13 Հուլիս, Բշ, Վարդավառի պահքի Ա օր

Գրքեր

Հայաստանի անկախության 25-րդ ամյակը երիտասարդները նշանավորեցին ուխտագնացությամբ

Սեպտեմբերի 21-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, Գևորգ սարկավագ Համբարձումյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Աբովյանի Սբ. Ստեփանոս, Սբ. Հովհաննես եկեղեցիներ և Ակունք գյուղի Սբ.Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայր:

Հայոց աշխարհը՝ երբեմնի երկրային Դրախտը համարվող խորհրդավոր մեր երկիրը, այսօր իր բազմադարյան պատմության էջերին ևս մեկը լրացրեց՝ թևակոխելով անկախության 25-րդ տարին: Եվ երիտասարդաց միության հերթական ուխտագնացությունը նվիրված էր անկախ Հայաստանի խաղաղությանն ու անսասանությանը:

Անցնելով աղոթքի իրենց ուղին՝ երիտասարդ ուխտավորները նախ կանգ առան Աբովյանի Սբ. Ստեփանոս հնամենի եկեղեցում (17-րդ դար), ուր «Տերունական աղոթք»-ը միասնաբար ասելուց հետո «Տեր ողորմեա» շարականը երգեցին, ապա իրենց աղոթքը վերառաքեցին առ Աստված՝ Հայոց երկրի համար:

Հաջորդ ուխտավայրում՝ Աբովյանի Սբ. Հովհաննես եկեղեցում Տեր Շահանն օրհնեց երիտասարդներին՝ մաղթելով, որ Տերն ի կատար ածի նրանց բոլորի ուխտը:

Ապա «Զորավոր» երիտասարդաց միությունը միասնաբար աղոթք ունեցավ Հատիս լեռան ստորոտում, փոքր ձորակի աջ սարալանջին գտնվող Սբ. Պողոս-Պետրոս մատուռներում, որի հիմնաքարերը դրվել են 5-7-րդ դարերում: 11-րդ դարի ավերիչ երկրաշարժից հետո սրբավայրն ավերվել է, ապա վերականգնվել 12-13-րդ դարերում: Սրբավայրի բակում երիտասարդները սիրո ճաշ ունեցան, ապա Գևորգ սարկավագը հոգեշահ զրույց ունեցավ երիտասարդների հետ տարբեր հարցերի վերաբերյալ:

«Զորավոր» երիտասարդաց միությունը՝ որպես անկախ Հայաստանի նոր սերունդ, քաջ գիտակցում է աստվածապարգև ազատության՝ աստվածային սիրո մեծագույն արտահայտության արժեքը և իրենց համար այլևս կենսակերպ է ամրանալ հավատքի, առաքինության և ճշմարիտ ուղու մեջ՝ այդ կերպ ամրացնելով հայ ընտանիքը և Հայոց երկիրը:

Կրոնը, հավատքը, հոգևոր զարգացումը Գարեգին Նժդեհը դիտում է իբրև ազատության ճանապարհ, ինչպես անհատի ներքին ազատության, այնպես էլ՝ ազգի ու հայրենիքի: «Ներքին ազատության հասած անհատները, որոնք այլևս հաղթահարած են եսականության ստոր վիճակները, պատրաստ են իրենց զոհաբերության, նահատակության գնով պաշտպանելու իրենց ազգի և հայրենիքի պատիվն ու ամբողջականությունը: Այսպիսի ժողովուրդն անխորտակ է»,- ասել է մեծ զորավարը: Իսկ երիտասարդներին այս խոսքով է դիմել. «Եթե հայ երիտասարդությունը հոգեփոխվի և հոգեփոխի հայ ժողովուրդը, նա տերը կդառնա իր մեծ Հայրենիքի, նա հոգեփոխվելով կստանա իր հոգեկան անհրաժեշտ կառուցվածքը»:

 

Կարինե Սուգիկյան

21.09.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․