Գրքեր

Հետևելով սուրբ և անարատ բարեպաշտությանը

Հոկտեմբերի 21-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իրականացրեց իր հերթական տնայցը, ինչը մեծ ուրախություն պատճառեց 66-ամյա Ռաիսա Վարոսյանին: Տիկին Ռաիսան ամուսնու մահից հետո արդեն տասնութ տարի բնակվում է Ադոնցի 8 շենքի հարակից տարածքում գտնվող տնակում: Առ այսօր տնակը զուրկ է ջրամատակարարումից և միայն վերջին շրջանում է, որ տիկին Ռաիսային հոսանք է մատակարարվել: Ամեն օր խմելու և օգտագործման ջուր ունենալու համար տիկին Ռաիսան, բավականին տարածք անցնելով, ջուրը հասցնում է մինչև տնակ: Նա ասաց, որ այդ ծանրությունը կրելու պատճառով իր մոտ առողջական խնդիրներ են առաջ եկել՝ ընդհուպ մինչև ոտքը վիրահատելու աստիճան: Դժվարությամբ, բայց և ճարահատյալ աշխատում է տիկին Ռաիսան և աշխատավարձի ու թոշակի գումարներով փորձում է մասամբ լուծել իր ամենօրյա և առողջության հետ կապված խնդիրները: Նա մեկ դուստր ունի, ով ընտանիք է կազմել և ի վիճակի չէ իրեն օգնելու:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և տիկին Ռաիսային հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար):

Աստծուն ծառայելու փափագ ունեցող մարդիկ կատարում են բարեպաշտության զանազան գործեր: Ոմանք նվիրվում են հիվանդների խնամքին, ոմանք՝ աղքատներին օգնելուն, ոմանք՝ քրիստոնեական ուսմունքը երեխաների մեջ տարածելուն, ոմանք մոլորվածներին և ընկածներին են ձեռք մեկնում, ոմանք եկեղեցիներ և խորաններ են զարդարում, ոմանք փորձում են մարդկանց մեջ խաղաղություն և համերաշխություն հաստատել:

Իսկ մի հոգևորական, Աստծուն ծառայելու իր ճանապարհին, փորձում էր հոգեշահ քարոզխոսությամբ մեծ թվով մարդկանց առ Աստված բերել, ինչի հետ կապված նա հետևյալ համոզմանն էր եկել և այս գրառումը թողել. «Կար ժամանակ, երբ ես ցանկանում էի հարյուր լեզու սովորել, և այդ բոլոր լեզուներով մարդկանց պատմել ավետարանական պատմությունները: «Թող միլիոնավոր մարդիկ հավատան Քրիստոսին»,- մտածում էի ես և հաստատակամորեն անգիր էի սովորում թուրքերենով, ֆրանսերենով արտահայտություններ, բայեր և պարսկերեն առածներ:

Մի օր առևտրի կենտրոնի հարևանությամբ տեսա ողորմություն խնդրող մի կորեացու կամ վիետնամցու: Նա չգիտեր մեր լեզուն և չէր կարող պատմել, թե ինչպես է այդտեղ հայտնվել: Նրան ոչ թե գումար, այլ սնունդ էր հարկավոր, դա կարելի էր կարդալ նրա աչքերից: Եվ ես, նրա ձեռքից բռնելով, տարա նրան արագ սննդի մի կետ և նրա համար գնեցի հաց, ապուր, հյութ և երկրորդ ճաշի համար անհրաժեշտ սնունդը: Ոչինչ չասացի նրան, այլ մտածեցի՝ հանուն Քեզ, Տեր:

Դա եղել է մի քանի տարի առաջ, այդպես էլ ես լեզուներ չսովորեցի, բայց դա եղավ իմ լավագույն քարոզը»:

«Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծո և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձն աշխարհից» (Հակոբոս 1:27):

 

 

Կարինե Սուգիկյան

21.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․