Գրքեր

Համայնքի հերթական տնայցը մեծ ուրախություն էր պատճառել բազմազավակ ընտանիքին

Մեծ պահքի ընթացքում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջ համախմբված համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է իր հոգեշահ ծառայասիրական ուղին: Համայնքի համար կարծես ուղեցույց դարձած լինի Սբ. Պաիսիոս Աթոսացու այն խոսքը, որ սիրով լի անձը չի գոհանում միայն նրանով, որ օգնի միայն իրենից ողորմություն խնդրող անձին, այլ ինքն է փնտրում կարիքավոր մարդկանց՝ օգնելու և աջակցելու համար: Աստվածահաճո այդ ճանապարհին, համայնքի կողմից սիրով և ուրախությամբ տրված յուրաքանչյուր նվիրատվություն, բազմաթիվ ընտանիքների ուրախացնելով, առավելապես իրենց է ուրախություն պատճառում:

Իսկ մարտի 12-ի հերթական տնայցը հերթական ուրախությունը պատճառեց  Մարգարյան 1-ին նրբանցքի 6/1 հասցեի երկու փոքր և խոնավ սենյակներում բնակվող անապահով բազմազավակ ընտանիքին: Վեց զավակների մայրը՝ 47-ամյա Անուշ Հարությունյանը, ասաց, որ ընտանիքում դժվար իրավիճակն առավել բարդացավ, երբ ամուսինն ավտովթարի ենթարկվելուց հետո այլևս չկարողացավ աշխատել: Ցավով նշեց, որ զավակներից երկուսը նույնպես առողջական խնդիրներ ունեն: Այժմ ընտանիքն ապրում է նպաստով, իսկ զավակներից երկուսը, ուսումն ավարտելով, փորձում են իրենց սակավ աշխատավարձերով քիչ թե շատ օգնել ընտանիքին:

Ընտանիքի հետ ծանոթությունից և զրույցից հետո, Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց համայնքի կողմից տրամադրած սննդի փաթեթներ, անկողնային պարագաներ և դրամական օգնություն: Տիկին Անուշն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Հորն ու համայնքին՝ ուշադրության և հոգածության համար:

Եկեղեցու հայրերից մեկը գթասրտության հոգի ունեցողին նմանեցնում է մի աղբյուրի, որից բխում է ամենագեղեցիկը, եթե նա գումար ունենա, ապա առատորեն կբաշխի, եթե տեսնի որևէ մեկին դժբախտության մեջ, ապա արագ օգնության կհասնի և առանց ուշադրության չի թողնի որևէ բան, որ իրեն  է վերաբերում:

«Հայելի վարուց» գրքից կարդում ենք, որ Թեոդոս ինքնակալի ժամանակ, երբ սաստիկ սով էր Բուրգունդիա գավառում, Սինկտոս անունով մի հռոմեացի հավաքեց ավելի քան չորս հազար աղքատի, ովքեր ոչինչ չունեին ուտելու, և սովի բոլոր օրերին կերակրեց նրանց: Երբ սովն անցավ, ամենքն իրենց տեղը գնացին: Եվ ահա երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Ով սիրելի, քեզ և քո զավակներին հավիտյան չի պակասի հացը, որովհետև սովի ժամանակ անդրանիկներիս խնամեցիր, Ինձ խնամեցիր»:

 


Կարինե Սուգիկյան

12.03.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․