Գրքեր

Հեթանոսության քրիստոնեական գնահատականը

Ուշագրավ է, որ հեթանոսությունից ամեն ինչ չմերժվեց, և օգտակարը մեծապես գնահատվեց ու խրախուսվեց քրիստոնեական կյանքում դրանց նորովի արժևորումով: Շատեր գուցե առարկեն և հիշեն հեթանոսական տաճարները, որոնք ևս մշակութային, ճարտարապետական կոթողներ էին և դրանք գրեթե բոլորն էլ այժմ չկան։ Բայց հեթանոսական տաճարների պարագան այլ է. դրանք համարվում են նյութական վայրեր, որոնց միջոցով և որոնց միջից դիվական, սատանայական ազդեցությունը առավել ուժգնությամբ է տարածվում աշխարհի և մարդկության վրա։ Ահա հենց այդ է պատճառը, որ քրիստոնեական սրբերը, հրեաների պատրաստած գեղեցիկ ոսկե հորթը կործանած Մովսես մարգարեի նման (Ելք 32.20), կործանել են նաև տաճարներում զետեղված կուռքերը, որոնք ևս կրոնական մտածողությամբ չառաջնորդվելու դեպքում, կարելի է համարել արվեստի գործեր։ Սակայն հեթանոսության շրջանում ստեղծվել էին գրական մեծ գործեր, դարերով զարգացել էր մարդկային բանականության իմաստությունը, որի շատ դրական կողմեր օգտակար համարվեցին նաև քրիստոնյաների համար։ Օրինակ` Սուրբ Բարսեղ Կեսարացին խորհուրդ է տալիս չմերժել և ընթերցել հեթանոսական գրողների աշխատությունները` միևնույն ժամանակ երիտասարդներին ցույց տալով, թե ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն, այն է` պետք է վերցնել օգտակարը և մերժել վնասակարը։ Նա ասում է, որ Մովսեսը ևս սկզբից եգիպտական գիտություններով վարժվեց, և հետո Աստծո հայեցողությանը հասավ, նույնպես Դանիելը Բաբելոնում քաղդեական իմաստություն սովորեց։ Եկեղեցական Սուրբ Հայրը նշում է, որ կարելի է շատ օգտակար մտքեր սովորել հեթանոսական հեղինակներից և գործիչներից։ Եվ Բարսեղ Կեսարացին բերում է հիանալի օրինակներ։ Ահա դրանցից մեկը. հեթանոսական հեղինակներից Սոլոնն ասում է, որ հարուստների ունեցվածքի հետ չենք փոխի առաքինության հարստությունը, որովհետև այն մշտական է, իսկ մարդկանց ունեցվածքին տիրում է մերթ մեկը, մերթ մյուսը։ Հեթանոս գործիչների, փիլիսոփաների կյանքը ևս մեզ կարող է շատ բան սովորեցնել։ Օրինակ` փիլիսոփա Դիոգենեսն ապացուցեց, որ հարուստ է նույնիսկ մեծ թագավորից, որովհետև կյանքում նրանից քիչ կարիքներ ունի։ Ալեքսանդր Մակեդոնացին, գերի վերցնելով Դարեհ թագավորի աղջիկներին, որոնք հայտնի էին իրենց հիանալի գեղեցկությամբ, նրանց չարժանացրեց նույնիսկ իր հայացքին` ամոթ համարելով տղամարդկանց հաղթողին թույլ տալ իր հանդեպ կանանց հաղթանակը։

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

26.02.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․