Գրքեր

Հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից տոնի քարոզ

«Այսօր լցաւ խոստումն Աստուծոյ առ նահապետսն ի զաւակէ նոցին օրհնիլ ամենայն ազգաց» (Շարակնոց):

Ահա այսպիսի սրտաբուխ պատկերներով և հոգեթափանց հուզականությամբ է արտահայտվում սրբազան շարականագիրը այն մեծ իրադարձության մասին, որ մեկ բառով կոչվում է խոստում: Ի՞նչ էր աստվածային այդ խոստումը. սրանից երկու հազար և ավելի տարիներ առաջ, ինչպես մեզ վկայում է մեր եկեղեցական սրբազան ավանդությունը, հրեական փոքրիկ  մի քաղաքում բարին Աստված, անսալով հավատարիմ իր ծառաների՝ ամուլ Հովակիմի և Աննայի թախանձագին խնդրանքներին, Իր ամենառատ ողորմությամբ այցելում է նրանց:

Եթե ետադարձ մի հայացք նետենք Հին Կտակարանի վրա, ապա դարձյալ կհանդիպենք նմանատիպ շատ ու շատ պատմությունների: Նույն խոստումն է տրվում նաև Աբրահամին և Սառային, Սամվել մարգարեի ծնողներին, Եղկանային ու Աննային: Ինչպես տեսնում ենք, թվարկված բոլոր պարագաներում էլ ամուլ ծնողներն Աստծուց խոստացված զավակներ են ունենում, սակայն մեզ՝ քրիստոնյաներիս համար մանավանդ անբաղդատելի է Տիրոջ՝ Հովակիմին և Աննային տրված անգերազանց խոստումը, քանզի, ինչպես կասեր շարականագիրը, ամուլ երկրից այսօր մեզ համար աճեց բարեբեր բույսը բարի, հովիտների շուշանը և դաշտերի ծաղիկը՝ Ամենասրբուհի Կույսը:

Սիրելի հավատացյալներ, անշուշտ այս այն մեծահրաշ ու եզակի ծնունդն էր մարդկության պատմության մեջ, որ արմատապես հեղաշրջեց այն՝ դնելով մի նոր բարձրության վրա: Այս ծնունդն էր այն բաղձալի հուսո, այն խոստման անխորտակելի գրավականը, որ տրվել էր Աստծու կողմից մեր հայրերին: Այս ծնունդն էր, որ ունեցավ և առատապես բաշխեց այն բոլոր հատկություններն ու առաքինությունները, որոնք անհրաժեշտ են սրբության հասնելու համար: Սուրբ Կույսի աշխարհ գալով էր, որ համբերությունը և Աստծու կամքին համակերպությունն իրենց ողջ ուժգնությամբ արտահայտում են իրենց:

Աստվածորդու մարդեղացումից հետո Քրիստոսի տնօրինական և քավչարար գործունեությանն իր գործուն մասնակցությունն է բերում Սուրբ Կույսը: Դա անշուշտ բխում է նրա մայրական իրավունքներից, և վերջապես հավատացյալի ցավն ու ակնկալությունները Տիրոջը հասցնող, աղոթողի ձայնին ունկնդիր, նրա համար Տիրոջը բարեխոսող էակ է Ամենասրբուհի Կույսը: Մայրական իր անսահման գթով ու քնքշությամբ նա Տիրոջից ողորմություն է հայցում յուրաքանչյուրիս համար:

Սիրելի քույրեր և եղբայրներ, ինչպես հայ, այնպես էլ մյուս քրիստոնեական Եկեղեցիները Աստվածածնին ի պատիվ հազարավոր տաղեր, մեղեդիներ, գանձեր են հորինել, որոնցից շատ-շատերը մեր հոգևոր բանաստեղծության լավագույն արտահայտություններից են: Այստեղ տարբեր ժամանակի հեղինակներ կարծես մրցում են իրար հետ՝ Սուրբ Կույսին նույնացնելու աստվածաշնչական ու բնական խորհրդավոր ու գեղեցկագույն պատկերների հետ. սափոր ոսկեղեն, բարձր աշտարակ, անկեզ մորենի, գավազան ծաղկյալ, ամպ թեթև հովանավոր: Այո, պետք է հաստատենք և ասենք՝ աշտարակ է բարձր, բայց ոչ թե լեզուների բաժանում և ազգերի ցրում ենթադրող աշտարակ, այլ բոլոր ազգերին միահավաքող և արդարության արեգակ պարգևող աշտարակ: Ոսկյա սափոր է, քանի որ երկնավոր Հորից անժամանակ Բանը՝ մանանան կրեց իր մեջ և կերակրեց բոլոր նրանց, ովքեր Աստծո քաղց զգացին: Ամպ է թեթև, որ հովանավոր եղավ և անդադար շարունակում է հովանավորել արդարության պապակ բոլոր հոգիներին, ինչպես կասեր Մատթեոս ավետարանիչը. ինչպես հավն է հավաքում իր ձագերին թևերի տակ:

Եվ արդ, սիրելիներ, այս գովությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ իր իսկ ամենօրհնյալ սրբուհու մարգարեությունը. «Յայսմհետէ երանիցեն ինձ ամենայն ազգք» (Ղուկ. Ա 48):

Սիրելիներ, այսօր տոնն է Սուրբ Աստվածածնի՝ Աննայից հղացման: Ծանոթացանք գեղեցկագույն այս տոնի պատմությանը, մանրամասներին, սակայն ի՞նչ դաս և օրինակ է տալիս մեզ այն: Շատերը գուցեև ասեն. երկհազարամյա իր հնությամբ ինչպե՞ս կարող է այն աղերսվել մեր այսօրվա կյանքին: Սակայն պիտի հաստատեմ և ասեմ. այո՛, այս տոնը շատ մեծ աղերսներ ունի այսօրվա աշխարհայնական մտայնությամբ թաթախված կյանքի հետ: Եվս մեկ անգամ կրկնելով պիտի հիշեցնեմ, որ խոստացված զավակը պարգև էր Աստծուց, վաստակած պարգև ծնողների հավատի, անկեղծության, նվիրումի, աստվածպաշտության դիմաց, որոնք, ցավոք, հետզհետե դադարում են ընտանեկան հատկանիշներ լինելուց:

Սուրբ Կույսի ծննդյամբ խոստում էր տրվել բոլոր ազգերին անխտիր, իսկ այսօր մենք թե՛ որպես ազգ, թե՛ որպես անհատ, ականջալո՞ւր ենք այդ խոստմանը, ինչո՞վ ենք մեր մասնակցությունը բերում այդ աստվածօրհնյալ խոստմանը: Աստված ինչպես երեկ, նույնպես և այսօր այս տեսակ առաքինություններ ունեցող Հովակիմներ և Աննաներ է փնտրում Իր հավիտենական ծրագրներն իրագործելու համար: Ուրեմն մեզ ի՞նչ է պակասում: Ահա այս բացը, պակասը լրացնելու ու լցնելու հրավեր է այսօրվա տոնը, տոն, որ, չնայած իր պատմական վաղեմության, այսօր առավել ևս զգոնության, ինքնամաքրման և Տիրոջ խոստումները քովնտի չթողնելու հրավեր է: Մեր Եկեղեցին այսօր մեզ հորդորում է ուխտել այս տոնի միջոցով ներգործուն դարձնելու մեր առօրյա կյանքում կարծես թե կրավորական դարձած այն բոլոր պատճառներն ու միջոցները, որոնք Աստծո խոստման պարգևին արժանանալու անխորտակելի գրավականներն են:

Ուրեմն, սիրելիներ, եկեք այս վստահությամբ մոտենանք այս խոստմանը և յուրաքանչյուրս, որպես առ Տեր հուսացյալ հոգիներ, դույզն-ինչ կասկածի տակ չդնենք ազգերին տրված խոստումը և մեր աղոթքն ուղղենք ամենօրհնյալ Սրբուհուն՝ հայցելով նրա հանապազ բարեխոսությունը:

«Փառաւորեալ եւ օրհնեալ միշտ Սուրբ Կոյս Աստուածածին, Մարիամ՝ Մայր Քրիստոսի, մատո՛ զաղաչանս մեր Որդւոյ քոյ եւ Աստուծոյ մերոյ՚ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:    

 

Տ. Տիրան աբեղա Պետրոսյան

(Քարոզը խոսվել է ս. Էջմիածնի մայր տաճարում մատուցված ս. Պատարագին, 9 դեկտեմբերի 2004 թ.)

09.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․