Գրքեր

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր…

Հայոց տոների շարքում Համբարձման տոնը սիրելի տոներից մեկն է: Այս տոնի հետ կապված հայերն ունեցել են շատ գեղեցիկ սովորություններ: Այն ժողովուրդը միշտ նշել է բնության գրկում, մայիսյան ծաղկունքի մեջ և ուղեկցվել է ժողովրդական հանդիսություններով: Հայաստանի տարբեր շրջաններում տոնը հայտնի էր «Ծաղկամոր տոն», «Ճակատագրի տոն», «Վիճակի օր», «Ջանգյուլումի օր», «Կաթնապրի օր» անվանումներով, քանի որ Համբարձումը բնորոշվում է ծաղիկների առատությամբ, խաղիկներով վիճակահանմամբ, մասնակիցների ճակատագրի գուշակությամբ և որպես մատաղ՝ կաթնով բաժանելով:

Համբարձման տոնին կատարվող «Վիճակ-ջանգյուլումը» ամենասիրված և ուրախ հանդիսավորությամբ կատարվող տոնախմբությունն էր: Այն համարվել է աղջիկների տոն: Դեռատի աղջիկները Համբարձման նախընթաց՝ չորեքշաբթի օրը, վաղ առավոտյան, դեռ արեգակը չծագած, գույնզգույն զգեստ հագած, հատկապես կարմիր ու կանաչ, լուռումունջ գնում էին դաշտերը կամ սարերը և կճուճի մեջ լցնում յոթ աղբյուրի ջուր, յոթական քար, ծաղկի թերթեր կամ ծառի տերևներ: Յոթ ծաղկից փնջեր էին կապում, պսակներ հյուսում և վիճակ գցում, թե ում ինչ բախտ է սպասում: Նրանց երբեմն հետապնդում էին տղաների խմբերը, որոնք փորձում էին խոսեցնել, կատակներով խանգարել աղջիկներին: «Ծաղիկները գովելով»՝ աղջիկները մի մեծ փունջ էին կապում ու դնում կճուճի բերանին և կարմիր շորով ծածկում այն: Երեկոյան վիճակի կճուճը թաքցնում էին հանդերում, իսկ երբեմն էլ պահում աղջիկներից մեկի տանը: Գիշերվա ընթացքում հսկում էին կճուճը, որպեսզի տղաները չգողանան և փոխարենը՝ փրկագին չպահաջեն:

Վիճակահանությունը, որի ընթացքում պարզում էին, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու, կատարում էին հինգշաբթի օրը: Վիճակահանության մասնակից բոլոր աղջիկները կժերով և ծաղիկներով շրջում էին տնետուն, խաղիկներ երգում, ծաղկեփնջեր նվիրում, իսկ մարդիկ զանազան նշաններ (կոճակ, մատանի, ասեղ և այլն) գցելով վիճակի ամանի մեջ, դրամով կամ բնամթերքով (ձու, յուղ, պանիր, բրինձ և այլն) նրանց նվերներ էին մատուցում: Ծաղկեփնջերը բաժանելուց հետո, կճուճի մեջ դրված խաչաձև փունջը, որը Ծաղկամեր էր կոչվում, նվիրում էին եկեղեցուն: Վիճակը հանում էին կեսօրին, երբ աղջիկները շրջան կազմած տեղավորվում էին վիճակի ամանի շուրջ: Նախապես ընտրված Համբարձման հարսը, որը նորահարսի գեղեցիկ զգեստ հագած, քողը երեսին մի փոքրիկ աղջնակ էր, կճուճից հանում էր որևէ նշան: Խումբն այդ պահին մի քառատող էր երգում, որի բովանդակությունից էր կանխորոշվում էր նշանի տիրոջ «վիճակը» կամ բախտը:

Համբարձումը կոչվում է Վիճակի օր, որովհետև «Վիճակը» կապված էր Քրիստոսի համբարձվելուց հետո առաքյալների կողմից Հուդայի փոխարեն վիճակահանությամբ նոր աշակերտ ընտրելու ավանդության հետ (Գործք Առաքելոց 1:26):

Ժողովուրդը Համբարձման տոնին դուրս էր գալիս դաշտերը, ծաղկազարդ վայրերում կազմակերպում էին զբոսանք, երգ ու պարով, ուրախությամբ նշում Համբարձման տոնը:

Այդ օրը ծաղիկներով զարդարում էին գառան, կաթնատու կովի, եզան պարանոցը և պտտեցնում գյուղում: Իսկ իբրև մատաղ և տոնական ուտեստ՝ կաթնով ու բանջար էր եփվում: Կաթնովը բաժանվում էր հարևաններին, բարեկամներին, անցորդներին, այն շաղ էին տալիս արտերում ու այգիներում, որ հունձը բարեհաջող լինի, բերքը՝ առատ: Զատկից մինչև Համբարձումն ընկած ժամանակահատվածում արգելված էր կաթնապուրի գործածությունը, հակառակ դեպքում կպակասեր կովերի կաթնատվությունը: Այդ օրը, սակայն, յուրաքանչյուր տան համար կաթնապուր եփելը պարտադիր էր:

Զատկից մինչև Համբարձում, երեկոյան ժամերին կանայք կար չէին անում, որպեսզի «հավկուր» չլինեն (հավի պես չկուրանան):

Համբարձման տոնի անբաժան մաս էին կազմում ուխտագնացությունները: Յուրաքանչյուր բնակավայր ուներ Համբարձման իր ուխտավայրը: Իրենց համաժողովրդական նշանակությամբ առանձնանում էին «Արքայության աղբյուր» մատուռը (գտնվում էր Տիգրիս գետի ակունքներում), Գողթնի «Խաչքարը» (գտնվում էր Վերին գետից դեպի հյուսիս), Արծվանիկի և Զվարի` Սուրբ Ստեփանոս, Ղարադաղի` Սիլյան սար և Խանագա գյուղի Երեփիր և այլն:

Համբարձման օրը շատերը ուխտի են գնում Ծաղկեվանք (գտնվում է Կոտայքի մարզում, Արա լեռան վրա), ուր ըստ ավանդության գտնվում է Վառվառա կույսի գերեզմանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ 2011թ-ից Համբարձման տոնը հաստատվել է Գեղարդավանքի ուխտի օր: Տոնակատարության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող Գեղարդը, որով խոցել էին խաչին գամված Հիսուսին` պարզելու, արդյոք ողջ է, թե մեռած, հանդիսավոր արարողությամբ բերվում է Գեղարդավանք: Ուխտավոր հավատացյալները հնարավորություն ունեն տեսնելու և համբուրելու այն:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

04.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․