Գրքեր

Հակոբոս 5.10-11

10. Օրինակ առէք, եղբա՛րք, չարչարանաց և երկայնմտութեան զմարգարէսն, որք խօսեցան յանուն Տեառն:

11. Ահաւասիկ երանե՛մք համբերողաց, զհամբերութիւնն Յովբայ լուարո՛ւք, և զկատարումն Տեառն տեսէ՛ք, զի բազմագութ է Տէր և ողորմած:

Եղբայրնե՛ր, չարչարանքների և համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով: Ահա՛ երանի ենք տալիս համբերողներին: Լսել եք Հոբի համբերության մասին և տեսել, ինչ որ Տերը նրան արեց վերջում, քանի որ Տերը բազմագութ է և ողորմած:

Մեկնություն

Երբ ամաչեցրեց և պատկառեցրեց հարուստներին ու ցույց տվեց, որ նրանց հարստությունը այլ բան չէ, քան սարդոստայն և երազ: Եվ հաստատեց օրինակներով, թե իրենց գանձերն իրենց համար հուր է և հավիտենական տանջանք, որովհետև աղքատներին զրկելով, տնանկների արտասուքներով և արդարների արյունով են հավաքել՝ զրկելով և սպանելով:

Եվ մեծ հույս ու մխիթարություն դրեց զրկվողների առաջ, և քաջալերեց Դատավորի գալստյամբ՝ [հորդորելով] համբերող լինել և չարիք չգործել նեղությունների մեջ: Եվ օրինակ բերեց նրանց համար, որովհետև հարկ էր հորդորել նրանց թեև ոչ մեծ, սակայն շատ նման օրինակով: Եվ քանի որ ովքեր նեղությունների ու տառապանքների մեջ էին, եբրայեցիներ էին և հալածանքների էին ենթարկվում իրենց ազգակիցների կողմից, և հանուն Քրիստոսի հավատքի էին վշտերի մեջ ու տանջվում էին աղքատությամբ, այդ պատճառով էլ երկմտում էին, թե ովքեր Տիրոջը սպանեցին և մարգարեներին կոտորեցին, հանգիստ են վայելում, իսկ ովքեր Տիրոջը հավատացին այսպիսի չարչարանքների են ենթարկվում՝ օտարացած տնից, հայրենիքից, ժառանգությունից, արյունակիցներից: Սրա մասին նաև Պողոսն է հայտնապես գրում. «Դուք էլ ձեր ազգակիցների կողմից նույն չարչարանքներով չարչարվեցիք, ինչպես որ նրանք՝ հրեաներից, որոնք և սպանեցին Տեր Հիսուսին և մարգարեներին ու հալածեցին մեզ և Աստծու աչքից ելան» (Ա Թեսաղ. 2:14-15):

Նույնպես նաև սա՝ ցանկանալով ամրապնդել հուսահատվածներին, մարգարեներից է օրինակ բերում՝ ասելով. եղբայրնե՛ր, չարչարանքների և համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով: Կարծում եմ, որ Հոգով իմանալով նրանց  մտքի ցանկությունը, այս օրինակն է գրում, քանզի նրանք ցանկանում էին մեծագույն համբերության և անտանելի չարչարանքների օրինակը մարգարեներից վերցնել: Հետևաբար նրանց առջև է դնում այդ օրինակը, և դրանով ավելի է քաջալերում նրանց և վառում արդարության զենքերը՝ ինչպես նախամարտիկ զինվորների: Եթե երկմտեք, ասում է,  երևելի օրինակներից և ձեր առաջ եղած օրինակը փոքր համարեք, ապա մարգարեներից օրինակ վերցրեք, թե որքան չարչարվեցին և տանջվեցին, և ոչ թե օտարներից, այլ ընտանիքի և ազգականների կողմից:  Եվ ոչ թե իրենց անիրավության համար, այլ՝ աստվածպաշտության և Տիրոջ անունով խոսելու համար, և ոչ միայն լոկ չարչարվեցին ու տառապեցին, այլ նույնիսկ մեռան մեծ վկայության համար: Եսայուն սղոցեցին, Երեմիային քարկոծեցին, և մյուս բոլոր մարգարեներին հալածեցին և կոտորեցին, սակայն նրանք տեղի չտվեցին և չհրաժարվեցին, այլ համբերեցին չարչարանքներին, և Աստծուն աղոթում էին նրանց համար, սգում և դառնապես լալիս նրանց՝ Աստծուց հեռանալու համար, և երկարաձիգ ողբեր էին ստեղծում: Միևնույն ժամանակ Եսային դառնացած սրտով ասում էր. «Թույլ տվեք ինձ դառնորեն լաց լինեմ, մի՛ աշխատեք ինձ մխիթարել ժողովրդի դստեր կործանման առիթով» (Ես. 22:4): Իսկ Երեմիան առանձնացում էր խնդրում և արտասուքի աղբյուրներ հայցում, երկարաձիգ ողբեր էր հորինում՝ առանձնության մեջ նստել և գիշեր-ցերեկ լաց լինել ժողովրդի գերության, քաղաքի ավերման և տաճարի կործանման համար:

Մեկ այլ մարգարե ողբում է իր անձի համար, քանզի երկյուղածները վերացան երկրի երեսից: Արդ, ասում է, սրանք այսքան համբերությամբ էին կրում մեծ վշտերն ու նեղություններն այն դեպքում, երբ օրինակին ու ստվերին էին հաղորդ, այլ ոչ թե ճշմարտությանը: Իսկ դուք, ասում է, որքա՞ն պետք է համբերատար լինեք, երբ օրենքի հավաստիքն ունեք, և հասնելով ճշմարտությանը՝ վայելեցիք այն, որ հրաման ստացաք նույնիսկ թշնամիներին սիրել, և ատողների հանդեպ բարիք գործել, և աղոթել նրանց համար, ովքեր խոշտանգում ու տանջում են ձեզ:

Ասում է. եղբայրնե՛ր, չարչարանքների և համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով: Ապա ինչո՞ւ եք, ասում է, անմտանում, և ամբարիշտների համար Աստծուն աղաղակում՝ որպեսզի արթնացնեք նրա վրեժխնդրությունն ամբարիշտների հանդեպ, կարծես թե նրանք անիրավ են և հանգստի մեջ են, իսկ մենք նրանց նման չենք, բայց չարչարանքի մեջ ենք: Ուստի, ահա մարգարեները նույնպես արդար էին և Տիրոջ անունով էին խոսում, բայց անիրավների կողմից չարչարվում էին: Եվ ի՞նչ է նշանակում. որոնք խոսեցին Տիրոջ անունով: Կարծում եմ նկատի ունի Քրիստոսի գալստյան լուրը մարգարեներից լսելը, ինչպես նաև մարդեղության, չարչարանքների և մյուս այլ տնօրինությունների, քանզի գրեթե ամբողջովին ամեն ինչի մասին գրեցին:

Արդ, եթե նրանք այդքան հեռավոր ժամանակներում համբերությամբ սպասում էին ճշմարտությանը, ապա մենք որքան պարտավոր ենք համբերություն ցուցաբերել, որ մեր աչքերով տեսանք բոլորի համար պատրաստված փրկությունը, և ականջներով լսեցինք կենարար պատվիրանների մասին և գործնականում վայելեցինք նրա պարգևները:

Ահա՛, ասում է, երանի ենք տալիս համբերողներին: Հերթով ցանկանում է ամեն տեսակի անմտություն հեռու վանել նրանցից և համբերություն սերմանել նրանց սրտերում. առաջինը՝ Քրիստոսի գալստյամբ, երկրորդ՝ մշակների և երկրի պատվական պտղի օրինակով, երրորդ՝ մարգարեների, չորրորդ՝ մարդկային սովորությունների, որոնք խոսում են համբերության մասին: Հետևաբար այն, ինչը մշտապես իրենց լեզվին է, օրինակ է բերում՝ ասելով. չէ որ, ահա երանի ենք տալիս համբերողներին: Այսինքն՝ երբ խոսում ենք նրանց մասին, կամ Սուրբ Գրքից լսում նրանց համբերության գործի մասին օրինակը, ապա մեծապես երանի ենք տալիս նրանց, քանզի հանուն Աստծու են ճգնում և համբերում:

Ապա, ցանկանալով համոզիչ դարձնել խոսքը լսողների համար, հինգերորդ և վեցերորդ օրինակն է իրենց առջև դնում, որ բոլոր օրինակներից առավել հարգարժան են, քանզի ոչ միայն երանի ստացան համբերության համար, այլ՝ երանելի մակդիրին արժանացան:

Լսել եք, ասում է, Հոբի համբերության մասին և տեսել, ինչ որ Տերը նրան արեց վերջում: Հոբի բոլոր փորձությունները, հիվանդությունը, վշտերը, չարչարանքները և համբերությունը օրինակն էին մեծագույն խորհրդի: Քանզի նրա տառապանքների մեջ կային այնպիսիները, որ Ադամի վշտերն էին խորհրդանշում, օրինակ՝ միաժամանակ՝ միևնույն վայրկյանին ամեն տեսակի բարիքների կորուստը և թագավորական աթոռից աղբի վրա նստելը և թարախակալված, գարշահոտ ու որդնած մարմին ունենալն Ադամի և մեր համընդհանուր բնության վշտերն էին խորհրդանշում: Նաև այն, որ արդար էր և անարատ, և մեղքի պատճառով չէին վրա հասած հարվածներն ու տանջանքները, այլ՝ փորձության և բանսարկուին ամոթանք տալու համար, որ ամեն տեսակի տանջանքներով չարչարեց նրան և ամեն կողմից տկարացրեց: Նաև այն մեծագույն խորհրդի օրինակն էր, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ճշմարտությամբ կատարելու էր: Ուստի արդար և անարատ մարդ ասելով՝ նրանից հեռու է վանում ամեն տեսակի չարիք, և Աստծու օրինակը Հոբի միջոցով ցույց տրվեց ու ճշմարտությամբ կատարվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Քանզի մարդկանցից ո՞վ է արդար և սուրբ, ըստ այս արդարի վկայության, եթե նույնիսկ մեկ օր լինի նրա աշխարհի վրա ապրելու ժամանակը: Եվ կամ ո՞վ կարող է պարծենալ մաքուր սիրտ ունենալու համար և կամ ո՞վ կարող է համարձակվել ասել՝ ես ազատ եմ մեղքից, բացի Հիսուսից՝ ճշմարիտ մարդուց, և դա պարծանքով ասաց. «Ձեզանից ո՞վ կհանդիմանի ինձ մեղքի համար» (Հովհ. 8:46), և սա ըստ մարգարեի կանխասացության. «Նա անօրինություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում» (Ես. 53:9):

Տեսնո՞ւմ ես իրական արդարին, նա, ում մեջ արդարությունն է, և ճշմարտությամբ է պատում իր շուրջբոլորը, նա, ով ձրիաբար արդարացրեց մարդկային բնությունը, Հոբի արդարությունը նրան է նայել տալիս մեզ: Իսկ նրա՝ առանց մեղքի տառապանքները, մեր Տիրոջ անպարտ չարչարանքներն էին գուշակում, քանի որ մարդը երբեք անպարտ չի չարչարվում, որովհետև մարդ է: Եվ նույնիսկ եթե արդարության գագաթին հասած լինի, միևնույնն է, Ադամի հանցանքներն իր մեջ կան և ընդհանրական բնության անեծքի դատակնիքն իր վրա է կրում, և այդ պատճառով էլ արժանի է վշտերի. թե՛ այստեղ և թե՛ գալիքում:

Իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոս մեր մեղքերի համար սպանվեց, ըստ Եսայու մարգարեության. «Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրինությունների համար դատապարտվեց… և նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Ես. 53:5): Տեսնո՞ւմ ես Քրիստոսի չարչարանքների իրական պատճառը, որով ամոթահար արեց բանսարկուին և դատապարտեց նրան, քանզի նրա զենքով հարվածեց նրան և վիրավորեց, մերկացրեց նրա իշխանությունը և պետությունը: Արդ, այս ամենին նայելով՝ գրեց. Լսե՛լ եք Հոբի համբերության մասին հեռվից, և տեսել, ինչ որ Տերը նրան արեց վերջում, և վկաների կարիք չեք զգում ասվածը հավաստիացնելու համար:

Արդ, այս երկու օրինակներն էլ պատկառանքի են արժանի: Եթե Հոբի մասին եք ուզում իմանալ, որին ականջալուր եղաք, չափազանց շատ էր և սարսափելի, և մարդկային մտքի համար աներևակայելի և անտանելի, քանզի միանգամից ամեն ինչից դատարկ և ձեռնունայն մնաց. թագավորությունից, ունեցվածքից, որդիներից, ինչպես նաև մարմնից էլ զրկվեց, սակայն Աստծու նախախնամության դեմ անարժան ոչինչ չասաց, այլ՝ գովության արժանի բաներ խոսեց և գոհություն մատուցեց՝ ասելով. «Տերը տվեց, Տերն էլ ետ առավ… թող օրհնեալ լինի Տիրոջ անունը» (Հոբ 1:22), նաև՝ «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք» (Հոբ 2:10):

Իսկ եթե մտովի պատկերացնենք Քրիստոսին, նա, ով Տերն է և Աստվածը, և իր կամքով, այլ ոչ թե ակամա այդքան նախատիքներ և տանջանքներ հանձն առավ, որ աչքով տեսաք և ականջով լսեցիք: Բայց նա համբերում էր ինչպես մի տկար, և բոլորովին չէր ցանկանում չարին չարով հատուցել, այլ նույնիսկ աղոթում էր այդպիսի հանդուգնների և մոլեգնածների համար:

Տեսնո՞ւմ ես Տիրոջ համբերության սխրանքը: Արդ, նրանցից, ասում է, պետք է պատկառեք և համբերեք և համբերատար լինեք, քանզի թեև չարչարաքների և զրկանքների մեջ եք, սակայն նրանց չափ երբեք չեք տառապի:

Քանի որ Տերը բազմագութ է և ողորմած: Այս ասելով՝ առավել ևս մխիթարում է նրանց՝ չվախենալու չարչարանքներից, որովհետև այդպիսի ազնվագութ Տեր ունենք, քանզի որով ինքը չարչարվեց և փորձվեց, կարող է նաև փորձության մեջ գտնվողներիս օգնության հասնել: Նաև Պողոսն է ասում. «Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել, այլ՝ փորձության հետ փորձության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. 10:13): Ուստի և ասաց. քանի որ Տերը բազմագութ է և ողորմած:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

18.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․