Գրքեր

Հայրերի կենցաղավարության մասին

Մի ծեր, որ արժանի եղավ եպիսկոպոսության, ասում էր, թե իբր իր ընկերն է պատմել իրեն, սակայն ինքն էր արել այն. «Կամեցա մի օր,– ասաց,– մտնել Նավասեի անապատի խորքը, տեսնելու` կգտնվի՞ այնտեղ ոմն մենակյաց, որ ծառայում է Քրիստոսին: Վերցրի մի քիչ պաքսիմատ և ջուր ու ընկա ճանապարհ: Երբ չորս օր ընթացա դեպի անապատի խորքը, և կերակուրը վերջացավ, ընկա վարանման մեջ, թե այս ինչ արեցի, սակայն ինքս ինձ քաջալերելով` փոքր­ինչ զորացա և անսվաղ գնացի ևս չորս օր, և արդեն քաղցից և ճանապարհից սաստիկ հոգնատանջ` փոքր­ինչ սրտնեղեցի և ընկա գետնին: Այդժամ մոտեցավ մեկը և մատներով հպվեց իմ շուրթերին` ինչպես բժիշկը, որ դեղ է տալիս, և անմիջապես այնպես զորացրեց ինձ, որ նույնիսկ մոռացա, թե հոգնաբեկ եմ եղել: Արդ, երբ տեսա ինձ օգնության հասած զորությունը, վեր կենալով գնացի դեպի անապատը: Երբ անցավ ևս չորս օր, դարձյալ տկարացա. երբ ձեռքերս դեպի երկինք բարձացրի, այն առաջին այրը, որ զորացրեց ինձ, դարձյալ եկավ և մատներով օծեց իմ շրթունքները. նույն պահին զորացա և անապատով գնացի ևս տասնութ օր, որից հետո գտա մի տաղավար, արմավենի և ջուր: Եվ ահա գալիս էր մի այր, որի գլխի մազերն իր հանդերձանքն էր, ամբողջովին ծերացած էր, իսկ դեմքով` ահավոր: Երբ տեսավ ինձ, սկսեց աղոթել, իսկ աղոթքը վերջացնելուց ու «ամեն» ասելուց հետո` իմացավ, որ մարդ եմ: Բռնելով ձեռքս՝ հարցրեց ինձ և ասաց. «Ինչպե՞ս եկար այստեղ, տակավին կենդանի՞ է մարդկային ցեղը, քրիստոնյաների հալածանքները հիմա՞ էլ են ուժգին»: Եվ ես ասացի. «Հանուն ձեզ՝ սուրբ ողջակեզնե՛րիդ, որ ծառայում եք Հիսուս Քրիստոսին, դադարեցին քրիստոնյաների հալածանքները Քրիստոսի շնորհներով, բայց դու ինձ ասա՛՝ ինչպե՞ս եկար այստեղ»: Եվ նա հեծեծալով ու արտասվելով՝ պատմեց ինձ հետևյալը. «Ես եպիսկոպոս էի, և երբ հալածանքները սաստկացան, ու ինձ վրա եկան բազում տանջանքներ, չկարողանալով դիմանալ դժնդակ չարչարանքներին` առերևույթ և ակամա զոհ մատուցեցի կուռքերին: Իսկ երբ ինքս իմ մեջ զգացի և գիտակցեցի իմ կատարած անօրենությունը, մատնեցի իմ անձը այս անապատին ի մահ, և ահա արդեն քառասունհինգ տարի է` բնակվում եմ այստեղ` խոստովանելով ու աղաչելով Աստծուն, որպեսզի թողություն շնորհի ինձ, իսկ որպես ապրելու միջոց` այս արմավենին տվեց ինձ Աստված: Սակայն թողության մխիթարություն չունեցա՝ մինչև քառասունութ տարի, իսկ այս տարի մխիթարվեցի»: Մինչ ասում էր այս, հանկարծակի վեր կենալով՝ դուրս գնաց և աղոթքի կանգնեց: Երբ աղոթքն ավարտեց, եկավ ինձ մոտ, և ես զարհուրեցի` տեսնելով նրա երեսը և նվաղեցի, քանզի նրա երեսը հրի պես էր: Եվ նա դարձյալ ասաց ինձ. «Մի՛ երկնչիր, քանզի Տե՛րն առաքեց քեզ՝ պատանելու իմ մարմինը»: Երբ դադարեց խոսել, պարզեց ձեռքերն ու ոտքերը և հանգչեց: Հանելով վերարկուս` կեսը թողեցի ինձ և մյուս կեսով պատանեցի սրբի մարմինը, և հողը վերադարձրի հողին: Եվ երբ թաղեցի նրան, նույն պահին ցամաքեց աղբյուրը, արմավենին չորացավ, և տաղավարն ավերվեց, իսկ ես լալով աղաչեցի Տիրոջը, որ բուսցնի արմավենին, որպեսզի այդտեղ ավարտեմ իմ կյանքը, բայց Նա չնայեց: Խորհեցի իմ մեջ և ասացի. «Աստծո կամքը չէ»: Դարձյալ աղոթեցի և ընկա ճանապարհ, և ահա այն այրը դարձյալ եկավ ինձ մոտ և իր մատը մոտեցրեց իմ շրթունքներին և զորացրեց ինձ, մինչև որ եկա եղբայրների մոտ և պատմեցի նրանց այս ամենը և աղաչեցի, որ չհուսահատվեն, այլ համբերությամբ գտնեն Աստծուն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․