Գրքեր

Հակոբոս 4.2-3

2. Ցանկանայք, և ո՛չ առնիք:

Ցանկանում եք, բայց չունեք:

Իսկ ինչո՞ւ չունեն, որովհետև երկրավոր և անցավոր բաներ են ցանկանում, որոնք մնայուն չեն, այդ պատճառով էլ չունեն: Ուստի և ցանկությունն անցնում է, դրա հետ միասին նաև այն, ինչ ցանկացել են. թե՛ ունեցվածք, թե՛ փառք, թե՛ ուսում և թե՛ իշխանություն: Արդ, ո՞վ է, որ իրապես ցանկալի փառքը վայելելով և իրականում ստանալով թե՛ իշխանություն, թե՛ ագահություն, թե՛ ուսում և նմանօրինակ այլ բաներ, ապա այդ կրքերի ցանկությունը չի վերանում իր մոտից: Եվ ով որքան ցանկությունների մեջ ցանկանում է հեշտանալ, այնքան տրտմությամբ գարշում է դրանից՝ ընկճվելով: Այդ պատճառով էլ ասաց. ցանկանում եք, բայց չունեք:

Սպանանէք և նախանձիք, և ո՛չ կարէք հասանել:

Ուստի և՝ սպանում եք, նախանձում և չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը:

Սպանություն ասելով այստեղ կա՛մ նախանձն է կոչում կա՛մ հենց նույն սպանությունը, քանզի չկա սպանություն, որ առանց նախանձի կատարվի, թե՛ ընդհանուր բնության մահը և թե՛ յուրաքանչյուրինն՝ առանձին, քանզի, ինչպես Իմաստունն է ասում. «Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմս. Սողոմ. 2:24), և նախանձի պատճառով Կայենը սպանեց իր եղբայր Աբելին, ինչպես նաև նախանձի պատճառով Հովսեփն իր եղբայրների կողմից վաճառվեց Եգիպտոսին:

Եվ դրան հակառակ նորից բարի նախանձի պատճառով Մովսեսը սպանեց եգիպտացուն և թաղեց հողի մեջ, բարի նախանձի պատճառով Փենեհեսը սպանեց մադիանացուն՝ իսրայելացիների հետ միասին, նույն նախանձի պատճառով Եղիա մարգարեն կոտորեց բահաղին:

Տեսնո՞ւմ ես, որ մահն ու սպանությունն առանց նախանձի չեղան ո՛չ սրբերի մեջ և ո՛չ էլ պիղծերի: Այդ պատճառով էլ ասաց. ուստի և սպանում եք, նախանձում և չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը: Այսինքն՝ ինչի մասին մտածում եք, դրա պատճառով նախանձում և սպանում եք, սակայն չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը:

Պատերազմիք կռուիք՝ և ո՛չ ունիք, վասն զի ո՛չ խնդրէք:

Պայքարում եք, կռվում և ձեռք չեք բերում, որովհետև չեք խնդրում:

Երկրավոր փառքի և ունեցվածքի համար, ասում է, և նման այլ բաների համար, որոնք մնայուն չեն, պայքարում եք, կռվում միմյանց հետ, և ատելությամբ եք լցվում ազգակիցների հանդեպ և ձեռք չեք բերում, այդ պատճառով էլ պատերազմում եք: Ինչո՞ւ, որովհետև չեք խնդրում Աստծուց ստանալու համար, որ Տերն է տալու և վերցնելու և չի նախանձում ոչ մի բարի բանի համար, որ խնդրում են իրենից: Այդ պատճառով էլ դրան ավելացնելով ասաց.

3. Խնդրէք, և ո՛չ առնուք, վասն զի չարաչա՛ր խնդրէք:

Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում:

Ասաց, թե՝ պայքարում եք, կռվում և ձեռք չեք բերում, որովհետև չեք խնդրում: Եվ որպեսզի որևէ մեկը չասի, թե ահա խնդրեցի մեկ անգամ և երկու անգամ, սակայն չստացա, դրա համար ավելացնում է. խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում: Իսկ ի՞նչ է նշանակում չարամտորեն խնդրել. եթե մեկն աղոթում է Աստծուն՝ նրանից որևէ բան խնդրելով, և երկնավոր բաների հանդեպ անհոգ գտնվելով՝ երկրավոր բաներ է աղերսում, օրինակ՝ փառքի, ունեցվածքի համար, կամ իր որևէ ցանկության կատարման համար. երկարակյաց լինելու, բոլորի առջև շնորհալի և բարեկեցիկ երևալու համար: Եվ նա, ով նման բաներ է խնդրում, կարծես անհնար է համարում Քրիստոսի այն խոսքերը, որ ասաց. «Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6:33), ոչ միայն կտա, ասում է, այլ՝ ավելիով կտա: Իսկ նա, կանգնելով Աստծու առաջ, չի խնդրում նրանից այն, ինչ Աստծուն հաճելի է, այդ պատճառով էլ չի ստանում:

Ինչպես, օրինակ, եթե մեկը թագավորի մոտ գնալով նրանից ոսկու փոխարեն աղբ խնդրի, ոչ միայն թագավորից չի ստանա իր անարժան և զզվելի խնդրանքը, այլև տանջանքներ և նախատինքներ կստանա նրանից այն բանի համար, որ ոտնահարեց նրա պատիվը՝ նրանից անարգ բաներ խնդրելով: Այդպես էլ դու մտքումդ պահիր. նա, ով երկրավոր բաներ է խնդրում Աստծուց՝ երկնավորն անտեսելով, ապա բազմաթիվ տանջանքների և նախատիքների կարժանանա: Այդ պատճառով էլ ասաց. խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում:

Զի անդէն ի ցանկութիւնս ձեր մաշեսջիք:

Որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին:

Այդ պատճառով էլ, ասում է, չի տրվում, քանզի դուք կրակով վառվածի պես տոչորվում եք ցանկությունից, և նույնի համար աշխատելով՝ տանջվում եք, և դրա պտուղն էլ չեք վայելում: Եվ ինչո՞ւ, որովհետև երկրավորի համար մեկ պայքարում եք և կռվում, և չեք հասնում [ձեր ուզածին], այնուհետև, երկմտելով, խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում: Ուստի անիրականանալի ցանկության տագնապով, անհանգիստ աշխատանքով հոգեպես մաշվում եք ինչպես ուժգին ցավից: Քանզի չկա որևէ այլ բան, որ այդքան ցավեցնի հոգին և մարմինը և տարակուսանքի մատնի միտքը, քան ցանկությունների պակասն է: Այդ պատճառով էլ ասաց. որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

28.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․