23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր

Հայրոսի աղջկա հարությունը և հիվանդ կնոջ բժշկումը

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Աստվածային շնորհներով և իմաստությամբ զարդարված մեր Եկեղեցու հայրերը այսօրվա ընթերցվածքների շարքում ներառել են նաև ավետարանական այն հատվածը, որտեղ պատմվում է մեր ամենակարող Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկնային կյանքի հրաշքներից երկուսի մասին՝ արնահոսությամբ տառապող կնոջ բժշկումն ու Հայրոսի աղջկա հարությունը:

Ավետարանիչներից երեքի՝ Ղուկասի, Մատթեոսի և Մարկոսի մոտ նկարագրված այս դրվագը ոչ միայն մեկ անգամ ևս մեզ համար բացահայտում է Տիրոջ ամենակարող զորությունը, այլև հրաշալի առիթ է ընձեռում խորհելու ճշմարիտ, աներկբա հավատի մասին և զուգահեռներ տանելու մեր պատկերացումներում ունեցած հավատի և այն հավատի միջև, որ Հայրոսի և այն հիվանդ կնոջ կյանքում հրաշքներ գործեց:

Ավետարանիչները պատմում են, որ երբ Հիսուս վերադարձավ Գալիլեա, լճի ափին մի հոծ բազմություն էր Նրան սպասում՝ փնտրելով Նրա ընկերակցությունը, քանի որ նրանցից ոմանք՝ անձամբ, իսկ ոմանք էլ ընկերներից կամ հարազատներից լսել էին Վարդապետի ու Նրա ուսուցումների մասին, միգուցե նաև ականատես էին եղել Նրա գործած հրաշքներին: Եվ այդ միջոցին, երբ բազմությունն ամեն կողմից շրջապատել էր Նրան, մարդկանց սեղմ օղակը ճեղքելով, Նրան է մոտենում Հայրոս անունով մի մարդ, որ ժողովրդապետ էր, այսինքն՝ ժողովարանի պետը, և Վարդապետի առջև ծնկի գալով՝ աղաչում, որ օգնի իրեն: Ի տարբերություն այն օրերում ընդունված բազմազավակ ընտանիքների՝ տասներկուամյա աղջիկը Հայրոսի միակ զավակն էր, որն էլ ծանր հիվանդության պատճառով մահամերձ էր: Ուստի անասելի ծանր ցավն ու վերջին հույսն էր, որ այս բարձր պաշտոն ունեցող, առաջնորդ մարդուն ստիպել էր ծնկի գալ գալիլեացի Վարդապետի առջև և աղաչել, որպեսզի փրկի իր դստերը: Այս պատկերը ծանոթ է շատ շատերին, հատկապես՝ մեր օրերում ապրող մարդկանց, երբ անհոգ կյանք ապրելով, ուրախության ու զվարճության պահերին մարդիկ չեն էլ հիշում Աստծո գոյության մասին, ավելին՝ կարծում են, որ ամեն ինչ իրենց սեփական ձեռքերում է, ամեն ինչի հասել են միմիայն իրենց ուժերով, և միայն այն ժամանակ, երբ դժբախտությունը իրենց դուռն էլ է թակում, և ո՛չ կուտակած կարողությունը, ո՛չ անունն ու պատիվը, և ոչ էլ զբաղեցրած դիրքն ու փառքը ի զորու չեն լինում ոչնչով օգնել, ահա այդ ժամանակ է, որ մարդը, հասկանալով իր ոչնչությունը, դիմում է իր վերջին հույսին: «Ինչպես ծովն առանց նավի անցնել փորձող մարդիկ, որքան էլ լավ լողորդ լինեն, շուտով կուլ են գնում ալիքներին, ճիշտ այդպես էլ նավաբեկության են ենթարկվում նրանք, ովքեր առաջնորդվում են միայն իրենց սեփական բանականությամբ։ Ինչպես Պողոսն է ասում. «Ոմանք, հեռու վանելով հավատը, նավաբեկության ենթարկվեցին»» (Սբ. Հովհան Ոսկեբերան)։ Իսկ թե ինչ է պատահում Քրիստոսին վստահությամբ դիմելուց հետո՝ տեսնում ենք ավետարանական մեր պատմության շարունակությունից: Հիսուս թողնում է ամեն բան՝ առաքյալներին, ժողովրդին, միգուցե արդեն պլանավորած գործերը, հանգիստը և օգնության է շտապում փորձության մեջ հայտնված և Իրեն ապավինած մարդուն՝ Հայրոսին: Սա Տիրոջ կողմից տրված հրաշալի օրինակ է մեզ, և ևս մեկ առիթ մտորելու, սիրելի՛ հավատացյալներ, թե մենք ինչպես ենք արձագանքում դժբախտության մեջ հայտնված և օգնության կոչով մեզ դիմած մարդուն: Սակայն կրկին դառնալով այսօրվա պատմությանը, տեսնում ենք, որ այն միջամտվում է մեկ այլ դրվագով: Հիսուսին է մոտենում մի կին, որի համար Նա կրկին վերջին հույսն էր: Այս կինը տասներկու տարի շարունակ տառապում էր արնահոսությունից, ծախսել էր իր ողջ ունեցվածքը՝ դիմելով բազմաթիվ բժիշկների, սակայն՝ ապարդյուն: Նա լսել էր Քրիստոսի բժշկությունների մասին և հաղթահարելով վախն ու ամոթը, քանի որ ըստ մովսիսական օրենքի՝ անմաքուր էր համարվում և իրավունք չուներ հայտնվելու հասարակական վայրերում, համարձակվել էր ամբոխի միջով անցնելով՝ մոտենալ ու դիպչել Քրիստոսի զգեստի եզրին, քանի որ այն հստակ համոզումն ուներ, որ նույնիսկ Նրա հագուստին դիպչելով՝ կբժշկվի: Եվ իսկապես, այս մի հպումը բավարար եղավ, որպեսզի տասներկու տարիների տառապանքը մի ակնթարթում վերանա: Քրիստոսի այն հարցին, թե ով դիպավ Իրեն, քանի որ զգաց, որ Իրենից զորություն դուրս եկավ, կինը դողալով Նրա ոտքերի առջևն է ընկնում ու բոլորի մոտ պատմում իր հետ կատարվածը: Քրիստոս հուսադրում է նրան՝ ասելով սքանչելի խոսքեր. «Աղջի՛կս, քաջալերվի՛ր, քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ» (Ղուկ. 8:48): Սակայն մինչ այս միջադեպը տեղի էր ունենում, Հայրոսի տնից մարդիկ են գալիս ու հայտնում, որ այլևս զուր է այնտեղ գնալը, քանի որ աղջիկը մահացել է: Վստահաբար հոր սիրտը փուլ եկավ այդ պահին, քանի որ Հիսուս շտապեց անմիջապես հանգստացնել ու սրտապնդել նրան՝ ասելով. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և քո աղջիկը կապրի» (Ղուկ. 8:50):

Աղջիկն իսկապես ապրեց՝ Քրիստոսի ամենակարող զորությամբ հարություն առնելով մեռելներից և դառնալով մահվան հանդեպ ունեցած Նրա իշխանության ապացույցներից մեկը: Եվ իսկապես, տեսնում ենք, որ այս մի պատմության մեջ Քրիստոս կրկնակի հաղթանակ տարավ՝ խորտակելով թե՛ մարդկանց համար անբուժելի հիվանդությունը, թե՛ մահը: Եվ մենք՝ Նրա հետևորդներս, ևս մեկ առիթ ունեցանք հպարտանալու մեր Տիրոջով և փառաբանելու Նրան: Սակայն սա ամենևին էլ այսօրվա ընթերցվածքի միակ նպատակը չէ, սիրելինե՛ր, այլ ինչպես միշտ՝ սնունդ է մտորումների և դաս քաղելու համար:

Առաջին պարագայում, երբ խոսքը հիվանդ կնոջ մասին էր, Քրիստոս գովեց նրա հավատը՝ ասելով, որ այն փրկեց նրան: Իսկ Հայրոսի պարագայում ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, եթե միայն Հայրոսը հավատա: Ճշմարիտ է, Ամենագետ Աստծուց բացի ոչ ոք չգիտի մյուսի հավատի չափը, բայց Քրիստոսի խոսքերը մեզ թույլ են տալիս ենթադրելու, որ Նա հիվանդ կնոջ մոտ ավելի շատ հավատ տեսավ, քան Հայրոսի: Ուստի, միգուցե հենց վերջինիս պատմության մեջ այս կնոջ հայտնվելն ամենևին էլ պատահական չէր, այլ նրա ամուր հավատի ակնառու օրինակը անհրաժեշտ էր, որպեսզի Հայրոսի դեռևս երերուն հավատը հաստատվի և նա անվերապահորեն վստահի Քրիստոսի զորությանը, որպեսզի կատարվի այնպիսի մի հզոր հրաշք, ինչպիսին մեռյալներից հարությունն է: Քանզի խոսքն այստեղ ոչ թե հավատի դրույթների մասին է, այն մասին, որ հավատում ենք Աստծո գոյությանը կամ Սուրբ Երրորդությանը, այլ այն հավատի, որն իրենից ենթադրում է աներկբա՝ անկասկածելի վստահություն առ Աստված: Քանզի հավատ չէ այն հավատը, երբ ասում ենք. «Այո՛, հավատում եմ, բայց միգուցե…», կամ «…իսկ եթե հանկարծ…»: Կասկածի նշույլն անգամ փչացնում է ամեն բան: Սիրող Հայրն այլ բան է սպասում Իր զավակներից: Իր առաջին քայլերն անող մանկիկը, ձեռքերն առաջ պարզած, վստահորեն դեպի իր ծնողն է գնում՝ վայրկյան անգամ չկասկածելով, որ միգուցե ծնողն իրեն չբռնի: Նա ուղղակի նայում է սիրելի ծնողի դեմքին, լսում նրա կանչն ու առաջ շարժվում: Վախ, կասկած, երկմտանք չկան մանկան գործողություններում: Եվ Ամենակալի համար էլ մենք նույն մանուկներն ենք, որ պիտի ուղղակի սիրենք ու վստահենք մեզ բարիքներ պարգևող Երկնավոր ծնողին՝ այդպիսով հավաստիանալով, որ չենք հեռացել Նրանից և կյանքի յուրաքանչյուր պարագայում կարող ենք Նրա օգնությանը հուսալ: Մենք՝ Նրա որդեգիրներն ու հետևորդները առավել ևս պետք է վստահ լինենք, որ Քրիստոսի ամենակարող զորությունն ու հրաշքները դուրս են ժամանակի ու տարածքի սահմաններից: Տերն անփոփոխ է բոլոր ժամանակներում, ուստի անմտություն է կարծել, որ Աստծո հրաշքների ժամանակն անցել է և այժմ հրաշքներ չեն լինում: Հրաշքներն ամեն օր և ամեն վայրկյան են լինում, երբ ամեն առավոտ արթնանում ենք, երբ փրկվում ենք որևէ փորձանքից, երբ մեղավոր կյանքից հետ ենք դառնում դեպի փրկություն… Ամեն բան մեր հավատից է կախված, մեր անկեղծությունից, մեր սրտի մաքրությունից, մեր նվիրվածությունից… 

Արդ, ջանք ու եռանդ չխնայենք հավատի գործերի մեջ, մեր հայացքները մշտապես ուղղենք դեպի Բազումողորմ Աստված, ամեն պարագայում Նրա սուրբ կամքը փնտրենք, Աստծո՞ւն, թե՞ մարդկանց հաճոյանալու ընտրության առջև կանգնելիս՝ առանց երկմտելու գերադասենք Աստծուն և այն ժամանակ կկարողանանք խնդրել Նրան, որպեսզի ավելացնի մեր հավատի շնորհը: Թող Հայրոսի և հիվանդ կնոջ օրինակները հուսադրեն մեզ անհուսալի թվացող իրադրություններում: Թե՛ ուրախության և թե՛ տխրության պահերին նախ ի սրտե փառաբանություն մատուցենք Աստծուն և ապա հավատով ապավինենք Նրա օգնությանը՝ ականջալուր լինելով Տիրոջ ձայնին, որ ասում է. «Վստա՛հ եղեք, որ եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ և այդ լեռանն ասեք՝ ելի՛ր ու ծովն ընկիր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մտթ. 21:21, 22): Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

12.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․