Գրքեր

Հիսնակաց պահք. բարի են աղոթքները՝ պահեցողություններով

Աստված, երբ մարդուն ստեղծեց, դեռևս դրախտում նրա համար պահք սահմանեց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2.16-17):

«Պահքը դրախտում օրինադրվեց, և այն հասակակից է մարդկությանը»,- գրում է Բարսեղ Կեսարացին իր «Վասն պահոց» ճառում: Եվ եթե նախածնողները պահեին պահքի պատվիրանը, կժառանգեին անմեղ և անմահ կյանք:

Պահքի օրերին հրաժարվում են կենդանական ծագում ունեցող կերակուրներից և սնվում միայն բուսական կերակուրներով: Սակայն պահքի խորհուրդը այսքանով չի սահմանափակվում. պահոց օրերին եկեղեցին պատգամում է սնվել Կենդանի Հացով՝ Աստծո խոսքով: Ինչպես Սուրբ Գիրքն է վկայում. «Գրված է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթեոս 4.4): Մարդը հոգի է և մարմին, ինչպես ուտելիքն է մարմնին հաճելի, այնպես էլ պահքը՝ հոգուն: Պահքի և աղոթքի ուժի ու զորության մասին վկայում է Սուրբ Գիրքը: Հիսուս Քրիստոս բժշկում էր դիվահարների և Իր աշակերտներին էլ տվել էր այդ իշխանությունը: Բայց մի անգամ նրանք չկարողացան բժշկել մի դիվահարի, և երբ հիվանդի տերը հայտնեց Հիսուսին, թե՝ Քո աշակերտները չկարողացան բժշկել այս հիվանդին, Տերը պատասխանեց. «Սա այնպիսի դիվահարություն է, որ կարող է բժշկվել միայն աղոթքով և պահքով» (Մատթեոս 17.20):

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ծիսակարգում տարվա մոտ կեսը պահոց օրեր են՝ բաժանված օրապահքերի, շաբաթապահքերի և Քառասնօրյա կամ Մեծ պահքի, նախատեսված ապաշխարության համար: Ըստ առաքելական կանոնի՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ, բացառությամբ Սբ. Զատկից մինչև Համբարձում ընկած չորեքշաբթի և ուրբաթ օրերի, օրապահքեր են: Չորեքշաբթի պահք ենք պահում ի հիշատակ Քրիստոսի մատնության, իսկ ուրբաթ՝ ի հիշատակ Նրա խաչելության: Շաբաթապահք է կոչվում, քանի որ տևում է մեկ շաբաթ՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ: Այն նախորդում է եկեղեցական որոշ մեծ տոների՝ ինչպիսիք են Վարդավառը, Վերափոխումը, Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչը և այլն:

Ինչպես այսօր Քառասնօրյա կամ Մեծ Պահքի շրջանը ընդգրկում է Սուրբ Հարության տոնին նախորդող քառասուն օրերը, այնպես էլ քրիստոնեության վաղ շրջանում Սուրբ Ծննդյան տոնի համար նույնպես սահմանված էր պահքի երկարատև շրջան, որը տևում էր 50 օր: Այդ շրջանը կոչվում էր Հիսնակ և սկսվում էր Սուրբ Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Այժմ 50-օրյա այդ շրջանը բաժանված է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթյա ընդմիջումներով միմյանցից առանձնացված: Շաբաթապահքերից առաջինն սկսվում է հիսնակի՝ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը:  Երկրորդ ու երրորդ շաբաթապահքերը նախորդում են Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետի և Սուրբ Ծննդյան տոներին: Դրանք տևում են մեկ շաբաթ: Սուրբ Ծննդյան տոնի շաբաթապահքը սկսվում է դեկտեմբերի 30-ին:

Պահքերին նախորդող կիրակի օրերը կոչվում են բարեկենդան, որը նշանակում է բարի կենդանություն՝ ուրախություն:

Պահքը ինքնամաքրման, աղոթքի, զղջման, մեղքերի գիտակցման և խոկման ընթացք է: Այն հոգևոր դաստիարակության լավագույն միջոց է: Սուրբ Հովհան Մանդակունին պահք է անվանում նաև բերանի լռությունը, աչքերն արատությունից, լսելիքը՝ անդեպ լսելուց և սիրտը՝ պիղծ խորհուրդներից զերծ պահելը: Պահք է նաև չընկերանալը պատվի և իշխանության համար, չբարկանալը, չաղաղակելը, չնախանձելը, վրեժխնդիր չլինելը և չջանալ սեփական անձը ընկերոջ մոտ արդարացնելը: Պահք է նաև խոնարհությունը, հնազանդությունը և սուրբ սրտով բոլորին սիրելը: Նաև, մանավանդ, պահք է՝ այդ օրերին ինչ արգելում ես որովայնիցդ, այն աղքատներին ընձեռել: Այս է սուրբ և աստվածահաճո պահքը:

Հիսնակի պահոց շրջանին ֆիզիկապես և հոգեպես պատրաստվում ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյանն ու Աստվածհայտնությանը։ Հիսնակի պահոց շրջանը իր լրումին է հասնում Սուրբ Ծննդյան ճրագալույցի Պատարագով և հունվարի 6-ին ջրօրհնյաց Պատարագով, նվիրված Քրիստոսի մկրտությանը և Աստվածհայտնությանը։

Կազմեց Կարինե Սուգիկյանը

21.11.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․