20 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

Համբարձման տոն. միախառնվել էր Երկնքի և երկրի ուրախությունը

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Հայ եկեղեցին նշում է տասը օր շարունակ, իսկ տասնօրյա տոնախմբության չորրորդ օրը նշում է Երկրորդ Ծաղկազարդի տոնը: Եթե բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի արքայական մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի փառավոր մուտքը Վերին Երուսաղեմ: Ինչպես հարությունից հետո Քրիստոս երկրի վրա մնաց քառասուն օր, որպեսզի մարդկանց մեջ հաստատի Իր հարության հավատը, այդպես էլ համբարձումից հետո ինն օր մնաց հրեշտակների դասերում, որպեսզի նրանց հայտնի մարդկանց փրկության խորհուրդը: Համբարձման տոնախմբության չորրորդ օրը չորրորդ դասի հրեշտակներն ուրախությամբ և ցնծությամբ ընդառաջ դուրս եկան Տիրոջը՝ Նրա պատվին տոն կատարելով:

Մայիսի 13-ին՝ Երկրորդ Ծաղկազարդի օրը, չորրորդ դասի հրեշտակներին ուրախակից եղավ նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ ազդարարելով Քրիստոսի հրաշափառ Համբարձման ավետիսը: Մեծահրաշ տոնի խորհրդին բոլորը հաղորդ դարձան՝ նախ մասնակցելով Սուրբ և Անմահ Պատարագին, որ մատուցեց Տեր Հայակազուն քահանա Մկրտչյանը:

Ս. Պատարագի ավարտին ներկաները եկեղեցու բակում մասնակից դարձան Համբարձման տոնախմբությանը, որ կազմակերպել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը: Եկեղեցու բակը տիկնանց միության եռանդուն ջանքերով ազգային շունչ էր ստացել, բակի տարբեր հատվածներում կարելի էր տեսնել հայոց ավանդական օջախին հատուկ թոնիրը, իլիկը, երկանքը:

Կրկին անգամ ազդարարվեց Համբարձման ավետիսը: Միջոցառման մասնակից երեխաները հանդիսատեսին հաղորդ դարձրին տոնի ավետարանական պատմությանը և Տիրոջ այն  մխիթարիչ խոսքին, որն ասում է. «Եվ ահա ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20)»:

 

Միջոցառման երկրորդ մասում սուրբ օրվա գովքն արեցին ժողովրդական տոնախմբությամբ՝ երգ ու պարով և վիճակով: 

ժողովուրդը Համբարձման տոնը անվանել է Վիճակի օր, ինչը կապված է Քրիստոսի համբարձվելուց հետո առաքյալների կողմից Հուդայի փոխարեն վիճակահանությամբ նոր աշակերտ ընտրելու ավանդության հետ (Գործք Առաքելոց 1:26): Համբարձումը բնորոշվում է ծաղիկների առատությամբ, վիճակահանման խաղիկներով և ժողովրդական երգերով՝ «Ջանգյուլում»-ը, «Ծաղիկ ունեմ նարընջի», «Համբարձում եկավ»:

Ապա մի խումբ աղջիկներ վիճակի սափորով, յոթ աղբյուրից ջուր լցրած կժերով, վիճակի զամբյուղներով, ծաղկաթերթերի թասով, Ծաղկամեր խաչով, Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն երգելով, մոտեցան ժողովրդին: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր, թե ինչ է բերել իր հետ:

Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան,

Զուգել են հանդեր նախշուն գորգերով.

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան,

Վիճակ հանելու, աշխույժ երգերով:

Աղջիկները վիճակի սափորն էին պտտեցնում, ներկաներն որևէ նշան էին գցում սափորը՝ սպասելով, թե ինչ վիճակ է իրենց բաժին հասնելու:

Քանի որ Համբարձման տոնը հայտնի է նաև «Կաթնապրի օր» անունով և կաթնապուր եփելը պարտադիր էր, ուստի, սովորույթի համաձայն, ներկաներին բաժանվեց կաթնապուր: Ապա տոնական սեղանը զարդարվեց տիկնանց միության կողմից պատրաստված տոնական տորթով:

Միջոցառումը վարեցին Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի աշակերտները, ովքեր «Նազենի» պարային համույթի (գեղ. ղեկավար՝ Սոնա Խաչատրյան) հետ միասին հանդիսատեսին մեծ ուրախություն պատճառեցին ժողովրդական մի շարք պարերով:

Եկեղեցու հայրերի խոսքով՝ Քրիստոս համբարձվեց, որպեսզի մենք առավել վարձք առնենք Քրիստոսի հավատով, որովհետև եթե այս աշխարհում մնար մեզ հետ, և մենք Նրան տեսնելով հավատայինք, այդպես մեծ չէր լինի մեր հավատքը, ինչպես այժմ, որ Նրան հավատում ենք առանց տեսնելու, ինչպես Փրկիչն ասաց Թովմասին. «Որովհետև դու ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, ովքեր չեն տեսել, սակայն հավատում են» (Հովհ. 20:29):

 

Կարինե Սուգիկյան

13.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․