Գրքեր

Համբարձման տոնը սիրիահայ համայնքը նշեց ուխտագնացությամբ

Մայիսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Տնօրինական այդ օրը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, իմաստավորեց ուխտագնացությամբ: Աղոթքով և շարականներով հագեցած ուխտավորների ուղին կանգ առավ համայն հայության համար նվիրական սրբավայրերից մեկում՝ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ նրանք մասնակից եղան տոնական Սուրբ Պատարագին: Սուրբ Պատարագի ավարտին ուխտավորները խոնարհվեցին Ս. Մեսրոպ Մաշտոցի շիրիմի առջև և սրբի բարեխոսությանը դիմելով՝ Տիրոջ ողորմությունը հայցեցին Հայաստան ու Արցախ աշխարհների անսասանության և խաղաղության համար:

Այնուհետև ուխտավորները համախմբվեցին սիրո սեղանի շուրջ և մասնակից եղան Համբարձման տոնի ժողովրդական սովորությանը: Սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց միության ատենապետուհի Քնարիկ Ղազարյանն ուխտավորներին հիշեցրեց, թե ինչու է Համբարձման տոնը կոչվում նաև «Վիճակի օր»: Ապա բաժանվեցին վիճակներ, որոնք պատրաստվել էին տիկնանց միության անդամների կողմից: Տիկին Քնարիկը նշեց, որ, սիրիահայերի սովորության համաձայն, վիճակների մեջ պատրաստվում է մի վիճակ, և ում բաժին է ընկնում այն, նա համարվում է հաջողակ: Սիրիահայ համայնքից երկու անդամ համբարձման ժողովրդական տոնախմբությունը համեմեցին ասմունքով և հայրենասիրական երգերով:

Քրիստոնեության ընդունումից ի վեր հայ քրիստոնյան հավատքի իր ուղին նորոգել ու ամրապնդել է՝ իր ճանապարհին վեր խոյացնելով սուրբ տաճարներ, որտեղ աղոթքով և Սուրբ Հաղորդությամբ, միավորվելով Տիրոջը, դիմակայել ու հաղթահարել է բազում փորձություններ: Հայոց սուրբ հողի վրա՝ սուրբ տաճարներից ներս, դարեր ի վեր սերմանվել է Աստծու խոսքը և Աստծուն տենչացող հոգիներում պտուղ տվել մեկի դիմաց՝ երեսուն, վաթսուն և հարյուր: Այսօր էլ հայ ուխտավորը շարունակում է հավատքի իր ուղին նորոգել ու ամրապնդել ուխտի հոգենորոգ ճանապարհներով՝ Տիրոջ ողորմածությանն ու ապավինությանը հուսալով: Հոգևոր ուրախություն է ապրում նա, ով Տիրոջ ճանապարհին է. «Թող Քեզանով ցնծան ու ուրախանան բոլոր նրանք, որ փնտրում են Քեզ, Տե՛ր: Քո տված փրկությունը սիրողներն ամեն ժամ թող ասեն՝ «Մեծ է Աստված»: Ես աղքատ եմ և տնանկ, Աստվա՛ծ հոգ տար իմ մասին. իմ օգնականն ու պաշտպանը Դու ես. Աստված իմ, մի՛ ուշացիր» (Սաղմ. 39:17-18):

 

Կարինե Սուգիկյան

 

15.05.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․