Գրքեր

Համբարձման տոնի քարոզ

«Եվ Ինքը Տեր Հիսուս նրանց հետ խոսելուց հետո դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը: Իսկ նրանք ելան ու քարոզեցին Ավետարանը ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցությամբ և իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին Խոսքը» (Մարկոս 16:19, 20):

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Քրիստոսի համբարձումը իրար է կապում երկինքն ու երկիրը, մոտեցնում է երկնավորներին ու երկրավորներին՝ հրեշտակներին ու մարդկանց: Տիրոջ համբարձումը կարծես մի ղողանջ լինի ողջ տիեզերքում հնչող, քանի որ ինչպես Նրա ամեն մի խոսքը, գործը, տված պատվիրանը, բժշկությունը, հարությունը վկայում են իսկապես Աստծո Որդու մարմնանալու, մարդանալու մասին, այնպես էլ համբարձումը մի մասն է ողջ աստվածային տնօրինության և ազդարարում է Աստծո փրկագործության խորհուրդը: Աստծո Որդին մարմնացավ, մարդացավ, խաչվեց, թաղվեց, հարություն առավ և համբարձվեց երկինք: Նրա բժշկությունները, քարոզները, պատվիրանները, խաչի չարչարանքները, մահը, թաղումը, հարությունն ու համբարձումը ոչ թե ինքնանպատակ են, այլ փոխկապակցված, պատճառաբանված և հիմնավորված այն բանով, որ Արարիչն Իր արարածների հանդեպ անտարբեր չէ: Նա, աշխարհը ստեղծելով, «մի կողմ չի քաշվել» և ստանձնել դիտորդի դերը, այլ անվերջ մասնակիցն ու առաջնորդն է մեր կյանքի, մեր բոլորի, մեզանից յուրաքանչյուրի: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մկրտությունը, տաճար ընծայումը, խաչելությունը, հարությունն ու համբարձումը յուրօրինակ ուսուցիչներ են մեզ համար, ինչպես Նրա բերանից ելած ամեն մի խոսքը, պատվիրանը և հորդորը: Տիրոջ համբարձման մասին Ղուկաս Ավետարանիչը գրում է. «Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա և բարձրացնելով Իր ձեռքերը, օրհնեց նրանց: Եվ մինչ Նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում: Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ: Եվ միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն» (Ղուկաս 24:50-53): Իսկ «Գործք առաքելոց»-ում կարդում ենք, որ աշակերտները հարցնում են Հիսուսին. «Տե՛ր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայելի թագավորությունը»: Հիսուս նրանց ասաց. «Ձեզ տրված չէ իմանալ այն ժամերը և ժամանակները, որ Հայրը հաստատեց Իր իշխանության մեջ, այլ, երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք և Ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը»: Եվ երբ այս խոսքերն ասաց, մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացավ, և ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից: Եվ մինչ իրենց աչքերը հառած նայում էին Նրա երկինք գնալուն, ահա նրանց երևացին սպիտակ զգեստների մեջ երկու մարդիկ, որոնք և ասացին. «Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում եք երկնքին. այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը» (Գործք 1:6-11): Ինչպես տեսնում ենք, Ավետարանը պատմում է Տիրոջ համբարձման հետ կապված աշակերտների՝ միմիայն ուրախության մասին: Եթե Ղուկաս Ավետարանիչը նշում է, որ աշակերտներն ուրախությամբ վերադարձան և օրհնաբանում էին Աստծուն, ապա «Գործք առաքելոց»-ում կարևոր է համարվում այն հանգամանքը, որ ինչպես Քրիստոս երկինք վերացավ, այնպես էլ պիտի գա, կարևոր չէ ժամանակները ճշտելը, կարևորը մինչև վերջ Հիսուս Քրիստոսին վկայելն է՝ իբրև Ճշմարիտ Աստված: Իսկ Մատթեոս Ավետարանիչը մեջբերում է Քրիստոսի արտաբերած վերջին հուսադրող խոսքերը. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես հայրը Ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա Ես Ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28:18-20): Համբարձման մասին մենք ողջ տարին հիշում ենք Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում: Յուրաքանչյուր անգամ կրկնում ենք հետևյալ բառերը. «Համբարձե՛ք, իշխա՛նք, զդրունս ձեր ի վեր, համբարձցին դրունք յաւիտենից, և մտցէ Թագաւոր փառաց» (Վե՛ր բարձրացրեք, իշխաննե՛ր, ձեր դռները, թող բարձրացվեն հավիտենության դռները, և մտնի Փառքի Թագավորը): «Ո՞վ է սա Թագաւոր փառաց, Տէր հզօր զօրութեամբ իւրով, Տէր կարող ի պատերազմի» (Ո՞վ է այս Փառքի Թագավորը, Հզոր Տերն Իր զորությամբ, պատերազմում՝ զորեղ Տերը): Այս խոսքերը Դավթի 23-րդ սաղմոսից են, ուղղված են հրեշտակներին և ազդարարում են Տիրոջ համբարձումը դեպի երկինք, սակայն ամեն վերաբերության ժամանակ մենք կրկնում և բարձրաձայնում ենք դրանք, քանի որ մենք էլ մեր սրտերը պիտի բացենք Քրիստոսի առջև, որպեսզի գա և բազմի Փառքի Թագավորը մեր սրտերում և հոգիներում: Նրա հարությամբ մարդկանց սրտերն ուրախությամբ ու ցնծությամբ է լցվում, քանի որ մահը կորցնում է իր զորությունը մեր նկատմամբ: Նրա հարությունից հետո մենք սպասում ենք համբարձմանը, որովհետև դրանով ևս ուրախանալու առիթ ունենք: Նա գնում է, որպեսզի ուղարկի Սուրբ Հոգուն, ուստի տասը օրը ոչ միայն Համբարձումը տոնախմբելու օրեր են, այլ նաև Հոգեգալստյան սպասման օրեր են, քանի որ Հոգեգալուստն էլ բերկրանք է պատճառում Մխիթարիչի գալուստով: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարությունը, Համբարձումը, Հոգեգալուստը իրար հաջորդող տոներ են, որոնք գալիս են մխիթարություն բերելու Մեծի Պահոց քառասուն օրերի, չարչարանաց շաբաթվա ապաշխարության շրջանին: Ինչո՞ւ ենք կարևորում և տոնի վերածել Հիսուս Քրիստոսի կյանքի ամեն մի պահը: Ինչո՞ւ, որովհետև Նա Աստծո Որդին է և Աստված, իսկ երկրորդը, որովհետև Նա այդ ամենը արեց մեզ համար, հանուն մեր մեղքերի քավության և թողության, հանուն այն մաքրության, որ մեզ կապում է մեր Արարչի հետ, որը մեզ համարձակություն է տալիս մեր աչքերը վեր համբառնալու, սպասելու և ակնկալելու Նրա օգնությունը, Նրա զորակցությունը, Նրա օրհնությունը, ինչպես որ Նա համբարձումից առաջ օրհնեց Իր աշակերտներին և քաջալերեց. «Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28:20): Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

25.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․