Գրքեր

Հայրապետական Սուրբ Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունիսի 26-ին համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի Բաց խորանում Սուրբ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` աղոթական ներկայությամբ Հռոմեակաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի:

Հայրապետական Պատարագին ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ, աշխարհասփյուռ թեմերի պատվիրակներ, հասարակական, մշակութային գործիչներ, դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանից և Սփյուռքից հայոց հոգևոր կենտրոն ժամանած բազում ուխտավորներ:

Արարողությունը սկսվեց հայրապետական հանդիսավոր և խաչվառազարդ թափորով, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը, ուղեկցությամբ Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների հոգևորականներից կազմված հանդիսավոր թափորի, Մայր Տաճարի ավետաբեր ղողանջների և « Խորհուրդ խորին» հոգեպարար շարականի երգեցողության ներքո ամպհովանիով առաջնորդվեցին Ս. Տրդատի բաց խորան, որտեղ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը Ս. Պատարագ մատուցեց:

Հայրապետական ամպհովանին կրում էին Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը, Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչներ Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ ծայրագույն վարդապետ Սարգիսյանը և Անթիլիասի Դպրեվանքի տեսուչ Հոգեշնորհ Տ. Թորգոմ ծայրագույն վարդապետ Տոնոյանը։

Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին` որպես առընթերականեր, սպասավորում էին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Ս. Պատարագի ընթացքում երկու Հովվապետերը միմյանց ողջույն տվեցին, ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրվա կապակցությամբ իր պատգամը հղեց համայն հայ ժողովրդին և ներկաներին:

 

« Ձերդ Սրբություն՝ սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Հոգևոր եղբայրներ և բարեպաշտ ժողովուրդ,

Առ Աստված փառաբանության օրեր են Սուրբ Էջմիածնում` հոգևոր բերկրանքի և համատեղ աղոթքի առատությամբ: Այսօր սուրբ Պատարագի արարողության ենք համախմբվել՝ աղոթակցությամբ Հռոմի Սրբազան Քահանայապետ, Մեր սիրեցյալ եղբայր Ֆրանցիսկոս Պապի:

Խորհրդանշական է, որ սուրբ և անմահ այս Պատարագին որպես ընթերցված հնչեց հացի բազմացման սուրբգրական պատմությունը: Ավետարանիչը պատմում է, որ երբ Հիսուս առանձնացավ, ժողովրդի բազմությունը, իմանալով այս մասին, գնաց Նրա հետևից: Եվ երբ Տերը տեսավ հավաքված բազմությանը, գթաց նրանց և բժշկեց հիվանդներին: Երեկոյան դեմ աշակերտները խնդրեցին Տիրոջից ժողովրդին ազատ արձակել, որպեսզի ուտելիք գտնեն: Քրիստոս նրանց պատվիրեց մարդկանց կերակրել: Սակավ էր, սակայն, ուտելիքը, և Տերը օրհնեց այն, ու հրաշքով առատացած հացը բավարար դարձավ, որպեսզի առաքյալները կերակրեն հավաքված ողջ բազմությանը:

Այս հրաշագործությունը աստվածային շնորհներով, տերունավանդ ուսուցումներով քաղցյալ հոգիները հագեցնելու, նաև՝ գթասրտությամբ կարիքավորներին օգնելու խորհուրդն ունի, որը դարձավ կարևոր ծառայություններից Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության: Տերը հորդորում է Իր հետևորդներին հավատքը կենդանի դարձնել գործերով, աղոթքին ու պաշտամունքին զուգակցել ողորմությունն ու գթասրտությունը, կարիքի ու նեղությունների ամոքումը, որոնցով առաքյալի խոսքի համաձայն՝ գործակից ենք Աստծուն (Ա Կորնթ. Գ 9): Այս տեսիլքով Եկեղեցու բազում մարգարեաշունչ հայրեր ու երանաշնորհ հայրապետներ, քաջ ու բարի հովիվներ, հավատքի անթիվ վկաներ ու բարեպաշտ հավատացյալներ դարեր շարունակ Քրիստոսի Եկեղեցու պատմության էջերը պատկերագրել են Աստծո խոսքի նվիրյալ քարոզությամբ և ողորմածության ու խնամատարության մեծագործություններով, որպեսզի մարդիկ զորանան հավատքով և հավատքի գործերով վկայեն Աստծո ներկայությունը մարդկության կյանքում:

Այսօր առ Աստված հավատքը փորձության է ենթարկվում, և մարդկային հոգիները կարծրանում են ինչպես նեղությունների և դժվարությունների մեջ, այնպես և հարստության ու շքեղության, երբ անհաղորդ են հանապազօրյա հացին կարոտյալ, ցավի ու տառապանքի մեջ ապրող մարդկանց հոգսերին: Հավատքը փորձության է ենթարկվում ծայրահեղական և այլ գաղափարախոսություններով, այլատյացությամբ, մոլուցքներով, գայթակղություններով, անձնակենտրոն շահերով: Ուժգնանում են աշխարհիկացման ընթացքները, խաթարվում են հոգևոր-բարոյական ընկալումներն ու արժեքները, վտանգվում է ընտանիքի աստվածհաստատ կառույցը: Փորձել կառուցել աշխարհ առանց Աստծո, աղավաղել աստվածադիր օրենքն ու պատվիրանները, այս է ժամանակակից կյանքի չարիքի արմատը, որն առաջ է բերում տնտեսական, քաղաքական, սոցիալական, բնապահպանական ու տարաբնույթ խնդիրներ, որոնք օրեցօր խորանում են՝ սպառնալով մարդկության բնականոն կյանքին:

Այսուհանդերձ, աշխարհը չի դադարում լինել կենտրոնը աստվածային սիրո և խնամատարության: Տերը շարունակում է ձայնել. «Ես եմ կենաց հացը, ով դէպի Ինձ գայ, քաղց չի զգայ, և ով Ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի» (Յովհ. Զ 35): Տիրոջ քաղցր վարդապետությունը ճաշակածը խոնարհվում է ընկածին բարձրացնելու, մարդկանց սրտերում հույսն ու հավատքը առատացնելու, հացի բազմացման հրաշքը կրկնելու՝ աջակցելով ու մխիթարելով կարիքավորներին, հիվանդներին ու վշտացյալներին: Տերունապատվեր այս ընթացքներով, հոգևոր և բարոյական արժեքները կենսագործելով է, որ բարին պիտի զորանա աշխարհում և հաղթահարվեն արդի մարտահրավերները: Բոլոր բարի գործերը արտահայտում են աստվածային խնամքը մարդկության ու աշխարհի հանդեպ՝ ըստ Տիրոջ խոսքի՝ «արքայութիւնը ներսում, ձեր մէջ է» (Ղուկ. ԺԷ 21), որի հաստատման համար Եկեղեցիներն իրենց սպասավությունն են բերում աշխարհում:

Սիրելիներ, այս օրերին Մեր հոգևոր եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ միասնական այցերով ու աղոթքներով վերստին հաստատեցինք, որ Քրիստոսի Սուրբ Եկեղեցին մեկ է աշխարհում Քրիստոսի Ավետարանի տարածման, արարչագործության հանդեպ խնամքի, համընդհանուր խնդիրներին դիմագրավելու, Աստծո ստեղծագործության փառքն ու պսակը հանդիսացող մարդու փրկության կենսական առաքելությամբ: Քրիստոսի Եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է ազգերի և ժողովուրդների միջև ամրապնդումը համերաշխության, եղբայրության ու գործակցության, որի վկայությունն է այսօր սրբազան այս Պատարագին մասնակցությունը Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ ասորիների, բելառուսների, հույների, վրացիների, հրեաների, եզդիների, քրդերի, գերմանացիների, լեհերի, ռուսների, ուկրաինացիների, ովքեր մեր ժողովրդի հետ եղբայրական համակեցության մեջ իրենց նպաստն են բերում մեր երկրի զորացմանն ու հասարակական կյանքի առաջընթացին:

Շնորհաշատ այս օրը գոհունակություն է Մեզ համար վերստին հայտնել Մեր շնորհակալությունը Ֆրանցիսկոս Պապին եղբայրական իր այցի առիթով: Մենք և մեր ժողովուրդը միշտ պիտի աղոթենք Ձեզ համար, սիրեցյալ եղբայր, և ի սեր մարդկության բարօրության ու խաղաղ կյանքի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության Ձեր ջանքերի համար: Թող Տերը պահի Ձեզ կորովաշատ, օրհնի ու հաստատուն պահպանի մեր Եկեղեցիները սիրո միության և գործակցության մեջ և պարգևի եղբայրության վկայության նորանոր առիթներ: Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին, հայոց երկիրն ու Հայ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Աղոթական հոգով հայցում ենք Բարձրյալն Աստծո ամենախնամ Սուրբ Աջի պահպանությունն ու զորակցությունը պատերազմներից ու ահաբեկչություններից տուժածներին, սովի, աղքատության և փորձությունների մեջ գտնվողներին: Հայցում ենք մեր Տիրոջ ամենառատ շնորհները մեր կյանքին և համայն աշխարհին: Ամեն»:

Այնուհետև ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Ֆրանցիոսկոս Պապը:

 

« Ձերդ Սրբություն, հույժ սիրելի Եպիսկոպոսներ,

սիրելի եղբայրներ և քույրեր,

այս հույժ ցանկալի և ինձ համար արդեն անմոռանալի այցի գագաթնակետին, ուզում եմ Տիրոջ բարձրացնել իմ շնորհակալությունը, միացնելով այն այս սեղանից բարձրացած փառաբանական և գոհաբանական մեծ աղոթքին: Այս օրերին, Ձերդ Սրբությունը սեփական տան դռները բացեց ինձ, և զգացինք թե «ինչ գեղեցիկ և ինչքան քաղցր է, որ եղբայրները միասին բնակվեն» (Սղ 133,1): Հանդիպեցինք, եղբայրաբար ողջագուրվեցինք, միասին աղոթեցինք, կիսեցինք ընծաները, հույսերն ու մտահոգությունները, Քրիստոսի Եկեղեցու՝ որի սրտի միաձայն զարկերը լսում ենք, և հավատացած ենք և զգում ենք թե մեկ է: «Մե՛կ մարմին և մե՛կ հոգի, ինչպես որ մե՛կ է ձեր հույսը [...]. մե՛կ Տեր, մե՛կ հավատ, մե՛կ մկրտություն: Մե՛կ Աստված և Հայր բոլորի, որ վեր է բոլորից, բոլորի հետ և մեր բոլորի մեջ» (Եփ 4,4-6). իրոք կարող ենք ուրախությամբ մերը դարձնել Պողոս առաքյալի այս խոսքերը: Հենց սուրբ Առաքյալների հիշատակին հանդիպեցինք: Սուրբ Բարթողիմեոս և Թադեոս, որ առաջի անգամ քարոզեցին Ավետարանը այս աշխարհում, և սուրբ Պետրոսն ու

Պողոսը, որ Հռոմում իրենց կյանքը զոհեցին Տիրոջ համար, մինչ թագավորում են երկնքում Քրիստոսի հետ՝ վստահաբար ուրախանում են տեսնելով մեր սերն ու ժրաջան ձգտումը՝ ամբողջական հաղորդության: Այս բոլորի համար շնորհակալ եմ Տիրոջ, ձեզ համար և ձեզ հետ. Փառք Աստծո:

Այս Սուրբ Պատարագի ընթացքում, հանդիսավոր Երեքսրբյանը բարձրացավ երկինք, օրհնաբանելով Աստծո սրբությունը. Ամենաբարձրյալի օրհնությունը առատորեն իջնի երկիր, Աստվածամոր, մեծ սուրբերի և վարդապետների, մարտիրոսների և հատկապես բազմաթիվ նահատակների բարեխոսությամբ, որ անցած տարի այս վայրում սրբադասեցիք: «Միածինը որ այստեղ իջավ» օրհնի մեր ճանապարհը: Սուրբ Հոգին բոլոր հավատացյալներին պարգևի մեկ սիրտ, մեկ հոգի. մեզ այցելի միության մեջ վերահաստատելու: Այս պատճառով ուզում եմ կրկին կանչել Նրան, իմը դարձնելով սքանչելի խոսքերեն ոմանք որ ձեր Ծեսի մեջ մուտք են գործել: Եկ, Հոգի, Դու «որ բարեխոս ես մեզ համար, անմռունչ հեծություններով ողորմած Հոր մոտ, որ սրբերին պահում ես և մեղավորներին մաքրում», թող իջնի մեր վրա քո սիրո և միության կրակը, և «այս կրակով հալին մեր գայթակղության պատճառները» (հմմտ. Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության, 33,5), նախևառաջ միության պակասը Քրիստոսի աշակերտների միջև:

Հա Եկեղեցին խաղաղությամբ ընթանա և մեր միջև խաղաղությունը կատարյալ լինի: Բոլորի մեջ ծնվի միության հզոր ցանկություն, այնպիսի միության, որ պետք չե լինի «ո՛չ ենթարկություն մեկը մյուսին, ո՛չ կլանում, այլ առաել ընկալում բոլոր շնորհներին որ Աստված տված է յուրաքանչյուրին՝ ամբողջ աշխարհին հայտնելու համար փրկագրոծության մեծ խորհրուրդը, իրագործված Տեր Քրիստոսից, Սուրբ Հոգու շնորհիվ» (Սրբազան Հոր խոսքեր Աստվածային Ծիսակատարության ընթացում, Սուրբ Գևորգ Պատրիարքական Եկեղեցի, Պոլիս, 30 նոյեմբեր 2014):

Սրբերի հորդորներն ընդունենք, լսենք խոնարհների և աղքատների ձայնին, ատելության բազմաթիվ զոհերին, որ տառապեցին և իրենց կյանքը զոհեցին հավատի համար. ականջ դնենք նոր սերունդներին, որ անցյալի բաժանումներից ազատ ապագա են խնդրում: Այս սրբատեղիից կրկին սփռվի ճաճանչափայլ լույսը. այս երկրի լուսավորիչին՝ ձեր Ավետարանի Հոր՝ Սուրբ Գրիգորի հավատի լույսին միանա սիրո լույսը՝ որ ներում և հաշտվում է:

Ինչպես Առաքյալները Զատկվան առավոտուն, տարակույսներով և անվստահություններով հանդերձ, վազեցին հարության վայրը, նոր հույսի երջանիկ արևագալից դյութված (հմմտ. Հվ 20,3-4), նույնպես մենք ևս, այս սուրբ Կիրակին, հետևում ենք Աստծո կանչին՝ կատարյալ միության և արագացնենք մեր քայլերը:

Իսկ այժմ, Սրբություն, Աստծո անունով, խնդրում եմ որ Ինձ օրհնեք, օրհնեք ինձ և Կաթողիկե Եկեղեցին, օրհնեք մեր այս ընթացքը՝ դեպի կատարյալ միություն»:

Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետը միասին օրհնեցին ներկա ուխտավոր ժողովրդին:

26.06.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․