Գրքեր

Հակոբոս 4.4

4. Շնացօողք, ո՛չ գիտէք, զի սէր աշխարհիս այսորիկ թշնամութիւն է առ Աստուած:

Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծու դեմ:

Կարծում եմ այստեղ շնացող ասելով նկատի չունի մարմնավոր շնությունը, այլ՝ Աստծու սիրուց ընկնելը: Քանզի, ինչպես օրինակ, եթե կինը թողնի իր մարդուն և այլ մարդու մոտ գնա, դա նրան շնություն կհամարվի, ըստ տերունական օրենքի, այլ ոչ թե ամուսնություն: Այդպես էլ հոգին, հեռանալով Աստծու սիրուց և միավորվելով աշխարհի սիրուն, դա նրան շնություն է համարվում, քանզի ժողովրդի կռապաշտությունն էլ իր հանդեպ շնություն համարեց, ինչպես որ մարգարեների խոսքերն են ցույց տալիս, ինչպես, օրինակ, Երեմիան է մեղադրում՝ ասելով. «Նա իր պոռնկությամբ, որ չնչին բան էր համարում, երկիրը պղծեց՝ քարի ու փայտի հետ շնանալով» (Երեմ. 3:9): Եվ ահա մարդկանցից ոչ ոք այդքան վավաշոտ և պիղծ չի կարող լինել, որ փայտի կամ քարի հետ շնանա, քանզի բնությունն էլ դա չի ընդունի, որովհետև մարմնի հեշտությունը մարմնի հետ է, եթե նույնիսկ բնությունից դուրս մտածի, այլ ոչ թե քարի կամ փայտի, ինչը բնութանը հակառակ է, սրանից էլ պարզ է դառնում, որ մարգարեն շնություն ասելով նկատի ունի կռապաշտությունը:

Նույնպես նաև այստեղ շնացող ասելով նկատի ունի աշխարհասերներին. շնացողնե՛ր, ասում է, չգիտեք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծու դեմ: Քանզի, ինչպես կնոջը սիրող երկրորդ ամուսինը որպես թշնամի է ընկալվում առաջինի համար, նույնն է նաև հոգու պարագայում, որ աշխարհն է սիրում, և զբաղվում է աշխարհի հոգսերով և դա իր համար բարի համարելով՝ հեռանում է Աստծու սիրուց, ապա դա թշնամության նշան է Աստծու հանդեպ: Այդ պատճառով էլ ասաց. շնացողնե՛ր, չգիտեք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծու դեմ:

Ինչո՞ւ, ասում է, և ինչ պատճառով հայտնի և երևացող բաները, որ մշտապես ձեր մեջ կատարվում է, տգիտություն եք ցուցաբերում, և եթե դեռևս տգիտության մեջ եք, ապա մեջբերածս օրինակից պիտի սովորեիք: Եվ որպեսզի մակերեսայնորեն չվերաբերվեն ասածին, նորից նույն խոսքը կրկնում է՝ ասելով.

Զի որ ոք կամիցի սիրել զաշխարհս, թշնամի առնէ զանձն իւր Աստուծոյ:

Քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի:

Այս ահարկու սպառնալիքներից պետք էր երկնչել մեզ և դողալ, ո՛վ սիրելի եղբայրներ, և այդ սաստիկ երկյուղից ելնելով՝ աշխարհային բոլոր իրերն անպիտան աղբ համարել, ատել և մերժել: Մեր առջև բերենք և ուշադիր քննենք, թե որոնցից ենք. Աստծու սիրելիների՞ց, թե՞ թշնամիներից, որպեսզի Աստծուն մեզ թշնամի և պատերազմող չընդունենք: Եվ արդ, ասա՛, խնդրեմ, եթե մի սիրելի և բարեկամ ունենայիր, և իրապես իմանայիր, որ եթե այս կամ այն բանը որ անես, հակառակ է քո սիրելիին, և պատճառ թշնամության և նրա՝ քեզանից հեռանալու, ապա մի՞թե բազում միջոցներ չէիր գործադրի, չէիր ատի և չեղարկի այդ գործը, որպեսզի բարեկամիդ չընդունեիր որպես թշնամի, ատող և պատերազմող: Եվ եթե սիրելի մարդու համար այդպես կվարվես, ապա առավել ևս պետք է զգուշանանք Աստծուց, որ ամբողջ ճշմարտությամբ սիրում է մեզ և այնքան երախտագործ ու բարերար է մեզ, որ ոչ ոք երբեք չի կարող թվարկել. թե՛ մարմնական բարության մասին ասես, թե՛ գալիք երանությունների, որ խոստացել է իր սիրելիներին, նաև մեր բոլոր գործերը, հոժարակամությունն ու հոգու բաղձանքներն ընդդեմ նրա կամքի են և օտար՝ նրա պատվիրաններին և տարագիր՝ նրա խոստացած ուխտից: Այդ պատճառով էլ ասաց.  ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի:

Ո՛վ երանելի, մի՞թե այս աշխարհն Աստծունը չէ, և նաև այս աշխարհի վայելչությունները, և եթե սիրում ենք, Աստծու արարածներին ենք սիրում, այլ ոչ թե օտարին: Այո, գիտեմ, ասում է, որ արարչությունն Աստծունն է և չափազանց բարի է, սակայն մարդկային ագահությունն ու անիրավությունը, բանսարկուի խաբեությունը մեր մեջ ընկնելով, այս ամենը հակառակ դարձրին Աստծուն: Քանզի այն պատիվն ու սերը, որ պետք էր և վայել էր Աստծուն մատուցել՝ արարածներին ուղղեցին, և դա համարեցին իրենց համար բարի, հանգիստ և արքայություն, հույս և ակնկալություն, և դրանով չափեցին իրենց քաջաբար ծառայությունը՝ ամբողջովին տրվելով մարմնավոր կենցաղին, իսկ գալիք աներևույթի համար՝ ոչինչ, ըստ Սողոմոնի խրատի:

Արդ, հոգին ծառա դառնալով այսպիսի ախտերի, ընկավ Աստծու սիրուց, և կապվեց աշխարհի սիրու հետ, և նման ձևով ինքն իրեն թշնամի դարձրեց Աստծուն: Եվ քանի որ Աստված իր փառքը ուրիշին չի տալիս և ոչ էլ իր պատիվը՝ երևելի արարածներին՝ դրոշմելով, ահա Աստծու փառքն ու պատիվը նրանց վրա է, ովքեր սիրում են Աստծուն ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ զորությամբ, և եթե այս ամենի հանդեպ անզգամ ենք գտնվում, ապա ինչպե՞ս կարող ենք չտրտմեցնել նրան: Եվ սրա լուծումը մեր Տերն է տալիս՝ ասելով. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կամ մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մատթ. 6:24-25):

Տեսնո՞ւմ ես աններելի դատաստանը և ճշմարիտ դատապարտությունը, քանզի երբ հոգին Աստծուն ծառայելուց հեռանում է, ընկնում է աշխարհակալի իշխանության տակ: Եվ, ինչպես օրինակ, եթե ծայրահեղ աղքատ մեկը պատվի արժանանա թագավորից, և ապա անշնորհակալ լինի նրան՝ այն սերն ու պատիվը, որ պետք էր թագավորին տալ, նրա ամենավերջին և անարգ ծառային տալով, նրան հայտատարի որպես իրեն պատվի արժանացնող ու պսակող, ապա ինչպես չի բարկանա թագավորը, և նրան իրենց թշնամի ու հակառակորդ համարի: Նույն օրինակով հարկ է տեսնենք նաև այս, քանզի նա այսքան պատվով պատվեց աղքատության դատապարտված մեր բնությանը, բայց մենք փոխարենը նրա պատիվն ու սերը անշունչ արարածներին ենք ուղղում և Արարչի, Տիրոջ ու Աստծու փոխարեն տեսանելի բաներն ենք պատվական համարում և փոխանակում ենք խավարի հետ լույսը, մահվան հետ կյանքը, գեհենի հետ՝ արքայությունը, և Բելիարի հետ Քրիստոսին:

Այսքանից հետո ո՞ւմ ներմանը կարժանանանք, կամ ումի՞ց թողություն կգտնենք, և կամ ո՞ր խավարը չի ծածկի մեզ, երբ մեզ Աստծուն թշնամի ենք կարգում, և հրահրում նրան, որ պատերազմող և վրեժխնդիր դառնա մեզ հետ:

Արդ, երբ շատ խիստ և ահարկու խոսքեր ասաց և երկյուղի մեջ գցեց, և աշխարհի սերը Աստծու հանդեպ թշնամություն ցույց տվեց, ապա, որպեսզի ընդդիմախոսներից և աշխարհասերներից որևէ մեկը չասի, թե որտեղի՞ց ես ասում դա և Աստծու արարածներին հակառակ ու թշնամի ես քարոզում Արարչին: Այդ պատճառով Գրքով է հաստատում և հավաստիացնում իր խոսքերը՝ ճշմարտության հակառակորդներին լռեցնելու համար:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

04.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․