Գրքեր

Հիսուսի իշխանությունը

«Եվ այն օրերից մեկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին և ավետարանում, վրա հասան քահանայապետներն ու օրենսգետները՝ ծերերով հանդերձ, և ասացին Նրան. «Ասա մեզ, ի՞նչ իշխանությամբ ես դու անում այդ, կամ ո՞վ է, որ Քեզ տվեց այդ իշխանությունը» (Ղուկ. 20:1-2):

Այս ասում էին նախանձի պատճառով, քանզի չարությամբ և նախանձով էին լցված Տիրոջ հանդեպ, որովհետև Քրիստոս իշխանություն ուներ դևերին սաստելու, մեռելներին հարություն տալու, հիվանդներին բժշկելու, և որևէ մեկը Քրիստոսի նման չէր խոսել այդպես հեղինակությամբ և իշխանությամբ: Այս իշխանությունը չունեին փարիսեցիներն ու օրենսգետները և դատապարտվում և ամոթանքի էին ենթարկվում ժողովրդի կողմից, քանզի «ժողովուրդը զարմանում էր Նրա վարդապետության վրա. որովհետև ուսուցանում էր ինչպես մեկը, որ հեղինակություն ունի և ոչ թե՝ ինչպես օրենսգետները» (Մատթ. 7:28):

Եվ այս չարությունն ու նախանձը մղեց նրանց, որ իրենց հոգու աչքերը փակեն և կուրանան, որովհետև Քրիստոս բազմաթիվ հրաշքներ էր գործել և նրանք չէին հավատում, չէին տեսնում, որ Քրիստոս Աստծո Որդին է:

«Հիսուս պատասխան տվեց նրանց և ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, և դուք Ինձ ասացեք. Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից»: Եվ նրանք իրենց մտքում խորհեցին և ասացին. «Եթե ասենք՝ երկնքից էր, կասի՝ իսկ ինչո՞ւ չհավատացիք նրան. և եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետև իրենց մտքում Հովհաննեսի մասին հաստատ համոզում կա, թե նա մարգարե է»: Եվ պատասխան տվեցին, թե չգիտեն որտեղից է» (Ղուկ. 20:3-7):

Ստեցին: Իրապես Հովհաննեսի իշխանությունը Աստծուց էր, որովհետև Հովհաննեսը վկայում էր և ասում. «Նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, Նա ինձ ասաց. «Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, Նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով» (Հովհ. 1:33) և թե՝ «…Ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու Նրա կոշիկները» (Մատթ. 3:11): Ուստի Հովհաննեսը վկայում էր Քրիստոսի մասին, և եթե օրենսգետներն ու փարիսեցիները չընդունեցին Հովհաննեսի մկրտությունը, չմկրտվեցին և չընդունեցին նրա վկայությունը, ինչպե՞ս կարող էին Քրիստոսին ընդունել: Եվ Քրիստոս հանդիմանում էր նրանց, որովհետև Հովհաննեսը մեծ մեկն էր նրանց շրջանակներում, Զաքարիա քահանայապետի որդին էր, ճգնավոր էր և սրբակյաց, որովհետև երեսուն տարի ապրեց անապատում: Բայց նրանք Հովհաննեսի վկայությունը չէին ընդունում, ամաչում էին խոստովանել նրան և վախենում էին ժողովրդից, որովհետև ժողովուրդը կարող էր քարկոծել նրանց, եթե Հովհաննեսի դեմ որևէ բան ասեին: Բայց Աստծուց նրանք չէին վախենում, որովհետև իրենց հոգու աչքը կուրացել էր և չէին տեսնում այն աստվածային զորությունն ու իշխանությունը, որ Քրիստոսի միջոցով էր գործում: Ուստի Քրիստոս նրանց անարժան համարելով՝ ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս» (Ղուկ. 20:8): Քրիստոս գիտեր, բայց չասաց այդ նրանց, որովհետև արժանի չէին իմանալու այդ իշխանության մասին, քանզի բազմաթիվ հրաշքներ տեսնելուց հետո անգամ, եթե այսպիսի հարց էին տալիս, ուրեմն հոգով կուրացած էին, երբեք էլ չէին տեսնի: Բայց որտեղի՞ց էր մեր Տիրոջ իշխանությունը: Երկնքից էր մեր Տիրոջ իշխանությունը, որովհետև Ինքն էր երկնքի և երկրի Տերն ու Թագավորը, Ինքն էր ամբողջ աշխարհը, տիեզերքն ու տարերքը ստեղծող Աստվածը: Եվ ինչպես ծնողներն են խնամք տանում իրենց զավակների համար, ապա առավել ևս Աստված է խնամք տանում Իր զավակների, Իր որդիների և դուստրերի համար: Եվ Քրիստոսի իշխանությունը աստվածային սիրո իշխանություն է: Եթե մարդիկ իշխանություն են բանեցնում իրենց ծառաների և ստրուկների վրա վախով և սարսափով, ապա Քրիստոսի իշխանությունը այդպիսին չէ: Քրիստոս տիրում է մարդկանց սրտերի վրա Իր սիրո օրենքով, Իր բարությամբ, Իր խնամքով և գթասրտությամբ: Ուստի մենք էլ, եթե ուզում ենք մեծ լինել և իշխել, պետք է ամենափոքրը, ամենանվաստն ու ամենաստորինը լինենք, որպեսզի երբ մենք մեզ խոնարհեցնենք, Աստված մեզ բարձրացնի: Այս մասին մի փոքրիկ պատմություն ներկայացնենք: Մի թագավորություն է լինում, որի թագավորը մի հավատարիմ ծառա է ունենում, ով հավատարմաբար ծառայել էր թագավորին և երբեք նրա հրամանները չէր անտեսել: Երբ այս ծառան ծերանում է, թագավորին խնդրում է, որ իրենից հետո իր պաշտոնը հանձնի իր որդուն: Եվ թագավորին խոստանում է, որ ինչպես ինքն է թագավորին հավատարիմ եղել, այնպես էլ իր որդին կլինի: Թագավորն ընդառաջում է նրա խնդրանքին և խոստանում, որ նրա մահվանից հետո պաշտոնը կտա նրա որդուն: Եվ մահվան մահճում հավատարիմ ծառան կանչում է իր որդուն և նրան խրատներ տալիս՝ ասելով. «Որդյակ, ես քեզ խրատներ եմ տալիս, և եթե դրանք պահես քո ամբողջ կյանքում, ապա դրանք քեզ կփրկեն և կազատեն ամեն տեսակի փորձանքներից: Պատվիր Տիրոջ կիրակի օրը, և երբ եկեղեցու զանգերը լսես և իմանաս, որ Պատարագը սկսվում է, անպայման եկեղեցի գնա և Պատարագից մի բացակայիր: Եվ եկեղեցուց դուրս չգաս, մինչև արձակման զանգերը չլսես:

Երկրորդ պատվերն այն է, որ մաքուր և անաղարտ կյանքով ապրես: Եթե ցանկանաս, ապա ամուսնացիր և զավակներ ունեցիր, իսկ եթե չես ցանկանա ամուսնանալ, ապա կուսությամբ և մաքրությամբ քո կյանքը ապրիր: Տիրոջ առջև երկուսն էլ ընդունելի են:

Եվ երրորդ պատվերն այն է, որ հավատարիմ լինես թագավորին և թագուհուն: Երբ նրանք կծիծաղեն, դու էլ ծիծաղիր, երբ նրանք կտխրեն, դու էլ տխրիր նրանց հետ. նրանց ուրախությունն ու տխրությունը նրանց հետ պետք է կիսես»:

Ահա այս երեք պատվերները տալով՝ մահանում է հավատրիմ ծառան: Եվ իր խոստման համաձայն թագավորը նրա պաշտոնը հանձնում է նրա որդուն: Բոլորի կողմից շատ սիրելի էր ծառայի որդին: Սակայն ծառաներից մեկը, ով չար էր և նախանձ, գնում և չարախոսում է թագավորի առջև՝ ասելով, թե իբր այս հավատարիմ ծառան գաղտնի կապ ունի թագուհու հետ: Թագավորը շատ է զարմանում, քանզի գիտեր, որ իր ծառան հավատարիմ էր: Բայց չարախոս ծառան ասում է. «Ուզո՞ւմ ես փորձել: Թող թագուհին կեղծ տխրի և կտեսնես, թե քո հավատարիմ ծառան ինչպիսի վերաբերմունք ցույց կտա»: Եվ մի օր թագուհին տխուր դեմքով դուրս է գալիս պալատից, և հավատարիմ ծառան այնքան է տխրում, որ անգամ արտասվում է: Չարախոս ծառային հաջողվում է համոզել թագավորին, և նա որոշում է սպանել իր հավատարիմ ծառային: Չարախոսը դիմում է թագավորին և ասում. «Քանի որ ժողովուրդն ու արքունիքը սիրում են քո ծառային և չգիտեն նրա չարիքները, պետք է նրան գաղտնի սպանել: Վաղն առավոտյան նրան կուղարկես հնոց և հնոցի աշխատողներին կասես, որ երբ արքունիքից մարդ գա և հարցնի՝ թագավորի հրամանը կատարե՞լ եք, ապա թող նրան վերցնեն և նետեն հնոցը»: Այդպես էլ անում են: Վաղ առավոտյան թագավորն իր հավատարիմ ծառային ուղարկում է հնոց հարցնելու, թե իր հրամանը կատարե՞լ են: Այդ օրն աստվածային նախախնամությամբ կիրակի օր է լինում: Երբ ծառան դուրս է գալիս թագավորի հրամանը կատարելու, հանկարծ լսում է եկեղեցու զանգերն ու հիշում հոր խրատը. «Ամենից առաջ, երբ եկեղեցու զանգերը լսես, Պատարագ է, կմասնակցես»: Գնում է եկեղեցի Ս. Պատարագին մասնակցելու, աղոթք է անում, խնդրում է Ս. Աստվածածնի բարեխոսությունը, որպեսզի իրեն բոլոր փորձություններից անվտանգ պահի: Եվ աստվածային նախախնամությամբ նինջ է իջնում նրա վրա և քնում է եկեղեցում, անգամ զանգերի ձայնը չի լսում: Իսկ չարախոս ծառան, չհամբերելով, գնում է թագավորի մոտ և խնդրում, որ ուղարկի իրեն հնոց այն ծառայի մասին լուր իմանալու: Եվ թագավորի թույլտվությամբ գալիս է հնոց և հարցնում. «Թագավորի հրամանը կատարե՞լ եք»: Հնոցի աշխատողներն այս լսելով վերցնում են չար ծառային և նետում հնոցը: Իսկ հավատարիմ ծառան արթնանալով՝  դուրս է գալիս եկեղեցուց և գնում հնոց ճշտելու, արդյոք թագավորի հրամանը կատարել են: Եվ իմանալով, որ կատարել են, գալիս է արքունիք և այդ մասին հայտնում թագավորին: Սակայն թագավորը նրան ողջ տեսնելով զարմանում է, և իմանալով, որ իր հավատարիմ ծառան իր հոր խրատի համաձայն եկեղեցու զանգերը լսելով գնացել է եկեղեցի մասնակցելու Ս. Պատարագին և խնդրել Ս. Աստվածամորը, որ իրեն անփորձանք պահի ամեն վտանգից, այդ ժամանակ հասկանում է թագավորը, որ չարախոսել էր այն անպիտան ծառան, և ինքն էլ զղջում, ներողություն է խնդրում իր հավատարիմ ծառայից և փառք տալիս Աստծուն, որ չար մարդն իր արժանի պատիժը գտավ և արդարը փրկվեց վտանգից և փորձություններից:

Այսպիսին է աստվածային նախախնամությունը իր ծառաների հանդեպ. բարիներին պահում և պահպանում է և իր խնամքի ներքո հասցնում Երկնքի Արքայություն: Ամեն:

 

Տեր Միքայել վարդապետ Գևորգյան

02.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․