19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Համբարձման տոնը սիրիահայ համայնքն իմաստավորեց ուխտագնացությամբ

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, 2012թ-ից առ այսօր սիրիահայ համայնքը, համախմբվելով Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում, դարձել է գործուն համայնք հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:

Հայ եկեղեցին մայիսի 5-ին տոնախմբեց մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը, և տնօրինական այս օրը սիրիահայ համայնքն իմաստավորեց ուխտագնացությամբ՝ ուղղված Հայոց աշխարհի, Սիրիայի և համայն աշխարհի խաղաղության: Թվով 150 սիրիահայ ուխտավորներ Հալեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր Հայկազ քահանա Մասոյանի և Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սպասավոր Ռաֆֆի սրկ. Գույումջյանի առաջնորդությամբ աղոթքի ճանապարհ անցան դեպի Արտաշատի Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի: Ուխտավորներն այստեղ մասնակցեցին տոնական Սբ. Պատարագին:

Պատարագիչը՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, քարոզին տոնի խորհրդի հետ կապված մասնավորապես ասաց. «Մինչ համբարձումը Տերն օրհնեց, Իր պատգամներն հղեց առաքյալներին՝ գոտեպնդելով ՝ Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը: Տիրոջ համբառնալուց հետո հայտնված հրեշտակներն ուրախություն պատճառեցին թե՛ առաքյալներին և թե՛ մեզ. «Այս Հիսուսը, որ երկինք վերացավ, մի օր դարձյալ կգա այնպես, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը»: Տիրոջ հետ գտնվելու ուրախությունը մեզանից վանում է ամեն տեսակ դժվարություն, և տոնը պատգամում է, որ միավորվենք Տիրոջով և նորոգվենք Նրա Գալստյան հույսով՝ ապրելու, պայքարելու և Երկինքը գտնելու համար»: Ապա Տեր Հայրը նշեց, որ մեր հայ ազգը, տարբեր ժամանակաշրջաններում տարաբախտ լինելով, ենթարկվել է գաղթականության և դիմելով սիրիահայ ուխտավորներին՝ մաղթեց, որ Տերն օրհնի և զորավիգ լինի իրենց:

Երկնավոր Թագավորի տունն ու բնակության վայրը համարվող եկեղեցում ուխտավորները միասնական աղոթքով Ամենակարողից հայցեցին ողորմություն և խաղաղություն ողջ աշխարհի համար:

Սբ. Պատարագի ավարտին ուխտավորները սիրո ճաշ ունեցան, որից հետո եկեղեցու բակում մասնակից եղան նաև տոնի ժողովրդական սովորությանը: Սիրիահայ համայնքի «Հույս միավոր» տիկնանց միության ատենապետուհի Զարուհի Ամալյանն ուխտավորներին հիշեցրեց, թե ինչու է Համբարձման տոնը կոչվում նաև «Վիճակի օր»: Ապա բաժանվեցին վիճակներ, որոնք պատրաստվել էին տիկնանց միության անդամների կողմից: Տիկին Զարուհին նշեց, որ, սիրիահայերի սովորության համաձայն, վիճակների մեջ պատրաստվում է մի վիճակ, և ում բաժին է ընկնում այն, նա համարվում է բախտավորը՝ արժանանալով յոթ մրգերով լի զամբյուղին: Այս անգամ օրվա բախտավորը Էլիզաբեթ Ջիգերսիսյանն էր, ում, վիճակի խոսքի համաձայն, մաղթեցին՝ զավակներովդ երջանկանաս, թոռնիկներովդ հարուստ դառնաս, ձեռքերովդ բարիք գործես և ուրախության մեջ ծերանաս:

«Սիրիայում ամեն տարի մեծ շուքով ենք նշել Համբարձման տոնը: Բազմատեսակ ծաղիկներով լի կճուճը դրվել է Սբ. Խորանի առջև, որի մեջ յուրաքանչյուրը մի նշան է գցել՝ հույսով սպասելով իր վիճակին: Այսօր իմ մաղթանքն է, որ Տերը խաղաղություն շնորհի աշխարհին և պահպանի Հայոց երկրի սահմանները»,- ասաց Թիթառ Քիլեջյանը:

Ուխտագնացության հետ կապված Տեր Հայկազ քահանա Մասոյանն ասաց. «Ուխտագնացության մեկնող անձի համար պետք է պարզորոշ լինի նախ ուխտ բառի իմաստը, որ նշանակում է համաձայնություն որևէ մեկի հետ: Սբ. Գրքի Հին Ուխտն ու Նոր Ուխտը նշանակում են Աստծո հետ հաշտության և փրկության դաշինք, որ վավերացվել է Սբ. Պատարագով: Իսկ ուխտավորն այն անձն է, ով, այդ խորհրդին հոգով և սրտով կապված լինելով, աղոթքով և շարականի երգեցողությամբ հասնում է ուխտավայր՝ իր ուխտը կատարելու համար: Մենք էլ՝ հոգևորականներս, աղոթում ենք, որ բոլորի ուխտն Աստծո կամոք ի կատար ածվի և բարի ավարտ ունենա»:

Սիրիահայ ուխտավորների հաջորդ ուխտավայրը Խոր Վիրապն էր: Հայ քրիստոնյայի համար մեծագույն այս սրբավայրում ուխտավորները Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայրապետի բարեխոսությամբ ևս մեկ անգամ իրենց միասնական աղոթքը բարձրացրին առ Աստված հանուն աշխարհի խաղաղության և մեծ հույսով ու հավատով վերադարձան Երևան:

 

 

Կարինե Սուգիկյան

05.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․