Գրքեր

Հայրերի կենցաղավարության մասին

Ոմն հոգետես ծեր մի աշակերտ ուներ, որին բնակեցրել էր իրե­նից երեք մղոն հեռու և հանձնարարություն էր տվել՝ գիտենալ և ճանաչել սատանայի բազմադիմի խարդախությունները, ինչպես որ տեսել և ուսանել էր ծերից չարի խորամանկության բոլոր հնարքնե­րը: Սակայն օրերից մի օր սատանան եպիսկոպոսի կերպարանք առած եկավ ծերի աշակերտի մոտ և նստեց նրա դիմաց՝ բավական հեռու` իբր հոգնած էր ճանապարհից: Իսկ եղբայրը երբ տեսավ, չճանաչեց, որ դա չարի երևմունք է, այլ նրան ընդառաջ գնաց և երկրպագեց որ­պես եպիսկոպոսի: Եվ սատանան ասաց. «Եղբա՛յր և որդի՛, ողջ տեսա քեզ, սակայն ողորմությո՛ւն արա և ընդունի՛ր ինձ, քանզի վշտացա քաղաքից, նրա ամբոխից և խստապարանոց ժողովրդից, ովքեր առա­վել սատանային են անսում, քան թե Աստծուն, փախա նրանցից և եկա անապատում հանդարտությամբ բնակվելու, ինչին փափագում էի իմ մանկությունից ի վեր: Բայց նաև այս եմ խնդրում քեզնից, որ ոչ ոք չգիտենա իմ մասին, ոչ էլ անգամ քո մեծն ծեր հայրը, որպեսզի քա­ղաքացիներն իմանալով՝ չգան թախանձելու ինձ»: Եվ եղբայրը հավա­տաց չարին՝ իբրև եպիսկոպոսի և կատարեց նրա բոլոր ցանկություն­ները, քանզի նրա համար բնակարան շինեց քարայրի մեջ՝ իրեն մոտիկ, և օրը մեկ անգամ տեսնում էր նրան և լսում նրա թուլությամբ խառն խրատները: Եվ գնալով խռովությամբ ու բարկությամբ էր լցվում եղ­բայրը, սակայն չէր գիտակցում, քանի որ ծածկվել էր նրանից գի­տությունը, քանզի առանց հոր թույլտվության էր: Ահա այսպես չար է փոքրերի և երիտասարդների ինքնակամ հոժարությունը: Եվ Աստ­ված հայտնեց մեծն ծերին այդ ամենը, և նա աղերսագին աղոթեց եղ­բոր փրկության համար, որպեսզի իսպառ չկորչի: Իսկ եպիսկոպոսը՝ սատանան, չկարողացավ ծածկել իր խորամանկությունը, այլ եղբորն ասաց. «Որդյա՛կ, ո՞ւմն է այս կացինը»: Եղբայրն ասաց. «Իմ հոր կա­ցինն է, տե՛ր»: Եպիսկոպոսն ասաց. «Տե՛ս, որդյա՛կ, քո հոր սերը, որ մի կացնի անգամ քեզ արժանի չհամարեց, այլապես կասեիր՝ իմն է»: Եղբայրն ասաց. «Ինչը նրանն է` իմն է, տե՛ր, և չկա ոչինչ, որ նա չկամենա ինձ»: Եպիսկոպոսն ասաց. «Այդպես չէ, որդյա՛կ, այլ եթե կամենում ես քո հոր ճշմարիտ մտածումներն իմանալ, գնա՛ նրա մոտ և իշխանաբար ասա՛, թե` այն կացինն իմն է, ոչ թե քոնը, և դրանով փորձի՛ր նրա ճշմարիտ վերաբերմունքը քո հանդեպ»: Եվ սատանան չիմացավ, որ դրանով բացահայտվելու էր իր խարդախությունը: Իսկ եղբայրը, տգիտությամբ ապուշացած, դարձյալ չճանաչեց եպիսկոպո­սի խառնակչական խրատը, այլ նրա հոգին խռովվելով` զայրույթով լցվեց ընդդեմ աստվածատես ծերի: Այդ գիշեր նրա միտքը պղտորված էր, սակայն դրանից էլ գլխի չընկավ, այլ առավոտյան նույն խռովա­հույզ մտքերով գնաց ծերի մոտ, երկրպագեց և ասաց. «Եկա, հա՛յր, որպեսզի գիտենաս և ճանաչես, որ այդ կացինն իմն է, ոչ թե քոնը, և այլևս այն չեմ տա քեզ»: Սուրբ ծերն ասաց. «Այո՛, որդյա՛կ, քոնն է և ոչ թե իմը. և ոչ միայն այդ, այլև՝ ինչ որ գտնես ինձ մոտ` վերց­րո՛ւ և տա՛ր քեզ հետ և այլևս չվերադարձնե՛ս ինձ, քանզի ես էլ եմ քոնը՝ հնազանդ քո իշխանությանը»: Լսելով այս՝ մոլորյալ եղբայրը սթափվեց ծերի աղոթքով և զղջումով ընկավ ծերի ոտքերն ու ասաց. «Թողությո՛ւն շնորհիր ինձ` մոլորյալիս, քանզի չհասկացա, թե ինչ խոսեցի»: Ասաց սուրբ ծերը. «Օրհնյալ է Տեր Աստված, որ դարձյալ ինձ տվեց իմ մոլորյալ որդուն»: Եվ եղբորն ասաց. «Ով որդյա՛կ, մի՞թե եպիսկոպոս տեսար և քեզ մոտ պահեցիր, որ այսպես խոսեցիր»: Եվ եղբայրն ասաց. «Այո՛, հա՛յր, եպիսկոպոս տեսա և այժմ էլ ինձ մոտ է առանց քո հրամանի, դրա համար էլ այս մոլորությունը պատահեցինձ»: Ասաց նրան ծերը. «Ով որդյա՛կ, որքան ջանք թափեցի` ուսու­ցանելով քեզ չարի բոլոր խարդախությունները, դու էլի չճանաչեցիր: Արդ, չար սատանային ճանաչելու համար բավակա՞ն չէր միայն այն, որ քեզ ողջույն չտվեց. դրա համար էլ քեզ մոտ չեկավ, այլ հեռու նստեց, որպեսզի դու գնայիր իր մոտ: Նա ինքը սատանան է, և նրա խրատից չճանաչեցի՞ր, որ քեզ շփոթմունքով լցրեց»: Երբ եղբայրը տեսավ, որ հայրը մեկ առ մեկ պատմեց իր հետ կատարվածը, և քանի որ ճանաչում էր իր հոր հոգետեսությունը, գոչեց՝ նրա առջև ընկնելով և ասաց. «Ողորմի՛ր մոլորյալիս և աղոթի՛ր առ Տեր Աստված, որպեսզի նենգավորի այլ փորձությունների մեջ չընկնեմ»: Քանզի մինչև հայրը չպատմեց, չիմացավ, որ այն եպիսկոպոսը սատանա է: Եվ հոր աղոթ­քից հետո միասին գնացին եղբոր խրճիթը և այրում չգտան այն եպիսկոպոս ներկայացածին, քանզի հայտնի դարձավ նրա նենգությունը, և հալածվեց այնտեղի սահմաններից սուրբ ծերի աղոթքներով, իսկ եղբայրը զգաստացավ և փրկվեց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

28.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․