ, որովհետև սրանք խայթելով միայն մարմինն են վիրավորում, սակայն հոգու վրա ոչնչով չեն կարող ազդել, իսկ լեզուն հարվածելով առհասարակ երկուսին էլ վիրավորում է:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

18.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․