Գրքեր

Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին

«Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին» (Ժողովող 12:1):

Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Արդեն մի քանի տարի վեհափառ հայրապետի տնօրինությամբ այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Որքան կարևոր է Աստծուն հավատալ և երկրպագել երիտասարդ ժամանակ. Ժողովողն ասում է. «Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին: Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի: Եվ քո սրտից հեռու վանի՛ր տրտմությունը, և չարությունը հանի՛ր քո մարմնից, որովհետև թե՛ երիտասարդությունը և թե՛ հիմարությունը ունայնություն են: Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել դառնության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում»» (Ժողովող 11:9-12:1):

Երիտասարդությունը այն տարիքն է, երբ մարդը կազմում է իր կյանքի ծրագրերը, երազանքներ է ունենում, սիրահարվում ու սիրում է, փորձում է ընտանիք կազմել, զավակներ ունենալ, բայց միաժամանակ խելահեղ տարիք է, երբ ավելի դյուրին է նրա համար ընկնել որոգայթների մեջ, փորձությունների ենթարկվել փորձառության պակասի պատճառով, գայթակղությունների ետևից գնալ, բազմիցս սայթաքել և մոլորվել զարտուղի ճանապարհներում: Նամանավանդ այսօր, երբ աշխարհը բազում և բազմաբնույթ առաջարկներ ունի մարդկանց անելու՝ հաճույքների տեսքով, տեղեկատվական տեխնոլոգիաների տարբերակներով, հաջողությունների հասնելու կասկածելի ճանապարհներով, հեշտ և առանց չարչարանքի կյանքն անցկացնելու, հոգսեր չվերցնելու, սեփական եսի կերակրման և գոհացման և վերջապես Աստվածամերժության քարոզչությամբ: Իսկ երիտասարդները մեծագույն փնտրտուքների մեջ են և ձգտում են լավագույնը կառուցել իրենց համար: Հեռուստատեսությունն ու համացանցը, արևմտյան զանազան արժեքների մատուցումը, ավանդական բարոյական արժեքների մերժումը երիտասարդներին կարող են հեշտությամբ տանել դեպի կործանում: «Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ քո խոսքերը պահելով», - ասում է Աստվածաշունչը (Սաղմոս 118:9): Իսկապես, երիտասարդները պատվիրանապահությամբ է, որ կարող են հանձնվել Ամենազոր Աստծո ապահով ձեռքերի խնամակալությանը: Իր կյանքի սկզբունքների համար Աստվածաշունչը՝ իբրև առաջնորդ ընտրելով՝ երիտասարդը սխալ ուղղով չի ընթանա, անառակ որդու պես մեղքերի հորձանուտը չի նետվի, մեղքերն իրեն քաղցրալի չեն թվա, անտրամաբանական ընթացք չի ունենա, այլ կփորձի իմաստավորել իր կյանքը բարիք գործելով, հասկանալ իր առաքելությունն այս աշխարհում՝ ապրելով ոչ միայն սեփական անձի կարիքների գոհացման համար, այլ նաև շրջապատող մարդկանց կարիքները թեթևացնելով: Կպատվի իր ծնողներին, ուշադիր և հոգատար կլինի իր ընտանիքի նկատմամբ, այլուրեք չի փնտրի մխիթարություններ՝ հասկանալով, որ ճշմարիտ մխիթարությունը Սուրբ Հոգով է միայն: Ճշմարիտ Աստծուն երկրպագելով՝ չի ցանկանա զանազանակերպ կուռքերի ետևից գնալ, որոնք այսօր փայտից կամ կավից պատրաստված ձուլածոներ չեն, այլ ներկայանում են տարբեր հաճույքների ու մոլությունների տեսքով: «Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրությամբ է ընթանում», - ասվում է առակաց գրքում (Առակներ 20:11): Քրիստոնյա երիտասարդը, եթե անգամ մեղանչի և սխալ ուղղով ընթանա, գիտի, որ իր Հայրը բարեգութ է և Ողորմած, որ բազկատարած ընդունում է Իր մոլորյալ զավակներին: Նա գիտի, որ իրեն դարձ կա և ապաշխարություն, կան մեղքերից մաքրագործում և նորոգում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շարունակական պատարագմամբ: Նա գիտի և համոզված է, որ այս աշխարհում ոչինչ չի կարող անդառնալի լինել, անգամ կորուստների դեպքում քրիստոնյան հզոր զենք ունի՝ հարատև աղոթքը, որով իր բաց թողած հնարավորություններն են վերականգնվում՝ ժամանակին չարված և չասված ցանկացած խնդրանք Աստծուն վերառաքելու համար: Սուրբ Գիրքը ուսուցանում է, որ Հիսուսին շրջապատող մարդիկ ևս մեղավորներ էին, որոնք Նրա սրբությամբ, Նրա բերած անկրկնելի վարդապետությամբ լքեցին մեղքերի խորխորատը, դուրս եկան խավարային վիհից և բռնեցին Աստվածային լույսի ճանապարհը՝ պարզ, մաքուր, հստակ, անմեղսալից: Նրանք Քրիստոսով վերափոխվեցին, որը տեսնում ենք, օրինակ, Զակքեոս մաքսապետի պարագայում: Երբ Հիսուս Քրիստոս հյուրընկալվում է նրա տանը, Զակքեոսը Հիսուսին ասում է. «Տե՛ր, ահա իմ ինչքերի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»: Եվ Հիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ» (Ղուկաս 19:8,9): Երիտասարդը կարող է մեղքերի ճահիճը մխրճված լինել և դուրս գալու, մաքրվելու, մեղքերը թոթափելու ելքը չտեսնել, բայց Տիրոջ ներողամտությունն ու ողորմածությունը մշտապես տալիս են այն հնարավորությունը, որ մարդ կարողանա ջնջել իր անցյալը և վերսկսել կյանքը նոր էջից՝ առանց վախի ու երկյուղի: Ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Նարեկացին Ավետարանի համար. Սակայն պահված է ինձ համար նաև Փրկության հույսի հուշարար մի շող, Այն որ Հիսուսի Ավետարանը կյանք է բացարձակ, Ինչպես որ նաև բառն է ցույց տալիս, Զի խոստանում է այն մեղքերին դարձ, Պարտքերին՝ զիջում, եղծման՝ նորոգում, Քավություն ամեն անօրենության, Վերքերին՝ բուժում, տագնապին՝ անդորր, Պատերազմներին՝ հանգիստ ու դադար, Կրակին՝ անձրև, հանցանքին՝ ներում, Պատժի տեղ՝ պարգև, սատակման տեղ՝ ձիր, Մահվան փոխարեն՝ կյանքի փրկություն (Բան ԼԳ): ​

Ուստի, սիրելինե՛ր, եկեք մաղթենք մեր երիտասարդներին իրական և ճշմարիտ արժեքներ ունենալ և ապրել դրանցով, հավատալ Աստծուն և վերափոխել կյանքը դեպի բարին, գեղեցիկը և լավը, չհեռանալ մեր հայրերի ավանդած քրիստոնեական արժեքներից, Աստվածաշունչը ժամանակավրեպ չհամարել, այլ աչալուրջ լինել Աստծո յուրաքանչյուր պատվիրանի նկատմամբ, փորձել ապրել դրանցով, որպեսզի փրկության ճանապարհը տեսնեն ու գտնեն: Չէ՞ որ Քրիստոս ասում է. «Ես եկա, որպեսզի կյանք ունենան և առավել ևս ունենան» (Հովհաննես 10:10):

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

21.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․