Գրքեր

Հավատքը

«Եվ Հիսուս ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ» (Ղուկ 8։48)։

Մենք չէինք հասկանա Ավետարանի պատմվածքների, մասնավորապես՝ Հիսուսի գործած բժշկությունների ո՛չ գեղեցկությունն ու ո՛չ էլ շահեկանությունը, եթե ուշադրություն չդարձնեինք այն նպատակին, որը նկատի ունեն ավետարանիչները յուրաքանչյուր բժշկության պարագայում։

Առհասարակ կա կարծիք, որ Հիսուսի ձեռամբ գործված նշաններին ու սքանչելիքները Նրա ժամանակակիցների համար ծառայում էին որպես ապացույց Փրկչի աստվածային կոչման։ Այս կարծիքը հիմնովին սխալ է։ Հիսուս երբևէ չկամեցավ Իր հավատքը հիմնել հրաշքների վրա։ Մի կրոն, որը հրաշքների վրա է հիմնված, չի կարող գոյատևել․ այն վաղ թե ուշ կկործանվի։ Եթե անգամ կրակարաններ ու մեհյաններ էլ կառուցվեն այդ «հրաշագործների» պատվին, միևնույն է, այդպիսի կրոններն առավելագույնը մեկ դար կարող են գոյատևել։

Սխալ է կարծել, որ Ավետարանները հրաշքների ժողովածուներ են։ Ընդհակառակը, եթե ավետարանիչները որոշ հրաշքներ են նկարագրել, ապա նպատակ են ունեցել ընթերցողին այնպիսի տրամադրություն ներշնչել, որ նա յուրաքանչյուր հրաշքի մեջ կարողանա մի խորհրդանշան տեսնել։

Այսպես, օրինակ, ի ծնե կույրի բժշկությունը նկարագրելիս (Հովհ․ 9։1-38) Հովհաննես ավետարանիչը ոչ թե ցանկանում էր ապացուցել, որ Հիսուս կամեցավ երկրի վրայից ջնջել կուրության տաժանքը, այլ ամենաանհավատներին անգամ ապացուցել, որ միայն Ինքը՝ Հիսուս է կարող փարատել նրանց հոգևոր խավարը, Նա՛ է միայն, որ կարող է և իրավունք ունի ասելու․ «Ես եմ աշխարհի լույսը» (Հովհ․ 9։5, 12։35, 46)։

Դարձյալ, Ղազարոսի հարությունը նկարագրելիս ավետարանչի նպատակը չէր մեզ ցույց տալ, թե Հիսուս ինչպես հարություն տվեց Ղազարոսին, այլ ապացուցել, որ Հիսուս Ինքն է «Հարությունը և Կյանքը» (Հովհ․ 11։25) և որ միայն Նա կարող է ամեն պահի ազատել ու հարություն տալ մարդուն մոլությունների գերեզմանից՝ նրան նոր կյանք պարգևելով։

Հրաշքների մեծ մասի նպատակն առնչվում է հոգևոր փրկությանը, ուստի և այդ հրաշքները մշտապես արդի են ու իրենցում բովանդակում են շատ անհրաժեշտ մի ուսուցում։

Այսքան ուշագրավ ու դաստիարակիչ շատ քիչ օրինակներ գիտեմ, ինչպիսին այս անծանոթ կնոջ բժշկությունն է, նրա՛, ով բազմության միջից գաղտնաբար հպվում է Փրկչի հանդերձի քղանցքին։ Այս հրաշքի նկարագրության մեջ ի՞նչն է իսկապես ուշագրավ։ Անշուշտ ավետարանչի նպատակն էր ցույց տալ այն արտասովոր հակապատկերը, որը կար բազմության և կնոջ միջև։

Թեև բազմությունը նեղելու աստիճանի շրջապատում էր Հիսուսին, սակայն անկարող էր արժանանալու Հիսուսի կողմից որևէ բժշկության կամ փրկության։ Մինչդեռ կինը, թեև հազիվ դիպավ Հիսուսի վերարկուի ծոպին, սակայն աղոթքի ու հավատքի ուժով բժշկության և փրկության արժանացավ՝ դեռ իր ակնկալածից էլ ավելի։

Ավետարանի այս տեսարանը կարող է վերապրվել նաև մե՛ր մեջ։ Մի՞թե բազմության ճնշման և կնոջ հպման այս հակապատկերն այսօր մեզ ոչինչ չունի ուսուցանելու։ Այս դասը սովորելու համար անհրաժեշտ եմ համարում պատմել այդ անծանոթ կնոջ բժշկության հրաշքը։

Հիսուսի փառքն օրեցօր ավելանում էր։ Աստծու այգին, որ երկար տարիներ ամուլ և առանց բերքի էր մնացել, ահա նորից ծլարձակում էր Հիսուսի ձեռքի տակ։ Հիսուս Երուսաղեմից Գալիլիա՝ ամեն կողմում օրհնություն էր սփռում և հավատք էր հնձում։ Նրա քայլերին մշտապես հետևում էր մի խանդավառ բազմություն, որը բոլոր կողմերից շրջապատում էր Նրան՝ ծարավն ունենալով տեսնելու Հիսուսի հրաշքներից գեթ մեկը։

Եվ ահա Նա Կափառնայումում էր։ Մեծ դժվարությամբ բազմությունը ճեղքելով՝ Հիսուս գնում էր դեպի Հայրոսի տուն՝ նրա զավակին բժշկելու։ Ահա այստեղ է, որ ավետարանիչը հանկարծ ընդմիջում է իր պատմությունը և հիշատակում անծանոթ մի կնոջ, որն արժանի էր ամենայն գթության, մի այնպիսի՛ կնոջ, որը բռնված էր այնպիսի ախտով, որն անկարող էր խոստովանել որևէ մեկին, քանի որ Մովսիսական օրենքն այն անբուժելի հիվանդություն էր համարում և, հետևաբար, կինը ստիպված կլիներ բորոտների նման հեռու մնալ տաճարից։

Այս կինը երկար տարիներ զուր փորձել էր զանազան դեղեր ու դարմաններ, դիմել էր ամենահմուտ բժիշկների, ծախսել էր այն ամենը, ինչ ուներ, ուստի և սպառել էր իր ողջ ունեցվածքը։ Այժմ թշվառության մատնված, առանց որևէ օգնության՝ ապագայի հետ կապված որևէ հույս չուներ։

Բայց ահա մի անուն է հնչում նրա ականջներում։ Հիսուսի անունն էր դա։ Կինն ամեն բան մոռանում է, մոռանում է իր երկար ու տաժանելի օրերը, մոռանում է իր անօգուտ ծախսերը և կամենում է ամեն գնով մոտենալ Փրկչին՝ գեթ հպվելու Նրա հանդերձի ծայրին, ա՛յն համոզումով, որ եթե հպվի, պիտի բժշկվի։ Կինն արդեն իսկ հասկացել էր, որ արժեք չունեն ո՛չ դրամը, ո՛չ խնամքը, ո՛չ դեղը և ո՛չ էլ բժիշկը․ նրան միայն մնում էր մեկ բան՝ վերերկրային մի գերագույն զորություն փնտրել։

Անշուշտ, այս աննշան և անծանոթ կինը Հիսուսին ճանաչում էր իբրև մի աստվածառաք մարգարեի, ու միանշանակ ոչ իբրև Երրորդության երկրորդ անձի։ Ճանաչում էր որպես Մեկի, Ումից միայն կարող էր ստանալ այդ գերահրաշ փրկությունը։

Արդ, հարցնում եմ ձեզ, ո՜վ դուք վշտակիր հոգիներ, արդյո՞ք դուք այս կնոջ նման ընդունում եք Հիսուսի դերը։ Չգիտեմ, թե որն է ձեր գաղտնի վերքը, որ կրծում է ձեր կուրծքը, թե որն է այն վիշտը, որ հյուծում է ձեր սիրտը, թե որն է այն ցավը, որ տրտմեցնում է ձեր հոգին․ դա միայն դուք կարող եք գիտենալ։ Սակայն ինչ էլ որ լինեն ձեր վերքերը, ձեր ցավերը, ձեր անդարմանալի հիվանդությունները, արդյո՞ք ինքներդ ձեզ Փրկչի հետ հարաբերության մեջ եք դրել ա՛յն հոգով, որով այս կինը դիմեց Հիսուսին։

Հաղորդակցական այդ կապը չի կարող ստեղծվել դավանանքով, չի կարող կառուցվել «Հավատամք»-ով, չի կարող գոյանալ վարդապետական բանաձևերով։ Այդ կապը կարող է ամրանալ միայն ինքնաբուխ հավատով, որը հատուկ է միայն նրանց, ովքեր ըմբռնել են, որ աշխարհի ոչ մի միջոց չի կարող դարման լինել վշտի ու ցավի դեմ, եթե ոչ միայն աստվածային կատարելությունը մարմնավորող այն Մարդը, Որն ասաց․ «Եկե՛ք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, ու Ես կհանգստացնեմ ձեզ» (Մատթ․ 11։28)։

Մարդու մեջ այնպիսի վերքեր ու տկարություններ կան, որ ո՛չ բժիշկը կարող է նկատել ու բուժել, և ո՛չ էլ որևէ սրտակից մեկը կարող է դարմանել: Եվ այդ ո՞վ կարող է ասել, որ ինքը որևէ ներքին հոգեկան վերքեր ու տկարություններ չունի:

Երբևէ մտածե՞լ եք Հիսուսին դիմել այն ոգով, որով դիմեց այս կինը՝ խորապես զգացած լինելով բոլոր հայտնի դեղամիջոցների անզորությունն ու անբավարարությունը: Նա արտասովոր վստահությամբ դիմեց Հիսուսի ամենազորությանը՝ խորհելով, որ եթե միայն մոտենա Նրան, կփրկվի:

Կնոջ այս մտածելակերպի մեջ խորապես մարդկային մի բան կա. ինչպես հիվանդ մանուկը մոր կրծքի, մոր բազուկների կարիքն ունի՝ այնտեղ իր գլուխը հանգչեցնելու համար, այդպես էլ տառապյալ հոգին կարիք է զգում իր սիրտը փարելու կենդանի Աստծու հայրական սրտին:

Մեր վշտերի, մեր փորձության ու տրտմության պահերին մենք պետք է հպվենք մի էակի, որը մեզ պես ճանաչած կլինի վիշտը: Ո՞վ կարող է ավելի լավ մխիթարել ձեզ. այն մարդը, որը բնավ չի՞ տառապել, թե՞ նա, ով անցել է ամեն տեսակի վշտերի բովով:

Ո՜վ դուք, մտախռով և հոգեխռով մարդիկ, ո՞վ պիտի կարողանար լավագույնս հանդարտեցնել ձեզ: Ո՞չ արդյոք միայն Նա՛ կարող է ձեզ մխիթարություն և խաղաղություն բերել, Ով կրեց տառապանքներից ամենածանրը, Ով ենթարկվեց աշխարհի մեծագույն ցավերին և միևնույն ժամանակ կարողացավ այդ դառնությունների միջով անցնելով՝ բարձր պահել աստվածային նկարագիրն Իր մարդկային բնության մեջ:

Մտաբերե՛ք Նրան՝ Իր արյամբ օծված խաչի վրա, վերհիշե՛ք Նրան փշերից կապտած Իր աստվածային ճակատով, և միայն այդժամ ձեր սիրտն այս դժբախտ կնոջ նման պիտի մրմնջա.  «Եթե կա մեկը, ով կարող է իմ Փրկիչը լինել, դա միայն այս Մարդն է»:

Եթե տակավին կասկածում եք, ահավասի՛կ օրինակը, ահա տեսե՛ք, թե այդ կինն ինչպես է ընդունում փրկությունը: Իմացական և լուսավորյալ հավատքի կարիք չկա ներգործիչ հավատք ցուցաբերելու համար:

Իսկապես, եթե մանրամասն ուսումնասիրենք, ապա այս դժբախտ կնոջ հավատքին խառնված պիտի տեսնենք ավելորդապաշտությունը, ընդ որում՝ նա հույս ուներ բժշկվել Փրկչի հանդերձին պարզ հպումով: Դարձյալ, այս կնոջ հավատքին խառնված պիտի գտնենք նրա տգիտությունը, ըստ որում նա կարծում էր, որ առանց Հիսուսի կողմից նկատվելու՝ ինքը կարող էր բժշկվել:

Սակայն ինչպիսի՜ սրբազան վստահություն, հավատքի ինչպիսի՜ վսեմ քաջություն: Այդ կինը համարձակվում է մոտենալ Նրան՝ առանց Վերջինիս քաջալերական խոսքը լսելու: Կինը հավատում է՝ առանց Հիսուսի հրաշքներից որևէ մեկը տեսած լինելու, նա հավատում է այն հաստատուն վստահությամբ, որ միայն Հիսուսի մեջ է շնորհների լրումը, որը բավական կլիներ իր ազատագրության համար. հարկ էր միայն հպվել Փրկչի հանդերձի ծայրին:

Նա երկչոտ ու միանգամայն անվեհեր հանդգնությամբ բազմության միջից դուրս է պրծնում և մոտենում ու հպվում է Հիսուսի հանդերձի ծոպերին, և «նույն ժամին» (ինչպես նշում է ավետարանիչը) այդ կինը զգում է, որ բուժվել է իր տառապալից ախտից:

Իսկ Հիսուս ի՞նչ է անում. հանկարծ կանգ է առնում: Նա, որ ստիպված էր Իր քայլերն արագացնել՝ Հայրոսի զավակի բժշկությանը հասնելու համար, կանգ է առնում: Հակառակ այն բանի, որ այնտեղ կյանք ու մահվան կռվի մեջ տարուբերվող մանկանը պետք էր կյանք տալ, Հիսուս կանգ է առնում:

Անշուշտ, Հիսուս կանգ չի առնում, որպեսզի այդ կնոջը հնարավորություն տա երախտագիտություն հայտնելու իրեն ազատագրելու համար, այլ կանգ է առնում, որպեսզի ներկաներին և բոլոր ժամանակներում ապրողներին մի հոգևոր դաս ավանդի. կնոջը փրկողը ոչ թե հագուստի ծայրն էր, այլ միմիայն կնոջ իրական հավատը:

«Ո՞վ դիպավ Ինձ»,- հարցնում է Հիսուս: Հազիվ կանգ առած՝ այս հարցումն է անում. «Ո՞վ դիպավ Ինձ»: Աշակերտները զարմանում են. ո՞վ կարող էր դիպչել Նրան: Պետրոսը՝ ամենատարեցը, ասում է. «Տե՛ր, ժողովուրդն է, որ սեղմում ու նեղում է Քեզ, իսկ Դու ասում ես, թե ո՞վ դիպավ Ինձ»: Բայց Տերը կրկնում է, որ մեկը դիպչել է Իրեն: Նա զգաց տարբերությունը անհավատ և հետաքրքրասեր ժողովրդի հրելու և ճնշելու ու հավատացյալ կնոջ թեթևակի հպման միջև:

Իսկ երբ կինը հասկացավ, որ իր արարքը բացահայտվել է, արտասվաթոր աչքերով ընկավ Փրկչի ոտքերն ու ողջ ժողովրդի առջև հայտարարեց, որ ինքն է եղել Հիսուսին դիպչողը: Հիսուս անմիջապես քաջալերեց նրան՝ ասելով. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»:

Հավա՜տքը, մշտապես հավատքը... Հաստատո՛ւն հավատքը, համբերատար հավատքը: Այսօր էլ տակավին նույնն է փրկությանը մասնակից դառնալու եղանակը: Ինչպես Հիսուսի ժամանակներում էր, այնպես էլ այժմ է հարկավոր ամենքին բարձրաձայնել այս բացարձակ ճշմարտությունը, թե «ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է» (Մարկ. 9։22):

Ո՜վ հավատացյալներ, թեև այս անանուն և անծանոթ կնոջ բժշկությունից դարեր են անցել, սակայն, հակառակ ժամանակների տարբերությանը, միևնույն պատկերն ամեն օր տեսանելի է մեզանում: Հիսուս թեև անտեսանելի է, սակայն միշտ ներկա է ու պտտվում է աշխարհով մեկ: Նրա ճանապարհին օրեցօր ալիքների նման մի բազմություն է ավելանում, որ հրում, ճնշում, նեղում է Նրան: Այդ բազմությունը չի կարողանում զսպել ինքն իրեն ու ստիպված է լինում կրկնելու այն խոսքերը, որ երբեմն Նրան ասացին Երուսաղեմում Իրեն ունկնդրողները: «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը» (Հովհ. 7։46):

Այդ բազմության մեջ, սակայն, կան նաև անտարբեր և մանավանդ վարանող մարդիկ, որ ուզում են հետևել, բայց տարակուսում են՝ վախենալով, որ գուցե իրենցից պահանջվի ձերբազատվել աշխարհային բոլոր հոգսերից Հիսուսի խոսքին հնազանդվելու համար:

Կան նաև տարակուսողներ, որ պահանջում են որոշ հրաշքներ ու ապացույցներ, որպեսզի կարողանան հավատալ Նրան: Երբ բազմությունը հավաքվել է միայն հետաքրքրասիրությունից դրդված, եկել է առանց պատրաստության և առանց աղոթքի, ուրեմն պետք չէ զարմանալ, որ նրանք լքեն, հեռանան՝ առանց չնչին օրհնություն անգամ ստանալու:

Սակայն դուք, ո՜վ հավատացյալներ, դուք, որ համարվում եք Փրկչի աշակերտներն  ու փնտրում եք Նրա ներկայությունը, ի՞նչ զգացումով եք գալիս Նրան ընդառաջ: Դուք նույն այն բազմությո՞ւնն եք, որը հրում, ճնշում ու նեղում է, թե՞ նման եք այն կնոջը, որը գիտի հպվել իր հավատքով:

Հիսուս տակավին շրջում է մեր բնակավայրերով: Եթե մենք հավատարիմ ենք Նրան, ապա պարտավոր ենք կյանքի որոշակի պահերի հավաքվել ու համախմբվել Նրա խոսքերի շուրջը և ծնրադիր Նրան ուղղել մեր աղոթքները:

Արդ, հարցնում եմ ձեզ. ձեր ընտանեկան հարկերում այս կնոջը բնորոշ հավատքով հպվո՞ւմ եք Հիսուսին, Նրան մոտենո՞ւմ եք ձեր սրբազան խորհրդածություններով, ձեր աղոթքներով: Աղոթքը նման է ձեռքի, որը ձգվում է՝ փնտրելու աստվածային ձեռքը: Եվ այդ ո՞վ է, որ իր ձեռքն ուղղել է Աստծուն ու չի ստացել իր խնդրածը:

Թերևս մեկը կամ մյուսն ասեն. «Շա՜տ անգամ ձեռքս երկարեցի երկինք, սակայն չստացա իմ ուզածը, և տակավին աղքատ ու վհատ եմ, ինչպես աղոթելուց առաջ էի»: Սակայն հանցանքն Աստծո՞ւնն է, թե՞ մեր աղոթքներինը: Հարցնում եմ ձեզ. ամեն բանից առաջ աղոթե՞լ եք, որ Տերը ձեզ ազատի հպարտության, ագահության և անիրավության չար ոգուց: Քաջություն ունեցե՞լ եք՝ խորտակելու ձեր «սիրելի» կուռքերը:

Եթե խնդրեք Աստծու արդարությունը, եթե խորտակեք ձեր կուռքերը, ապա ամեն բան կունենաք ու կճոխանաք: Դժբախտաբար մենք քրիստոնեական ոգով չենք աղոթում, այլ հեթանոսների նման այսպես ենք աղոթում. «Օրհնի՛ր, Տե՜ր, այն գործառնությունները, որ անհրաժեշտ են այս աշխարհի զբաղումներում հաջողությունների հասնելու համար: Օրհնի՛ր, Տե՜ր, այն գործերս, որոնցում ուղղամտությունը պակասում է, քանի որ ես գործելու այլ տարբերակ չունեմ: Օրհնի՛ր, Տե՜ր, այն զգացումներս, որոնք իմ նախանձի ծնունդն են ու որոնցից չեմ կարող բաժանվել»:

Հարցնում եմ ձեզ. մի՞թե այս աղոթքները նման չեն Հիսուսի աշակերտների այն աղոթքներին, որոնց մեջ պակասում էր սրբությունն ու սերը, որոնք ավելի շատ վրեժխնդիր աղոթքներ էին, ուստի և Հիսուս այդ աղոթքներն Իր անունով հնչած աղոթքներ չհամարեց. «Մինչև այժմ Իմ անունով ոչինչ չխնդրեցիք» (Հովհ. 16։24): Այստեղ հավաքվածներդ այն բազմությո՞ւնն եք ներկայացնում, որը միայն հրում ու ճնշում է, թե՞ այն անծանոթ կնոջ նման ցանկանում եք ձեր հավատքով հպվել Քրիստոսին ու հաղորդակցվել Նրա հետ:

Եվ վերջապես, սիրելինե՛ր, Հիսուս շրջում է եկեղեցիներով: Եկեղեցիները Քրիստոսի մարմինն են: Եկեղեցիների միջոցով շնորհները հաղորդվում են հավատացյալներին: Պատարագը, քարոզը, սուրբ խորհուրդները, սրանք բոլորը տեսանելի նշաններ են, որ խորհրդանշում են հոգևոր շնորհները և նպատակ ունեն դրանք մեզ հասանելի դարձնելու:

Պաշտամունքի մեջ ոչինչ այնքան կենդանի չէ, որքան Ավետարանը, որը ներկայացնում է Հիսուսին՝ անձնապես: Ըստ այսմ, անհրաժեշտ է ուղղակի հարաբերություն հաստատել Նրա հետ: Բավական չէ Փրկչի շնորհների սոսկ կրողը լինել ու խառնվել երկրպագողների բազմությանը: Մեզնից յուրաքանչյուրիցս այլ բան չի պահանջվում, եթե ոչ այն անծանոթ կնոջ նման հավատքով հաղորդակցվել Հիսուսի անձին:

Արդ, դուք այդ կնոջ նմանողությամբ հավատքով հաղորդակցվո՞ւմ եք Հիսուսին, թե՞ անտարբերությամբ կամ վերոնշյալ բազմությանը հատուկ հետաքրքրասիրությամբ եք միայն հետևում Նրան:

Ո՜վ հավատացյալներ, Եկեղեցի գալիս մի՛ եղեք անտարբերների ու  հետաքրքրասերների բազմության նման: Աստված մեզ փառավոր Եկեղեցի է շնորհել. գիտենանք նրա հարգը, գիտենանք հոգևոր օգուտ ունենալ մեր հավատքի միջոցով՝ այն անծանոթ կնոջ նմանողությամբ:

Մի՛ լքեք Եկեղեցին, մի՛ բաժանվեք Եկեղեցուց և պիտի զգաք, որ Հակոբի նման օրհնված եք: Եվ եթե աշխարհային աղմուկները, զանազան մտահոգությունները ձեզ շփոթեցնում են, ու դուք ձեզ տկարացած եք զգում ձեր հավատքի մեջ, դարձյալ եկե՛ք Եկեղեցի, ու ձեր աղոթքը թող լինի միայն այս անձկագին աղաղակը. «Տե՛ր, Տե՜ր, գթա՛ ինձ, օգնի՛ր ինձ իմ անհավատության մեջ»:

Քաջասի՛րտ եղեք, եկե՛ք ու Ավետարանում հիշատակված կնոջ նման պիտի լսեք Տիրոջ այս խոսքերը. «Գնա՛ խաղաղությամբ, քո հավատը փրկեց քեզ». ամեն:

 

Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

22.08.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․