Գրքեր

Համբարձում

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Անցյալում մնացին արդեն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին հաջորդող հոգևոր ցնծության քառասուն օրերը, և այսօր միասնաբար նշում ենք Նրա ոչ պակաս փառահեղ և հոգևոր խնդությամբ լի Համբարձման տոնը: Եթե Տիրոջ հարությունն ազդարարում է մահվան դեմ տարած Նրա հաղթանակի մասին և մահկանացուներին ազատում մահվան կապանքներից, ապա համբարձումը երկիրը միացնում է երկնքին՝ վերացնելով այն դարավոր անջրպետը, որ առաջացել էր մարդու անհնազանդությունից հետո: Քրիստոսի Համբարձումը բոլոր տնօրինական խորհուրդների ամբողջացումն է, Նրա աստվածային փառքի ու անսահման զորության վառ պատկերը, առանց որի ամբողջական չէր լինի տերունական փրկագործ ծրագիրը:

Ամեն տարի Մեծ Պահքի խստությունից և Ավագ շաբաթվա տխրությունից հետո քրիստոնյա աշխարհն անհամբերությամբ է սպասում Սուրբ Հարության տոնի պարգևած մխիթարությանն ու ուրախությանը: Այդ օրը մենք էլ մտովի կանգնում ենք յուղաբեր կանանց կողքին՝ Տիրոջ թափուր գերեզմանի առջև, որտեղ հարության աստվածային լույսը պատռում է պարտված մահվան խավար քողն, ու հոգու ականջներով լսում ենք հրեշտակի քաղցրաձայն ավետիսը՝ այստեղ չէ, այլ հարություն առավ: Նրանց խանդավառությունը կիսելով՝ մենք էլ ենք շտապում հայտնել միմյանց ապրեցնող լուրը՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց: Միգուցե ոմանք այդ օրը կանգնում են նաև Թովմաս Առաքյալի կողքին՝ համոզվելու, որ խաչյալ Քրիստոս իսկապես հարություն է առել մեռելներից, սակայն մենք, որ վերստին ծնունդ ենք առել սուրբ Մկրտության ավազանից, դրանում համոզվելու կարիքը չունենք, սիրելինե՛ր, քանզի Տեր Հիսուսի կենդանի ներկայությունը զգացել ու զգում ենք Նրանով ապրող մեր սրտերում: «Ես եկա, որպեսզի կյանք ունենան»,- ասում է Տերն ավետարանչի շուրթերով (Հովհ. 10:10), և Իր կենարար զորությամբ կյանքի կոչում ժամանակին Աստծուց հեռացած, սակայն կրկին դարձի ճամփան բռնած մարդկանց կիսամեռ հոգիները, այնուհետև հավելում. «Երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ» (Հովհ. 12:32), սակայն, մինչ այս լուսավոր կետին հասնելը, մինչ փառավոր կերպով երկինք համբարձվելը, Տիրոջ փրկչական ուղին երկրի վրա անցնում է զանազան որոգայթների, նեղությունների ու չարչարանքի միջով, որն ի վերջո, հասցնում է նրան մինչև փրկչական ծրագրի պսակի՝ համբարձման վայրը՝ Ձիթենյաց լեռ: Ձիթենյաց լեռը վերջին բարձունքն էր երկրի վրա, որ զգալու էր համբարձվող Աստծո ոտքերի հպումը, իսկ նախքան համբարձվելը մարդացյալ Աստված Երանիների լեռան վրա Իր հայտնի Լեռան քարոզը պիտի ասեր, պիտի սովորեցներ աղոթել (Մտթ. 5-7), Թաբոր լեռան վրա Իր աստվածությունը պիտի հայտներ պայծառակերպության միջոցով (Մրկ. 9:1), և վերջապես՝ պետք է խաչը բարձրանար Գողգոթայի բարձունքին: Սա այն ճանապարհն էր, որով անցավ Աստծո Միածին Որդին՝ վճարելով այն գինը, որը փրկեց մեզ ադամական մեղքից և պարգևեց Երկնային Արքայությունը ժառանգելու հնարավորությունը: Սա այն ճանապարհն է, որ մեզնից յուրաքանչյուրը պիտի անցնի, եթե իրական փափագ ունի Աստծո ժառանգորդը լինելու, եթե իր կյանքի իմաստը Քրիստոսով և Քրիստոսի մեջ է տեսնում, եթե կյանքի գլխավոր նպատակը Արքայության երանությունն է, եթե Աստծո սուրբ կամքի կատարումը գերադասում է սեփական ցանկություններից: Տիրոջ մեծագույն ողորմածությամբ բոլորս էլ մի օր եկել ենք դեպի փրկություն տանող այս ճանապարհի վրա և փորձում ենք մեր խաչերը վերցրած հետևել Քրիստոսին ու պիտի պատրաստ լինենք այդ ճանապարհին մերթ ընդ մերթ հանդիպող լեռներին, որ անխուսափելիորեն պիտի հաղթահարենք Ամենակալի օգնությամբ, եթե մենք էլ կամենում ենք հասնել մեր համբարձման լեռանը:

Վերջերս սահմանափակ կարողություններով մի երիտասարդի մասին կարդացի, ով հաղթահարել էր Էվերեստի բարձունքը: Նա տարիներ առաջ ավտովթարի հետևանքով վնասել էր ողնաշարն ու գամվել անվասայլակին, սակայն չէր կորցրել իր երազանքին հասնելու հավատն ու վճռականությունը: Հիշեցնեմ, որ Էվերեստի բարձրությունը 8848մ է, և այս երիտասարդը տասը օրում հաղթահարել էր 5000 մետրից քիչ ավելի, երբ նրա անվասայլակի անիվներից մեկը կոտրվել էր ու պոկվել: Նա հայտնվել էր անլուծելի թվացող ծանր իրավիճակում, քանի որ արդեն հաղթահարել էր դժվարին ճանապարհի կեսից ավելին, սակայն հայտնվել էր մի այնպիսի խնդրի առջև, երբ թվում է, թե այլևս այլընտրանք չկա, պետք է վայր դնել զենքերն ու հանձնվել: Ինչպիսի՜ հիասթափություն: Սակայն այս ուժեղ ու նպատակասլաց երիտասարդը որոշում է չհանձնվել և ձեռքերի վրա է շարունակում ճանապարհը՝ մինչև որ հասնում է գագաթին:

Հիացմունքի արժանի այս պատմությունն այսօր զուր չհիշատակեցի, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ քրիստոնյայի ուղին ևս խոչընդոտներով լեցուն մի վերելք է, և մենք էլ հոգևոր անդամալուծության ենք հասել մեր մեղավոր կրքերի ու տկարությունների պատճառով, ուստի մեծ հաստատակամություն է անհրաժեշտ կես ճանապարհից ետ չդառնալու և մինչև վերջ գնալու համար: Անշուշտ կհամաձայնեք ինձ հետ, եթե ասեմ, որ որքան առաջ ես գնում և հաջողում հոգևոր այդ ճանապարհին, այդքան ավելանում են արգելքներն ու սրվում՝ դժվարությունները: Սակայն, դրանց հետ մեկտեղ մեծանում է նաև Աստծո օգնությունը, Ով մշտապես ուղեկցում է Իրեն հուսացողներին և օգնության կանչողներին: Յուրաքանչյուրս իր հավատի և ուժերի չափով է ջանք գործադրում Տիրոջ ուղենշած ճանապարհին, և իր հոգևոր պատերազմը մղում մարդկային ցեղի դարավոր թշնամու դեմ: Չարը նորանոր հնարանքների միջոցով փորձում է խափանել ամենայն բարիք, որ ստեղծում ենք մեր ճանապարհին և զանազան խորամանկ գայթակղությունների միջոցով ցած գլորել մեզ մեր նվաճած հոգևոր գագաթներից: Մեկի ճանապարհին կանգնում են ընտանիքի անդամներն ու ընկերները, մյուսն աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում է արգելքների հանդիպում, երրորդի համար առողջությունն ու ֆինանսական վիճակն են ընտրած ճանապարհից շեղվելու պատճառ դառնում: Սրանք դժվարություններ են, որ երբեմն անհաղթահարելի են թվում, սակայն ինչպես Պողոս Առաքյալն է ասում. «Ձեր վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածից: Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. 10:13): Եվ պիտի համբերենք, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ Տիրոջ ուղենշած բարձրագույն գագաթը չենք ընտրել նահանջի ու պարտության համար, այլ ընտրել ենք հաղթական փրկությունը, որին հասնելու ճանապարհին անխուսափելի են անկումները, սակայն դարձյալ ու դարձյալ պիտի վեր կենանք և հարուցյալ ու համբարձյալ Քրիստոսով զորացած, համբերությամբ ու առ Աստված ունեցած վստահությամբ հասնենք մեր գերագույն նպատակակետին:

Շատ հաճախ մեր մեղքերի բեռն ու մեզ բաժին հասած փորձություններն այնքան ծանր են լինում, որ կքում ենք դրանց ծանրությունից ու մոռանում, որ փրկության համար անհրաժեշտ է դեպի վեր, դեպի Երկինք նայել: Յուրաքանչյուր դժվար իրավիճակում հոգևոր տեսողությամբ պիտի Ձիթենյաց լեռից Իր աստվածային ողջ փառքով դեպի Հայրը բարձրացող Քրիստոսին նայենք և լսենք Նրա ձայնը, որ մեզ Իր խաղաղ ու ապահով գիրկն է կանչում: Մենք էլ պիտի բարձրանանք Իր հետ՝ հրաժարվելով այն ամենից, ինչ հեռացնում է մեզ Աստծուց, այն Աստծուց, որ Իր կյանքը զոհաբերեց հանուն մեզ: Արդ, Ամենազոր Աստծո օգնությամբ և մշտական հոգևոր աշխատանքի շնորհիվ ազատվենք մեզ անդամալույծ դարձնող կրքերից ու հոգու արատներից, առաքինության գործերով սրբենք մեր հոգիները մեղավոր ախտերից, աստվածային լուսաշող սիրով լցնենք մեր սրտերի դատարկությունը, և առանց վախի ու երկմտանքի, հաստատուն քայլերով ընթանանք դեպի սեփական համբարձում, քանի որ առաքյալների հետ միասին լսեցինք Տիրոջ հուսադրող ձայնը, որ ասում է. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մտթ. 28:20): Ամեն:

 Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

10.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․