Գրքեր

Հարության հրաշքը վերափոխեց աշխարհը

Քրիստոսի ճշմարիտ հետևորդն իր կյանքով չարչարանակից է լինում Քրիստոսին՝ միաժամանակ իր կյանքով վկայելով նաև հարուցյալ հավատքի մասին:  Հարությունից հետո Հիսուս փակ դռնով ներս մտավ, ողջունեց առաքյալներին՝ նրանց արժանացնելով հարության պարգևների: Նախ խաղաղություն պարգևեց առաքյալներին, խաղաղություն, որ չէր բացառելու նրանց կյանքից փորձությունն ու պայքարը, այլ բացառելու էր այն հուսահատությունն ու տարակուսանքը, որ կարող է մարդուն ակնթարթորեն կաթվածահար անել: Այդ հուսահատության ու տարակուսանքի մեջ էին առաքյալները՝ տեսնելով խաչյալ Քրիստոսին: Նրանք մեծ հիասթափություն ապրեցին, խուճապահար փախան, ինչպես կփախչեին մոլորված ոչխարներն առանց հովվի: Նրանք անորոշության մեջ էին այնքան ժամանակ, քանի դեռ չէին հանդիպել հարուցյալ Փրկչին: Փրկարար հանդիպումը վերափոխեց առաքյալների կյանքը. նրանց հոգում թագավորեց խաղաղությունը, նրանք գիտակցեցին իրենց կոչումը և հասկացան, թե որն է այն ուղին, որով պետք է ընթանան: Առաքյալներին ժամանակ էր հարկավոր ընդունելու անսպասելին: Հարության հանդեպ հավատքը աստիճանաբար դրսևորվեց, ինչպես եղավ Քրիստոսի խաչելության հետ կապված: Առաքյալների համար հարությունը նույնքան իրական էր, որքան խաչելությունը: Նրանք այլևս չէին կարող դիմադրել իրականությանը, հաղթահարված էին այն կասկածներն ու տարակուսանքները, որ ունեին իրենք մինչ այդ: Պարադոքսն աննկարագրելի էր. առաքյալների առջև կանգնած էր հարուցյալ Քրիստոս, որ պատկանում էր նոր աշխարհին, բայց ներկա էր իրենց մեջ և Իր խոսքի համաձայն՝ ներկա է լինելու մարդկության կյանքում մինչև աշխարհի վախճանը. «Եվ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20):  

Հաջորդ պարգևն ուրախության պարգևն էր: Աշակերտներն ուրախացան՝ տեսնելով իրենց Տիրոջը (Հովհ. 20:20): Նրանց հիասթափությունն ակնթարթորեն փոխվեց ուրախության: Մինչ այդ առաքյալները վախից վհատվել էին և թաքնվել փակ դռների ետևում:

Այնուհետև առաքյալները մյուս կարևոր պարգևին արժանացան, երբ Հիսուս փչեց նրանց վրա և ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին, եթե մեկին ներեք իր մեղքերը, թող ներված լինեն, և եթե չներեք մեկի մեղքերը, թող ներված չլինեն» (Հովհ. 20:22): Հարուցյալ Փրկիչն այնպիսի պարգևների արժանացրեց առաքյալներին, որ անչափ կարևոր էր նրանց համար այն առաքելության մեջ, որին կոչվեցին նրանք ի Քրիստոս. «Ինչպես Իմ Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ուղարկում եմ ձեզ» (Հովհ. 20:21): Տիրոջ պարգևներով գոտեպնդված առաքյալները դարձան փրկության ավետաբերները՝ վկայելով. «.. մենք ամենքս վկա ենք դրան» (Գործք Առաք. 2:32): Բացի այն, որ Քրիստոս մեծ պարգևների և սուրբ կոչման արժանացրեց առաքյալներին, այլև ցույց տվեց նրանց Իր ձեռքերն ու կողը՝ փարատելով նրանց մոտ ի հայտ եկած ամենաչնչին կասկածն անգամ: Քրիստոս, ցույց տալով Իր չապաքինված վերքերը, ցանկացավ, որ առաքյալները գիտակցեն, թե իրենց առաքելական ծառայության մեջ իրենք ևս պետք է պատրաստ լինեն անցնելու խաչի և զոհաբերության ուղով՝ որպես ուղենիշ ունենալով հարության հաղթանակը:

Հարուցյալ Փրկչին տեսնողները մեծագույն հրաշքի վկաները դարձան. նրանք այնպիսի իրադարձության առջև էին, որ դուրս էր նրանց ընկալման սահմաններից: Քրիստոսի հարությունը խորապես ցնցեց առաքյալներին և մղեց նրանց ողջ աշխարհով մեկ հարության հրաշալի իրադարձության վկայողները դառնալու: Մարկոսի ավետարանում կարդում ենք, որ այլակերպությունից հետո Քրիստոս առաքյալներին պատվիրեց, որ իրենց տեսածի մասին ոչ ոքի ոչինչ չասեն, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն առնի: Նրանք Հիսուսի այս պատվերը պահեցին իրենց մտքում, բայց միմյանց հարց էին տալիս, թե ինչ է նշանակում «մեռելներից հարություն առնել» (Մարկ. 9:9): Աշակերտները չգիտեին այդ մասին և իմացան, երբ հանդիպեցին հարուցյալ Փրկչին: Նորկտակարանյան վկայությունը փարատում է Քրիստոսի հարության վերաբերյալ որևէ կասկած: Քրիստոսի հարությունը կյանքի բոլորովին նոր ուղի հարթեց, ուղի, որն արդեն չէր ենթարկվելու մահվան օրենքին: Այս գիտակցություն ունեցողն իր կյանքով է վկայում հարության հրաշքը: Քրիստոս, հարություն առնելով, չվերադարձավ մարդկային այն կյանքին, որին վերադարձան Քրիստոսի կողմից հարություն առած այրի կնոջ որդին, Հայրոսի աղջիկը և Ղազարոսը, այլ նոր կյանք ստացավ: Պողոս առաքյալը մատնանշում է Քրիստոսի հարության հանդեպ հավատի կարևորությունը. «Եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է նաև ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:15): Հարության հավատը կազմում է քրիստոնեական հավատի հիմքը: Քրիստոնեական հավատը ճշմարտապես վկայում է Քրիստոսի հարության՝ մի հրաշալի իրադարձության մասին, որ շրջադարձային կերպով վերափոխեց աշխարհը և հանդիսացավ քրիստոնեական կյանքի հենասյունը:

 

Կարինե Սուգիկյան

26.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․