Հիսուս Քրիստոսով հայտնված Աստծո սերը | Hisus Qristosov Haytnvats Asttso Sery



Գրքեր

Հիսուս Քրիստոսով հայտնված Աստծո սերը

«Աստված սեր է» (Ա Հովհ. 4:16)

Ինչպես շատերին է հայտնի, քրիստոնյա գիտնական Իսահակ Նյուտոնն էր, որ եղավ ձգողական ուժի գոյության հայտնագործողը, նա էր, որ պարզեց և ճշտեց անհամար մեծ և փոքր լուսատուների միմյանց հանդեպ ձգողականությամբ ունեցած կապը, նա էր, որ հայտնագործեց, որ ամենաչնչին հյուլեներն իսկ ձգողական ուժով միմյանց հետ կապակցված են: Նյուտոնի այս կարևոր հայտնագործությունից և իր բանաձևումը մարդկանց բացատրելուց, ապացուցելուց շա՜տ առաջ և ի սկզբանե գոյություն ուներ այս օրենքը, սակայն այդ ուժի գոյությունը ոչ ոքի հայտնի չէր:

Ինչպես որ մի ժամանակ ձգողականության օրենքն էր գիտական աշխարհին անծանոթ, Աստծո սերն էլ բարոյական աշխարհում էր անծանոթ:

Աստված անայլայլ է, Աստված սեր է և մի՛շտ սեր է եղել, Նա սեր էր աշխարհի արարչագործությունից առաջ. Նա սեր էր, երբ մոլորության և ավելորդապաշտության հարող մարդիկ Մագոգի կամ Բահաղի ամոթալի կուռքերին սկսեցին պաշտել. Նա սեր էր, երբ աստվածամերժ փիլիսոփայությունը Նրա գոյությունն էր ուրանում. Նա սեր էր, երբ խաչի հովանու ներքո անեծքներ և ատելություններ էին ծնվում. Նա սեր էր հին դարաշրջաններում, որոնցում բռնությունները և չարակամությունները հաղթանակում էին երկրի վրա, Նա սեր էր և է, երբ տառապանքը հյուծում է մարդուն, երբ պատերազմը, կամ սովը միլիոնավոր մեռելներով ծածկում է երկիրը, երկիրը, որն իր այս աղիողորմ տեսքով անիծյալ է թվում, և հուսահատ մարդն այլևս սկսում է ճակատագրին հավատալ: Եվ սակայն Նա միշտ սեր է, և սեր է ներշնչում, ինչպես արևը միշտ այնտեղ է՝ լազուր երկնակամարում, այդպես էլ Նա միշտ միևնույնն է, միշտ գործող, անայլայլ:

Աստծո այս Սերը քսան դար առաջ Հիսուս Քրիստոսով հայտնվեց մարդկությանը և միայն Հիսուսով էր, որ մարդկությունն իմացավ Աստծո Սեր լինելը: Ոմանք ասում են, թե հին իմաստուններից մեկը՝ Պլատոնը, Աստծո սեր լինելը կանխազգացել է և իր գրվածքների մեջ «Աստված սեր է» խոսքն է ասել:

Սակայն պիտի իմանանք, որ այս խոսքը բոլորովին այլ իմաստ ունի ավետարանական իմաստի հետ բաղդատած, ինչը հայտնի է դառնում Պլատոնի մյուս խոսքերից. այս խոսքը գեղագիտական իմաստով է ասվել՝ նա ցանկանում է Աստծո մեջ գաղափարապես մի արվեստագետի տեսնել, մինչդեռ «Աստված սեր է» ավետարանական խոսքը բոլորովին ուրիշ իմաստ ունի, որով գերագույն Էակի մեջ երևում է Ստեղծիչը, Արարիչը, Փրկիչը և Հայրը:

Նախքան Հիսուս Քրիստոսը մարդկությունն անտեղյակ էր Աստծո սիրուն, [և] ճշմարիտ Աստծուց հեռու մարդկությունը դեռևս անտեղյակ է մնում [այդ սիրուն]: Երբ [մարդկությունը] հեռանում է Աստծուց՝ վերադառնում է ճակատագրապաշտության հին կուռքին, ինչն առավելապես երևում է ժամանակակից անհավատության պայմաններում:

Հիսուսը Աստծո սիրո հայտնողը եղավ և Նա այդ սերը փայլեցրեց Իր վրա. Նա ճշմարիտ սերը հայտնել է Իր կյանքով և քարոզչությամբ. մարդկությանն այն բացահայտ ցույց է տվել ոչ միայն իր խոսքերով, այլ նաև Իր գործերով: Պետք է իմանանք, որ Հիսուսը միայն Նազովրեցի Ռաբբի չէր, կամ մի քանի բարոյական ճշմարտությունների մասին խոսող վարդապետ, այլ իսկ և իսկ Աստծո մարմնացումն է, մարմնացյալ Աստված է, անտեսանելի Աստծո տեսանելի պատկերը, ինչպես էլ, որ նայենք՝ երկնավոր Հորը տեսած պիտի լինենք, և ինչ որ Նրանից ուսանենք՝ Հորից ուսանած կլինենք. «Ով Ինձ տեսավ՝ Հորը տեսավ» (Հովհ. 14:9):

Պետք է իմանալ, որ միայն Աստվածաբանական վարդապետությունները չէին կարող բավական լինել, մարդու սրտի մեջ Աստծո սիրո հավատը ներշնչելու համար: Այնտեղ մի ուրիշ բան էր պետք՝ Քրիստոսի կարճ, սակայն աննախադեպ կյանքը, որով միայն կարող ենք ասել, որ երկինքը ճշմարտապես այցելել է երկիր, թե արդարությունը երկնքից երևացել է:

Քրիստոսի սիրո գլխավոր հատկություններին ծանոթանալով՝ պիտի կարողանանք նաև հասկանալ Աստծո սիրո բնույթը:

Ա. Քրիստոսի հայտնած սերն անշահախնդիր սեր է: Հիսուսն ի՞նչ շահ կարող էր ակնկալել աղքատ, տգետ և ողորմելի մարդկանցից, և սակայն սիրեց նրանց: Հիսուսն ի՞նչ խնդրեց մարդկանցից, ոչ գլուխը դնելու տեղ, Իր սիրո փոխարեն՝ ընդհակառակը, փառքի փոխարեն՝ ծաղր, պսակի փոխարեն՝ փուշ, գավազանի փոխարեն՝ մի եղեգ, պատիվների և ծափողջույների փոխարեն՝ հրապարակային թշնամանք և ատելություն, վարձատրության փոխարեն՝ լքում, վերջապես հաղթանակի փոխարեն մի խաչ տրվեց Նրան: Այս ամենից հետո էր, որ մարդը նշմարեց այդ անմեղ զոհին և տեսավ, որ ինքը սիրված է Աստծո կողմից, և այն ժամանակ հասկացավ, որ Աստված սեր է: Ո՜վ հավատացյալներ, Աստված մեր կարիքը չունի, մենք չենք կարող որևէ բան ավելացնել Նրա հավիտենական օծության և փառքի վրա, և սակայն Աստված սիրեց մեզ, սիրում է և ցանկանում [փնտրում] է մեր սրտերը, մեր ապականված և թոշնած սրտերը և երբ մի մեղավոր ապաշխարում և Աստծուն է դառնում՝ երկնքում անհուն ուրախություն է լինում:

Բ. Քրիստոսի հայտնած սերը ճշմարիտ սեր է: Մեր սրտերում արծածված սերը հաճախ տկարանում և մարում է, մեր սրտերի սերը հաճախ կեղծիքով և նկատառումներով է կերտվում: Մենք արտաքնապես սիրո զգացումներ ենք արտահայտում, սակայն ներքուստ ատելություն ենք սնուցանում: Սակայն Հիսուս ճշմարիտ սիրով է սիրում. Նա շատ լավ տեսավ, թե ինչ է մարդկությունն իր ստորություններով, խեղճություններով և իր տգեղություններով: Նա երբեք կարիք չունի, որ մարդիկ իրենց սրտերը հայտնեն իրեն. Նա բոլոր մարդկանց սրտերը տեսնում է. տեսնում է գաղտնի, եսասիրական և տգեղ զգացմունքները: Հիսուսը գիտեր, թե ինչպիսի զգացմունքներ ունեին իր աշակերտները, տեսել էր նրանց սխալները, կանխապես ասել էր, թե ինչ հուսահատական վիճակի պիտի մատնվեին իր մահվանից հետո, սակայն նրանց սիրեց, սիրեց՝ ինչ ապերախտ ընթացք էլ, որ ունեցան նրանք:

Գ. Քրիստոսի հայտնած սերը հավիտենական սեր է. Հովհաննես Ավետարանիչն ասում է. «… Հիսուս սիրեց յուրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց» (Հովհ ԺԳ 1): Մի սեր, որ տևական է ամեն ինչում: Պողոս Առաքյալը, Հիսուսի սիրո հավիտենականության մասին խոսելիս, Հռոմեացիներին ուղղված իր նամակում ասում է. «Արդ՝ ո՞վ պիտի մեզ բաժանի Քրիստոսի սիրուց, տառապա՞նքը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգը, թե՞ սուրը, …Բայց այս բոլորից էլ հաղթական ենք դուրս գալիս Նրա միջոցով, ով սիրեց մեզ, որովհետև վստահ եմ, թե ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները և ո՛չ զորությունները, ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծո այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով» (Հռոմ. 8:35-39): Սրբերը մահացան՝ զգալով, որ չեն հաղթվել, Աստված նրանց հովանավորել էր Իր սիրով, նրանց յուրաքանչյուրին մարգարեի շութերով ասել էր. «Ես քեզ սիրում եմ հավիտենական սիրով» և «այս սերը մահվանից զորավոր է»: Երբ այստեղ, աշխարհի վրա, երկրավոր միություններ ենք հռչակում, մեր սրտերը շարժվում և հուզվում են քահանայի կողմից լծակից զույգի համար հետևյալ խոսքը կարդալու ժամանակ, «Խոստացեք իրար հավատարիմ մնալ լավ կամ վատ օրերում, առողջության, կամ հիվանդության ժամանակ, հաջողության կամ նեղության ժամանակ» և ապա, երբ հետևյալ խոսքերն էլ հավելում է. «մինչև որ մահը ձեզ չբաժանի»: - Բայց ո՜վ մեծդ Աստված, որ բարեհաճում ես մարդկային հոգու հետ սիրո ուխտ հաստատել, և ո՜վ սուրբդ Աստված, երբ միանում ես այս հանցավոր հոգու հետ, որը ցանկանում է Քո սերը մեծարելով՝ դեպի Քեզ բարձրանալ, այդ ուխտը, ո՜վ Տեր, Քեզ համար հավիտենական ուխտ է, մահը մեզ չի բաժանի Քեզնից, այլ հոգին Քեզ հետ է միացնում հավիտենապես:

Դ. Քրիստոսի հայտնած սերը տիեզերական սեր է: Զգում ենք մարդկության Քահանայապետի սրտի բաբախումը. Նա երբեք անձնական նկատառումներ չունի, ամեն մարդ, ինչ աստիճանի և ինչ տարիք էլ լինի, հավիտենապես Նրա սիրո և համակրանքի առարկան է: Նրա սերն ամենուրեք է, Նրա սերը բոլոր արգելքները հաղթահարում է: Որքան օտարը՝ նույնքան հավատացյալը, որքան հերետիկոսը՝ նույնքան ուղղադավանը, որքան տգետը՝ նույքնան ուսյալը, որքան աղքատը՝ նույնքան հարուստն Իր սիրո, Իր համակրանքի առարկաներն են:

Արդ, ո՜վ հավատացյալներ, իմացեք, որ նա, ով արհամարհում է Աստծո անչափ սերը՝ պիտի արհամարհվի, նա, ով ասում է «ի՞նչ է սերը», նա, որի համար «սեր» և «մոլություն» բառերը հոմանիշներ են, նա, ով չի հավատում Աստվածային սիրո սրբությանը, նա, ով չի ընդունում այն որպես երկնքի անգնահատելի պարգև, այդպիսի մեկը ընկած [կորած] մարդ է, աշխարհի վրա փտած, փչացած մի արարած է: Այնպիսի անզգամ է, որ իր սրտի մեջ ասում է. «Չկա աստված, չկա սեր», այդպիսին անհավատ, անաստաված է, քանզի ուրանում է սերը, որն է Աստված, քանզի «Աստված սեր է»:

Ցանկանո՞ւմ եք ճանաչել Աստծո սերը, ճշմարիտ, հավիտենական, անշահախնդիր, տիեզերական Սերը, ցանկանո՞ւմ եք ճաշակել սուրբ սերը. մաքուր սիրտ մշակեք [ձեր մեջ] և պիտի տեսնեք ու ճանաչեք Աստծո սերը, որ սիրո թռչնակի պես պիտի գա գեղեցկաթև և իր հավիտենական բույնը հյուսի ձեր սրտի ոսկե վանդակում:

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

 

05.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․