Գրքեր

«Համբարձման» պատկերագրությունն ու խորհրդաբանությունը

Հիսուս Քրիստոսի դեպի երկինք համբարձվելը նշանավորեց Նրա երկրային առաքելության փառավոր ավարտը: Չարչարվելով, խաչվելով և թաղվելով, ապա որպես հաղթության պսակ հարություն առնելով՝ Աստծո Որդին համբարձվեց, տեղափոխվեց աստվածային երկինք և նստեց Հայր Աստծո Քերովբեական Գահի աջ կողմում, ինչպես և խոստացել էր Իր աշակերտներին:

Քրիստոնեական արվեստում համբարձման տեսարանի հնագույն նմուշները հայտնի են 4-5-րդ դարերից: Հայկական արվեստում վաղագույն պատկերները մեզ են հասել 6-րդ դարից (Պտղնիի ու Օձունի եկեղեցիների որմնաքանդակները, Էջմիածնի Ավետարանի փղոսկրյա կազմի փորագիր պատկերները): Մանրանկարչության մեջ դա 862 թվականի Մլքե թագուհու Ավետարանի մանրանկարն է (Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարան, ՄՄ 86): Տերունական պատկերներում ամեն մի մանրամասն, նույնիսկ երկրորդական, ունի իր  խորհրդաբանական իմաստը:

«Տիրոջ համբարձումը» մանրանկարների կոմպոզիցիան կենտրոնային է, խիստ արտահայտված ուղղահայացով: Մանրանկարի վերին մասում պատկերված է Քրիստոս ձվաձև պսակի՝ մանդոռլայի (Աստծո փառքի առարկայական արտահայտությունը) մեջ  նստած, ձախ ձեռքով պահել է բացված մագաղաթի գալարը, իսկ աջով օրհնում է աշակերտներին: Սավառնելով երկու կողմից՝ Քրիստոսին են մոտենում հրեշտակները: Մանդոռլան տանող հրեշտակները լինում են թվով երկուսը կամ չորսը: Որոշ մանրանկարներում հրեշտակերը չեն պահում մանդոռլան, այլ միայն նախանշում են այդ շարժումը, որը ցույց է տալիս համբարձման խորհրդավոր բնույթը: Մանդոռլան պատկերվում է մի քանի տարբերակով՝ կլոր, ձվածիր, ուղղանկյուն և այլն: Արևմտյան որոշ օրինակներում Քրիստոս բռնել է Հայր Աստծո Աջը կամ Իր ձեռքն ուղղել է դեպի Մարիամն ու աշակերտները: Ուշ շրջանում Հիսուս պատկերվում էր ամպերի մեջ ընկղմված:

Արևմտյան օրինակներում երկինք տարվող գահի վրա պատկերվում է Գառն Աստծո: Ստորին մասում, խիստ պայմանական, պատկերված է Ձիթենյաց լեռը, որի վրա՝ կենտրոնում, առաքյալների երկու ոգեշունչ խմբերի միջև, դեմ առ դեմ և հանդիսավոր կեցվածքով կանգնած է Աստվածամայրը, աջից և ձախից՝ մեկական հրեշտակ, Պետրոս և Պողոս առաքյալները, և մյուս առաքյալները՝ բաժանված հավասարաթիվ խմբերի: Աստվածամոր կողքին կանգնած հրեշտակները խորհրդանշում են երկնային ուժերի ներկայությունը Եկեղեցու մեջ, իսկ Պետրոս և Պողոս առաքյալները մարմնավորում են Եկեղեցու հրեական և հեթանոսական դարձի եկած համայնքները: Երկու հրեշտակները դիմում են առաքյալներին՝ բացատրելով երևույթը: Հակառակ Տիրամոր խաղաղ կեցվածքին՝ առաքյալների դեմքերին երկյուղ կա և շփոթմունք: Համբարձման տեսարանի առավել տարածված այս տարբերակը հայտնի է 6-րդ դարից (Ռաբուլայի Ավետարան, Մոնցայի սրվակ և այլն): «Համբարձում» տերունական տեսարանում կենտրոնական տեղ է գրավում և կերպարներից առանձնանում է Աստվածամայրը (կան մանրանկարներ, որտեղ Աստվածամայրը պատկերված չէ): Նա պատկերվում է կանգնած, ձեռքերը աղոթքի նշանով պահած կրծքի մոտ (Օրանտ): Ավետարաններում և Գործք Առաքելոցում Աստվածամոր ներկայությունը համբարձման պահին հիշատակված չէ, և այս առումով Տիրամոր կերպարը զուտ խորհրդանշական իմաստ է կրում: Պատկերագրական հիմնական սխեման անփոփոխ ձևով պահպանվում է հետագայում ընդօրինակված ձեռագրերում:

Թորոս Տարոնացու ստեղծագործություններն աչքի են ընկնում իրենց հստակ ոճով, նա ստեղծագործական մոտեցում է ունեցել ուրիշ վարպետների մանրանկարների հանդեպ: Ընդ որում, նա երբեք չի կրկնում իրեն: Ամենուրեք, ուր հնարավոր է եղել, Թորոս Տարոնացին ձգտել է թեմայի նոր մեկնաբանությամբ ու գունային գամմայի հարստությամբ կոմպոզիցիա ներմուծել ինքնատիպն ու յուրօրինակը: Նա նույն թեման կերպավորելիս կարողացել է կոմպոզիցիոն նոր լուծում գտնել: Օրինակ, «Համբարձման» մեջ Քրիստոսը կանգնած է ձվաձև պսակի մեջ, որ մենք առաջին անգամ տեսնում ենք Թորոս Տարոնացու աշխատանքում:

Նկատելի է Թորոս Տարոնացու «Համբարձման» տեսարանի նկարելու եղանակի որոշ կոպտություն. նրա Տիրամայրը ցածրահասակ, ամրակազմ, խոշոր գլխով կին է: Թերևս Տիրամոր այդպիսի արտաքինը Թորոս Տարոնացու աշխատանքում բացատրվում է դեմքերը դիմացից պատկերելու անկարողությամբ: Դա երևում է «Եսայի Նչեցու Ավետարանի» պատկերներում և կրկնվում է հետագա ձեռագրերում: Գիտակցելով իր այս թերությունը՝ նա խուսափել է ուղիղ դիտողին նայող դեմքեր նկարելուց և մյուս բոլոր տեսարաններում դեմքերը պատկերել է երեք քառորդով: Եթե 1307թ. և 1318թ. ձեռագրերի «Տիրոջ համբարձումը» մանրանկարում Աստվածամոր ֆիգուրն ու դեմքը պատկերված են դիմացից, ապա 1323թ. Ավետարանում նա պատկերված է կիսադարձ, ընդ որում՝ վեր բարձրացված գլխով ու ձեռքերով:

Մոմիկի մանրանկարներում առանձնապես արտահայտիչ են Քրիստոսի և Տիրամոր կերպարները: Առաջինն արտահայտում է խաղաղ վեհություն, իսկ երկրորդը, Ն. Պ. Կոնդակովի բառերով ասած, «եկեղեցու կերպարն է, որ երկրի վրա թողել է համբառնվող Փրկիչը» (Н. П. Кондаков, Иконография Богоматери, 1914): Համբարձման տեսարանում խորհրդաբանորեն արտահայտված է Քրիստոսի Եկեղեցու գաղափարը`Քրիստոս որպես Գլուխ Եկեղեցու, Աստվածամայրը՝ որպես Եկեղեցի, Մայր հավատացյալների և Բարեխոս, առաքյալները`Եկեղեցու անդամներ, որն է Քրիստոսի մարմինը:

«Համբարձում» մանրանկարում տեսարանի երկու կեսերը (վերևի և ներքևի) կապված են ազատ սավառնող հինգերորդ հրեշտակի միջոցով:

«Համբարձման» պատկերագրությունը բյուզանդական սխեմայից փոքր-ինչ տարբերվում է գլխավորապես այն բանով, որ Տիրամոր շուրջը հրեշտակներ չկան, վերջիններս վերևում են և փողհարում են: Այս մանրանկարում Քրիստոսի աշակերտները տասնմեկն են, Հուդայի ֆիգուրը հանված է առաքյալների խմբից:

Քրիստոնեական արվեստում հայտնի է «Համբարձման» պատկերման մեկ այլ տարբերակ՝ ավելի խորհրդանշական ձևով. պատկերվում են երկու ճախրող հրեշտակ, որոնք դեպի վեր են տանում հաղթության դափնեպսակ (փոխարինում է մանդոռլային), մեջտեղում` հավասարաթև խաչ (խորհրդանշում է Հիսուսին), ինչպես Էջմիածնի Ավետարանի կազմի պատկերում: Մյուս գործող անձինք համանման գեղարվեստական կոմպոզիցիաներում բացակայում են:

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ Ձիթենյաց լեռան վրա Քրիստոս ստեղծեց Եկեղեցու նվիրապետական կարգը՝ առաքյալներին շնորհելով կաթողիկոսից մինչև դպիր բոլոր հոգևոր աստիճանները:  

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

28.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․